Главная » Файлы » Սցենարներ

Ո՞ւմ ծնունդն է
[ Скачать с сервера (69.8Kb) ] 09.05.2013, 21:31
Ո՞ւմ ծնունդն է

Դեկորներ և հագուստներ կենդանիների համար։
1) Կապիչինո (կապիկ)– Շարֆ, դահուկներ, գլխարկ, բանաններ, կոկոսի հյութ, թղթում նկարած ճիլոպ (ծիծաղելի), ձեռնոցներ, ուսապարկ։ Նվերներով լի արկղ (բանաններ, շշով ջուր)։
2) Չիչո (կապիկ)– Ծածկոց, բարձ, բլիթներ։
3) Պիտոն (նապաստակ)– Բժշկական հագուստ կախիչի վրա, տնային հագուստ։
4) Տիտո (շուն)– Տնային հագուստ։
5) Ֆիկ (կատու)– Ավազակային հագուստ, մեծ խոշորացույց, քանոն, կարկին, ցուցափայտ, քարտեզ, Նոր կտակարան։
6) Պիկ (կատու)– Տնային հագուստ։
7) Ֆինո (ճագար)– Տնային հագուստ։
8) Կվա–կղա (քույր գորտ)– Մեծ տերև՝ որպես տետր, բմբուլ կամ երևացող գրիչ։
9) Կվա–կռա (քույր գորտ)– Գոգնոց, հարիչ, ափսե։
10) Երեք մոգեր– Երեք արկղ, հագուստներ, փայտեր։
11) Ձմեռ պապիկ–
ԴՐՎԱԳ 1
Անտառ։
ԴՐՎԱԳ 2
Սեղան, աթոռներ, Նոր տարվա ուտելիքներ, հյութի բաժակներ, փոքր տոնածառ, մեծ գազար։
ԴՐՎԱԳ 3
Դրվագ 1 + ոսկորներ։
ԴՐՎԱԳ 4
Սեղան, աթոռներ, զենքեր, հյութի բաժակներ։
ԴՐՎԱԳ 5
Սեղան, աթոռներ։
ԴՐՎԱԳ 6
Մեծ տոնածառ, մսուր մանուկով, շարժվող աստղ։
ԴՐՎԱԳ 1
(Չիչոն քնած է անտառի բացատներից մեկում և ծածկված է ծածկոցով)։
(Կապիչինոն՝ դահուկներով, գլխարկը գլխին, շարֆով փաթաթված, գալիս է Աֆրիկայից և մտնում այն բացատը, որտեղ քնած է Չիչոն)։
Կապիչինո - էս ձմեռվա կեսին՝ բուք ու բորանին, ճամփա րնկնելը սխալ բան ա։ Ուղիղ երեք շաբաթ, քառասունյոթ օր, երեսունմեկ ժամուկես ա ճամփա եմ գալիս։ (Հանում է դահուկներր)։ Օ՜ֆ է, վերջապես տեղ հասա։ Ո՜նց եմ կարոտել Չիչոյիս։ (Ծիծաղելով)։ Հի–հի, նրա էն պոպոզ գլխին մեռնեմ, տեսնես ի՞նչ բանի ա։ Խելք ա է, խելք, ոտից գլուխ խելք ա, իսկը իմ կտորն ա։ Աֆրիկայում սաղ օրր իրա խելքից եմ խոսացել։ Ո՞ւր ա է, մի տեսնեմ, կարոտս առնեմ, մռութը մոռացել եմ։ (Կանչում է)։ Չի՜չո՜, Չիչոյի՜կ, այ տղա կապի՜կ։ Բայց հոգնած եմ, կարելի է նստել ու հանգստանալ։ (Նստում է ուղիղ քնած Չիչոյի գլխին)։ Վա՜յ, էս ո՞վ էր։ (Վախեցած նայում է)։Վա՜յ, այռու՜ծ, վա՜յ, այռու՜ծ։ (Եվ սկսում է ձեռքի շարֆով ծեծել թվացյալ առյուծին։ Չիչոն անշարժանում է)։ Վա՜յ, սատկեց։ (Զարմանում է)։ Բայց մեր անտառում այռուծ չկար, էս որտե՞ղից հայտնվեց։ (Մոտիկ է գալիս, վերցնում է ծածկոցը)։ Իյա՜, Չիչո՞, վա՜յ, Չիչոն ա՞։ Այ տղա, վեր կաց, էլ ձևեր մի՛ թափի, այ տղա, Չիչո՛։ (Ապտակում է։ Չիչոն վեր է թռչում)։
Չիչո - Վա՜յ, գլուխս, վա՜յ, խելքս, վա՜յ...
Կապիչինո - Լավ էր՝ չսատկեց, խայտառակ տեի ըլնի։ Չիչո՛, ինձ նայի, այ տղա։
Չիչո - Վա՜յ, առյուծ։ (Ուզում է փախչել, Կապիչինոն բռնում է ոտքերից)։
Կապիչինո - Այ տղա, սպասի՛, ա՛յ տղա, ի՞նչ այռուծ, ես եմ, Կապիչինոն, քո եղբայրը։
Չիչո - Կապիչինո՞ն, հա էլի, բայց...
Կապիչինո - Չե՞ս ճանաչում։ (Հանում է գլխարկը)։ Ե՛ս եմ, քո ցանցառ եղբայրը։
Չիչո - էս ինչքա՜ն ես փոխվել, վա՜յ, ոնց որ օղորմածիկ հերս լինես։
Կապիչինո - է՜, ասում էս էլի, մեծանում ենք, օրեցօր փոխվում ենք։ Բա հենց գիտես, թե մի տարին քիչ ա՞։
Չիչո - Սի տարի կա՞, հա՞, որ Աֆրիկա ես գնացել։
Կապիչինո - Հա՛, Չիչո՛ ջան, թիթեռի պես թռավ անցավ։
Չիչո - Բա էս մեր ձորերին ի՞նչ ա եղել, որ գնացիր։ Բա մեր անտառը, կենդանիները։ Բայց դե լավ ես արել, որ եկել ես։
Կապիչինո - Հա՛, Չիչո՛ ջան, կարոտել էի, ասի գնամ ախպորս տեսնեմ, կարոտս առնեմ։
Չիչո - Վա՜յ, Կապիչինո՛, դո՞ւ ես, արի՛ գրկեմ։ (Պարում են, ցատկում և ուրախանում)։
Չիչո - Ասում ես՝ ի՞նչ կար Աֆրիկայում։
Կապիչինո - Դե ձմեռ չկար, էնտեղի կենդանիները ձյուն չեն տեսել։ Լիքը–լիքը մրգեր կա՝ կիվիներ, կոկոսներ, բանաններ։ (Հանում է արկղը)։ Հա՜, քեզ համար բանաններ եմ բերել, մեկ էլ մի շիշ կոկոսի հյութ։ էնտեղ՝ Աֆրիկայում, սա ամենաթանկ բանն է և համարվում է թագավորական նվեր։
Չիչո - Կապիչինո՛, ինչի՞ ես նեղություն քաշել։ (Ուրախանում է)։ Բայց դե լավ ես արել, որ բերել ես։ Շնորհակալ եմ, ի՜նչ հրաշալի նվեր է։ Հետո՞, ասա՝ ինչո՞վ էիր զբաղված, ո՞նց էիր անցկացնում քո օրը։
Կապիչինո - Ամենակարևորը գնում էի կիրակնօրյա դպրոց, մասնակցում էի հավաքույթներին։ Պատկերացրու՝ Մանկական Աստվածաշունչը կարդացել եմ հինգ անգամ։ Ինձ հավաքույթում անվանում էին «Նկար»։ Ասում էին՝ ի՞նչ կա, Նկա՛ր։
Չիչո - Ինչի՞ համար։ Ի՞նչ էիր արել որ։
Կապիչինո - Լավ էի նկարում։ Բացի էդ, ասում էին՝ ի՜նչ սիրուն ես, ոնց որ նկար լինես։
Չիչո - Ասում ես՝ լավ ես նկարում, հա՞։
Կապիչինո - Հա՛։ Պատկերացրու՝ գնացել էի «Տուն–տունիկ», թուղթ ու մատիտ տվին ու ասեցին՝ նկարի։ Ես էլ ասեցի «Տուն–տունիկի» համար կնկարեմ ճիլոպ։ Նրանք կամեռայով ինձ էին նկարում, ես էլ՝ ճիլոպին։ Հա՛, էս ա, նկարը բերել եմ։ (Ցույց է տալիս)։ Դե հիմա էլ դու ասա, ի՞նչ կա էստեղ, ո՞նց եք, ի՞նչ եք, ի՞նչով եք զբաղված։
Չիչո - էստեղ բոլորն էլ լավ են, կենդանի են։ Ֆինոն ու փիսիկ Պիկը մեծացել են, սիրունացել, փոխվել, որ տեսնես, չես ճանաչի։
Կապիչինո - Վա՜յ, ո՞նց կուզեի տեսնեմ, կարոտել եմ, Չիչո՛։ Բա մնացա՞ծը։
Չիչո - Դե մնացած կենդանիներն էլ նույնն են, չեն փոխվել, բայց ավելի են բարիացել։
Կապիչինո - Իսկ հետո՞։
Չիչո - Հետո, ոչինչ էլ չկա։ Հա՛, քիչ էր մնում մոռանայի, մեր մոտ Նոր տարի է։
Կապիչինո - Հա՞, էս ինչ լավ ժամանակ էլ եկել եմ։
Չիչո - Կապիչինո՛, հլա մի բան ասեմ, լսի։ Հիշում եմ, որ ամեն Նոր տարի ինչ–որ մեկի ծնունդը նշում էինք։ Ու չեմ կարողանում հիշել, թե ում ծնունդն էր։
Կապիչինո - Հա՛, Չիչո՛, հիշում եմ՝ ինչ–որ մեկի ծնունդն էր։
Չիչո - Բա ո՞ւմից իմանանք։ (Մտածում են)։
Կապիչինո - Չիչո՛, արի գնանք բժիշկ Պիտոնի տուն, հա՛մ Նոր տարին կշնորհավորենք, հա՛մ էլ կիմանանք, թե ում ծնունդն է։
Չիչո - (Ուրախանալով)։ Հա՛, գնա՛նք։ (Ուզում են գնալ, բայց)։ Սպասի՛ր, բա որ Պիտոնի ծնունդը լինի՞, ի՞նչ պիտի անենք։ (Մտածում են)։ Ըհը՛, էս թանկարժեք նվերն էլ կտանք Պիտոնին։ (Ուրախանալով)։ Արի գնանք։ (Եվ դուրս են գալիս)։
ԴՐՎԱԳ 2
(Նապաստակ Պիտոնը զբաղված է Նոր տարվա սեղանով։ Այդ պահին կապիկները թակում են Պիտոնի փչակի դուռը)։
Պիտոն - Ո՞վ է, գալի՜ս եմ։ (Եվ երգում է)։
              Նոր տարին բերեց հազար
              Խաղալիքներ ու գազար։ (Դուռը բացում է)։ Վա՜յ, համեցեք, առաջ եկեք։
Չիչո - (Ներս մտնելով)։ Բարև՛ ձեզ։
Պիտոն - Բարև՛ ձեզ։
Կապիչինո - Բարև՛, Պիտո՛ն, ինչպե՞ս ես։
Պիտոն - Լա՛վ եմ, լավ։ (Ուրախանալով)։ Ձեզ տեսնելուն պես ուրախացա։ Դե նստե՛ք, նստե՛ք, առավոտից սպասում եմ, թե ով կգա ինձ հյուր։ Մեկ վայրկյան։ (Գնում է խոհանոց, իսկ կապիկները տեղավորվում են)։
Կապիչինո - Ա՛յ տղա Չիչո, ի՞նչ անենք, հը՞, ո՞նց իմանանք՝ ծնունդն է, թե չէ։
Չիչո - Դե չե՞ս տեսնում՝ ինչ ճոխ սեղան է գցել։
Կապիչինո - Բայց չէ՞ որ Նոր տարի է, Չիչո՛։
Չիչո - Հա էլի, ճիշտ ես ասում։ (Մտածում է)։ Իսկ տրամադրությունը չե՞ս տեսնում՝ ինչքան է բարձր։ Հաստատ ծնունդն է։
Պիտոն - (Ներս մտնելով)։ Ինչո՞ւ եք պարապ նստել, օգտվեք սեղանի բարիքներից, դե՛ արագ։ Կապիչինո - (Վերցնում է հյութով լի բաժակը)։ Հարգելի՛ Պիտոն, մենք եկել ենք շնորհավորելու քո Նոր տարին և ծնունդը։
Չիչո - (Առաջ անցնելով)։ Ահա, վերցրու՛, սա էլ քո ծննդյան նվերը։
Պիտոն - (Ամաչելով)։ Օ՜, ինչ եք անում, սա արդեն պետք չէ։ Իմ ծնունդը վաղուց ...
Կապիչինո - (Միջամտելով)։ Ո՛չ, ո՛չ, Պիտո՛ն քույր, վերցրեք նվերը, այն ձեզ համար է։ Վերցրեք և վայելեք ձեր ծննդյան օրը։
Պիտոն - Բայց ...
Չիչո - Առանց զրույցի, Պիտո՛ն։ Չարժե անհանգստանալ։ Մոռացեք նվերի մասին։ Հիմա վերցնենք
բաժակները և խմենք։
Կապիչինո - էս ի՞նչ սոկ է, Պիտո՛ն։
Պիտոն - Գազարի և կաղամբի։
Կապիչինո - Ի՜նչ համով է, վաղուց էր՝ չէի խմել այսպիսի համեղ սոկ։
Պիտոն - Եղբա՛յր Կապիչինո, բայց շատ եք փոխվել, ավելի եք նիհարել։
Կապիչինո - Այո՛, Պիտո՛ն, առավոտից երեկո աշխատում էինք ու չարչարվում։
Պիտոն - Իսկ ի՞նչ էիք անում։
Կապիչինո - Կապիկություն։
Պիտոն - (Զարմանում է)։ Այսինքն ...
Կապիչինո - Այսինքն փնտրում էինք և քաղում հասած կիվիներ, հավաքում էինք զամբյուղներում, տանում քաղաք և ծառերի կատարներից նետում մարդկանց վրա։ (Ծիծաղում է)։ Ախր չես պատկերացնի, թե ի՜նչ հաճելի է այդ պահը։ (Ծիծաղում է)։ Պատկերացրու, վարցնում ես հասած կիվին, շպրտում ու չլը՜պ։ (Ծիծաղում է)։
Պիտոն - (Առանց ծիծաղելու)։ Զվարճալի է։
Կապիչինո - (Տեսնում է, որ Պիտոնը չի ծիծաղում, լրջանում է)։ Դա էր իմ աշխատանքը, քու՛յրս։ Հիմա եկել եմ հանգստանալու։
Չիչո - Շա՜տ էինք կարոտել իրար, տեսանք, չճանաչեցինք։
Կապիչինո - Այո՛, այո՛, զրուցեցինք, ուրախացանք, մեկ էլ հանկարծ հիշեցինք ծնունդդ ու որոշեցինք գալ։
Պիտոն - Չէ՛, եղբայրնե՛ր, ես պետք է ասեմ։
Կապիչինո - Ի՞նչ ասես, քու՛յրս։
Պիտոն - Ասեմ, որ այսօր իմ ծնունդը չէ։
Չիչո - Ինչպե՞ս թե քո ծնունդը չէ։
Կապիչինո - Ես ասեցի չէ՞, Չիչո՛։
Չիչո - Ա՛յ քեզ բան, ախր ես հիշում եմ։ Նոր տարուն մենք նշում էինք ինչ–որ մեկի ծնունդը։
Պիտոն - Չիչո՛, ես անկեղծ եմ ասում, իմ ծնունդը չէ։
Կապիչինո - ճի՞շտ ես ասում, Պիտո՛ն։
Պիտոն - Այո՛, ինչո՞ւ պիտի խաբեմ։
Չիչո - (Լռում են, իրար երեսի նայում, տխրում)։ Դե լավ, Պիտո՛ն քույր, մեզ կներեք, մենք գնանք։
Պիտոն - Ինչպես կուզեք։ (Տխրում է)։ Ամեն դեպքում շնորհակալ եմ ձեր այցելության համար։ Կապիչինո - Մենք էլ քո հյուրասիրության համար ենք շնորհակալ։
Չիչո - Դե լավ, Պիտո՛ն, ցտեսությու՛ն։ (Ասում են, բայց չեն ուզում գնալ առանց նվերի։ Ամաչում են՝ ետ վերցնեն)։
Պիտոն - Ցտեսությու՛ն։
Կապիչինո - Գնացինք. ուշ է։
Չիչո - Այո՛, Կապիչինո՛, գնանք, ուշ է։ Շնորհակալ ենք, շատ լավ ժամանակ անցկացրինք։
Կապիչինո - Իհարկե, ձեր պատրաստած հյութը շատ համեղ էր։
Պիտոն - Շնորհակալ եմ, ցտեսությու՛ն։
Չիչո - (Վերջապես համարձակվում է և ասում)։ Կներեք, մեր նվերը չե՞ք տա։
Պիտոն - Այո՛, մոռացել էի։ (Վերցնում է նվերը)։ Ահա՛, վերցրե՛ք։
Չիչո - Դե գնացինք։ (Դուրս են գալիս)։
ԴՐՍՈՒՄ
Չիչո - Կապիչինո՛, ինչ ամոթ էր, չէ՞։
Կապիչինո - Ամոթն էլ բա՞ն է, խայտառակ եղանք։ Լավ էր, Աֆրիկայում սատկեի, քան թե գայի էստեղ ու էս օրը ընկնեի։
Չիչո - Ա՜խ, ա՜խ, հիշողությու՛ն, ո՞ւր ես, որտե՞ղ թողիր ինձ։ Բայց առաջ այսպես չէի։ Ամեն ինչ հիշում էի։ Հիշում էի բոլորի ծնունդները, հիշում էի ժողովի օրն ու ժամը։ Երանի՜ երիտասարդ օրերին։
Կապիչինո - Մի՛ տխրիր, ախպերի՛կ, ես գիտեմ, թե ինչպես գտնեմ այդ նոր ծնունդին։ Արի՛, վե՛ր կաց, գնանք Ֆինոյի ու Տիտոյի տուն։ Հա՛մ կտեսնենք իրենց, հա՛մ էլ կիմանանք, թե ում ծնունդն է՝ Ֆինոյի, թե՞ Տիտոյի։
Չիչո - է՜հ, ինչ արած, գնանք, տեսնենք։ Հո նվերը չի՞ մնալու անտեր, անտուն։
ԴՐՎԱԳ 3
(Ճագար Ֆինոն և շնիկ Տիտոն զարդարում են Նոր տարվա սեղանը։ Կապիկները դուռը թակում են)։
Ֆինո - Տիտո՛, հյուրեր ունենք, բացի՛ր դուռը։
Տիտո - Տեսնենք ո՞վ է կամ ովքե՞ր են։ Ի՞նչ են բերել կամ ինչե՞ր են բերել։ (Բացում է դուռը)։ Չիչո-Կապիչինո - Բա՛րև ձեզ։
Տիտո - Վա՜յ, համեցե՜ք, ովքե՜ր են եկել, ինչե՜ր են բերել։ Ֆինո՛, արի՛ մի տես ովքե՜ր են մեր հյուրերը։
Ֆինո - Կապիչինո՞, օ՜, շատ ես փոխվել, նիհարել, գեղեցկացել։ Դե համեցեք՛, նստե՛ք։
Չիչո - Շնորհակալ ենք։ (Առաջ գալով)։
Կապիչինո - Ի՜նչ տաք է այստեղ։
Տիտո - Հը՞ ոնց եք, ի՞նչ կա–չկա։
Չիչո - Լավ ենք, ուրախ ենք, որ այդպես եք ընդունում մեզ։ Տիտո՛ եղբայր, քեզնից ասա։
Տիտո - Դե սովորական։ Ապրում ենք լավ։ Հը՛, դու ասա, Կապիչինո՛, ուխ, (խփում է ուսին,) տղամարդ ես դարձել, հա՜։
Կապիչինո - (Կանգնում է, վերցնում է բաժակը և արտասանում)։
                  է՜հ, ի՞նչ ասեմ, կարոտել եմ
                  Իմ անտառին, իմ տան հողին,
                  Ասեցի գամ ու ձեզ տեսնեմ,
                  Գուցե շուտով հողին հանգչեմ։
Սիասին - Կեցցե՜, կեցցե՜, հիանալի քառյակ էր։
Ֆինո - Հյուրասիրվե՛ք, համտեսե՛ք գազարից և ոսկորից պատրաստված ճաշատեսակներից։
Կապիչինո - Ֆինո՛, այնքա՜ն փոխվել ես, կարծես դու չլինես, բոյովացե՜լ, սիրունացե՜լ։
Ֆինո - Եղբա՛յր իմ, քանի՞ ամիս է անցել, որ չենք տեսել իրար։
Կապիչինո - Համարյա մեկ տարի, Ֆինո՛։
Տիտո - Հիշո՞ւմ ես, որ մեր անտառում Զատիկ էինք տոնում։
Կապիչինո - Այո՛, հիշում եմ այն հավկիթները, որոնք դու և Ֆինոն էիք եփել։
Չիչո - Բայց Ֆիկն ու Պիկը լավ խաբեցին ձեզ, հա՜։
Ֆինո - Տխրելով։ Այո՛, փայտե ձվով ջարդեցին մեր հավկիթները։
Կապիչինո - Հա՛, ի դեպ, ո՞նց են Ֆիկն ու Պիկը, էլի չարությո՞ւն են անում։
Տիտո - Ո՛չ, առաջվա նման չեն։
Ֆինո - Կարծես խելոքացել են։
Տիտո - Ո՛չ գնում են, ո՛չ էլ գալիս։ Ընդհանրապես չեն շփվում կենդանիների հետ։
Կապիչինո - Իսկ գալի՞ս են կիրակնօրյա դպրոց։
Ֆինո - Շատ հազվադեպ։ Կարծես ինչ–որ մեկից նեղացած լինեն։
Չիչո - Դե հերիք է։ Ֆիկն ու Պիկը թող մնան իրենց տեղում, իսկ մենք (բարձրացնում է հյութի
բաժակը) խմենք ու Նոր տարին շնորհավորենք։
Կապիչինո - Շնորհավո՛ր լինի ձեր Նոր տարին։
Տիտո - Ցանկանում եմ ձեզ առողջություն և երջանկություն։
Ֆինո - Ես ինչ ասեմ, ձեր այցելության համար շատ ուրախ եմ։
Կապիչինո - Մենք պարտավոր ենք գալ և մեր բարի խոսքերը տալ ձեզ։
Չիչո - Ֆինո՛, մի անհարմար հարց տամ քեզ։ Կարո՞ղ է այսօր քո ծնունդն է։
Ֆինո - Վա՜յ, ի՞նչ ես ասում, Չիչո՛, իմ ծնունդը երկու ամիս առաջ էր, մոռացե՞լ ես։
Չիչո - է՜հ, չեմ հիշում, Ֆինո՛։
Տիտո - Ո՞նց չես հիշում, Չիչո՛։ Սաղ սեղանը մի վայրկյանում սրբեցիր, բա դա կմոռանա՞ն։
Ֆինո - Տիտո՛, սու՛ս։ Չէ՛, Չիչո՛ ջան, չէ՛, իմ ծնունդը անցել է։
Կապիչինո - Բա ո՞ւմ ծնունդն է այսօր։ (Մտածում են)։ Կարո՞ղ է քոնն ա, Տիտո՛։
Տիտո - (Տեսնելով նվերը՝ սկսեց խաբել)։ Հա՛, իմ ծնունդն է այսօր։
Կապիչինո - Ես էդպես էլ գիտեի։ Սիրտս վկայում էր, Չիչո՛, ասեցի հաստատ Տիտոյի ծնունդն է։
Չիչո - Շնորհավորում ենք, էս նվերն էլ քեզ, Տիտո՛։ (Տալիս է նվերը)։
Կապիչինո - Քանի՞ տարեկան դարձար։
Տիտո - (Ուրախ–ուրախ նվերը վերցնելով)։ Չորս ... հինգ ... չէ է, վեց տարեկան։
Չիչո - Ես հիշում էի է, որ ինչ–որ մեկի ծնունդն էր էս Նոր տարուն։
Ֆինո - (Չհամբերելով Տիտոյի ստելուն)։ Տիտոն խաբում է ձեզ։ Այսօր նրա ծնունդը չէ։
Կապիչինո - Ո՞նց թե ծնունդը չէ։
Չիչո - Չեմ հավատում ականջներիս։
Ֆինո - Ինչի՞ ես ստելով մեղք գործում, Տիտո՛։ Չէ՞ որ ոչ միայն խաբում ես Չիչոյին և Կապիչինոյին, այլ նաև Աստծո առաջ ես մեղք գործում։
Տիտո - Ֆինո՛... Չիչո՛... ես... իմ ծնունդը չէ՞, Ֆինո՛։
Ֆինո - Դե մի՛ միամտացի։
Տիտո - (Գրեթե լացելով)։ Մոռացել էի, Ֆինո՛, չեմ խաբում։
Ֆինո - Ա՜խ, Տիտո՛, նորի՞ց ես ստում։
Կապիչինո - Չեմ հասկանում նվերի համար ինչպե՞ս ես սուտ խոսում։
Տիտո - Ախր... (Լացելով)։ Կներե՛ք ինձ... (Ամոթից փախչում է սենյակից՝ նվերը թողնելով սեղանին)։
Ֆինո - Կներե՛ք մեզ, եղբայրնե՛ր։ Ես ուղղակի ապշած եմ, թե ոնց Տիտոն կարողացավ ստել։
Կապիչինո - Զարմանալու ոչինչ էլ չկա։ Ստեց հանուն նվերի, փորը կշտացնելու համար։
Չիչո - Բայց նա արժանի չէր այս թանկարժեք նվերին։ Սա միայն թագավորին են նվիրում, այն էլ՝ ճշմարտախոս։
Ֆինո - Ինչ անհարմար եմ զգում ինձ, այս հիանալի օրը փչացրինք ձեր տրամադրությունը, ներե՛ք մեզ։
Կապիչինո - Դե, ինչ արած, ներում ենք Տիտոյին։
Չիչո - Այո՛, ներու՛մ ենք։
Կապիչինո - Դե լավ, Ֆինո՛, մենք գնանք։
Չիչո - Կարծում եմ՝ շատ պետք է փնտրենք մեր նոր ծնունդին։
Ֆինո - Ցտեսություն՛ ձեզ։ (Կապիկները դուրս են գալիս)։
ԴՐՍՈՒՄ
Կապիչինո - է՜հ, հոգնեցի, Չիչո՛, արի մի հատ բանան ուտենք։ (Ուզում է բացել արկղը)։
Չիչո - Չէ՛, ձե՛ռք չտաս, Կապիչինո՛, սա իմն է, և ես տալու եմ նրան, ում ծնունդն է այսօր։ Ես բլիթ ունեմ պահած, հիմա կբերեմ։ (Չիչոն գնում է՝ բլիթը բերելու, իսկ Կապիչինոն թաքուն մի բանան է ուտում)։
Չիչո - Ըհը՜, բերեցի, հիմա կուտենք ու կկշտանանք։ (Ուտում են)։
Կապիչինո - էս ի՜նչ համով է, Չիչո՛, էս որտեղի՞ց։
Չիչո - (Ուտելով)։ Ինչպե՞ս թե որտեղից, ես եմ թխել։
Կապիչինո - Բայց մի տեսակ տխուր եմ։
Չիչո - Ինչի՞, կարոտեցի՞ր Աֆրիկան։
Կապիչինո - Չէ՛, Չիչո՛ ջան, Տիտոյի համար եմ մտածում։
Չիչո - Ինչո՞ւ ես դու մտածում, թող նա ինքը մտածի իր մեղքերից ազատվելու համար։
Կապիչինո - Ուղղակի չեմ պատկերացնում, թե մարդ ոնց կարող է ուտելու համար մեղք գործել։
Չիչո - Շատ հասարակ։ Երբ մարդ սոված է լինում, աչքին ոչինչ էլ չի գալիս։ Չե՞ս հիշում՝ Եսավի աչքին չէր երևում իր անդրանիկությունը։ Բայց երբ կշտացավ, նոր հասկացավ, թե ինչ է ծախել մի թաս ապուրի համար։
Կապիչինո - Ես այդպիսի մարդկանց դատապարտում եմ. նրանք պատժի են արժանի։
Չիչո– Ո՛չ, մի՛ դատիր, Կապիչինո՛, չէ՞ որ գրված է. «Մի՛ դատիր, որպեսզի չդատվես»։
Կապիչինո - Չէ՛, չեմ դատում, ուղղակի քննում եմ, զննում ու բարին ամուր բռնում։
Չիչո - (Վերջացնելով ուտելը)։ Դատելը սխալ է, Կապիչինո՛։ Ես նույնիսկ վստահ չեմ ինձ վրա, որ կերակուրի համար սուտ չեմ խոսի, բայց աշխատում եմ չստել։
Կապիչինո - (Վերջացնելով ուտելը)։ Ո՛չ, իսկ ես համոզված եմ ինձ վրա և չեմ կարող ստել։ Ախր իմ էության մեջ չկա այդ։
Չիչո - Ասում ես էլի, բայց պատկերացրու, թե ինչքա՜ն դժվար է գիտակցաբար արված մեղքի համար զղջալ և ապաշխարել։ Տե՛ս, Եսավը այնքան էր ափսոսել իր անդրանիկության համար, որ ուզում էր սպանել Հակոբին։
Կապիչինո - (Հպարտորեն)։ է՜, դա էլ է դատապարտելի, որովհետև...
Չիչո - Դե հերիք է դատապարտես, մի՞թե դու դատավոր ես։ Վե՛ր կաց, գնա՛նք։ (Չիչոն ուզում է վերցնել նվերը, հանկարծ բացվում է նվերի արկղը և տեսնում է, որ բանաններից մեկը չկա)։ Վա՜յ, էս ո՞վ կերավ։ (Հաշվում է)։ Մի բանան պակաս է։ էս ո՞վ կերավ, Կապիչինո՛։
Կապիչինո - (Միամտանալով)։ Ես իմ, ո՞վ իմանա։
Չիչո - Կարող ա՞ Տիտոն ա թռցրել։
Կապիչինո - (Ուրախանալով, որ իր վրա չի կասկածում, ասում է)։ Հա՛, հենց ինքն էլ թռցրել է։ Հենց էն պահին, որ սենյակից դուրս եկավ, թռցրեց։ Հլա դրան նայի։ Ստախոսի մեկը։
Չիչո - (Չհավատալով Կապիչինոյին)։ Կապիչինո՛, կարող ա՞ դու ես կերել։
Կապիչինո - Վա՜յ, բա եղա՞վ, եղբա՛յր, ես ուտեմ ու չասե՞մ։
Չիչո - Ա՜յ քեզ հանելուկ։ Դե լավ, արի գնանք կատուներ Ֆիկի և Պիկի տուն։ Գուցե նրանց ծնունդը լինի։
ԴՐՎԱԳ 4
(Ֆիկ եղբայրը պատին կպցրած քարտեզն է ուսումնասիրում, իսկ Պիկ քույրիկը նկուղում խոշորացույց է փնտրում)։
Ֆիկ - Պի՛կ, չգտա՞ր։
Պիկ - Դե համբերի՛ր, մութ է, չի՛ երևում։
Ֆիկ - Արագացրու, ուշանում ենք։
Պիկ - (Ներս գալով)։ Ահա՛, գտա՜, գտա՜։
Ֆիկ - Դե բե՛ր, արագացրու՛։
Պիկ - Ըհը, սա՞ է։
Ֆիկ - Հա՛, սա՛ է։ (Նայում է խոշորացույցով)։ Տու՛ր քանոնը։ (Ինչ–որ բան է չափում քարտեզի վրա)։ Կարկինը պահի՛ր։ (էլի է չափում)։ Ուրեմն այսպե՜ս։ (Վերցնում է ցուցափայտը և սկսում է իր գողության ծրագիրը բացատրել քույր Պիկին)։ Մենք գտնվում ենք ա՛յ այստեղ։
Պիկ - Այստե՞ղ։ (Ուրախանում է)։ Ո՞ւր է, տու՛ր տեսնեմ խոշորացույցով։ (Վարցնում է, նայում է քարտեզի վրա։ Տխուր ասում)։ Ո՛չ, չենք երևում։
Ֆիկ - Վա՜յ, այսինքն՝ ա՛յ այս տեղը ցույց է տալիս մեր տան տեղը։ Հասկացա՞ր։
Պիկ - Հա՛, հասկացա՛։
Ֆիկ - Դե լսի՛ր։ Երեկոյան ժամը 8։10–ին դուրս ենք գալիս և գնում ուղիղ Ֆինոյենց փչակը։ Կողոպտելուց հետո Ֆինոյենց փչակից դուրս ենք գալիս 8։15–ին և 8։17–ին հասնում Պիտոնի խրճիթը։
Պիկ - Խրճի՞թը։ Պիտոն տնակում է ապրում, Ֆի՛կ։
Ֆիկ - Դե մի՛ խանգարիր, չես տեսնո՞ւմ՝ կոդավորված եմ խոսում, որ լսողները չհասկանան։ Հետո Պիտոնի խրճիթից դուրս ենք գալիս 8։20–ին և գրոհում գորտերի ճահճուտը՝ այնտեղից թալանելով թանկարժեք իրեր և ուտելիքներ։ Գորտերի ճահճուտից ուղևորվում ենք ուղիղ մեր տուն՝ այստեղ։ Եվ 8։30–ին մեծ հարստությամբ կլինենք մեր տանը։
Պիկ - (Ծափահարում է)։ Ա՜յ քեզ ծրագիր։(Այդ պահին կապիկները դռան արանքից նայում են ներս)։ Ա՜յ քեզ կազմակերպություն։ Մինչև հիմա այսպիսի հետաքրքիր բան չէինք կազմակերպել։
Ֆիկ - (Հպարտանալով)։ Մեր անտառի կենդանիները անակնկալի կգան։
Պիկ - Պատկերացնում եմ, թե ինչ խառնաշփոթ կլինի առավոտյան, երբ տեսնեն, որ աղքատ են։
Ֆիկ - Դե լավ, քի՛չ ուրախացիր, պատրաստի՛ր պարկերը, զենքերը, ես մի անգամ էլ զննեմ քարտեզը։ Սպասի՛ր, մի կարևոր բան մոռացա, նստի՛ր ասեմ։
Պիկ - (Նկատում է դռան արանքից նայող կապիկներին)։ Վա՜յ, մեզ հետևում են։
Ֆիկ - Ո՞վ։ (Նայում է դռան կողմը)։ Վա՜յ, համեցե՛ք, առա՛ջ եկեք։ (Բացելով դուռը)։ Մենք էլ ձեզ
էինք մոռացել։ Մտածեցինք՝ հյուր գանք ձեր տուն։
Չիչո-Կապիչինո - (Ներս մտնելով)։ Բա՛րև ձեզ։
Պիկ - Եկե՛ք, նստե՛ք։ (Նստում են)։
Ֆիկ - Եղբայր Կապիչինո՞, ո՞նց ես, ե՞րբ ես եկել։
Կապիչինո - Լավ եմ, այսօր առավոտյան եմ եկել։ Քեզնից ասա, ի՞նչ ես անում, էս ի՞նչ օրացույց ես նայում։
Պիկ - Օրացո՞ւյց, սա օրացույց չ...
Ֆիկ - Այո՛, օրացույց է, օրացույց։
Չիչո - Իսկ ի՞նչ էիր անում։
Ֆիկ - Մեր... (Մտածում է)։ Մեր ծննդյան օրն էի նայում։ Ասեցի տեսնեմ՝ երբ է գալիս մեր ծնունդը։
Պիկ - Ֆի՛կ եղբայր, ախր մեր ծնունդը ա...
Ֆիկ - Հա՛, հա՛, մեր ծնունդը հենց այսօր է, հե՛նց հիմա։
Չիչո - Վերջապես գտա՜նք։ (Ուրախանալով)։ Ֆի՛կ, պատկերացնո՞ւմ ես, այսօր առավոտից մտածում ենք, թե ում ծնունդն էր այսօր։
Կապիչինո - Ի՜նչ լավ է գտանք, Չիչո՛։ Մենք էլ հիշում էինք, որ ամեն Նոր տարի ինչ–որ մեկի ծնունդն էինք նշում։
Չիչո - Շնորհավորում եմ, Պի՛կ քույրիկ, շնորհավորում եմ, Ֆի՛կ եղբայր։ Թող ձեր ծննդյան օրը լինի ձեզ համար ամենաերջանիկ պահը։
Կապիչինո - Ես էլ եմ շնորհավորում ձեր երկուսիդ ծնունդը։
Չիչո - Եվ բերել ենք ձեզ համար ամենաթանկ նվերն այս աշխարհի։ (Տալիս է նվերը)։ Շնորհավո՛ր լինի։
Ֆիկ - Շնորհակալ ենք, շնորհակալ։ Ինչ նեղություն եք տալիս ձեզ։
Պիկ - Ինչ անհարմա՜ր է, ոչինչ չունենք սեղանին դնելու։ Գնամ, տեսնեմ՝ ինչ կգտնեմ։
Կապիչինո - Չէ՛, մի՛ գնա, Պի՛կ քույրիկ, հո հաց ուտելու չենք եկել։
Չիչո - Բայց մեկ բաժակ սոկը չէր խանգարի։
Ֆիկ - Դե արագացրու՛, Պի՛կ, մի՞թե մեր թանկագին հյուրերը դատարկ սեղանի շուրջ պիտի նստեն։
Պիկ - Հիմա կբերեմ։ (Դուրս է գալիս)։
Ֆիկ - Ըհը՜, մնացինք մենք եղբայրներով։ (Նայելով Պիկի կողմը)։ էս քույրերը ինչքան են խանգարում։ (Սկսում է կեղծ ձևանալ)։ Կաղոթենք, գիրք կկարդանք, մի քիչ Աստծո խոսքից կզրուցենք։ Հը՞, ի՞նչ կասեք։
Չիչո - Ոչի՛նչ, կարելի է։
Ֆիկ - Սպասեք, հիմա կբերեմ Սուրբ գիրքը։ (Դուրս է գալիս)։
Կապիչինո - Չիչո՛, տեսնո՞ւմ ես՝ ինչ հոգևոր են, օրինակելի հավատացյալ։
Չիչո - Բա Ֆինոն ու Տիտոն ասում են, թե չեն ապաշխարում։
Կապիչինո - Չէ՛, ինչ ես ասում, Չիչո՛։ Չե՞ս տեսնում այնքան լցված է Աստծո խոսքով, որ կենդանի ջրի գետեր է հոսում փորից։
Ֆիկ - (Գալիս է)։ Ես եկա, ես եկա։ (Նստում է)։ Տեսնենք՝ ինչ է ասում մեզ Սուրբ գիրքը։ (Բացում է գիրքը և կարդում հանդիպած խոսքից)։ «Սիրեցե՛ք ձեր թշնամիները, օրհնեցե՛ք ձեզ անիծողները, բարի՛ք արեք նրանց, որ ձեզ կատեն, և աղոթք արեք նրանց համար, որ ձեզ կչարչարեն և կհալածեն»։ Իսկապես այս խոսքերը բնութագրում են հենց ինձ։ Իրոք, իմ կյանքը այսպիսին է։ Եղբա՛յր Չիչո, դու կարդա։
Չիչո - (Վերցնում է գիրքը)։ «Ամեն դատարկ խոսքի համար, որ մարդիկ կխոսեն, դատաստանի օրը հաշիվ պիտի տան, որովհետև քո խոսքերով պիտի արդարանաս և քո խոսքերով դատապարտվես»։
Ֆիկ - Եղբա՛յր Չիչո, դատարկ բաներ չխոսես։ Ա՛ռ, Կապիչինո՛, կարդա՛։
Պիկ - (Ներս մտնելով)։ Արդեն պատրաստ է հյութը, ահա՛ խմեք և վայելեք։
Ֆիկ - Չիչո՛, ա՛ռ, խմի՛ր, ես քեզ մի բան կպատմեմ....
Կապիչինո - (Հեռանում է սեղանից և կարդում)։ «Բայց վախկոտների, անհավատների, պիղծերի, մարդասպանների, կախարդների, կռապաշտների և բոլոր ստախոսների բաժինը կրակով և ծծումբով վառած լճի մեջ պիտի լինի»։ (Հիշելով իր ստախոսությունը՝ վախեցած և լուռ նստում է գետնին ու մտածում)։
Ֆիկ - (Կապիչինոյի կարդալու պահին Ֆիկն ու Չիչոն խոսում էին) ... Հենց դրանից հետո, Չիչո՛
եղբայր, ես հասկացա, որ անտառի կենդանիներին պետք է սիրեմ իմ անձի պես։
Չիչո - Այո՛, Ֆի՛կ, լավ է՝ արդեն ուղղվել ես քո սխալներից և էլ չարություն չես անում։ (Կանգնում է)։ Արդեն ուշ է, եղբա՛յր Ֆիկ, քու՛յր Պիկ, մենք գնանք։ (Մոտենում է Կապիչինոյին)։ Վե՛ր կաց,
Կապիչինո՛։
Պիկ - Ինչո՞ւ եք շտապում, մի քիչ էլ նստեք։
Չիչո - Չէ՛, գնանք, արդեն ժամանակն է գնալու։ (Ձեռքով հրում է Կապիչինոյին)։ Կապիչինո՛, վե՛ր։ (Կապիչինոն ուշքի չի գալիս։ Չիչոն նորից է հրում)։ Եղբա՞յր։
Կապիչինո - (Ուշքի գալով)։ Հը՞։ (Կանգնում է)։ Հա՛, գնա՛նք. ուշ է։ (Եվ դուրս է գալիս)։
Չիչո - Ցտեսությու՛ն։ (Դուրս է գալիս)։
ԴՐՍՈՒՄ
Չիչո - Ինչ լավ էր, չէ՞, այս տարի էլ Ֆիկի և Պիկի ծնունդը նշեցինք։ (Մի քիչ լռելուց հետո)։ Բայց հիշում եմ, որ ամեն տարի նշում էինք ինչ–որ մեկի ծնունդը, ոչ թե երկուսի։ Հը՞, կարո՞ղ է խաբեցին, Կապիչինո՛։ (Կապիչինոն, մտքերի ետևից ընկած, չի լսում Չիչոյին։ Չիչոն նայում է նրան, հրում)։ Ա՛յ տղա կապիկ։
Կապիչինո - (Ուշքի գալով՝ վախեցած)։ Հը՛, չգիտե՛մ, ես մեղավոր չեմ։
Չիչո - (Զարմանալով)։ Ի՞նչ եղավ քեզ, ա՛յ տղա։
Կապիչինո - Ի՞նչ ես ասում է, չլսեցի։
Չիչո - Ասում եմ՝ ամեն Նոր տարուն ծնունդ էինք նշում, հիշո՞ւմ ես։
Կապիչինո - (Հոգնած)։ Հա՛, հիշում եմ, նշեցինք էլի։
Չիչո - Հա՛, բայց մի հոգու ծնունդ էինք նշում, ոչ թե երկուսի։
Կապիչինո - Մի հոգո՞ւ։ (Մտածում է)։ Հա՛ էլի, միշտ մի հոգու համար էինք նվեր պատրաստում։
Չիչո - Ասում եմ, կարո՞ղ է խաբեցին մեզ։
Կապիչինո - Չէ՛, ի՞նչ ես ասում, չտեսա՞ր՝ ինչ հավատացյալ էին։
Չիչո - Ի՞նչ է, չեն կարո՞ղ կեղծավորվել։
Կապիչինո - Ինչ ասեմ։ (Մտածում է)։ Արի դռան անցքից նայենք ու տեսնենք, թե ինչ են խոսում։ (Նայում են ներս)։
ՆԵՐՍՈՒՄ
Ֆիկ - Ա՛յ թե խաբեցի կապիկներին ու հիմարացրի։
Պիկ - Քո կարծիքով լա՞վ արեցիր։
Ֆիկ - Այո՛, ինչո՞ւ պիտի չխաբեի, երբ իրենք իրենց ոտքով եկան ընկան մեր թակարդը։
Պիկ - Չէ՛, քո չարությունը չափ ու սահման չունի։ Ո՞նց էլ մտածում ես և արդար դուրս գալիս։
Ֆիկ - Բա չէ, քո նման միամիտ։ Քիչ էր մնում՝ ասեիր մեր քարտեզի մասին։ Լա՛վ, արագացրու՛, վերցրու՛ իրերը, ոչինչ չմոռանաս։
ԴՐՍՈՒՄ
Չիչո - Լսեցի՞ր, նրանք խաբել են մեզ։
Կապիչինո - Եվ այդ թուղթը ոչ թե օրացույց էր, այլ քարտեզ։
Չիչո - Տեսնես ի՞նչ քարտեզ է։
Կապիչինո - Գուցե քարտեզը ցույց է տալիս ոսկու մի մեծ թաքստո՞ց։
Չիչո - Ի՞նչ իմանամ։ (Լռում են)։ Վա՜յ, նվե՛րս, նվե՛րս մնաց նրանց ձեռքին։
Կապիչինո - Արի՛, ներս մտնենք, արի՛, քանի դեռ չեն գնացել։
ՆԵՐՍՈՒՄ
Ֆիկ - (Թակում են դուռը)։ Հիմա՞ ով է։ Չեն թողնում՝ մարդ իր գործին գնա։ Բացի՛ր, Պի՛կ։
Կապիչինո - (Պիկը բացում է դուռը, կապիկները ներս են մտնում)։ Ուրեմն խաբել ես մեզ, հա՞։
Ֆիկ - Չէ՛, ի՞նչ խաբել։ Ի՞նչ է, չգիտե՞մ իմ ծննդյան օրը։
Չիչո - Գիտե՛ս, ինչու չէ, գիտե՛ս, ուղղակի այսօր չէ քո ծնունդը։
Ֆիկ - Ո՞վ ասաց, թե իմ ծնունդը այսօր չէ։
Կապիչինո - Դու ասացիր, Ֆի՛կ, քո այդ ստախոս բերանով։
Ֆիկ - Ե՞ս։
Չիչո - Այո՛, դու՛, մենք լսեցինք դռան ետևից, թե ինչպես ասացիր՝ այ թե խաբեցի կապիկներին ու հիմարացրի։
Կապիչինո - Մենք էլ կարծում էինք, թե լավ հավատացյալ ես, և չգիտեինք, որ կեղծավոր ես ու խաբեբա։
Ֆիկ - Չէ՛, ի՞նչ եք ասում, ես վախենում եմ Աստծուց և չեմ կարող խաբել իմ եղբայրներին։ Այլ ուղղակի կատակ արի, ասացի, մի քիչ ժամանակ անցկացնենք, ուրախանանք։
Պիկ - Այո՛, այո՛, իմ եղբայրը չի խաբում, նա ուղղակի կատակ արեց։
Չիչո - (Ծաղրելով)։ Վա՜յ, բայց լավ էլ ծիծաղեցինք, հա՜։
Ֆիկ - (Առիթից օգտվելով)։ Պատկերացրու, եղբա՛յր Չիչո, միամիտ քո տուն մտնեն և ծննդյանդ համար նվեր տան քեզ։ Ո՞վ չի վերցնի ու կատակի վերածի։
Չիչո - Դե լավ, վերջացրու՛, բե՛ր նվերը։
Ֆիկ - Պի՛կ ջան, տու՛ր նվերը, տու՛ր մեր եղբայրներին, թող գնան իրենց ծնունդը նշեն։
Պիկ - Ահա՛, վերցրե՛ք ձեր թանկարժեք նվերը։
Չիչո - Ինչ է, թանկարժեք չէ՞։
Ֆիկ - Մի քանի բանանը և մի քիչ կոկոսի հյութը թա՞նկ արժե։
Կապիչինո - Ի՞նչ ես ասում, Աֆրիկայում այս նվերը թագավորներին են տալիս։
Ֆիկ - Թագավորների՞ն (ծիծաղում է), հա՜–հա՜–հա՜–հա՜, գնացե՛ք, գնացե՛ք, ձեր թագավորին գտեք և այդ նվերը տվեք նրան։
Չիչո - Դու ծաղրում ես, բայց մի օր դու ինքդ կծաղրվես, կեղծավո՛ր։ Գնա՛նք, Կապիչինո՛։ (Դուրս են գալիս)։
ԴՐՍՈՒՄ
Կապիչինո - Մի սրանց նայիր, քիչ է՝ խաբեցին մեզ, մի բան էլ ծաղրում են է՛։
Չիչո - Ոչի՛նչ, եղբա՛յր, մի՛ տխրիր։ Արի հիշենք, թե կենդանիներից ով մնաց, որ չգնացինք։
Կապիչինո - Չիչո՛, Ծաղիկ կովին չայցելեցինք, հաստատ նրա ծնունդը կլինի, միայն նա է մնացել։
Չիչո - Չէ՛, եղբա՛յր, Ծաղիկ կովը այստեղ չէ։
Կապիչինո - Իսկ ո՞ւր է գնացել։
Չիչո - Եղբայր Նուտոնի և Պուտոնի հետ գնացել են հանգստանալու։
Կապիչինո - Բա ո՞վ մնաց։ Ուրեմն ոչ մեկի ծնունդն էլ չէ՞։
Չիչո - Կապիչինո՛, բա գորտե՞րը։ Գորտերին չայցելեցինք, հաստատ նրանցից ինչ–որ մեկի ծնունդն է։
Կապիչինո - Ո՜նց էի մոռացել գորտ քույրերին։ Համ էլ կարոտել եմ, գնա՛նք, տեսնենք նրանց։
Չիչո - Ո՜նց էինք մոռացել գորտ քույրերին, ո՜նց էինք մոռացել։ (Դուրս են գալիս)։
ԴՐՎԱԳ 5
(Կվա–կռան աշխատում է խոհանոցում։ Իսկ Կվա–կղան բանաստեղծություն է գրում ու կարդում)։
             Մեր Նոր տարին եկավ կրկին,
             Թիթեռ բերեց ահագին,
             Բզե՜զ, մրջյու՜ն, ճանճե՜ր թռչուն,
             Լավ նվերներ շալակին։
                       Ինչե՜ր ասես մենք չկերանք,
                       Այս տարի էլ կշտացանք,
                       Զամբյուղներով, մեծ պարկերով
                       Ճաշատեսակ շատ համով։
             Մենք գորտեր ենք՝ Կվա–կղա, Կվա–կռա,
             Ինչքա՜ն ուզես կռկռա,
             Մեկ է, լճում տոն են նշում
             Ու ասում են՝ կվա՜–կղա՜–կռա՜։
Կվա–կռա - (Ներս մտնելով)։ Պոետիս նայի՛ր, բանաստեղծ է դարձել։ Ավելի լավ է գաս և օգնես։ Չեմ կարողանում կրեմ պատրաստել, հենց ուզում եմ խառնել, ճանճերը թռչում են։
Կվա–կղա - Լսի՛ր, քու՛յր Կռա, տես լա՞վ եմ գրել.
                 Իմ քույր Կվա–կռան մտավ մառան՝
                 Ճանճից կրեմ պատրաստի,
                 էս ճանճերն էլ առան թռան,
                 Գործը մնաց կիսատի։
Կվա–կռա - է՜հ, թե քեզ նայեմ, գործերս կմնան կիսատ։ (Գնում է խոհանոց։ Կապիկները դուռը թակում են)։
Կվա–կղա - Հիմա՛, գալի՛ս եմ։ (Բացում է)։ Համեցե՜ք, առա՛ջ եկեք։
Կապիչինո - Բարև՛, քու՛յր Կղա։
Կվա–կղա - Բարև՛, Կապիչինո՛, էս ո՞ւր էիր կորած, չէիր երևում։
Կապիչինո - Հեչ, գնացել էի Աֆրիկա։
Կվա–կղա - Բայց շատ ես փոխվել հա՜։ Քույրի՜կ, քու՛յրս, արի՛, մի տես ովքեր են եկել։ Նստե՛ք, Չիչո՛, այստեղ նստի, Կապիչինո՛։
Կվա–կռա - (Գալիս է)։ Օ՜, բարև ձեզ, բարև ձեզ, էս ո՞ր քամին բերեց ձեզ։
Չիչո - էս կողմերի քամին բերեց։ Ասեցինք, գանք տեսնենք ձեզ. եղբայրս կարոտել էր։
Կապիչինո - Այո՛, շատ եմ կարոտել իմ ծննդավայրս, ոնց որ արդեն տաս տարի է, ինչ հեռու եմ իմ հողից։
Կվա–կռա - Գիտե՛մ, գիտե՛մ, այդ կարոտը ես էլ եմ զգացել, երբ ամուսնացա հարևան ճահճուտում։ Բայց դե առանց քո հարազատ տան դժվար է ապրել։
Չիչո - Ճիշտ ես ասում, քու՛յր Կռա, մեր ձորերից, մեր լեռներից լավը չկա աշխարհում։
Կապիչինո - Հետո էլ ասի գամ, ձեզ տեսնեմ, կարոտս առնեմ։
Կվա–կղա - Շատ լավ ես արել, որ եկել ես։ Նոր տարին միասին կտոնենք։
Չիչո - Քու՛յր գորտեր, ինչ ճիշտն ա, ճիշտը, մենք ուզում ենք մի բան հարցնել ձեզնից։
Կվա–կռա - Ասե՛ք, լսում ենք։
Չիչո - է՜, ոնց ասեմ, անհարմար է։
Կապիչինո - Շատ էլ հարմար է։ Քու՛յր գորտեր, ձեզնից ո՞ւմ ծնունդն է այսօր։
Կվա–կռա - Կվա–կղա - (Զարմանալով)։ Ոչ մեկիս։
Կապիչինո - Չէ՛, խաբում եք, խոստովանեք. ում ծնունդը լինի, նրան նվեր ենք տալու։
Կվա–կղա - Չէ՛, չենք խաբում, մեր ծնունդը չգիտե՞նք երբ է։
Կվա–կռա - Ոնց չգիտենք, մեր ծնունդը անցել է արդեն։
Չիչո - Ա՜յ քեզ հանելուկ։ Բա ո՞ւմ ծնունդն է այսօր։
Կապիչինո - Գո՛րտ քույրեր, իսկ կարող ա՞ իմանաք՝ ում ծնունդն է այսօր։
Կվա–կռա - Ի՞նչ եք ասում։ Ո՞վ է ասել, որ պարտադիր ինչ–որ մեկի ծնունդը պետք է լինի։
Չիչո - Ախր հիշում եմ է, որ ամեն Նոր տարուն նշում էինք ինչ–որ մեկի ծնունդը։
Կվա–կռա - Չէ՛, չեմ հիշում։ Դու չե՞ս հիշում, քու՛յր Կղա։
Կվա–կղա - Չէ՛, չեմ հիշում, քույր Կռա։ (Լռում են)։ Կարո՞ղ է ձեր ծնունդն է, կապիկնե՛ր։
Կապիչինո - Չէ՛ է, չէ՛, հաստատ մեր ծնունդը չի։
Չիչո - Բա ի՞նչ անենք, եղբա՛յր։ (Մտածում են)։
Կվա–կղա - Ի՞նչ պարտադիր է շնորհավորեք ոմն մեկի ծնունդը։
Չիչո - Ինչպե՞ս թե, ինչ պարտադիր է։ Միշտ ունեցել ենք այդպիսի սովորություն և ուզում ենք մեր ամենաթանկ նվերը տալ այդ մեկին։
Կվա–կռա - Շա՜տ դժվար հարց է։
Կապիչինո - Ինչ ասենք, մենք գնանք փնտրելու, գուցե գտնենք։
Չիչո - Հա՛, գնա՛նք, եղբա՛յր, ես հոգնեցի։ (Տխուր, տրտում դուրս են գալիս գորտերի տնից)։
ԴՐՍՈՒՄ
(Կապիչինոն և Չիչոն հոգնած նստում են գետնին)։
Չիչո - Կապիչինո՛, ես հոգնած եմ, ուզում եմ մի քիչ քնեմ, էլ չեմ կարող ման գալ։
Կապիչինո - Քնի՛ր, եղբա՛յր Չիչո, քնի՛ր, գուցե չկա այդպիսի մեկը, որ ծնվել է հենց այսօր։
(Չիչոն գլուխը դնում է եղբոր ծնկներին և քնում, իսկ Կապիչինոն, հեռուն նայելով, մտածում է)։
ԴՐՎԱԳ 6
(Այդ պահին լսվում է երգ Հիսուսի ծննդյան մասին)։ Օրինակ՝ Տեսե՛ք սիրուն ծննդյան ծառ...
Կապիչինո - Չիչո՛, լսո՞ւմ ես, Հիսուսի ծնունդն է այսօր։ Չիչո՛, արթնացի՛ր։
Չիչո - Ի՞նչ է, ինչո՞ւ ես արթնացնում։
Կապիչինո - Սու՜ ու՜ ու՜ ս՜, լսի՛ր, հրեշտակները երգում են, լսի՛ր, Հիսուսի ծնունդն է այսօր։ (Շարունակվում է երգը)։
Չիչո - Ես հիշեցի, եղբա՛յր, մենք ամեն Նոր տարուն նշում էինք Հիսուսի ծնունդը։ (Երգը ավարտվում է)։
Կապիչինո - Չիչո՛, ինչպե՞ս շուտ գլխի չընկանք, ինչո՞ւ էինք փնտրում անտառում։ (Տխրելով)։ Հիմա արդեն ուշ է, մութ է, ինչպե՞ս պետք է նշենք Նրա ծնունդը։
Չիչո - Սրտիս մի տեսակ տխրություն պատեց, Կապիչինո՛։ Ա՜խ, ո՜նց կուզենայի տեսնեմ Նրան, տեսնեմ մանուկ Հիսուսին մսուրի մեջ։
Կապիչինո - Երնե՜կ մոգերին։ Չիչո՛, նրանք էլ նվեր տարան, չէ՞, մանուկ Հիսուսին։
Չիչո - Հա՛, նրանք էլ թանկ նվեր տարան։
Կապիչինո - Իսկ ի՞նչ տարան, հը՞, չե՞ս հիշում։
Չիչո - Չէ՛, չեմ հիշում, Կապիչինո՛։
Կապիչինո - Ի՜նչ լավ կլիներ չէ՞, որ մենք էլ մեր թանկ նվերը նվիրեինք Նրան։
Չիչո - (Ուրախանալով)։ Ա՜յ թե նվեր կլիներ, ա՜յ թե իսկական Թագավորին կնվիրեինք։
Կապիչինո - Վա՜խ, ո՜նց կուզեի տեսնեմ Նրան։
Չիչո - Ափսո՜ս, անցավ այս հիանալի օրը՝ իզուր և անմխիթար։
(Լսվում է երգ մոգերի մասին)։
Օրինակ՝ Ծնվեցիր գոմում Հիսուս մանուկ, Սոգերր եկան երկրպագության... (Երգի պահին երևում է մանուկ Հիսուսը մսուրի մեջ)։
Կապիչինո - Չիչո՛, նայի՛ր, մանուկ Հիսուսն է։
Չիչո - Աստվա՜ծ իմ, սա հրաշք է։ (Երգը շարունակվում է և վերջանում)։
Չիչո - Տեսա՞ր, Կապիչինո՛, ի՜նչ փառավոր է, ի՜նչ հիանալի։
Կապիչինո - Եղբա՛յր Չիչո, ինչի՞ համար ծնվեց Հիսուս։
Չիչո - Որպեսզի ապրի մարդու նման, հաղթահարի փորձություն և մեղք ու հաղթի մահին։ Վերցնի բոլոր մարդկության մեղքերը իր վրա, չարչարվի և հարություն առնի։
Կապիչինո - Նրա կյանքը իսկական օրինակ է, չէ՞, մարդկանց համար։
Չիչո - Այո՛, Նրա կյանքը փշոտ մսուրից մինչև չոր ու կոպիտ խաչը օրինակ եղավ թե՛ մեզ, թե՛ մանուկներին և թե՛ մեծերին։
ԳԱԼԻՍ ԵՆ ՄՈԳԵՐԸ
(Գալիս են հեռվից՝ բարձր խոսելով)։
Ա) Նայե՜ք, ա՛ստղը, նայե՜ք, փայլում է բոլոր աստղերից շա՜տ ուժեղ։
Բ) Աստվա՜ծ իմ, սա մի մե՜ծ նշան է Մեսիայի ծննդյան մասին։
Գ) Գուցե Նա Նազարեթո՞ւմ պիտի ծնվի։
Ա) Գուցե Երուսաղեմո՞ւմ՝ թագավորական պալատներում։ Չէ՞ որ Նա թագավոր է ծնվում։
Բ) Ահա՜, նայե՜ք, կա՛նգ առավ աստղը։
Գ) Կա՛նգ առավ Բեթլեհեմ քաղաքի վրա։
Ա) Բեթլեհե՞մ, ինչ է, Մեսիան այդտե՞ղ պիտի ծնվի։ Այն էլ գոմո՞ւմ, մսուրի մե՞ջ պիտի դրվի։
Գ) Նայե՜ք, աստղը ավելի՜ է առկայծում այն խղճուկ գոմի վրա։ (Հասնելով մսուրին՝ սկսում են երկրպագել)։
Ա) Մի՞թե տեղ չկար այս մեծ աշխարհում,
    Մի՞թե, Աստվա՛ծ իմ, ծնվեցիր գոմում,
    Մի՞թե պալատներ չհավանեցիր,
    Մի՞թե մսուրին համաձայնվեցիր։
Բ) Օ՜, հզո՜ր Մեսիա, թագավոր, արքա,
    Սրտիս գահը, Տե՛ր, հանձնում եմ ահա,
    Ծնվի՛ր դու այդտեղ, փաթաթվիր տաքուկ
    Ու կառավարիր հոգին իմ փափուկ։
Գ) Ահա՛ նվերն այս՝ փոքր ու չնչին,
    Դնում եմ սրտով ոտքիդ առաջին,
    Երկրպագում քեզ, ասում աշխարհին.
    –Տե՛ղ տվեք սրտում մանուկ Հիսուսին։ (Երկրպագումից հետո գնում են)։
Չիչո - Կապիչինո՛, տեսա՞ր, թե մոգերն ինչ նվիրեցին։
Կապիչինո - Այո՛, տեսա՛, ոսկի էր, կնդրուկ և զմուրս։ Հետն էլ ասեցին՝ փոքր ու չնչին։
Չիչո - Ամոթ է չէ՞, այս նվերը նվիրենք։
Կապիչինո - Ամոթ է, ամոթ, բա ի՞նչ նվիրենք, հը՞, Չիչո՛, ի՞նչ նվիրենք։
Չիչո - Ինչ էլ նվիրենք, փոքր է, չնչին, բայց Նրա գործն է անմար ու անգին։
(Երկուսով ծնկի են գալիս մսուրի առաջ)։

ՎԵՐՋ
Արտակ Շահնազարյան
Категория: Սցենարներ | Добавил: Admin
Просмотров: 2510 | Загрузок: 680 | Рейтинг: 4.4/7
Всего комментариев: 0
avatar