Մանկական երգարան «Մանուկներ երգենք ալելույա»
[ · Բեռնել հեռակա (137,7 МБ) ]13.05.2019, 11:08
ՁՈՆ
Սույն աշխատանքը նվիրում ենք աշխարհի բոլոր հայ մանուկներին, որոնք դարավերջում մեծ շուքով պիտի տոնեն մեր ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ծննդյան 2000 ամյակը: Եվ գալիք դարասկզբին՝ քրիստոնեության 1700 ամյակը Հայաստանում:
Երևան 1999
Մանուկներ երգենք Ալելույա
Արևմտահայերեն և արևելահայերեն մանկական 136 երգեր
Նոտագրությունը՝ Վերժինե Շիշմանյանի, Շողիկ Եղոյանի
Ձայնանիշերի համակարգչային շարվածքը՝ Նարինե Մելքոնյանի
Էջավորումը և նկարազարդումները՝ Մուշեղ Պետրոսյանի
Կազմեց՝ ՐաՖՖի Շահվերդյանը

Երկու խոսք մեծերուն
Ճշմարիտ Աստուածպաշտութիւնը հոգիով երգելն ու Տէրը օրհնաբանելն է: Աստուածաշունչին մեջ յիշւած է Տիրոջը երգերը սորված հանճարեղներու երգչախումբ-նուագախումբի մը մասին, որի անդամներու թիւը երկու հարիւր ութսունըութ էր: Այս փաղանքին մաս կը կազմէին պզտիկն ու մեծը, վարպետն ու աշակերտը հաւասարապէս: Նէեմեայի օրոք, Երուսաղէմի պարիսպին նաւակատեաց ատենը ղեւտացիները, նւագողներ ու երգեցողներ յատուկ ուրախութիւն ըրին ու մեծ զոհեր մատուցին, այս տօնախմբութեան տղաքն ալ բաժին ունէին: Յիսուսի Երուսաղէմ յաղթական մուտքի ժամանակ, մանուկները կաղաղակէին ու կըսէին. «Ովսաննա՜, Որդի Դաւթի»: Պօղոս Առաքեալ կը պատուիրէ մեզի, որպէսզի սաղմոսներով ու օրհնութիւններով ու հոգևոր երգերով փառաբանենք Տէրը: Սոյն երգարանը, հաւատքով կը դնենք հայ մանուկին ձեռքերուն մեջ, որպէսզի ան կրնա իրենց թոթով շրթունքներով ու անկեղծ սրտով զԱստուած փառաբանել: Մեր աղօթքն ու մաղթանքն է, որ այս երգերու միջոցաւ, «Մանկանց ու կաթնկեր տղայոց բերնէն» Աստուած փառաւորուի:
Վասն հայ մանուկներու Աւետարանչութեան Եւնիկէ Պ.Նասանեան

Երկու խոսք փոքրիկներին
Սիրելի փոքրիկ բարեկամս.
Գիտեմ, որ շատ ես սիրում երգել. Նաև գիտեմ, որ շատ երգեր էլ գիտես: Այդ պատճառով քեզ համար պատրաստվել է մի գեղեցիկ անակնկալ՝ այս մանկական երգարանը: Սակայն այս երգարանի երգերը տարբերվում են քո իմացած երգերից: Քո երգած երգերն էլ լավն են՝ մայրիկի մասին, մայր հայրենիքի, չորս եղանակների և կենդանիների մասին: Սակայն այս երգարանում գտնվող երգերը Նրան են նվիրված, ով ծնունդ է տվել քո հայրիկին ու մայրիկին, նաև՝ քեզ, ստեղծել է գեղեցիկ աչքերդ, ձեռքերդ ու ոտքերդ, ով պահել ու պահպանել է քո հայրենիքը: Շունչ է տվել սիրուն գարնանը, կանաչ ամառն է ստեղծել իր համով մրգերով, գունազարդել է ոսկե աշունը և կազմել ձյան գեղեցիկ փաթիլները: Այո, ճիշտ կռահեցիր այս երգարանի երգերը մեր Տեր Աստծո մասին է, որ ստեղծել է ամեն ինչ՝ արևն ու լուսինը, աստղերը, շնիկին ու փիսիկին, փղին ու մկնիկին, խոշոր կետին ու ձկնիկին, արծիվին ու ծիտիկին: Ինչ հիանալի և փառավոր ու բարի Աստված ունենք, այդպես չէ՞, արժե Նրան գովել ու փառաբանել: Այժմ դու կարող ես նոր-նոր երգեր սովորել և այդպիսով երգես ու փառաբանես քո Տեր Աստծուն:
Երևի պապիկը կամ տատիկը արդեն պատմել են քեզ, որ մեր ազգը քրիստոնյա է եղել 1700 տարիներ առաջ: Մեր հայրերը Սուրբ Ավետարանի հավատքը մեծ դժվարություններ հաղթահարելով պահպանել են մինչև այսօր: Իսկ բոլորովին վերջերս, 70 տարի շարունակ չար ժամանակներ եղան մեր ազգի համար, երբ արգելվում էր Աստծո կամ Նրա միածին Որդու՝ Հիսուս Քրիստոսի անունը տալ և քեզ պես մանուկներին չէին թույլատրում եկեղեցի գնալ կամ աղոթք անել: Սակայն, փառք Աստծո, այդ չար օրերն անցան և այսօր մենք ունենք ազատ և անկախ հայրենիք, որ գրեթե քո հասակակիցն է՝ հազիվ մի քանի տարեկան: Եվ մեր նորացող հայրենիքում այսօր ազատ ենք կարդալ Ավետարանը, եկեղեցի գնալ և երգել ու փառաբանել Աստծուն:
Փոքրիկ բարեկամս, Տեր Աստված ամենաշատը քեզ պես երեխաներին է սիրում, այնպես, որ մեծահասակներին խրատում է, եթե երեխաների նման մաքուր սիրտ չունենաք, չեմ սիրի ձեզ և չեք մտնի իմ թագավորության մեջ:
Տեր Հիսուսը՝ մանուկների բարեկամը, նույնպես կանչում է բոլոր մանուկներին և ասում. «Թողեք մանուկները ինձ մոտ գան»: Գիտեմ, որ դու էլ ես սիրում մոտենալ Նրան: Այո, կարող ես Նրան մոտենալ աղոթքով և փառաբանություններ երգելով: Հուսով եմ, որ այս երգարանը կօգնի քեզ այդ խնդրում:
Ուրեմն այս ուրախ երգերի ծաղկեփունջը՝ քեզ նվեր, խնամքով բաց արա երգարանը և սկսիր երգել: Երևի տեսել ես, թե ինչպես ամեն առավոտ արեգակի շողերի հետ ճնճղուկները արթնանալով իրենց թևիկները ծափահարելով ու քաղցր ծլվլոցով երգում ու գովում են Աստծուն, այժմ դու էլ միացիր նրանց և երգիր քո անուշ ու հրեշտակային ձայնով: Երգիր բարձր, երգիր ուրախ, ծափով ու դոփյունով, երգիր լիասիրտ, թաթիկներդ բարձրացրած երգիր քո սիրած երգերը և քո մանկական սրտի փառքն ու շնորհակալությունը հայտնիր Քո Տիրոջը՝ Աստծուն Հորը, Հիսուս Որդուն և Սուրբ Հոգուն:
Այո, փոքրիկ բարեկամս, երգի՜ր ու երգիր Աստծո համար, գնա կանչիր ընկերներիդ և նրանց էլ ասա՝ « Մանուկներ, երգենք Ալելույա »:
Քեզ սիրող բարեկամ Րաֆֆի Շահվերդյան

Կատեգորիա: Գրքեր | Ավելացրեց: Admin
Դիտումներ: 366 | Բեռնումներ: 100 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar