15:45
Բեթհովենը խլությունը ընդունեց որպես ...
04 - Մեծերը Աստծո մասին
Նշանավոր մարդիկ Աստվածաշնչի մասին:
  1. Բայրոն Ջորջ Գորդոն (George Gordon Byron, 1788-1824), անգլիացի բանաստեղծ: 1816-ից ընդմիշտ հեռացել է Անգլիայից, հաստատվել Շվեյցարիայում, որտեղ հրատարակել է «Շիլիոնի կալանավորը» (1816) պոեմը, որի մեջ փառաբանել է ազատաբաղձ հերոսի քաղաքացիական առաքինությունները: Հետագայում անցել է դրամատիկական ժանրին, գրել մի շարք ողբերգություններ և «Կայեն» փիլիսոփայական դրաման:
    Ժամանակակիցների վկայությամբ՝ Սուրբ Գրքի ընթերցանությամբ քչերը կարող էին համեմատվել Բայրոնի հետ: Օր չէր անցնում, որ նա չընթերցեր իրեն ուղեկցող գրպանի փոքրիկ Աստվածաշնչի այս կամ այն գլուխը ... Աստվածաշունչը մշտապես նրա սեղանին էր: Եվ այդ հանճարեղ և խորազգա բանաստեղծի մահից հետո նրա Աստվածաշնչում հայտնաբերեցին իր իսկ ձեռքով գրված հետևյալ տողերը.
    «Այս սրբազնագույն Գրքում է բոլոր գաղտնիքների գաղտնիքը: Օ՜, մահկանացուների մեջ երջանիկ են նրանք, ում Աստված շնորհել է այս Գրքի խոսքերը լսելու, կարդալու, աղոթքով արտաբերելու և երկյուղածությամբ ընկալելու ողորմությունը: Երջանիկ են նրանք, ովքեր ի վիճակի են բացել Աստվածաշնչի դռները և համարձակ ընթանալ նրա ճանապարհներով: Բայց ավելի լավ կլիներ, որ երբեք ծնված չլինեին այն մարդիկ, ովքեր կարդում են միայն կասկածի տակ առնելու և արհամարհելու նպատակով»:
    «Այս Աստվածային Գիրքը, որ ես անհունորեն եմ սիրել նույնիսկ այն ժամանակ, երբ թվում է, թե անհավատ եմ եղել, հիմա ուսումնասիրում եմ ավելի ուշադիր, քան երբևէ ... Աստվածաշնչի ընթերցանությունը երբեք ինձ առիթ չի տվել կեղծ բարեպաշտությամբ տոգորվելու, այսինքն՝ այն սխալ հասկացվող երկյուղածությամբ, որը բնորոշ է վախկոտներին ու մոլեռանդներին: Ես սովորեցի սիրել Աստծուն և մարդկանց, մշտապես ամեն բանից առավել փափագել արդարության և արքայության, խույս տալ ստից և ներել անիրավներին»:
    «Եթե Մարդը կարող է Աստված լինել, և թե Աստված կարող է Մարդ լինել, ապա Հիսուս Քրիստոսը և՛ Մարդ է, և՛ Աստված: Քրիստոսը մեզ Իրեն նմանվելու հնարավորություն տվեց»:
  2. Բարտոն Դերեկ Հարոլդ (Derek Harold Barton, 1918-1998), անգլիացի քիմիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1969)՝ «կոնֆորմացիոն կոնցեպցիայի (բարդ մոլեկուլների եռաչափ կառուցվածքի ուսումնասիրման) զարգացման և օրգանական քիմիայի մեջ նրա կիրառմանը նվիրված ներդրման համար»:
    «Գիտական դիտարկումներն ու փորձերն այնքան զարմանալի են, որ դրանց արդյունքում հայտնաբերված ճշմարտությունը որոշակիորեն կարելի է ընդունել որպես Աստծո դրսևորումներից մեկը: Աստված հայտնում է Իրեն, որպեսզի մարդը բացահայտի ճշմարտությունը»:
    «Մեր Տիեզերքը անսահման մեծ է և անսահման փոքր: Նրա անսահմանությունը տարածվում է անցյալի և ապագայի մեջ: Մենք երբեք չենք կարող հասու լինել անսահմանությանը: Դա բարձր ճշմարտություն է, դա հենց Աստված Ինքն է»:
    «Հավատը, վերջին հաշվով, հանգեցնում է մարդ-Աստված փոխհարաբերությանը: Կարո՞ղ ենք արդյոք մենք խոսել Աստծո հետ: Հազիվ թե Աստծուն դուր գան այն աղոթքները, որոնք ուրիշների հաշվին սեփական բարեկեցություն ունենալու մասին են: Բայց այն աղոթքները, որոնք ճշմարտության որոնման մասին են, ի՞նչ խոսք, Աստծո հաճությունն ունեն: Ապշեցուցիչ է, թե որքան շատ գիտելիքներ ենք ստանում մեզ շրջապատող աշխարհից: Աստված մարդուն փորձեր անելու, դիտումներ կատարելու և այդ փորձերի ու դիտումների արդյունքները տրամաբանական մտածողությամբ մեկնաբանելու հնարավորություն է տալիս»:
  3. Բեթհովեն Լյուդվիգ Վան (Ludwig van Beethoven, 1770-1827), գերմանացի կոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտավար, կլասիցիզմի և ռոմանտիզմի միջև ընկած անցումային դարաշրջանի վճռորոշ կերպարը արևմտյան դասական երաժշտության մեջ: Նա նորարար կոմպոզիտոր էր, նրա երաժշտությունը համահունչ էր դարաշրջանի փիլիսոփայական մտքին և առաջադիմական շարժումներին:
    Հատված Բեթհովենի մտերիմ ընկերների Ֆ.Գ.Վեգելերի և Ֆ.Ռիսի «Բեթհովենի կյանքը» գրքից.
    «Բեթհովենը հիասթափված էր և՛ կաթոլիցիզմից, և՛ բողոքականությունից: Նրան սկսել էին չհետաքրքրել անգամ սեփական մեղքերը: Ո՛չ, նա երկիր չի ուղարկվել, որպեսզի ամեն երեկո ծուլորեն հորանջելով վերուվար անի պատի ճոճանակավոր ժամացույցի ծանրաքարերը՝ հրաժեշտ տալով ևս մի անիմաստ օրվա: Գոյություն ունի ժամանակը հաշվարկող ուրիշ ժամանակացույց՝ այլաշխարհային, այլերկրային: Այո՛, նա դադարեց լսել բնության և մարդկության ձայները, բայց նրա համար բացվեց մի նոր լսողություն: Այո՛, նա զրկվեց մարմնավոր լսողությունից և ձեռք բերեց հոգու լսողություն: Նա սկսեց խորհրդածել, որ եթե գոյություն ունի երաժշտության Արարիչ Աստված, երաժշտության Հայր, ապա այս աշխարհին, որ չի կարողանում ընդունել ո՛չ երաժշտությունը, ո՛չ Մեսիային, անհրաժեշտ է «երաժշտական Մեսիա», Մեսիայի պատմությունը երաժշտության միջոցով: Նա հասկացավ, որ կանչված է նոր երաժշտական առաքելության ...
    Որքան ավելի էր ծանրանում Բեթհովենի լսողությունը, այնքան ավելի էր հասկանում, որ մարդկությունն ավելի է խլացել և չի լսում Աստծո ձայնը բնության, մարդկային բարության ու երաժշտության մեջ: Բեթհովենը մղվեց դեպի Ավետարանը: Քրիստոսը սկսեց հպվել նրա սրտին: Աստծո Որդին Ավետարանի միջից անընդհատ կրկնում էր, որ «Ինքն իրենից ոչինչ չի անում, Ինքն իրենից ոչինչ չի խոսում, ինչ տեսնում ու լսում է, այն է կատարում»: Քրիստոսը փիլիսոփա չէ, ոչ քահանա, ոչ էլ աստվածաբան: Նա պատմում է Հոր մասին, և Նրա նպատակը մեզ Հոր մոտ տանելն է: Հրեաները չճանաչեցին Նրան, քանի որ չլսեցին Հորից բերած Նրա Բարի Լուրը: Իսկ քրիստոնեությունը արդյո՞ք ճանաչում է Հորը: Մարդկությունն արդյո՞ք ճանաչում է Քրիստոսին:
    Բեթհովենի ականջներից արյուն էր հոսում: Իր խլությունը նա ընդունեց որպես խարան՝ հպարտության դեմ, ինչպես Պողոս առաքյալն է ասում. «Մարմնիս համար խայթ տրվեց, որ չգոռոզանամ», իսկ արյունահոսություն՝ որպես հատուկ կոչման գաղտնանշան. «Ես կրում եմ Հիսուսի վերքի նշանները իմ մարմնի մեջ» (Բ Կորնթ. 12:7, Գաղատ. 6:17): Նա նույնպես կուզենար չարչարվել մարդկության համար, դառնալ սիրո տառապյալ և Աստվածային երաժշտությունը հասցնել ամեն մարդկային սրտի: Բայց նա հասկացավ, որ նախ իր համար պետք է ճշմարտապես բացահայտվի Քրիստոսը, Ով իր հոգու ականջախեցու մեջ տաք կշշնջար. «Ամեն ինչ Ինձնով եղավ, և առանց Ինձ ոչինչ չեղավ»: Օ՜, այդժամ Լյուդվիգը իր բոլոր սիմֆոնիաները՝ Առաջինից մինչև Իններորդը, բոլոր սոնատները՝ Առաջինից մինչև Երեսունմեկերորդը, կյանքի ողջ շնչառությունը կնվիրեր Նրան:
    Հովհաննեսի Ավետարանն ասում է, որ «Բանն Աստված է», այսինքն՝ Խոսքը Աստված է, բայց ո՞վ ասաց, թե Աստված միայն խոսքերով է խոսում. չէ՞ որ երաժշտությունը նույնպես խոսք է՝ խորհրդավոր, առեղծվածային: Բեթհովենի համար բացվեց երաժշտության գերազանցությունը մարդկային սահմանափակ խոսքի հանդեպ, քանի որ լեզուն բաժանում է, երաժշտությունը՝ միավորում: Բանավոր խոսքը կարող է հասկանալի լինել գերմանացուն գերմաներենով, իսպանացուն՝ իսպաներենով, իսկ երաժշտության լեզուն թարգմանություն չի պահանջում»:
    Երեսնամյա Բեթհովենը «Լուսնի սոնատը» գրել է 1801-ի ամռանը Կորոմպում՝ զբոսայգու տաղավարում, ուստի արդեն նրա կենդանության օրոք այդ սոնատը երբեմն նաև «Տաղավարի սոնատ» էր կոչվում: 1802-ի ձմռանը հայտնի դարձավ նաև ընծայումը՝ իշխանուհի Ջուլիետա Գվիչարդիին՝ իտալուհի, ում խենթորեն սիրում էր Բեթհովենը: Ներկայացնում ենք հատված նրան ուղղված Բեթհովենի նամակից.
    «Եղիր առողջ, թանկագի՛նս, ամենասքանչելի արարածդ բոլոր ապրողների մեջ: Թող քեզ հետ լինի Տիրոջ օրհնությունը մինչև իմ հաջորդ նամակի տեղ հասնելը: Ես քեզ գրելու եմ ամեն օր շարունակ, քանի դեռ կկարոտես ինձ: Աստված պահի քեզ: Տերը գիտի՝ ես երբեք չեմ մոռանա քեզ»:
Աշխատասիրությամբ Արտակ Ոսկանյանի
Ձևավորումը և կազմը՝ Վիտալի Ասրիևի
Սրբագրիչ՝ Մարգարիտա Իսկանդարյան
Շարվածքը՝ Զինաիդա Ոսկանյանի, Անահիտ Թոփալյանի
Դիտումներ: 328 | Ավելացրեց: Admin | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar