Главная » Файлы » Սցենարներ

Քրիստոսի հարությունը
[ Скачать с сервера (32.5Kb) ] 12.05.2013, 18:33
Բեմականացում Քրիստոսի հարությունը

(Նոնան մաքրում է տունը, հավաքում երգելով։Հարության մասին երգ)։
Նոնա-(երգելուց հետ) Ի՜նչ շուտ վերջացրի իմ գործերը։Ի՜նչ լավ օր է այսօր։Օրս սկսել եմ լավ։Եվ ի՞նչ անեմ, որ լավ էլ շարունակվի։ (Կանչում է քրոջը՝ Անիին)Անի՜, քույրի՜կս։
Անի-(սենյակից) Ի՞նչ է, լսո՜ւմ եմ։
Նոնա-Վերջացրի՞ր խոհանոցիդ գործերը։
Անի-Այո՛, վերջացնում եմ։
Նոնա-Դե արագացրու և արի այստեղ։ (Մի քիչ հետո գալիս է Անին)։
Անի-Օ՜ֆ, հոգնեցի։Պատկերացնու՞մ ես, հինգ օրվա ափսեները հավաքվել ու մի մեծ սար էին դարձել։Մայրիկը, որ գա գործուղումից, շատ կուրախանա։ (Փոքր-ինչ հետո)։
Նոնա-Լսի՛ր, քո՛ւյրս։Արի մի բան կազմակերպենք։
Անի-(Հանգիստ) Ի՞նչ կազմակերպենք, ի՞նչ է մտքումդ։
Նոնա-(Ուրախանալով) Արի զանգենք մեր քույր ու եղբայրներին և հավաքվենք մեր տանը։
Անի-Հետո՞։
Նոնա-Հետո... (Մտածելով), հետո կասեմ։ Համաձա՞յն ես։
Անի-Դե լավ, համաձայն եմ։ Դու զանգիր, իսկ ես գնամ և հյուրասիրության համար մի բան պատրաստեմ։ (Անին գնում է։Նոնան վերցնում է հեռախոսահամարների գիրքը, փնտրում և սկսում է զանգել)։
Նոնա-Ալո՛։ Բարև՛ ձեզ։Կներեք, Սերինեին կարելի՞ է։ (Լսափողը վերցնում է Սերինեն): Բարև՛, Սերինե՛։ Ինչպե՞ս ես։ Քրիստոս հարյավ ի մեռելոց։ Լավ եմ, Սերինե ջան։ Լսի՛ր, Սերինե, կարո՞ղ ես գալ մեր տուն։ Դե, այդ դեպքում վերցրու եղբորդ՝ Կարենին, և շտապ արի մեր տուն։ Չուշանաք։ (Անջատում է)։ Բարև՛, Արմեն։Լավ եմ, Արմեն ջան։ Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Արմեն, եղբայրդ՝ Արթուրը, տանն է։ Կարո՞ղ եք շտապ գալ մեր տուն։ Ուղղակի ուզում եմ հավաքվենք մեր տանը։ Դե լավ, սպասում եմ ձեզ։ (Անջատում է։ Նորից զանգում է)։ Բարև՛ ձեզ։ Ալո՛, բարև՛ ձեզ։ Պապի՛, ասում եմ բարև՛։ Պապի, Արտյոմը տա՞նն է։ Արտյո՛մը, պապի՛, Արտյոմը տա՞նն է, իսկ Գրիգո՞րը։ Դե լավ, պապի, ոնց հասկացա, տանը չեն։ Հաջող, պապի՛, հաջո՛ղ (Անջատում է): Օ՜ֆ, պապի-պապի։ (Նորից է զանգում)։ Բարև՛, Հայկ, ինչպե՞ս ես։Քրիստոս հարյավ ի մեռելոց։ Լավ եմ, Հայկ ջան։ Քույրդ՝ Աննան, տա՞նն է։ Կարո՞ղ ես լսափողը փոխանցել Աննային։ Բարև՛, Աննա։ Զբաղվա՞ծ էիր, խանգարեցի՞։ Լսի՛ր, կարո՞ղ ես Հայկի հետ գալ մեր տուն։ Հյու՞ր ունես, իսկ ովքե՞ր են քո հյուրերը։ Օ՜, ինչ լավ է, ես էլ իրենց եմ ման գալիս, այդ դեպքում Արտյոմին ու Գրիգորին էլ քեզ հետ բեր։ Լավ, սպասում եմ։ (Անջատում է)։ Օ՜ֆ, վերջացրի, հիմա բոլորով կհավաքվենք և կտոնենք Հիսուսի հարության օրը։ (Հիշելով): Վա՜յ, քիչ էր մնում մոռանայի Հրաչին, հիմա կզանգեմ նրան։ (Զանգում է, վերցնում է Հրաչը )։
Հրաչ-Ալո՛, լսում եմ։
Նոնա-Բարև՛, Հրաչ։
Հրաչ-(Չճանաչելով): Բարև ձեզ։
Նոնա-Ինչպե՞ս ես։
Հրաչ-Լավ եմ (Չճանաչելով, լռություն)։
Նոնա-Ես էլ եմ լավ, Հրաչ։
Հրաչ-Կներեք, իսկ ո՞վ է ինձ զանգել։
Նոնա-Ի՞նչ է, չճանաչեցի՞ր։
Հրաչ-Կներեք, բայց ոչ։
Նոնա-Նոնան է քո հետ խոսում, Հրա՛չ եղբայր։
Հրաչ-Վա՜յ, Նոնա ջան, կներես, իրոք, չճանաչեցի քո ձայնը։ Ո՞նց ես, Նոնա ջան։
Նոնա-Լավ եմ, Հրաչ ջան, լավ եմ։ Քրիստոս հարյավ ի մեռելոց։
Հրաչ-Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։
Նոնա-Լսի՛ր, Հրաչ, կարո՞ղ ես հենց հիմա գալ մեր տուն։
Հրաչ-Իսկ ինչու՞ համար, ի՞նչ է պատահել։
Նոնա-Որ գաս, կիմանաս։
Հրաչ-Դե լավ, հիմա գալիս եմ։ (Ցած է դնում լսափողը)։
Անի-(Ներս է մտնում): Հը՞, զանգեցի՞ր բոլորին։
Նոնա-Այո՛, զանգեցի, ուր որ է կգան։ (Թակում են դուռը)։
Անի-Ես կբացեմ, քույրս։ (Գնում և դուռը բացում է): Համեցեք, առաջ եկեք։ (Ներս են մտնում Սերինեն և Կարենը)։
Սեր.-Կար.-Բարև ձեզ, բարև ձեզ։
Անի-Խնդրեմ համեցեք հյուրասենյակ։ (Ներս են մտնում)։
Սեր.-Կար.-Բարև ձեզ։
Նոնա-Համեցեք, նստեք։ (Անին խոհանոցից բերում է սկուտեղը)։
Անի-Կարեն, Սերինե, հյուրասիրվե՛ք (Դուռը թակում են), իսկ ես ընդունեմ հերթական հյուրերին։ (Գնալով՝ բացում է դուռը) Ի՜նչ լավ է, շուտ եկաք, բարև ձեզ։
Արմ.-Արթ.-Բարև, Անի, ինչպե՞ս ես։
Անի-Լավ եմ, եղբայրներս, գնացեք հյուրասենյակ, հիմա գալիս եմ։ (Արմենն ու Արթուրը ներս են մտնում)։
Արմ.-Արթ.-Բարև՛ ձեզ։
Նոնա-Բարև՛, եղբայրներ, համեցե՛ք, նստե՛ք։ (Նստում են, դուռը թակում են։ Բացում է Անին)։
Անի-Օ՜, ինչպիսի՜ հյուրեր ունենք։ Եկե՛ք առաջ, եկե՛ք։ (Գալիս են ,մտնում հյուրասենյակ)։
Նոնա-Համեցե՛ք, նստե՛ք (Նստում են)։ Նստեք և հյուրասիրվե՛ք։
Արտյոմ-Այս ի՞նչ նեղություն եք քաշել։
Աննա-Ի՜նչ լավ է տեսա ձեզ, կարոտել էի։ (Դուռը թակում են, բացում է Անին )։
Անի-Արի՛, Հրաչ եղբայր, արի, քեզ էինք սպասում։
Հրաչ-Ի՞նչ է, ուշացե՞լ եմ ես։
Անի-Ո՛չ, ճիշտ ժամանակին էլ եկար։ Գնա, գնա առաջ, բոլորն  այնտեղ են։ (Հրաչը ներս է մտնում)։
Հրաչ-Օ՜, բարև՛ ձեզ, այս ի՞նչ հավաքույթ է, այս ի՞նչ դեմքեր են հավաքվել այստեղ։
Նոնա-Նստի՛ր, Հրաչ եղբայր, նստի՛ր։ (Նստում է)։
Հրաչ-Հը՛, եղբայր Գրիգոր, գործերդ ո՞նց են։
Գրիգոր-Լավ են, եղբայր Հրաչ։
Նոնա-Խնդրում եմ հյուրասիրվեք, մի՛ ամաչեք։ (Անին ներս է գալիս՝ բերելով հյութ)։ Իսկ ես ուզում եմ ասել, թե ինչու՞ եմ ձեզ բոլորիդ հավաքել այստեղ։ Նախ շատ շնորհակալ եմ, որ հրավերս չմերժեցիք և եկաք մեր տուն։ Եվ հետո էլ բոլորդ գիտեք, որ այսօր Հիսուսի հարության օրն է և ուզում եմ նշենք այն։
Հայկ-Իսկ ինչպե՞ս նշենք այն։
Նոնա-Դե մի բան կազմակերպենք։
Բոլորով-Ի՞նչ կազմակերպենք։
Նոնա-Եկեք մի շատ հետաքրքիր բեմականացում կազմակերպենք։
Կարեն-Համաձայն եմ։Իսկ հագուստնե՞րը։
Արմեն-Եվ ո՞վ ինչ դեր պետք է կատարի։
Նոնա-Ես դրա մասին մտածել եմ։ Ձեր հագուստներն արդեն պատրաստ են։ Գնա՞մ բերեմ։
Բոլորով-Գնա բե՛ր, տեսնենք՝ ինչ ենք անելու։ (Բացում է պահարանը և սկսում բաժանել հագուստները)։
Նոնա-Ահա սա ձեզ Աննա, Սերինե։ Դուք կլինեք մեր բեմականացման հրեշտակները, գնացեք և արագ փոխվեք։ (Գնում են): Սա քեզ, Կարեն, դու կլինես Պետրոսը։ (Գնում է): Արթուր, Արմեն, սա քեզ, իսկ սա էլ քեզ։ Դու կլինես Մարկոսը, իսկ դու՝ Ղուկասը։ (Գնում են): Արտյո՛մ, սա էլ քեզ, դու կլինես Թովմասը։ (Գնում է): Հայկ, դու Հովհաննեսն ես, ահա՛, վերցրո՛ւ։ (Գնում է): Գրիգո՛ր, դու կլինես Հակոբոսը, իսկ դու Անի՝ Հակոբոսի մայր Մարիամը։ Ը՜հը, մնացիր դու, Հրաչ։ Սա էլ քեզ, վերցրո՛ւ, դու էլ կլինես Հիսուսը։ (Գնում են, մնում է Նոնան)։ Ինչքան պատկերացնում եմ, այս բեմականացումը պետք է լինի շատ հետաքրքիր։ (Հանելով իր հագուստը): Սա էլ ինձ, ես էլ կլինեմ Մարիամ Մագդաղենացին։ Գնամ փոխվեմ։ (Դուրս է գալիս, մթնում է դահլիճը, տեսարանը փոխվում է։ Դահլիճը փոքր-ինչ լուսավորվում է, երևում է Հիսուսի գերեզմանը, տեղի է ունենում երկրաշարժ, քամի, հարություն է առնում և տիրում է մեծ լռություն։ Լսվում է հեղինակի ձայնը)։
Ձայն-Շաբաթ գիշեր, երբ կիրակին կլուսանա, առավոտ շուտ, դեռ արևը չբացած, Մարիամ Մագդաղենացին գերեզման գնաց։
Մարիամ-(Մոտենալով գերեզմանին՝ տեսնում է դատարկ): Աստվա՜ծ իմ, այս ո՞վ է քարը մի կողմ գլորել։ Եվ գողացել են Տիրոջ մարմինը։ (Ընկնելով գերեզմանի վրա՝ լացում է։ Հանկարծ երևում են երկու հրեշտակներ)։
2 հրեշտակ-Ո՛վ կին, ինչու՞ ես լացում։
Մարիամ-Նրա համար, որ իմ Տերս գերեզմանից վերցրեցին և չգիտեմ, թե ուր դրին նրան։ (Լացելով՝ շրջվում է և տեսնում Հիսուսին, բայց չի ճանաչում)։
Հիսուս-Ո՛վ կին, ինչու՞ ես լացում, ու՞մ ես փնտրում։
Մարիամ-Ո՛վ պարտիզպան, եթե դու վերցրիր Նրան, ասա՛ ինձ, որտե՞ղ դրեցիր, որպեսզի վերցնեմ Նրան։ (Շրջվելով՝ լացում է)։
Հիսուս-Մարիա՜մ։
Մարիամ-Ռա՜բբունի, Տեր իմ։ (Մոտենալով՝ ուզում է կպչել)։
Հիսուս-Ինձ մի կպիր, Մարիա՛մ (Մարիամը ետ է գնում), որովհետև դեռ Հորս մոտ չեմ գնացել, այլ գնա եղբայրներիս մոտ և ասա նրանց. «Ես գնում եմ իմ Հորս մոտ և ձեր Հոր մոտ, Իմ Աստծո մոտ և ձեր Աստծո մոտ։ Գնա և պատմիր նրանց»։ (Մարիամը վազելով գնում է աշակերտների մոտ։ Վերնատանը հավաքված էին աշակերտներով)։
Պետրոս-(Հուզված, լացակումած):Հավատու՞մ եք, Նա գիտեր, Նա գիտեր, որ ես ուրանալու եմ իրեն։ Ա՜խ, Աստվա՜ծ իմ։Իսկ ես՝ հիմարս, կարծում էի, թե հավատարիմ կմնամ մինչև ի մահ։ Ասաց. «Դեռ հավը երեք անգամ չկանչած, դու ինձ պիտի ուրանաս 3 անգամ՝ ասելով՝ չեմ ճանաչում Նրան»։ (Լացելով): Պատկերացնու՞մ եք, ես չէի ուզում ուրանալ Նրան, բայց թույլ գտնվեցի: (Լացում է։Ներս է մտնում Մարիամը՝ զարմացած և շնչակտուր)։
Մարիամ-Լսե՛ք, ես տեսա՜ Նրան, ես տեսա՜ Նրան։
Բոլորով-Ո՞ւմ, ո՞ւմ տեսար, Մարիամ։
Մարիամ-Նա այնտեղ չէր, գերեզմանում չէր, Նա հարություն առավ։ (Պետրոսն ու Հովհաննեսը վազելով դուրս են գալիս)։
Բոլորով-Պետրո՜ս, Հովհաննե՜ս, սպասե՜ք, մի՛ գնացեք։
Մարիամ-(Հակոբոսի մայր): Հետո՞, Մարիամ, ի՞նչ տեսար։
Մարիամ-Տեսա Հիսուսին։ Կարծեցի, թե պարտիզպանն է։ Բայց Նա ինձ իմ անունով կանչեց, ասաց՝ Մարիամ, և ես ճանաչեցի Նրան։
(Պետրոսն ու Հովհաննեսը վազելով գնում են գերեզմանոց և տեսնում են գերեզմանը դատարկ։ Պետրոսն ու Հովհաննեսը լացում են։ Իսկ վերնատանը զրուցում են)։
Մարկոս-Հետո՞, Մարիամ, ի՞նչ ասաց Նա։
Մարիամ-(Հանգիստ պատմելով): Ասաց. -Ես գնում եմ իմ Հորս մոտ և ձեր Հոր մոտ, իմ Աստծո մոտ և ձեր Աստծո մոտ։ Գնա՛ և իմ եղբայրներիս պատմիր։
Ղուկաս-Եղբայրների՞ս: (Զարմանալով)։
Թովմաս-Չի կարող պատահել, ես չեմ հավատում։ Ես տեսա Նրան մահացած, խոցված։ Տեսա, թե ինչպես փաթաթեցին և դրեցին գերեզմանում։
Մարիամ-Ի՞նչ է, չես հավատում ինձ։ (Ներս են գալիս Պետրոսն ու Հովհաննեսը, լռությամբ նստում են։ Տիրում է լռություն)։
Հովհանն.-Գերեզմանը դատարկ էր, եղբայրներ։ Նա այնտեղ չէր։
Թովմաս-Տեսա՞ք Նրան: (Դիմելով Պետրոսին)։ Հը՞, Պետրոս, տեսա՞ր Նրան։
Պետրոս-(Հանգիստ, դանդաղ): Ո՛չ։
Հովհանն.-Կտավները մի կողմ էր գցած։ Գերեզմանն էլ դատարկ էր։
Անդրեաս-(Ներս մտնելով, վախեցած): Եղբայրներ, բոլոր ժողովուրդը մեզ է ման գալիս։ Ուզում են բռնել մեզ։ (Վախեցած փակում են դռները։ Շարունակում է): Իսկ լսե՞լ եք, լսե՞լ եք, որ Հիսուսի մարմինը գողացել են և դրա համար ժողովուրդը մեզ է մեղադրում։
Թովմաս-(Թեթևանալով): Լսեցի՞ք, լսեցի՞ք գողացել են Նրա մարմինը։ Գողացել և մեզ են մեղադրում։ Ահա և սա էլ վերջը։
Մարիամ-(Բարկանալով): Թովմաս, եղբայրներ, ի՞նչ է, չե՞ք հավատում։ Ես տեսել եմ Նրան։ Ես հավատում եմ, որ Նա հարություն է առել։
Անդրեաս-Ի՞նչ: (Զարմանալով): Հարությու՞ն է առել, (դիմելով Պետրոսին)։ Հը՞, հարությու՞ն է առել։
Պետրոս-Այո՛, հարություն է առել։
Անդրեաս-Ուրեմն Նրան չե՞ն գողացել: (Լռություն)։
Թովմաս-Ինչ ուզում եք, ասեք։ Մինչև իր ձեռքերի վրա վերքերի տեղը չտեսնեմ և մատս վերքերի մեջ չխոթեմ և ձեռքս Նրա կողը չխոթեմ՝ չեմ հավատա։ (Հայտնվում է Հիսուսը)։
Հիսուս-(Հանգիստ, սիրալիր): Խաղաղություն ձեզ։ Ինչու՞ եք խռոված և ինչու՞ եք սրտներիդ մեջ խորհուրդներ անում։ Տեսեք ձեռքերս ու ոտքերս, որ ես ինքս եմ։ Շոշափեցեք ու տեսեք, որովհետև ոգին մարմին ու ոսկոր չունի, բայց տեսեք, որ ես ունեմ։ Թովմաս, մատդ բեր և նայիր իմ ձեռքերս։ Ձեռքդ բեր և կողս խոթիր ու մի եղիր անհավատ, ապա հավատացյալ։
Թովմաս-Իմ Տերս և իմ Աստվածս։ (Ծնկելով)։
Հիսուս-Որովհետև դու ինձ տեսար, դրա համար հավատացիր։ Բայց երանի՜ նրանց, որ չեն տեսել ու հավատում են։ Ամեն իշխանությունն ինձ է տրված երկնքի ու երկրի մեջ։ Ուրեմն, գնացեք բոլոր աշխարհ ու Ավետարանը քարոզեցեք, մկրտեցեք նրանց հանուն Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունից։ Նա, ով հավատա ու մկրտվի, պիտի փրկվի, իսկ նա, ով չհավատա, պիտի դատապարտվի։ Սովորեցրեք նրանց, այն բոլոր բաները պահեն, ինչ որ ես ձեզ պատվիրեցի։ Իմ անունով դևեր պիտի հանեն, նոր լեզուներ պիտի խոսեն։ Օձեր պիտի բռնեն և եթե թունավոր դեղ խմեն, պիտի չվնասվեն։ Հիվանդների վրա ձեռք պիտի դնեն և նրանք պիտի առողջանան։ Ահա ամեն օր ես ձեզ հետ եմ,մինչև աշխարհի վերջը։


Հեղինակ՝ Արտակ Շահնազարյան
Հավաքեց՝ Սյուզի Ազոյանը
Սրբագրեց՝  Նինա Այվազյանը
Категория: Սցենարներ | Добавил: Admin
Просмотров: 2496 | Загрузок: 635 | Рейтинг: 4.9/7
Всего комментариев: 0
avatar