10:39
Բախը փրկված և վերածնված քրիստոնյա էր
03 - Մեծերը Աստծո մասին
Նշանավոր մարդիկ Աստվածաշնչի մասին:
  1. Անիչկով Դմիտրի Սերգեևիչ (1733-1788), ռուս փիլիսոփա-դեիստ, լուսավորիչ, տրամաբան, մաթեմատիկոս, հրապարակախոս: Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր 1771-ից:
    «Չնայած ոչ տեղը, ուր Աստված է, ոչ էլ արտաքին տեսքը, որ Նա ունի, չգիտենք և չենք տեսնում, սակայն Նրան ճանաչում ենք Իր գործերով: Նույնը կարելի է ասել և՛ Աստվածային Հոգու, և՛ մարդկային հոգու մասին, որի ոչ տեղը, թե որտեղ է բնակվում, ոչ ուրվագիծը, որ նա ունի, չգիտենք և չենք տեսնում, սակայն նրա գործելակերպով եզրակացնում ենք, որ նա կա՝ առանց որևէ շփոթի, պարզ, մասերի չբաժանվող, չանհետացող և մշտապես ապրող որպես Աստծո պարգև»:
    «Եթե ջանասիրությամբ քննենք մեզ հետ կատարված երբեմնի և այսօրվա դիպվածները, ապա պարզ կտեսնենք, որ ողջ մեր կյանքը՝ իր մանրամասներով, կախված է Աստծուց: Կտեսնենք, թե Աստված Իր գոյության անքնին պատմությամբ ինչպես է զարմացնում մեզ, կճանաչենք Նրա իմաստությունը, կփառաբանենք Նրա բարեգթությունը և, վերջապես, կհանգենք այն եզրակացությանը, որ առանց Աստծո կամքի ոչինչ չի լինի, և ոչ մի ուժ չի կարող դեմ կանգնել Աստծո նախախնամությանը»:
  2. Անֆինսեն Քրիստիան Բեմեր (Christian Boehmer Anfinsen, 1916-1995), ամերիկացի կենսաքիմիկոս: Նոբելյան մրցանակի դափնեկիր քիմիայից (1972)՝ «ռիբոնուկլեազի ուսումնասիրման համար»:
    «Կարծում եմ միայն հիմարը կարող է աթեիստ լինել: Մենք պետք է ընդունենք անհասանելի և անիմանալի Աստծո զորության գոյությունը. զորություն, որն օժտված է անսահման իմաստությամբ և գիտությամբ. զորություն, որ սկիզբ դրեց Տիեզերքին»:
    1977-ին Անֆինսենը «Տիեզերք, Բիոս, Թեոս» (Cosmos, Bios, Theos) գիտական անթոլոգիան կազմողներին գրել է.
    «Թույլ տվեք ոչինչ չավելացնել Էյնշտեյնից կատարված մեջբերմանը, քանի որ լիովին համաձայն եմ նրա հետ. «Ամենագեղեցիկի խորը վերապրումը, որ բաժին է ընկնում մարդուն, գաղտնիքի զգացողությունն է, որ ընկած է անսուտ գիտության հիմքում: Նա, ով չի ճաշակել այդ զգացողությունը, ում արդեն չի համակում Աստծո բարեհաճությունը, նա պարզապես մեռած է: Այս խոր զգացական վստահությունը բարձրագույն Բանական զորության հանդեպ, որ բացվում է Տիեզերքի անհասանելիության և անիմանալիության մեջ, հենց ինքը՝ Աստծո գաղափարն է»:
    1989-ի մարտի 28-ին Անֆինսենը պրոֆեսոր Հենրի Մորգենաուին («Տիեզերք, Բիոս, Թեոս» գիտական անթոլոգիան կազմողին) գրել է.
    «Շնորհակալ եմ Ձեր նամակի և Ձեր անթոլոգիայում իմ համեստ ներդրման մասին Ձեր տված ջերմ գնահատականի համար: Շատ բան չեմ կարող ավելացնել Աստծո բնույթի և Նրա գոյության մասին իմ արած դիտողությունների վրա: Կասկածից վեր է, որ մեր սեփական գոյությունը կարելի է բացատրել միայն Աստծո ամենազոր և ամենագետ էության գոյությամբ»:
  3. Բախ Յոհան Սեբաստիան (Johann Sebastian Bach, 1685-1750), գերմանացի կոմպոզիտոր, երգեհոնահար, ջութակահար: Թյուրինգիայի Բախերի տոհմից, որը 16-18-րդ դարերում տվել է երաժիշտների մի քանի սերունդ: Բախի արվեստը մարդկային մշակույթի գագաթներից է: Հիմքում քրիստոնեական ու ժողովրդական, ակունքներով ու բնույթով ազգային նրա ստեղծագործությունները ժամանակի եվրոպական երաժշտական մշակույթի հանճարեղ ընդհանրացումներ են և նոր դարաշրջան են բացել երաժշտության պատմության մեջ:
    Այն, որ Բախը ճշմարիտ հավատացյալ մարդ էր, վկայում են պարտիտուրաների վրա արված նրա մակագրությունները. «Փառքը միայն Աստծունն է» կամ «Հանուն Աստծո փառքի» (Soli Deo gloria), «Գոհություն մեր Տեր Հիսուս Քրիստոսին», «Հիսուս, օգնիր» (Jesu, juva), ընդ որում այդ մակագրությունները նրա համար ոչ թե լոկ խոսքեր էին, այլ իր ողջ ստեղծագործության միջով անցնող հավատի դավանություններ: Բախն ասում էր.
    «Երաժշտության գոյությունը բացառապես Աստծո փառքի և մարդկային հոգու վերակենդանացման համար է»:
    Նա ամեն նոր ստեղծագործություն սկսում էր Աստծո օրհնությունը խնդրելով և վերջացնում էր գոհության աղոթքով: Բախը հարուստ գրադարան ուներ: Նա մշտապես ուսումնասիրում էր Աստվածաշունչը և հաճախ լուսանցքներում այսպիսի գրառումներ էր անում.
    «Այս բաժինը Աստծո հաճությունն ունեցող երաժշտության հիմք կարող է լինել»:
    Բախը շատ էր սիրում հինկտակարանյան այն դրվագները, որոնցում նկարագրվում էին Աստծո փառաբանության հանդիսությունները Տաճարում: Նա գրում է.
    «Աստված միշտ գալիս է Իր մեծության ողջ լիությամբ, երբ հնչում է Նրան փառաբանող երաժշտությունը»: Բախի երաժշտությունը ուղղակի սրտից էր ծնվում, Արարչի հետ ունեցած՝ բառերով անարտահայտելի, խորը հաղորդակցությունից: Նա հոգու խորքում օրեցօր հայտնաբերում էր Աստծո հայրական սերը իր հանդեպ: Բազմաձայն օրհներգերի տեքստերը նրա հոգում անիմանալի նախասկզբնական գեղեցկության մեջ անհասանելի երաժշտության հեղեղներ էին առաջ բերում: Ընդ որում՝ վիթխարի ու վեհապանծ այնպիսի ստեղծագործություններ («Չարչարանքներ ըստ Մատթեոսի և Հովհաննեսի», «Մեսսա սի մինոր», «Ծննդյան օրատորիա», «Մագնիֆիկատ» և այլն), որոնց մեջ առինքնում է մարդու փրկության համար Աստծո Որդու կրած անսահման տառապանքն ու հարության ողջ փառքը:
    «Լույսը Արևելքում» առաքելության հրատարակության 1980 թ. օրացույցի նոյեմբեր ամսվա՝ Բախին նվիրված էջի վրա գրված է. «Բախը տեսել է Լույսը»: Իր կյանքի վերջին Բախը կուրացավ, բայց շարունակեց զբաղվել երաժշտությամբ և վերջին գիշերներից մեկի ընթացքում ստեղծեց մի նուրբ մեղեդի, որը բարձրանալով մինչև երկինք էր հասնում, ինչպես լուսածագն է բարձրանում խավարից՝ աստիճանաբար ամեն ինչ ողողելով երկնային լույսով: Առավոտյան նա կանչեց իր կնոջը և ասաց. «Մագդալինա, այնտեղ, ուր գնում եմ, մշտապես պետք է իսկական երաժշտություն լսեմ»: Մահվան մահճում գտնվող կոմպոզիտորի այդ վերջին երգը («Գահիդ առջև, Տեր») բազմաձայն օրհներգ էր, որի մեջ արտահայտված է դեպի երկնային հավիտենական լույսը խոյացող մարդկային հոգու ողջ հիացմունքը: Նա վերջին օրը իր շուրջ հավաքվածներին խնդրեց մի հիմնօրհներգ երգել: Քիչ անց ներկաները տեսան, թե ինչպես վեհապանծ անդորրը լույսով ողողեց նրա դեմքը: Նա արդեն այս աշխարհում չէր, մտել էր երկնային հավիտենական երաժշտության մեջ:
    Վստահաբար կարելի է ասել, որ Բախը փրկված և վերածնված քրիստոնյա էր: Նա ապրում և ստեղծագործում էր Աստծո ներկայության մեջ: Բախի երազանքն էր արվեստի և գիտության ասպարեզի բոլոր հանճարներին տեսնել Աստծո ծառայության մեջ:
Աշխատասիրությամբ Արտակ Ոսկանյանի
Ձևավորումը և կազմը՝ Վիտալի Ասրիևի
Սրբագրիչ՝ Մարգարիտա Իսկանդարյան
Շարվածքը՝ Զինաիդա Ոսկանյանի, Անահիտ Թոփալյանի
Դիտումներ: 180 | Ավելացրեց: Admin | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar