09:56
02 - Մեծերը Աստծո մասին
Նշանավոր մարդիկ Աստվածաշնչի մասին:
  1. Ամպեր Անդրե Մարի (Andre Marie Ampere, 1775-1836), ֆրանսիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս և բնագետ, էլեկտրադինամիկայի հիմնադիրներից: Հոսանքի և մագնիսական դաշտի փոխազդեցության փորձնական և տեսական հետազոտությունների հիման վրա հայտնագործել է էլեկտրական հոսանքի մագնիսական փոխազդեցության օրենքը և ստեղծել մագնիսականության առաջին տեսությունը՝ կապ հաստատելով էլեկտրական և մագնիսական երևույթների միջև: Նրա անունն է կրում էլեկտրական հոսանքի ուժի միավորը:
    «Բնության մեջ մենք կարող ենք տեսնել Արարչի գործերը և դրանց իմացությամբ բարձրանալ դեպի Նա: Թեպետ Աստված Իր արարչության հետևում թաքնվում է այնպես, ինչպես աստղերի իրական շարժումներն են թաքնված դրանց կեղծ-թվացյալ շարժումների հետևում: Սակայն ինչպես աստղերի թվացյալ շարժումներն են բերում իրական շարժումների իմացությանը, այնպես էլ արարչական գործերի իմացությամբ մենք բարձրանում ենք դեպի Արարիչը, մասամբ նույնիսկ դիտահայում Նրա Աստվածային բնույթը»:
    «Աստծո գոյության ամենահամոզիչ ապացույցը գործողությունների ներդաշնակությունն է, որի օգնությամբ ունիվերսումի մեջ պահպանվում է կարգը՝ հերթականությունը: Այդ կարգի շնորհիվ կենդանի էակն իր օրգանիզմում գտնում է այն ամենը, ինչ անհրաժեշտ է իր ֆիզիկական և հոգևոր ունակությունների զարգացման ու բազմացման համար»:
    «Զգուշացիր բացառապես գիտությամբ զբաղվելուց, ինչպես անում էիր մինչ այդ: Իհարկե, սովորիր, հետազոտիր երկրայինը, դա է գիտությամբ զբաղվողի պարտականությունը, բայց հավիտենական լույսի ներքո քննիր տեսանելի աշխարհը: Մի ձեռքով հետազոտիր բնությունը, իսկ մյուսով, ինչպես մանկության օրերին էիր բռնում հորդ հագուստից, այնպես էլ հիմա բռնիր Աստծո շուրջառի ծայրից»:
    Իր կյանքի մայրամուտին նա գրում է.
    «Ես կուզենայի միշտ հիշել Պողոս առաքյալի խոսքերը. «Այս աշխարհը վայելողները թող չվայելողների պես լինեն, որովհետև այս աշխարհը անցողիկ է» (Ա Կորնթ 7:31)»:
  2. Անանիա Շիրակացի, Շիրակունի, Շիրակավանցի (մոտ 605-610-մոտ 686-690), հայ գիտնական, մատենագիր, տոմարագետ, մանկավարժ, երաժշտագետ, ճշգրիտ գիտությունների հիմնադիրը Հայաստանում: Բարձրագույն կրթությունն ստացել է Տրապիզոնում հույն գիտնական Տյուքիկոսի մեծահամբավ դպրոցում: Հմտանալով տիեզերագիտության, տոմարագիտության, աշխարհագրության, պատմության, փիլիսոփայության բնագավառներում՝ 661-ին վերադարձել է հայրենի Շիրակավան, բացել դպրոց: Գրել է թվաբանության դասագիրք, որը բաղկացած է թվաբանական աղյուսակներից և խնդիրներից, ինչպես նաև ժողովրդի ստեղծած խրախճանականներից (զվարճալի խնդիրներ): Բացառիկ արժեք ունի նրա «Տիեզերագիտութիուն և տոմար» աշխատությունը:
    «Խնդալից սրտով փառավորում եմ նախախնամող Աստծուն, որ նեցուկ է Իր ծառաների փափագը կատարելուն, ինչպես որ ասում են, թե. «Հայցեցեք և կգտնեք» (Մատթ 7:7), գնացի ու գտա նրան (Տյուքիկոսին) սուրբ Եվգենիայի վկայարանում: Պատմեցի նրա մոտ գալու պատճառը: Նա ուրախությամբ ընդունեց ինձ ու ասաց. «Գոհություն Աստծուն, որ քեզ ուղարկել է գիտության նպատակով, որպեսզի տանես այն սուրբ Գրիգորի երկիրը: Եվ առավել ուրախ եմ, որ ինձ է աշակերտում այդ երկիրը, որովհետև ես իմ երիտասարդության տարիներին շատ ժամանակ մնացել եմ բարեսիրության մեջ Հայոց երկրում և ուրախանում եմ գիտությունս այնտեղ տալու համար, քանի որ իմ գտնված ժամանակ տգիտություն էր այնտեղ»:
    «Երբ ես վերադարձա, շատերը եկան ինձ մոտ սովորելու և փոքր-ինչ խելամտած՝ թողեցին ինձ ու հեռացան, չմնացին մինչև գիտության դասընթացի ավարտը: Առօրյա կարիքների համար նրանք բավական համարեցին այն, ինչ ստացել են: Եվ ինձնից շատ շուտ առանձնանալով սկսեցին ուսուցանել այնպիսի բաներ, որ չգիտեին, և իրենց ներկայացնել իբրև ուսուցիչներ, որոնց հասու չէին: Կեղծավորներ և սնափառներ. ուզում են գիտնականի կեցվածք ընդունել և մարդկանց կողմից ուսուցչապետներ կոչվել: Իմ հասցեին նրանք տգիտությամբ պարսավանքի խոսքեր էին ասում, որ իրենք էին հերյուրել: Թե ես չարություն ունենայի նրանց նման, բերանս չէի բաց անի սովորեցնելու ոչ մեկին՝ իբրև արդարն ապերախտների: Սակայն ես միշտ մտաբերում եմ տերունական ձայնը, որ ասում է. «Իմն է վրեժխնդրությունը, և Ես կհատուցեմ»: Եվ դարձյալ թե՝ «Գցիր քո ոսկին սեղանավորին, և Ես գալով՝ տոկոսներով կպահանջեմ»: Դարձյալ ոչ ոքի չեմ արգելել, ովքեր ցանկացել են սովորել, և այսուհետև էլ չեմ արգելի: Եվ այս եմ առհավետ կտակում ձեզ՝ ինձնից հետո աշխարհ եկող ուսուցիչներիդ՝ իմաստություն և գիտություն սովորել ցանկացողներիդ: Եվ Քրիստոսին՝ ձիրք շնորհողին, փառք, պատիվ և իշխանություն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից, ամեն»:
  3. Անդերսեն Հանս Քրիստիան (Hans Christian Andersen, 1805-1875), դանիացի գրող և բանաստեղծ, մեծ ճանաչման է հասել երեխաների և մեծահասակների համար գրած անզուգական հեքիաթներով («Հրահանը», «Փոքր Կլաուսը և մեծ Կլաուսը», «Թռչող սնդուկը» և այլն): Դրանք հիմնականում մարդասիրական բնույթի են, քնարական, հումորով շաղախված («Անագե զինվորիկը», «Անճոռնի բադիկը», «Ջրահարսը», «Ձյունե թագուհին»):
    «Թող «չափից դուրս» խելացի մարդիկ շարունակեն վիճել աստվածաշնչային ճշմարտությունների և իրադարձությունների արժանահավատության շուրջ. համաշխարհային պատմությունը վաղուց լուծել է այդ հարցը: Պատմությունը բազմիցս հաստատել է, որ չի կարող «հեքիաթ» լինել այն, ինչը կործանել է կուտակված կուռքերին և ստիպել երկրագնդի ժողովուրդներին երեսնիվայր ընկնել Աստծո և Քրիստոսի՝ Գողգոթայի զոհի առջև: Չի կարող «առակ» լինել այն, ինչ միշտ սերմանել է և դեռ շարունակում է աշխարհի բոլոր մարդկանց մեջ սերմանել ճշմարտություն, ազատություն և Սեր: Չի կարող «առասպել» լինել այն, ինչը կործանում է «խավարի գործերը» և մարդկանց բերում է «կյանքի խոսք և լույս»: Չի կարող «մտացածին» լինել այն, ինչ անթիվ-անհամար մեռած մեղավորների ազատել է արատներից, բերել է խաղաղություն նրանց հոգիներին, տրտմածներին՝ մխիթարություն, հուսահատվածներին՝ հույս»:
Աշխատասիրությամբ Արտակ Ոսկանյանի
Ձևավորումը և կազմը՝ Վիտալի Ասրիևի
Սրբագրիչ՝ Մարգարիտա Իսկանդարյան
Շարվածքը՝ Զինաիդա Ոսկանյանի, Անահիտ Թոփալյանի
Դիտումներ: 261 | Ավելացրեց: Admin | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar