17:17
05 - Մեծերը Աստծո մասին
05 - Մեծերը Աստծո մասին
Նշանավոր մարդիկ Աստվածաշնչի մասին:
  1. Բելինսկի Վիսարիոն Գրիգորևիչ (1811-1848), ռուս գրող, գրաքննադատ, հրապարակախոս, փիլիսոփա: Իր փիլիսոփայական, սոցիոլոգիական և գեղագիտական հայացքներով նշանակալից ազդեցություն է գործել ռուս գրականության և ամբողջ հասարակական մտքի զարգացման վրա:
    «Կա մի գիրք, որի մեջ ասված և լուծված է ամեն ինչ, որից հետո չքանում են բոլոր կասկածները: Այդ անմահ, սուրբ, հավիտենական ճշմարտության, հավիտենական կյանքի գիրքը Ավետարանն է: Մարդկության ողջ առաջընթացը, գիտությունների, փիլիսոփայության բոլոր նվաճումները պայմանավորված են միմիայն այդ երկնային Գրքի խորհրդավոր խորքերի մեջ առավելագույն ներթափանցմամբ, նրա կենդանի, հավերժ անանց խոսքերի գիտակցումով... Ավետարանի հիմքը ճշմարտության հայտնությունն է սիրո և շնորհի միջոցով»:
    «Հպարտ եղիր, մա՛րդ, քո բարձր կոչմամբ, բայց մի՛ մոռացիր, որ քեզ ծնող Աստվածային մտահղացումն արդար է և արդարադատ, որ Նա քեզ տվել է միտք և կամք, որոնք քեզ բարձր են անում բոլոր արարածներից, որ Նա ապրում է քո մեջ, իսկ կյանքը վարմունք է, պայքար: Մի՛ մոռացիր, որ քո անանց, բարձրագույն երանությունը քո ոչնչացումն է սիրո մեջ... Հարմարվիր, քեզնից զոհիր ամեն ինչ հանուն մերձավորի, սիրիր ճշմարտությունը և բարին: Աստծո հետ դեպի անմահություն, սա տեղի կունենա սիրո զգացման մեջ քո ես-ի ոչնչացմամբ»:
    «Ավետարանը մյուս գրքերից տարբերվում է նրանով, որ հավասարապես համոզիչ, հստակ և հասկանալի է խոսում բոլոր նրանց սրտերի, հոգիների և մտքերի հետ, ովքեր փափագում են իրենց ծարավը հագեցնել նրա ճշմարտություններով: Գիրքը հավասարապես հասկանում են արքան և ծառան, հարուստը և աղքատը, իմաստունը և տգետը: Իհարկե, նրանցից մեկը կհասկանա ավելի շատ և ավելի խորը, քան մյուսը: Բայց բոլորն էլ կընկալեն ճշմարտությունը: Ընդ որում՝ իր իմաստությամբ հպարտ իմաստունը ավելի քիչ կհասկանա, քան այն հասարակ մարդը, ով ծարավ է ճշմարտության՝ իր սրտի պարզությամբ և խոնարհությամբ, ուստի և անմիջապես արձագանքում է նրան»:
    «Ինչ որ կա հիմա, ինչով հպարտանում և ինչով հիանում է ժամանակակից մարդկությունը, այդ ամենը աճել է Աստվածային Նոր Կտակարանի անզուգական խոսքերի կենսատու սերմից: Միայն նրա մեջ կարելի է և հնարավոր է փնտրել քրիստոնեական Եվրոպայի՝ աշխարհի այս ոչ մեծ մասի, հաղթանակի խորհրդավոր պատճառները՝ իր տարածքով հսկայական, սակայն թույլ ու թշվառ՝ մնացյալ ոչ քրիստոնեական աշխարհի նկատմամբ»:
  2. Բեկոն Ռոջեր (Roger Bacon, 1214-1292), անգլիացի փիլիսոփա, բնագետ, աստվածաբան: Մեծ տեղ է տվել փորձարարական մեթոդին: Հավատում էր, որ լույսը Աստված ստեղծել է, որպեսզի մարդիկ տեսնեն Աստծո ձեռքի գործերը: Ենթադրելով, որ փորձարարական ճանապարհով ստացված գիտելիքները մեծ օգուտ կբերեն հավատացյալ մարդկանց՝ ասում է.
    «Ապագայում մենք կտեսնենք, որ ինչպես անցյալում, այնպես էլ ներկայում գիտությունը օգտակար է նրանց համար, ովքեր հավատում են Աստծուն»:
    Որպես հետազոտող՝ Ռոջեր Բեկոնը պաշտպանում է այն տեսակետը, ըստ որի գիտությունը բնավ չի հակասում կրոնին, այլ, հակառակը, կարող է անհավատներին համոզելու իրական զենք լինել՝ վստահություն ներշնչելով նրանց նկատմամբ, ովքեր հավատում են Աստծուն: Նրան են պատկանում այս խոսքերը.
    «Գիտությունն օժտված է կարևորագույն արժանապատվությամբ, որպեսզի մարդկանց հաստատի առ Աստված եղած հավատի մեջ»:
  3. Բեկոն Ֆրենսիս (Francis Bacon, 1561-1626), անգլիացի փիլիսոփա, պատմաբան, քաղաքական գործիչ, լորդ: Համոզված էր, որ «Գիտությունը ուժ է», և այդ տեսանկյունից էր վերլուծում գիտության զարգացմանը խոչընդոտող պատճառները, քննադատում էր սխոլաստիկան՝ դրան հակադրելով փորձարարական և ինդուկտիվ ընդհանրացման մեթոդները:
    «Քիչ գիտությունը մարդուն հեռացնում է Աստծուց, շատը մոտեցնում է Նրան: Քիչ փիլիսոփայությունը մարդու միտքը հակում է աթեիզմի, իսկ փիլիսոփայության խորունկությունը մարդու մտքերը հանգեցնում է Աստծուն»:
    «Ամենայն գոյ Աստծո ձեռքի գործն է: Ստեղծվածները ցույց են տալիս, որ իրենց Արարողը Ամենազոր և Ամենագետ է: Ողջ աշխարհը Աստծո արարչությունն է»:
    «Որպեսզի մոլորության մեջ չընկնենք, ջանադիր կերպով երկու գիրք պետք է ուսումնասիրենք: Առաջինը Սուրբ Գիրքն է, որ Աստծո հայտնությունն է, իսկ երկրորդը արարչագործությունն է, որ վկայում է Նրա զորության մասին: Նախ պետք է ուսումնասիրենք Սուրբ Գիրքը, որն իր մեջ ընդգրկում է Աստծո պատվիրանները: Իսկ հետո պետք է անցնենք Աստծո արարչագործության ուսումնասիրությանը, որը մեզ ցույց է տալիս Նրա մեծությունը: Երկրորդը բանալի է դեպի առաջինը: Տրամաբանության և Խոսքի ընդհանուր կանոնների ուսումնասիրությունը մեզ օգնում է հասկանալ Աստվածային պատվիրանների ճիշտ իմաստը, նոր պատուհաններ է բացում մեր հավատի համար, օգնում է հասու լինել Արարչի մեծությանը, քանի որ Նրա անսահման զորությունն ու մեծությունը պարզ երևում են Նրա գործերի և ստեղծածի մեջ»:
  4. Բեկքերել Անտուան Անրի (Antoine Henri Becquerel, 1852-1908), ֆրանսիացի ֆիզիկոս: 1896-ին, հետազոտելով լյումինեսցենտային տարբեր նյութերի ազդեցությունը լուսանկարչական թիթեղի վրա, հայտնագործել է ռադիոակտիվության երևույթը: 1903-ին Պիեռ Կյուրիի և Մարիա Սկլոդովսկայա-Կյուրիի հետ արժանացել է Նոբելյան մրցանակի:
    «Հենց իմ սեփական աշխատանքներն ինձ բերեցին դեպի Աստված, դեպի հավատ, դեպի Աստվածաշունչ»:
    «Գիտության հիմքը հավատն է առ Աստված, քանի որ միայն հավատով կարող ենք ընդունել և ըմբռնել, որ աշխարհները՝ Տիեզերքը և ամենայն ինչ, Աստծո Խոսքով հաստատվեցին, նաև չերևացողներից եղան երևացողները (Եբր. 11:3)»:
  5. Բեն-Հուրիոն Դավիթ (David Ben-Gurion 1886-1973), Իսրայելի առաջին վարչապետ, պաշտպանության նախարար՝ 1948-1963 (ընդմիջումով 1954-ի և 1961-ի): Սոցիալ-դեմոկրատական աջ կուսակցության կազմակերպիչներից և առաջնորդներից (1930-65):
    Երուսաղեմում արաբներին ղեկավարող առաջնորդները 1947-48 թթ. նոր կազմավորվող Իսրայելի դեմ պատերազմ սկսեցին՝ հարձակվելով հրեական բնակավայրերի վրա: Անգլիացիները ձգտում էին խաղաղություն հաստատել, ուստի սահմանափակեցին հրեաների տունդարձը: Հայրենադարձներով լեփ-լեցուն շոգենավը Պաղեստինի նավահանգիստ մտնելու թույլտվություն չստացավ և ինչ-ինչ պատճառներով ջրամույն եղավ՝ բոլոր ուղևորներով հանդերձ: Սա խիստ բարկացրեց հրեականությանը, և նրանք սկսեցին լուրջ միջոցներ ձեռնարկել անգլիացիների որոշման դեմ: Մթնոլորտը ծայրաստիճան շիկացավ:
    1948թ. մայիսի 19-ին Անգլիական կայսրությունը ստիպված եղավ թողնել Պաղեստինը: Նույն օրը Դավիթ Բեն-Հուրիոնը Թել Ավիվում կարդաց մի փաստաթուղթ, որը ամփոփվում էր հետևյալ խոսքերով.
    «Աստված թագավորում է՝ Իր Գահին նստած: Ես հռչակում եմ Իսրայել պետության գոյությունը»:
    Իր պաշտոնաթողությունից հետո ռադիոյով հրաժեշտի համառոտ ելույթ ունեցավ և մեջբերեց Դավիթ թագավորի խոսքերը.
    «Տե՛ր, իմ սիրտը չի գոռոզանում, իմ աչքերը չեն բարձրանում, ես չեմ գնում մեծամեծ բաների մեջ և այն բաների, որ ինձնից բարձր են: Իրավի իմ անձը հանգստացրի մոր կաթից կտրվածի պես: Իսրայելը Տիրոջը կհուսա հավիտյան» (Սաղմ 131:1):
Աշխատասիրությամբ Արտակ Ոսկանյանի
Ձևավորումը և կազմը՝ Վիտալի Ասրիևի
Սրբագրիչ՝ Մարգարիտա Իսկանդարյան
Շարվածքը՝ Զինաիդա Ոսկանյանի, Անահիտ Թոփալյանի
Դիտումներ: 162 | Ավելացրեց: Admin | - Վարկանիշ -: 4.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar