01:02
01 - Մեծերը Աստծո մասին
Նշանավոր մարդիկ Աստվածաշնչի մասին:
  1. Ագասիս Ժան Լուի (Jean Louis Agassiz, 1807-1873), շվեյցարացի նշանավոր բնախույզ-բնագետ, ժորժ Կյուվիեի աշակերտը և հետևորդը: Դարվինիզմի հակառակորդներից էր, պաշտպանել է տեսակների անփոփոխության գաղափարը: Հեղինակ է հանքային հանածոների մասին կապիտալ աշխատության:
    «Գիտությունը Արարչի մտքի թարգմանությունն է մարդկային լեզվի»:
    «Աշխարհի լինելիությունը համոզիչ ապացույցն է Աստծո գոյության, ամենայնն Արարողի և Նախահղացողի»: «Ժամանակի և տարածության միասնության մեջ երևան են գալիս ոչ միայն միտքը, այլև մտահղացումը, ուժը, բանականությունը, վեհությունը, կանխատեսումն ապագայի, իմացությունն ու տեսլականը ամենայնի: Մի խոսքով՝ այս բոլոր որակներն ի լուր ամենքի ավետում են Աստծո գոյության մասին, Ում առջև մարդը պետք է խոնարհվի, Ում մարդը պետք է սիրի»:
  2. Ադամս Ջոն Քուինսի (John Quincy Adams, 1767-1848), ամերիկյան քաղաքական, պետական գործիչ, ԱՄՆ 6-րդ նախագահը (1825-29): ԱՄՆ աոաջին պաշտոնական դեսպանորդը Ռուսաստանում (1809-14), ԱՄՆ երկրորդ նախագահ Ջոն Ադամսի ավագ որդին:
    «Այնքան մեծ է իմ հարգանքը Աստվածաշնչի նկատմամբ, որ ինչքան շուտ իմ զավակները սկսեն կարդալ, այնքան ավելի վստահ կլինեմ, որ նրանք օգտակար քաղաքացիներ և հասարակության հարգարժան անդամներ կդառնան իրենց երկրի համար: Երկար տարիներ է, ինչ ես պահպանում եմ տարին մեկ անգամ Աստվածաշունչը գլուխ առ գլուխ ընթերցելու սովորույթը: Ամեն առավոտ անկողնուց ելնելուն պես ընթերցում եմ չորս-հինգ գլուխ, ինչն ինձնից պահանջում է մոտ մեկ ժամ, և ինձ թվում է, թե օրն այդ կերպ սկսելուց առավել նպաստավոր ոչինչ չկա»:
  3. Ադենաուեր Կոնրադ Հերման (Konrad Hermann Adenauer, 1876-1967), ԳՖՀ պետական գործիչ, իրավագետ: ԳՖՀ առաջին դաշնային կանցլերը (1949-1963), Քրիստոնյա-դեմոկրատական միություն կուսակցության նախագահ (1949-63): Պաշտոնաթող է եղել 87 տարեկան հասակում:
    Համաշխարհային ավետարանիչ Բիլլի Գրեհեմը գրում է.
    «Մի քանի տարի առաջ ես եղա Արևմտյան Գերմանիայի մայրաքաղաք Բոննում և զրուցելու հնարավորություն ունեցա կանցլեր Ադենաուերի հետ: Ողջույններ փոխանակելուց հետո նա մի բաժակ սուրճ լցրեց ինձ համար և զրույցն սկսեց այսպիսի հարցով.
    -Երիտասա՛րդ, Դուք հավատո՞ւմ եք, որ Քրիստոսը ողջ է:
    Ես պատասխանեցի. -Այո՛, իհարկե, ես հավատում եմ, որ Քրիստոսը կենդանի է:
    -Ես էլ եմ հավատում դրան: Եթե Քրիստոսը կենդանի չէ այսօր, ապա աշխարհն ընդհանրապես չի կարող ունենալ և ոչ մի հույս: Միայն Քրիստոսի հարության փաստն է, որ ապագան դարձնում է հուսալի:
    Ծերունի կանցլերի աչքերը շողում էին: Նա շարունակեց.
    -Իսկապես, եթե Քրիստոսը հարություն չի առել, ուրեմն մեր հավատքն էլ զուր է: Բայց Քրիստոսը հարություն է առել, և դա փաստ է»:
  4. Ալեքսանդեր Ջեյմս Վեդել (James Waddell Alexander, 1888-1971), ամերիկացի մաթեմատիկոս: Հիմնական աշխատանքները վերաբերում են հանրահաշվական տոպոլոգիային: Պրիստոնում գործող Հեռանկարային հետազոտությունների նշանավոր ինստիտուտի հիմնադրման օրվանից (1933) նրա անդամներից մեկն է եղել:
    «Գիտությունը չի կարող ներթափանցել տարածական կեցության առեղծվածային ծածկոցի միջով... Միայն հավատը կարող է ներթափանցել այնտեղ և ծածկոցի հետևում գտնել գահն Աստծո, Ով արարում է այդ կեցությունը»:
Աշխատասիրությամբ Արտակ Ոսկանյանի
Ձևավորումը և կազմը՝ Վիտալի Ասրիևի
Սրբագրիչ՝ Մարգարիտա Իսկանդարյան
Շարվածքը՝ Զինաիդա Ոսկանյանի, Անահիտ Թոփալյանի
Դիտումներ: 241 | Ավելացրեց: Admin | - Վարկանիշ -: 1.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar