20:19
Աղջնակի փրկությունը Վ.Ի. Բելիխի կյանքից
Տեսանյութը դիտեք «Հոգևոր անկյուն» յութուբյան ալիքում:
Վիկտոր Բելիխ եղբայրը երբեմն պատմում էր իր հայրենի քաղաքի՝ Զոլոտոնոշեի մասին, որտեղ անցել էր իր մանկությունը, Սիբիրի մասին, որտեղ ստիպված էր եղել անցկացնել աքսորի տարիները, իր բազմաթիվ ճանապարհորդությունների ժամանակ Աստծու առաջնորդություններով տեղի ունեցած սքանչելի դեպքերի և իրադարձությունների մասին:
Հատկապես հիշատակելի է Չիրչիկում (Ուզբեկստան) տեղի ունեցած պատմությունը՝ մի փոքրիկ աղջկա փրկելու մասին: Երբ Բելիխ եղբայրն իր հյուրընկալի տնից առավոտյան ուղևորվում է եպիսկոպոսական ծառայության, դեռ ավտոկայան չհասած՝ հանկարծ երկնքից ձայն է լսում. «Անհապաղ վերադարձիր տուն»:
Նա այդպես էլ անում է: Տագնապած արագացնելով քայլերը՝ նա գրեթե վազում է՝ հասկանալով, որ եթե լուրջ պատճառ չլիներ, Սուրբ Հոգին իրեն ետ չէր տանի նախօրոք օրհնած ճանապարհից:
Բելիխը ցանկանում է հնարավորինս շուտ իմանալ, թե ինչ է պատահել: Ահա և մեծ առուն, նրա վրա՝ կամուրջը: Այստեղ Բելիխը կրկին լսում է հնազանդեցնող ձայնը. «Նայիր կամուրջի տակ»:
Վիկտոր Իվանովիչն իջնում է ներքև և ջրի մեջ տեսնում ծաղկավոր հագուստով փոքրիկ աղջնակի: Երեխան սուզվել էր, և ջրի հոսանքը նրան հասցրել էր կամուրջի տակ: Առանց մի ակնթարթ հապաղելու, Բելիխ եղբայրն աղջկան հանում է ջրից՝ ցույց տալով առաջին օգնություն:
Աղջնակն սկսում է շնչել, բացում է աչքերը, և Բելիխը ճանաչում է նրան: Նա հենց այն հավատացյալ ընտանիքի փոքր դուստրն էր, որտեղ Բելիխ եղբայրը հյուրընկալվել էր այդ գիշեր: Ընտանիքի անդամները վախեցած ու այլայլված վազում են Բելիխին ընդառաջ:
Պարզվում է, որ փոքրիկ և դեռ ոչինչ չգիտակցող աղջիկը ծածուկ դուրս է փախել տան բակից և վազել է՝ ինքն էլ չիմանալով, թե ուր: Մեծահասակները ոչ մի տեղ չէին կարողացել գտնել նրան:
Տարիներ անց Վիկտոր Իվանովիչին կրկին հաջողվեց լինել Չիրչիկում: Պաշտամունքից հետո նրան մոտեցավ մի գեղեցիկ երիտասարդ զույգ: Կինը ողջունեց Բելիխին ուրախ ժպիտով և ներկայացավ.
- Ես այն փոքրիկ աղջիկն եմ, ում Դուք փրկեցիք առվի միջից: Իսկ ինքը իմ ամուսինն է, - և ամուսնու հետ խոնարհեցին գլուխները՝ ի նշան շնորհակալության, - Աստված օրհնի Ձեզ:
- Այդ ես չեմ փրկել քեզ, այլ Աստված, ով սիրում և պահպանում է Իր զավակներին, - պատասխանեց Վիկտոր Իվանովիչը: - Շատ ուրախ եմ քեզ կրկին հանդիպելու համար և ուրախ եմ, որ Աստված քեզ տվել է բարի և հոգատար ամուսին, ինչը երևում է քո ծաղկուն տեսքից: Եղե՛ք միշտ օրհնյալ, Աստծո մեջ: Երջանկությունը միայն Աստծո հետ է: Առանց Նրա ոչ ոք երբեք չի կարող իրապես երջանիկ լինել:
 
Աղբյուրը՝ «Բարի լուր» ամսագիր
Դիտումներ: 712 | Ավելացրեց: Admin | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar