Главная » Файлы » Սցենարներ

Որսորդները
[ Скачать с сервера (57.7Kb) ] 11.05.2013, 21:19
Սցենարը գրված է դերասաններով ներկայացնելու համար:
Տեսարան 1
(Ծաղիկ կովի տնակում պետք է լինեն պատերին նկարված գեղեցիկ ծաղիկներ: Բեմի առջևում կիսաշրջանակաձև 50 ից 60սմ բարձրությամբ թղթե պատ՝ վրան նկարված ծաղիկներ՝ իբր ծաղկանոց, ցնցուղ ծաղիկները ջրելու համար):
Տեսարան 2
(Շնիկ Տիտոյի և ճագար Ֆինոյի տնակում պետք է լինի սեղան, մեկ հատ մեծ բաժակ*,
կաղամբ *,ճակնդեղ*, ոսկոր*, պատից կախելու համար նկար, պատի մեծ ժամացույց, բարձ, ծածկոց, մեծ թուղթ*, մեծ գրիչ*):
*Այս ամենը պետք է լինի մեծ խաղալիքներից:
Տեսարան 3
(Անտառային տեսարան: Գազար*, հեռադիտակ, որսորդական ցանց, ուսապարկ երկու հատ, պարան, բջջային հեռախոս* և այլ իրեր, որոնք ավելի կընդգծեն անտառային տեսարանը և որսորդների կեցվածքը):
*Այս ամենը պետք է լինի մեծ խաղալիքներից:

Տեսարան 1
(Սովորական մի լուսաբաց, տաք առավոտ էր: Ծաղիկ կովը իր տաքուկ տնակում երգում է ուրախ սրտով և ցնցուղով ջրում է իր սենյակի ծաղիկները: Երգում է ծաղիկների և Աստծո շնորհքի մասին):
             Ես քեզ սիրում եմ, իմ Տեր Աստված,
             Որքան բարիքներ ունես ինձ տված,
             Երկնքի ցողը, արևի շողը,
             Անուշ մայրիկիս սերն ու գորովը:
                             Շնորհակալ եմ, իմ Տեր Աստված,
                             Որքան բարիքներ ունես ինձ տված,
                             Առվակի ջուրը, ծաղիկի բույրը,
                             Բարի հայրիկիս սիրո համբույրը:
(Շարունակում է ուրախ երգով, թեթև պարով, պտտվելով ջրել ծաղիկները) : Նա-նա-նա-նա... (Երաժշտությունը շարունակվում է, իսկ Ծաղիկ կովը լիաթոք ասում է) : Ով իմ Աստված, ինչպե՞ս ստեղծեցիր այս հիանալի ծաղիկները, սրանց գույները բազմերանգ, բուրմունքը արբեցնող, բա հա՜մը անկրկնելի է: Այս հրաշք ծաղիկները տվել ես ինձ, որ խնամեմ ու հիանամ նրանցով: (Ցած է դնում ձեռքի ցնցուղը և ձեռքերը իրար բռնելով՝ շարունակում է երգել) :
                     Օրհնություն, փառք քեզ, իմ Տեր Աստված,
                     Ամեն բարի բան քեզնից է բխած:
                     Հավատքն ու հույսը, աշխարհի լույսը
                     Հոգուս փրկության Օծյալ Հիսուսը:
(Ավարտվում է երաժշտությունը) : Իսկ այս օրը իմ ամենաուրախ օրերից մեկն է: Չեմ կարողանում թաքցնել իմ ուրախությունը. չէ որ այսօր ...  (Մտածում է) : Իսկ ո՞ւմ պատմեմ իմ ուրախության մասին: (Նայում է դեպի հանդիսատեսին, տեսնում է նստած մանուկներին, առաջ է գալիս, նայում բոլորին և ասում) : Գիտե՞ք, սիրելիներս, այսօր Հիսուս Քրիստոսի հարության տոնն է:
(Եվ անկախ հանդիսատեսի պատասխանի՝ շարունակում է խոսել նրանց հետ՝ մի փոքր լսելով): Այո՛, այսօր տոն է ողջ աշխարհի մարդկության համար, տոն է նաև մեր անտառում: Հիսուսն է հարություն առել, որպեսզի արդարացնի մեզ ու մաքրի մեզ մեր մեղքերից: Դուք ուրա՞խ եք: (Մի փոքր լսելով շարունակում է):
Երանի՜ նրանց, ով հավատում է, որ Հիսուս Քրիստոսը հարություն է առել մեռելներից: Ես ձեզ մի կարևոր բան ունեմ ասելու:
(Այդ պահին լսվում է Ծաղիկ կովի տնակի դռան թակոցը) :
Ներեղություն, կարծես թակում են դուռը: Հիմա գնամ տեսնեմ, թե ո՞վ է ինձ հյուր եկել: (Գնում է, բացում դուռը, ներս են մտնում կապիկներ Չիչոն ու Կապիչինոն) :
Չիչո-Կապիչինո - Քրիստոս հարյավ ի մեռելոց:
Ծաղիկ - Օրհնյալ է հարությունը Քրիստոսի:
Չիչո - Ինչպե՞ս ես, Ծաղի՛կ քույրիկ:
Ծաղիկ - Լավ եմ, Չիչո' եղբայր, ապրես, ինչպե՞ս կարելի է այս հիանալի օրը վատ լինել, չէ՞ որ այսօր տոն է մեր անտառում:
Չիչո - Ճի'շտ ես, Ծաղի՛կ քույրիկ, Քրիստոսի հարության տոնն ենք նշում բոլորով: (Նայելով ծաղկանոցի ծաղիկներին): Ծաղի'կ քույր, կարելի՞ է մի փոքր էքսկուրսիա անել ձեր ծաղկանոցում եղբորս՝ Կապիչինոյի հետ: Կապիչինոյին պատմում էի քո ջերմոցի մասին: Ասում էի, որ ունես շատ գեղեցիկ ու հետաքրքիր ծաղիկների տեսակներ: Եղբայրս էլ ուզեց գա և տեսնի, կարելի՞ է:
Ծաղիկ - Այո', կարելի է, առաջ եկեք, ահա' նայեք:
(Ծաղիկ կովը ցույց է տալիս ծաղկանոցը, կապիկները մոտենում են, նայում ու հիանում):
Կապիչինո - Ա՜յ թե հրաշք է սա: Ես էլ չէի հավատում:
Չիչո - Ուխա՜յ: (Հոտոտելով): Այս ի՜նչ հիանալի բուրմունք է, Ծաղի՛կ քույր:
Ծաղիկ - (Ուրախանալով և մոտենալով): Ես էլ եմ շատ սիրում ծաղիկների բուրմունքը: Ահա' նայեք, սրանք ամենաքաղցր հոտ ունեցող ծաղկներն են: Իսկ սրանց հա՜մը (Ցույց տալով մեկ ուրիշ ծաղիկների խումբ): Ը՜մ, անկրկնելի է, ուտում ես ուտում, չես կշտանում: Ուզո՞ւմ եք փորձել:
Չիչո - Չէ', Ծաղի՛կ քույրիկ, թո՛ղ աճեն, թո՛ղ աճեն:
Կապիչինո - Իսկապես, հրաշք է: Բայց այսքան ծաղիկները կարողանո՞ւմ ես հեշտությամբ մշակել:
Ծաղիկ - Այո', Կապիչինո' եղբայր, ոչ միայն հեշտությամբ եմ մշակում, այլ նաև սիրով ու քնքշությամբ: Չէ՞ որ ամեն ծաղիկ Աստված է ստեղծել և պատմում է Աստծո փառքի մասին: Ես էլ սիրում եմ ծաղիկներին և սիրով խնամում նրանց:
Չիչո - Դե երևի մենք գնանք, Ծաղի՛կ քույրիկ, մի քիչ գործեր ունենք անտառում:
Կապիչինո - Ճի'շտ է: (Քորում է գլուխը):
Ծաղիկ - Ինչպես կուզեք, եղբայրնե՛ր, ես ձեր այցելության համար շատ ուրախացա: Երբ կցանկանաք նորից հյուր կգաք, անհամբեր սպասելու եմ ձեզ:
Չիչո - Եղավ, Ծաղի՛կ քույրիկ, անպայման կգանք, քեզ չենք մոռանա: Առայժմ: (Դուրս է գալիս): Կապիչինո - Առայժմ, քու՛յր Ծաղիկ: (Դուրս է գալիս):
Ծաղիկ - Առայժմ, եղբայրնե'ր: (Լսվում է նույն երաժշտության ձայնը, Ծաղիկ կովը շրջվում է և երգելով դուրս է գալիս): Նա_նա_նա_նա: (Գալիս է հաջորդ տեսարանը) :

Տեսարան 2
(Ներս է մտնում ճագար Ֆինոն հորանջելով, գիշերազգեստով, փոքր-ինչ ձգելով մարմինն ու ձեռքերը) :
Ֆինո - Ուխա՜յ, էս ի՜նչ լավ քնել էի: (Ձայնով հորանջում է): Երազիս մեջ մի մե՜ծ գազար էի գտել: (Նայում է ձեռքերին): Ի՜նչ համեղ էր, ի՜նչ քաղցր էր, ու՜խ, ոնց կուզենայի իրական լիներ, ուտեի ու կշտանայի: Բա գու՜յնը, բա գու՜յնը, ոնց նկարագրեմ է՜, իսկական գազարագույն էր:
(Մոտենում է սեղանին, վերցնում է մեծ խաղալիք կաղամբը և «ուտում»: Հետո վերցնում է հյութով լի բաժակը և խմում: Ուտում է ճակնդեղ և այսպես օգտվում է սեղանի բարիքներից):
Ֆինո - (Ուտելուց հետո): Օ՜ֆ, հերի՛ք է, նախաճաշս արեցի: Հիմա արդեն կարելի է գնալ լվացվել և հագնվել: (Մեծ անձեռոցիկով սրբում է բերանը, վերցնում է հյութի բաժակը, խմում և դուրս է գալիս բեմից: Ներս է մտնում շնիկ Տիտոն իր ձեռքին մի մեծ ոսկոր: Այս ու այն կողմ է նայում և հաչելով ասում):
Տիտո - Էս Ֆինոն դեռ չի արթնացե՞լ, իսկ ես առավոտ շուտ արդեն մի լավ ոսկոր եմ աշխատել: (Տիտոն ոսկորը փորձում է դնել սենյակի մի անկյունում, այստեղ է դնում, այնտեղ է դնում, տեսնում է հարմար տեղ չկա, հանում է պատի նկարներից մեկը և ոսկորը կախում նկարի փոխարեն) : Ը՜հը, այ էս ուրիշ բան, էստեղ ավելի հարմար է: Վա՜յ, էս ո՜նց է քունս տանում:
(Հորանջում է, ձգվում է մարմնով, ձեռքերով): Բայց էս գիշեր ի՜նչ հեշտ անցավ պահակությունս. ո՛չ մրսել եմ, ո՛չ էլ խնդիրներ են առաջացել: Մեր Ծաղիկ կովի խոտն էի պահպանում: էս համեղ ոսկորն էլ (ցույց տալով ոսկորը) ստացել եմ իմ աշխատանքիս դիմաց: (Մտածում է, քորում գլուխը և ասում): Չէ՜ է, երևի մի քիչ քնեմ:
(Ուզում է տեղավորվել գետնին գալիս է Ֆինոն):
Ֆինո - Վա՜յ, բարև՛, Տիտո՛ եղբայր, էս ե՞րբ ես եկել:
Տիտո - Արդեն մի հինգ րոպե կլինի, Ֆինո՛ քույրիկ, ասեցի պառկեմ, մի քիչ հանգստանամ:
Ֆինո - Տիտո՛ եղբայր, լավ անցա՞վ գիշերային աշխատանքդ:
Տիտո - Հա՛, Ֆինո՛ քույրիկ, էսպես հաջող օր չէր եղել իմ կյանքում, համ էլ լա՜վ վարձատրվել եմ այսօր: (Ցույց տալով պատից կախված ոսկորը): Ը՜հը, էս էլ իմ աշխատանքի դիմաց եմ ստացել:
Ֆինո - Շատ լավ է, Տիտո՛ ջան, ուրախ եմ քո համար: Իսկ հիշու՞մ ես՝ ինչ օր է այսօր:
Տիտո - Ինչի՞ համար ես հարցնում, ինչ-որ տո՞ն է այսօր:
Ֆինո - Այո՛, (ուրախ-ուրախ) Տիտո՛ եղբայր, այսօր տոն է և շատ մեծ ու կարևոր տոն է:
Տիտո - Ա՜_ա՜_ա՜, ես հիշեցի. Հիսուս Քրիստոսի հարության օրն է այսօր:
Ֆինո-Տիտո – Ուռա՜, ուռա՜: (Եվ սկսում են տնակում օրօրվելով, թռչկոտելով և պտտվելով երգել ուրախ):
          Մեծ լուր, մեծ լուր, Քրիստոս ծնվեց,
          Մեռավ, հարյավ Նա ինձ համար
          Մեծ լուր, մեծ լուր, Նա ինձ փրկեց
          Ի՜նչ հիանալի, ուրախ մեծ լուր, մեծ լուր:
(Երգը վերջացնելուց անմիջապես հետո կապիկները թակում են Ֆինոյենց տնակի դուռը):
Ֆինո - (Ուրախ-ուրախ): Ը՜հը, երևի եկավ մեր առաջին հյուրը: (Գնում է դուռը բացելու):
Տիտո - Բացի՛ր դուռը, Ֆինո՛, տեսնենք ո՞վ է եկել մեր տուն:
Ֆինո - (Բացում է դուռը): Ահա՛, մեր եղբայր կապիկներն են մեր տուն հյուր եկել:
Տիտո - Առա՛ջ եկեք, եղբայրներ, համեցեք:
Չիչո-Կապիչինո - (Առաջ գալով ողջունում են): Քրիստոս հարյավ ի մեռելոց:
Ֆինո-Տիտո - Օրհնյալ է հարությունը Քրիստոսի: (Բոլորով գոչում են «ուռա»):
Տիտո - Իսկապես հրաշալի օր է այսօր: Քրիստոսի հարության օրը ինձ համար նշանակալի օր եղավ:
Չիչո - Իսկ մեզ համար ավելի ուրախ օր էր. այսօր առավոտյան այցելեցինք Ծաղիկ կովի տուն, որպեսզի ողջունենք իրար:
Կապիչինո - Այո՛, այցելեցինք և ողջունեցինք այս օրհնյալ խոսքերով:
Տիտո - Եղբայրնե՛ր, ի՜նչ լավ է՝ հավաքվեցինք, եկե՛ք նստենք, զրուցենք, գիրք կարդանք, աղոթենք: Ֆինո' քույրիկ, խնդրում եմ գրապահարանից բեր Նոր Կտակարանը:
Ֆինո - Հիմա կբերեմ, եղբա՛յր Տիտո: (Դուրս է գալիս):
Կապիչինո - Դե' եկեք աղոթենք, մինչ քույրիկ Ֆինոն կբերի Նոր Կտակարանը: (Չիչոն ու Տիտոն համաձայնվում են և սկսում են աղոթել «Հայր մեր» աղոթքը):
    Ով Հայր մեր, որ երկնքում ես,
    Քո անունդ սուրբ լինի,
    Քո թագավորությունդ գա
    Քո կամքդ լինի,
    Ինչպես երկնքում, նույնպես երկրի վրա:
    Մեր ամեն օրվան հացը օրեօր մեզի տուր,
    Եվ մեզ ներիր մեր մեղքերը,
    Ինչպես մենք կներենք մեզ պարտականներին,
    Ու մեզ փորձության մի տանիր,
    Հապա չարից մեզ ազատիր,
   Որովհետև քոնն է թագավորությունը, զորությունը և փառքը
   Հավիտեանս հավիտենից
   Ամեն:
(Աղոթքից անմիջապես հետո ներս է մտնում Ֆինոն և գիրքը տալիս է Տիտոյին):
Ֆինո - Ահա՛, եղբա՛յր Տիտո, (մեկնում է գիրքը) վերցրու':
(Տիտոն վերցնում է գիրքը, իսկ Չիչոն, Կապիչինոն և Ֆինոն գետնին նստելով՝ պատրաստվում են լսելու):
Տիտո - Ես ուզում եմ կարդալ Հիսուս Քրիստոսի հարության մասին: (Բացում է գիրքը և կարդում): «Լուսաբացին կանայք եկան այն այգին, որտեղ գերեզմանն էր, որպեսզի Հիսուսի մարմինը խունկերով ու անուշահոտ յուղերով օծեն: Ճանապարհին տխուր խոսում էին իրար հետ.
-Գերեզմանի առաջ դրված քարը ո՞վ պիտի գլորի մեզ համար: Գերեզմանին մոտենալով՝ կանայք զարմացած տեսան, որ քարը գլորված է, իսկ քարը շատ մեծ էր: Քարայրը մտնելով՝ հրեշտակին տեսան, որը սպիտակ զգեստ էր հագել:Կանայք սարսափեցին, բայց հրեշտակը նրանց ասաց. - Մի' վախեցեք, ես գիտեմ, որ դուք խաչված Հիսուսին եք փնտրում: Նա այստեղ չէ: Նա, ինչպես ասել էր, հարություն առավ: Եկե'ք ու տեսեք այն տեղը, որտեղ Տերը պառկած էր: Ու շուտ գնացեք ու աշակերտներին ասեք, որ Նա մեռելներից հարություն առավ ու ձեզ սպասում է Գալիլիայում: Նրան այնտեղ կտեսնեք: Կանայք շտապ գերեզմանից դուրս եկան ու սարսափած, անչափ երջանիկ վազեցին՝ աշակերտներին հայտնելու Քրիստոսի հարությունը»:
Ֆինո - Օրհնյալ խոսքեր էին, Տիտո' եղբայր, ապրե՛ս:
Կապիչինո - Թո'ղ օրհնյալ լինի Հիսուս Քրիստոսի հարությունը:
Չիչո - էս ժամը քանի՞սն է: (տեղից վեր կենալով՝ նայում է պատի մեծ ժամացույցին): Վա՜յ, եղբայրնե՛ր, հենց այս ժամին հեռուստացույցով ցույց են տալու Քրիստոսի մահն ու հարությունը, կարո՞ղ ենք միացնել և նայել:
Տիտո - Ի՜նչ լավ է հիշեցրիր, Չիչո', հիմա կմիացնենք և կնայենք:
Ֆինո - Ա՞յ թե լավ հիշեցիր, Չիչո': (Տիտոն միացնում է):
Տիտո - Կապիչինո', փորձիր անջատել սենյակի լույսը. արդեն սկսում է:
(Կապիչինոն անջատում է լույսը, արագ տեղավորվում են և սկսում են նայել: Սենյակում պետք է տեղադրված լինի այնպիսի էկրան, որ հանդիսատես մանուկներին տեսանելի լինի: Ֆիլմը ցանկալի է լինի Քրիստոսի մահվան և հարության մասին: Կարող է վերցված լինի կինոնկարներից, մուլտֆիլմերից կամ ձեր իսկ ցանկությամբ մոնտաժեք նոր ֆիլմ: Ցանկալի է, որ ֆիլմը չգերազանցի 10 - 12 րոպեն: Ֆիլմի ավարտից հետո Կապիչինոն վառում է լույսը և տեսնում են, որ Տիտոն քնել է):
Չիչո - Ը՜հը, մեր եղբայր Տիտոն էլ քնել է արդեն:
Ֆինո - Այո', երեկոյան պահակություն է արել ու երևի հոգնած է. քնեց: (Ուզում է արթնացնել): Կապիչինո - Ոչի'նչ, քու՛յր Ֆինո, թող քնի, չարթնացնես, իսկ մենք գնանք:
Ֆինո - Շա՜տ-շա՜տ շնորհակալ եմ, եղբայրնե՛ր, ձեր այցելության համար:
Չիչո - Դուք էլ ապրեք, Ֆինո': Դե' գնացինք, առայժմ:
Կապիչինո - Առայժմ, Ֆինո՛ քույրիկ:
(Դուրս են գալիս, Ֆինոն կապիկներին ճանապարհելուց հետո վերցնում է ծածկոցը և զգուշորեն ծածկում Տիտոյին: Վերցնում է թուղթ և գրիչ ու գրում):
Ֆինո – Տի-տո ջան, որ արթ-նա-նաս ու տես-նես, որ ես տա-նը չեմ, ու-րե-մն տա-նը չեմ, գ-նա-ցել եմ ան-տառ գա-զար փնտ-րե-լու: Հա-ջող: (Ցած է դնում գրիչը, ուզում է դուրս գալ, ետ է գալիս ու գրում) : Քո քույ-րիկ Ֆի-նո: (Եվ դուրս է գալիս: Տիտոն մնում է քնած, երազի մեջ վազում է, շարժվում, հաչում, կլավում) :

Տեսարան 3
(Ներս է մտնում փիսիկ Ֆիկը, այս ու այն կողմ է նայում ու ասում):
Ֆիկ - Էս Պիկ քույրիկն ո՞ւր կորավ: (Մտածում է): Մի գուցե մոլորվե՞լ է անտառում: (Ծիծաղում է): Էդ միամիտը տաս տարի է, ինչ ապրում է էս անտառում ու դեռ ճանապարհները չգիտի: (Նստում է գետնին): էս ինչ հաջող օր էր է՜: Որ Պիկ քույրիկն իմանա՝ ինչ եմ գտել է, կգժվի: էս ինչի՞ չեկավ է, շուտ գար, ցույց տայի գտածոս: (Ծիծաղում է): Դե լավ, մինչ իր գալը մի հատ կարելի է ուսումնասիրել: (Իր պահած տեղից՝ քարի ետևից, ծառի ճյուղերը մի կողմ դնելով՝ հանում է մի մեծ բջջային հեռախոս): Տեսնես ի՞նչ է: (Մտածում է): Սա հաստատ հեռուստացույց է: (Նայելով կոճակներին): Բա էս կոճակները ինչի՞ համար են էսքան շատ:
(Մտածում է, նայում է ետևից, առջևից): Երևի լա՜վն է էլի: Ինչ որ է, բայց շատ թանկ կլինի: Տեսնես ո՞վ է կորցրել, (ծիծաղելով) ինչ լավ էր՝ ես գտա: (Հանկարծ հեռախոսի վրա զանգ է գալիս: Ֆիկը հեռախոսը ձեռքից բաց է թողնում և վախվորած թաքնվում: Հեռախոսը զանգում է, զանգում և անջատվում): էս ի՞նչ էր: (Ասելով դուրս է գալիս թաքստոցից և կամաց-կամաց մոտենում հեռախոսին: Նայում է, գլուխը քորում): Չէ՜ է, սա հեռուստացույց չէ: (Մտածում է): Բա ի՞նչ է: (Մինչ Ֆիկը մտածում է, ներս է գալիս Պիկ քույրիկը՝ ողջունելով եղբորը):
Պիկ - Քրիստոս հարյավ ի մեռելոց:
Ֆիկ - (Շրջվելով դեպի Պիկը՝ հպարտ պատասխանում է): Մեզի, ձեզի մեծ ավետիս: (Պիկ քույրիկը Ֆիկի պատասխանի վրա սկսում է ամբողջ ուժով ծիծաղել: Ֆիկը զարմացած նայում է Պիկին և չի հասկանում, թե ինչի համար է ծիծաղում): Ի՞նչ եղավ քեզ, Պիկ հանգստացիր, ինչի՞ վրա ես ծիծաղում է, չեմ հասկանում:
Պիկ - Քո վրա եմ ծիծաղում, Ֆի'կ: (Շարունակում է ծիծաղել):
Ֆիկ - Չէ՜, (քորում է գլուխը) ոչինչ չեմ հասկանում:
Պիկ - (Հանգստանալով): Ի՞նչը չես հասկանում, ես քեզ ողջունեցի չէ՞:
Ֆիկ - Հա' ողջունեցիր, ես էլ պատասխանեցի:
Պիկ - Դրա համար էլ ծիծաղում եմ:
Ֆիկ - Ինչի՞:
Պիկ - Որովհետև սխալ ասացիր:
Ֆիկ - Դու ասացիր «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ես էլ ասացի «Մեզի, ձեզի մեծ ավետիս»:
Պիկ - Ը՜հը, (ծիծաղում է) լավ է՝ հիշում ես՝ ինչ ասացիր: Դու չգիտե՞ս, որ երբ ասում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց», պատասխանում են «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»: (Ծիծաղում է): Հիմա հասկացա՞ր, ինչի համար եմ ծիծաղում:
Ֆիկ - (Նեղացած ասում է): Հա', հասկացա': (Եվ շրջվում է Պիկին հակառակ):
Պիկ - (Լրջանալով): Դե լավ, Ֆիկ եղբայր, մի' նեղացիր, ի՞նչ արի որ:
Ֆիկ - Չեմ նեղանում: (Այդ պահին բջջային հեռախոսը սկսում է զանգել, փիսիկները վախենում են և վազելով այս ու այն կողմ՝ թաքնվում: Զանգը դադարում է):
Պիկ - (Դուրս գալով): էս ի՞նչ էր, Ֆի՛կ:
Ֆիկ - (Դուրս գալով): Ի՞նչ իմանամ՝ ինչ էր, չլսեցի՞ր, դզդզում է, ձեն է հանում: Անտառում եմ գտել:
Պիկ - (Զարմանքով): Գտե՞լ ես, որտեղի՞ց:
Ֆիկ - Առվակի մոտ գցած էր, գնացել էի ջուր խմելու, էնտեղ գտա:
Պիկ - (Ավելի մոտից նայելով): Ֆի'կ, սա հեռախոս է, ա՛յ եղբայր, ի՞նչ կա վախենալու սրանից, արի' մոտ, մի՛ վախեցիր:
Ֆիկ - (Մոտենալով):  Ո՞նց թե հեռախոս է, բա սրան ո՞նց են օգտագործում, բա սրա հեռախոսալարը ո՞ւր է:
Պիկ - Ֆի'կ եղբայր, սրանք առանց լարի են աշխատում:
Ֆիկ - Ո՞նց թե առանց լարի:
Պիկ - Հա' էլի, առանց լարի: Նայի'ր էս թվերին, (ցույց է տալիս հեռախոսի կոճակները) սրանց
միջոցով հավաքում են ու զանգում:
Ֆիկ - Հ՞ա, իսկ էս հեռուստացույցն ինչի՞ համար է:
Պիկ - Սա հեռուստացույց չէ: (Ծիծաղելով): Սա հեռախոսի էկրանն է, որտեղ երևում է, թե ում ես զանգում և ով է քեզ զանգում:
Ֆիկ - Ա՜յ քեզ գյուտ: Բա դու որտեղի՞ց գիտես, Պի'կ քույրիկ:
Պիկ - Եղբայր Նուտոնի ձեռքին սրանից եմ տեսել: Երբ ուզում է և որտեղ ուզում է, զանգում է և խոսում է:
Ֆիկ - (Ուրախանում է): էս ի՜նչ հրաշք էր, որ գտա:
Պիկ - Նայի'ր, Ֆի'կ եղբայր, տե'ս: (Սեղմում է հեռախոսի կոճակներին, որոնք էլ ձայներ են հանում):
Ֆիկ - Ուրեմն մենք կարո՞ղ ենք զանգել, հա՞:
Պիկ - Իհարկե', կարող ենք, Ֆի'կ եղբայր:
Ֆիկ - Գիտե՞ս ում զանգենք, (մտածում է) արի', Ծաղիկ կովին զանգենք:
Պիկ - Արի':
Ֆիկ - Համարը գիտե՞ս:
Պիկ - Հա', գիտեմ: 13-21
Ֆիկ - Դե զանգիր տեսնեմ, բայց չխոսես հա՜:
Պիկ - Նայի'ր, հավաքում եմ մեկ, երեք, երկու, մեկ և սեղմում եմ «օքեյ»:
Ֆիկ - Պա՜հ-պա՜հ, անգլերեն էլ գիտես հա՞:
Պիկ - (Զանգը գնում է): Լսո՞ւմ ես, զանգը գնաց: (Ուրախանում են, թռչկոտում, հեռախոսի այն կողմում լսվում է Ծաղիկ կովի ձայնը):
Ծաղիկ - Ալո': (Ձայն չկա): Ալո', լսում եմ:
Ֆիկ - (Ցածր ձայնով): Անջատի'ր, Պի'կ: (Պիկը անջատում է, երկուսով մի լավ ծիծաղում են): Պի'կ, մի հատ էլ զանգիր:
Պիկ - Հիմա': (Զանգում է, լսվում է զանգի ձայնը, լսափողը վերցնում է Ծաղիկ կովը):
Ծաղիկ - Ալո', լսում եմ, ալո': Դե խոսեք, ո՞վ է:
Ֆիկ - (Ձեռքով նշան է անում Պիկին, որ չխոսի): Ծաղի'կ քույրիկ, դու սիրո՞ւմ ես ուտել ծաղիկ: (Անջատում է: Ծիծաղում են, ծիծաղում և հանկարծ հեռախոսի վրա զանգ է գալիս: Փիսիկները լրջանում են վախից): Հլա տես ո՞վ է, Պիկ քույրիկ, անընդհատ զանգում է ու զանգում:
Պիկ - (Պիկը, նայելով հեռախոսի էկրանին, կարդում է): Որ-սորդ Զի-րո: Զիրոն ո՞վ ա:
Ֆիկ - Դե միացրու՛, տեսնենք ո՞վ ա: (Պիկը միացնում է հեռախոսը):
Զիրո - Ալո', ալո':
Պիկ - Ո՞վ է:
Զիրո - Ես որսորդ Զիրոն եմ, իսկ սա իմ ընկերոջ հեռախոսն է: Սենք կորցրել ենք, ո՞վ եք դուք, վերադարձրեք հեռախոսը:
Ֆիկ - Անջատի'ր, Պիկ: (Պիկը անջատում է): Ո՞նց թե հեռախոսը վերադարձրեք, ես եմ գտել, ուրեմն իմն է, հասկացա՞ր: (Բղավելով անջատված հեռախոսի վրա):
Պիկ - Հա', լա՛վ, ի՞նչ ես գոռում, մեկ է, նա չի լսում քեզ:
Ֆիկ - Չե՞ն լսում: էդ լավ ա էլի: (Պիկը փռթկացնում է: Նորից զանգում է հեռախոսը): Հիմա ո՞վ է:
Պիկ - (Կարդում է): Որ-սորդ Զի-րո: Էլի որսորդ Զիրոն ա, Ֆիկ:
Ֆիկ - Մի' միացրու, անջատի'ր: (Ֆիկը անջատում է): Կարո՞ղ ես հեռախոսը ընդհանրապես անջատել:
Պիկ - Հիմա կանջատեմ, Ֆիկ եղբայր: (Անջատում է): Ֆիկ եղբայր, բայց դու գլխի ընկա՞ր՝ ով է զանգում:
Ֆիկ - Է՜, իբր թե բան ասեցիր, որտեղի՞ց պիտի գլխի ընկնեի, հո ես ծանոթ չեմ էդ որսորդ Զիրոյի հետ:
Պիկ - Ո՞նց չես ճանաչում, էնա ասում ես էլի, «որսորդ Զիրո»:
Ֆիկ - Հա ի՞նչ:
Պիկ - Հասկանո՞ւմ ես, Ֆիկ եղբայր, էդ Զիրոն որսորդ է, ո'ր-սո'րդ:
Ֆիկ - Ուրեմն... (Մտածում է): Ուրեմն մեր անտառ որսո՞րդ է մտել:
Պիկ - Դու ճիշտ հասկացար: Բայց որսորդ չի է', ո'ր-սո'րդ-նե'ր, որսորդներ են ներս մտել մեր անտառ:
Ֆիկ - Ա'յ քեզ բա՜ն: (Ասում է և երկուսով նստում են գետնին: Մտածում են):
Պիկ - Ֆիկ եղբայր, հիմա իզուր ժամանակ ենք անցկացնում:
Ֆիկ - Բա ի՞նչ անենք, Պիկ քույրիկ, գնանք որսո՞րդ բռնենք:
Պիկ - Չէ', Ֆիկ եղբայր, մենք ո՞նց որսորդ բռնենք: Արի գնանք ու անտառի բոլոր կենդանիներին զգուշացնենք:
Ֆիկ - ճի'շտ ես ասում այ: Արի' գնանք: (Կանգնում են, դուրս են գալիս: Ֆիկը ետ է գալիս, վերցնում է հեռախոսը և դուրս է գալիս բեմից):
(Ներս է մտնում որսորդ Զիրոն, հանում է ուսապարկը, նստում):
Զիրո - Էս ի՞նչ ձախորդ օր էր, այ մարդ, ոչ մի թռչուն, ոչ մի սողուն, ոչ էլ մի ճագար հանդիպեց, որ բռնենք: Մենք էլ որսորդներ ենք կոչվում: (Բացում է ուսապարկը, հանում է ուտելիք և սկսում է ուտել ու ջուր խմել: Ներս է մտնում որսորդ Միրոն՝ որսորդ Զիրոյի ընկերը, և նստում Զիրոյի կողքին՝ հանելով ուսապարկը: Զիրոն Միրոյին տալիս է ուտելիք): Ա'ռ, կեր: (Միրոն վերցնում է և սկսում է ուտել): Հը՞, գտա՞ր հեռախոսդ:
Միրո - Չէ', այ ախպեր, չգտա: Ամբողջ առվակի երկարությամբ ման եկա, բայց չգտա:
Զիրո - Բա մի կենդանի-մենդանի չհանդիպե՞ց, որ բռնեիր:
Միրո - Չէ', չհանդիպեց: Մենակ մի հատ կատու տեսա, ինչ-որ բան շալակած փախչում էր: (Մտածում են): Բա դու զանգեցի՞ր իմ հեռախոսի վրա:
Զիրո - (Վերջացնելով ուտելը՝ սկսում է հավաքել ուսապարկը): Հա', զանգեցի', վերցրեցին, ասին «ով է» , ես էլ ասի, թե որսորդ Զիրոն եմ, անջատեցին:
Միրո - (Հավաքելով ուսապարկը): Բա հետո՞, հետո չզանգեցի՞ր:
Զիրո - Զանգեցի, բայց զանգ չգնաց:
Միրո - Զիրո' ջան, մի հատ էլ զանգի էլի', տեսնենք պատասխանող կա՞: (Զիրոն հանում է հեռախոսը և զանգում, լսվում է բջջային օպերատորի պատասխանը «Բաժանորդը անջատել է հեռախոսը» տուտ-տուտ-տուտ-տուտ, անջատվում է): Ա'յ մարդ, էս ի՞նչ ձախորդ օր էր, կենդանի չբռնեցի', հեռախոսս էլ կորցրեցի:
Զիրո - Դե լավ, այ Միրո, կորցրել ես կորցրել, հո գտնողը չի՞ բերի տա: Հերի'ք է դարդ անես:
Որսի մասին մտածի, հո դատարկ չե՞նք գնալու տուն:
Միրո - ճի'շտ ես ասում, Զիրո', գոնե մի կենդանի բռնենք:
Զիրո - Լա'վ, արի' պատրաստենք թակարդը:
(Սկսում է հնչել արագ երաժշտություն: Զիրոն ու Միրոն սկսում են պատրաստել թակարդը: Ուսապարկից հանում են մեծ գազար, դնում են գետնին: Շուրջը փռում են որսորդական ցանց, պատրաստում, փորձում են և թաքնվում:
Երաժշտությունը դադարում է, ներս է մտնում ճագար Ֆինոն և սկսում է երգել):
    Հարության այս առավոտ
    Ուրախ լուր ենք ավետում,
    Տիրոջ սերն է մեզ կարոտ,
    Մեր սրտի դուռն է թակում:
           Ալելույա՜, } 6
           Ալելույա՜ Հարությալին:
(Երգը դադարում է: Ֆինոն տեսնում է գետնին դրված գազարը):
Ֆինո - Վա'յ, գազա՞ր: (Մոտենում է): էս ինչ էլ մե՜ծ է: Ի՜նչ համեղ կլինի է՜: (Նստում է գետնին, վերցնում է գազարը և ձայներ հանելով սկսում է ուտել: Այդ պահին որսորդներ Զիրոն ու Միրոն իրենց թաքստոցից թաքուն դուրս են գալիս և զգուշությամբ որսորդական ցանցը գցում Ֆինոյի վրա: Ֆինոն ամբողջ ուժով գրկում է գազարը):
Զիրո - Ա'յ թե հաջող օր էր մեզ համար: Տեսա՞ր, Միրո', ճագար էլ բռնեցինք:
Միրո - Մի' վախեցիր, ճագարիկ մենք որսորդներ ենք, եկել ենք որսի:
Զիրո - Ա'յ Միրո, նա հո քեզ չի՞ հասկանում, ի՞նչ ես բացատրում: (Ծիծաղում է):
Միրո - Չես տեսնո՞ւմ, որ վախկոտ կենդանի է, վախենում է:
Ֆինո - (Ոտքի կանգնելով, համարձակ): Ես վախկոտ չեմ: (Որսորդները վախից ետ-ետ են գնում): Ի՞նչ եք վախենում, դուք խոսող ճագար չե՞ք տեսել:
Զիրո - Տեսա՞ր, Միրո', էս ճագարը խոսում էլ է:
Միրո - Չէ', այ Զիրո, երևի մեզ թվաց, թե խոսում է:
Ֆինո - Դուք ովքե՞ր եք:
Զիրո - Լսեցի՞ր, Միրո', ասում է «դուք ովքեր եք»:
Միրո - Հա' էլի, խոսում է:
Զիրո - (Վախվորած): Մենք որսորդներ ենք և եկել ենք այս անտառ որս անելու:
Ֆինո - Ուրեմն դուք որսորդնե՞ր եք, հա՞:
Միրո - Այո', էսքան տարի որս ենք արել, բայց քեզ նման խոսող ճագար չէինք բռնել:
Ֆինո - Իբր բան ասեցիր, մեր անտառի բոլոր կենդանիներն էլ խոսում են և կարողանում են փառաբանել Աստծուն:
Զիրո - (Մոտենալով Ֆինոյին): Ոնց թե, քիչ է խոսում ես, հետն էլ հավատացյալ ես հա՞:
Ֆինո - Ճիշտ նկատեցիր, մեր անտառի բոլոր կենդանիներն էլ հավատում են Աստծուն:
Միրո - (Մոտենալով): Ուրեմն մենք հիմա քեզ պիտի բա՞ց թողնենք:
Ֆինո - Այո', բայց էս գազարը հետս տանելու եմ:
Միրո - Դե ուրեմն հիմա բաց կթողնեմ: (Ուզում է ցանցը ետ տանել ու ազատել ճագար Ֆինոյին):
Զիրո - Գժվեցի՞ր, Միրո', ի՞նչ ես անում:
Միրո - Ուզում եմ բաց թողնել ճագարին:
Զիրո - Տեսնում եմ, որ ուզում ես բաց թողնել, բայց հազիվ մի կենդանի ենք բռնել, ինչի՞ համար բաց թողնենք: (Պարանը տալիս է Միրոյին): Ա'ռ, կապկպիր, տանում ենք հետներս: (Կապում է):
Ֆինո - (Վախելով): Ինձ ո՞ւր եք տանում:
Միրո - Քաղա'ք:
Ֆինո - Ինձ ուտելո՞ւ եք:
Զիրո - Դե քիչ խոսիր, «ուտելու եք, տանելու եք»: Ավելի լավ է խելոք կանգնիր, որ հեշտ կապենք: Ֆինո - Իսկ կթողնե՞ք վերջին խոսքս ասեմ:
Զիրո - Վերջին խո՞սք: (Ծիծաղում է): Վարջին խո՞սք ես ուզում ասել: (Ծիծաղում է):
Միրո - Հա', ի՞նչ, թող ասի էլի', քեզնից մեծ բա՞ն է ուզում:
Զիրո - (Մի քիչ լրջանալով): Դե լավ, ասա' վերջին խոսքդ:
Միրո - Լսում ենք: (Եվ տեղավորվում են գետնին: Իսկ Ֆինոն հանդարտ երաժշտության տակ սկսում է արտասանել սաղմոս 116-ը):
    Ուրախ եմ ես, վասն զի Տերը
    Իմ ձայնս ու աղաչանքս լսեց,
    Վասն զի Նա իր ականջը ինձ խոնարհեցրեց,
    Ուստի բոլոր կյանքիս մեջ Նրան պիտի կանչեմ:
    Մահվան լարերը ինձ պատեցին
    Ու գերեզմանին վշտերը ինձ գտան:
    Նեղություն ու տրտմություն գտա:
    Բայց ես Տիրոջը անունը կանչեցի:
    Կաղաչեմ, ո'վ Տեր, փրկի'ր իմ անձս:
    Ողորմած ու արդար է Տերը
    Եվ մեր Աստվածը գթած է:
    Տերը միամիտներին կպահի:
    Ես խեղճ եղա ու Նա ինձ ազատեց:
    Ով իմ անձս, դարձիր քո հանգստությանդ,
    Քանզի Տերը քեզ բարիք արեց:
    Վասն զի դու իմ անձս մահից փրկեցիր,
    Իմ աչքերս՝ արցունքի ու իմ ոտքերս՝ գայթակղելուց:
    Տիրոջ առջև պիտի քայլեմ
    Կենդանիների երկրի մեջ:
    Հավատացի, դրա համար խոսեցի:
    «Ես խիստ թշվառացա»
    Իմ շփոթությանս մեջ ասեցի.
    «Ամեն մարդ սուտ է»
    Ի՞նչ հատուցանեմ Տիրոջը՝
    Նրա արած բոլոր բարությունների համար:
    Փրկության բաժակը պիտի առնեմ
    Ու Տիրոջը անունը պիտի կանչեմ:
    Իմ ուխտերս Տիրոջը պիտի հատուցանեմ
    Իր բոլոր ժողովրդի առջև:
    Պատվական է Տիրոջը առջև իր սուրբերի մահը:
    Կաղաչեմ, ով Տեր, վասն զի ես քո ծառադ եմ,
    Ես քո ծառադ եմ ու քո աղախինիդ՝ որդին:
    Դու իմ կապերս արձակեցիր:
    Գոհության պատարագ պիտի մատուցեմ Քեզ
    Ու Տիրոջ անունը պիտի կանչեմ:
    Իմ ուխտերս Տիրոջը պիտի հատուցանեմ
    Իր բոլոր ժողովրդի առջև,
    Տիրոջ տանը սրահների առջև,
    Քո մեջդ, ով Երուսաղեմ:
    Ալելույա՜:
(Զիրոն ու Միրոն լացում են, Միրոն ծափահարում է):
Միրո - Կեցցե՜, կեցցե՜, անունդ ի՞նչ է:
Ֆինո - Ֆինո':
Միրո - Ապրե'ս, Ֆինո', ապրես, մենք էլ ենք ուզում ճանաչել Աստծուն:
Զիրո - Դու կարո՞ղ ես մեզ պատմել Աստծո մասին:
(Այդ պահին փիսիկները շնչակտուր ներս են մտնում՝ չնկատելով որսորդներին):
Ֆիկ - Ֆինո', Ֆինո', գիտե՞ս, որ ...
Պիկ - Որ անտառում որսորդներ են հայտնվել:
Ֆիկ - Շու'տ, արագ գնա և թաքնվիր (նկատելով Ֆինոյի կապերը՝ սկսում է դանդաղ խոսել) քո փը-չա-կում:
Ֆիկ-Պիկ - Էս քեզ ար-դեն բռ-նե՞լ են:
(Դանդաղ շրջվում են և տեսնում են որսորդներին՝ իրենց ետևում կանգնած: Պիկ փիսիկը անմիջապես կանգնում է Ֆինոյի առաջ՝ իր ձեռքերով պաշտպանելով Ֆինոյին: Իսկ Ֆիկը, կանգնելով որսորդների առաջ, օդում ձեռքերով հարվածելով, փորձում է վախեցնել նրանց):
Ֆիկ - Ես կպաշտպանեմ քեզ, Ֆինո':
Զիրո - Հանգստացի'ր, փիսի'կ: (Ասելով շատ թույլ խփում է Ֆիկի ուսին: Ֆիկը վայր է ընկնում):
Ֆինո - Փիսիկնե'ր, մի' վախեցեք, որսորդները արդեն վտանգավոր չեն: Նրանք ուզում են Աստծուն ճանաչել: Դե', արձակեք ինձ:
(Զիրոն ու Միրոն արձակում են Ֆինոյին, իսկ Ֆիկն ու Պիկը նայում են: Ֆինոյի ազատվելուց հետո փաթաթվում են Ֆինոյին: Ներս է մտնում Տիտոն հոտոտելով: Գտնելով նրանց՝ կանչում է):
Տիտո - Եկե'ք, եկեք, այստե՜ղ են, գտա՜ նրանց: Էս ի՞նչ եք անում էստեղ հավաքված: Ամբողջ անտառը տակն ու վրա արեցինք ու հազիվ ձեզ գտանք: (Այդ պահին ներս է մտնում Ծաղիկ կովը):
Ֆինո - Որսորդներն էին ինձ բռնել, ես էլ նրանց պատմեցի Աստծո մասին, իսկ հիմա նրանք ավելի են ուզում իմանալ:
Ծաղիկ - Ավելի՞ են ուզում իմանալ, մենք նրանց կբացատրենք: (Ձեռքը մեկնելով): Ես Ծաղիկ քույրիկն եմ:
Զիրո - (Ձեռքը բռնելով): Ես որսորդ Զիրոն եմ:
Միրո - Ես որսորդ Միրոն եմ:
Ծաղիկ - Ինչպես հասկացա, դուք ուզում եք ավելին իմանալ Հիսուս Քրիստոսի մասին:
Զիրո-Միրո - Ճի'շտ է, Ծաղիկ քույրիկ:
Զիրո - Ինչ մենք հանդիպեցինք ճագար Ֆինոյին, մեր սրտերում կարծես ինչ-որ բան փոխվեց:
Միրո - Մենք քիչ գիտեինք Հիսուսի մասին, իսկ հիմա ավելին ենք ուզում իմանալ:
Ծաղիկ - Դե', եթե ցանկություն կա լսելու, եկեք, ես ձեզ տանեմ եղբայր Նուտոնի տուն և նա ամեն ինչ կբացատրի ձեզ:
Զիրո-Միրո - Մենք համաձայն ենք: Եկե'ք գնանք:
(Ծաղիկը, Զիրոն, Միրոն դուրս են գալիս, իսկ Ֆինոն, Տիտոն, Ֆիկն ու Պիկը գրկախառնվում են միմյանց և ուրախանում, որ ամեն ինչ լավ է):
Ֆինո - Ի՜նչ լավ եղավ՝ որսորդներն ապաշխարեցին, իսկ ես մի մեծ գազար ունեցա: (Ծիծաղում են):
Տիտո - Եկե'ք, մի լավ երգով փառք տանք մեր Հիսուսին: (Եվ երգում են միասին):
    Հարության այս առավոտ
    Ուրախ լուր ենք ավետում,
    Տիրոջ սերն է մեզ կարոտ,
    Մեր սրտի դուռն է թակում:
    Ալելույա՜, 6
    Ալելույա՜ Հարությալին:
       Նա հարյավ մեռելներից,
       Հրեշտակ երկնից ցնծացեք,
       Երկրի բոլոր վկաներ
       Ուրախ լուրը տարածեք:
       Ալելույա՜, 6
       Ալելույա՜ Հարությալին:
    Որքան էլ սուր մոլեգնի
    Թշնամին մահ սառնաշունչ,
    Մեռելներից Տերն հարյավ,
    Հաղթական կյանք մեզ բերավ:
    Ալելույա՜, 6
    Ալելույա՜ Հարությալին:
ՎԵՐՋ
Արտակ Շահնազարյան
Категория: Սցենարներ | Добавил: Admin
Просмотров: 2548 | Загрузок: 629 | Рейтинг: 5.0/5
Всего комментариев: 0
avatar