Главная » Файлы » Սցենարներ

Նոր տարին անտառում
[ Скачать с сервера (68.6Kb) ] 09.05.2013, 13:57
Նոր տարին անտառում

Հիմնական տեսարան
(Անտառ է, ձմեռ է, երկինքը՝ կապույտ։ Անտառը ճերմակ ու լուսավոր է։ Բեմի կենտրոնից ձախ կամ աջ պետք է լինի մեկ հատ եղևնի: Բեմի վերջում՝ եղևնիների անտառ, այնպես, որ կապիկները կարողանան եղևնի կտրեն։ Տեսարանում պետք չէ լինի տուն, բույն կամ խրճիթ։ Ըստ ցանկության, կարող եք ավելացնել փոքր դեկորներ, օրինակ՝ ծառ, թուփ, բլուր, որպեսզի տեսարանը նման լինի անտառային ազատ բացատի, որը շրջապատված է եղևնիներով, ծառերով, բլուրներով)։
Օգտագործվող դեկորներ
(Արև, լուսին, աստղեր, ցնցուղ, երկու կացին, փայտե տաշեղներ եղևնի կտրելու համար, բացված ծաղիկ, փակված ծաղիկ Տիտոյի գլխին դնելու համար, բժիշկ Պիտոնի համար բժշկական պայուսակ, բաժակ (դեղով լի), եղևնի զարդարելու համար, խաղալիքներ եղևնին զարդարելու նամար, ութ արկղ՝ նվերներով լի, տարբեր չափերի, որոնցից երկուսը պետք է լինեն փոքր, և զարդարված տոնածառ)։
(Լուսաբաց է։ Արևը դուրս է գալիս և սահուն ընթացքով գնում կապույտ երկնակամարով։ Շնիկ Տիտոն երաժշտության տակ մտնում է բացատ և սկսում երգել Նոր տարվա մասին երգ)։
               Նոր տարի լավ օրերով շուտ արի,
               Ծերացած գնաց կորավ հին տարին։
               Քեզի մենք անհամբեր ենք սպասում,
               Գալիս ես, երկու օր էլ չես մնում։
                       Կրկներգ. Ծնվել է մանուկը ի լուր աշխարհի,
                                     Բաց է փրկության դուռը բովանդակ աշխարհի։
                                     Այսօր մենք շատ ուրախ ենք, ուրախ ենք, ուրախ ենք,
                                     Նոր տարին դիմավորում ենք, դիմավորում ենք,
                                     Ուրախ ու երջանիկ ենք մենք բոլորս այսօր,
                                     Այս տարի բոլորս կլինենք բախտավոր։
              Նոր տարի լավ օրերով շուտ արի,
              Ծերացած գնաց կորավ հին տարին։
              Նոր տարի շուտ գալիս ես, շուտ գնում,
              Նոր տարի լավ օրեր ես մեզ բերում։
(Երաժշտությունը ընթացքում փոխվում է և մեղմ երաժշտությամբ շարունակվում)։
Տիտո - Օ՜հ, վարջապես եկավ Նոր տարին։ Շատ եմ սիրում այս տոնը, որովհետև շուրջ բոլորս ճերմակ ձյուն է նստած։ Արևը շողում է երկնքում, բայց, ափսո՜ս, չի տաքացնում։ Անելու գործ չունեմ, պահած ոսկորներս քիչ-քիչ կուտեմ։ Հա՜, մեկ էլ անտառի կենդանիներից նվերներ կստանամ, ո՜ւխ։ (Ուրախանում է)։ Նաև Նոր տարին սիրում եմ նրա համար, որ ծնվել է աշխարհի փրկիչ Հիսուս Քրիստոսը։ Ես Հիսուսին շատ եմ սիրում։ Նա է ինձ կերակրում, պահում, մարդկանց միջոցով ոսկորներ տալիս, տաք ու փափուկ անկողին տալիս և իմ փոխարեն պահում ու պահպանում է մեր այս չքնաղ ու գեղեցիկ անտառը։ Բայց միայն դրա համր չէ, որ սիրում եմ Հիսուսին, այլ նրա համար, որ Նա աշխարհի փրկիչն է և սիրում է բոլոր մանուկներին։ Մոռացել եմ ամենակարևորը, մոռացել եմ տոնածառս զարդարել։ Դե՚, գնամ, արագ զարդարեմ։ (Հիշելով)։ Բայց եղևնի չունեմ, ի՞նչ անեմ։ (Մտածում է)։ Երևի գնամ անտառից բերեմ։ (Այս ու այն կողմ է նայում ու ասում)։ Տեսեք, ի՜նչ լավ է ծագում արևը։ (Եվ երգում է)։
                Արևը ծագեց, խավարը անցավ,
                Լույս շողերն իջան, երկինքը բացվավ,
                Աստծո միածինը մի մարմին հագավ
                Եվ իր ամբողջ փայլով երկինքը լցվավ։
                          Կրկներգ. Լույս, լույս, լույս մանուկ
                                        Մութ աշխարհին դու բերիր լույս
                                        Լույս, լույս մանուկ։
                Հեռու երկրից մոգերը եկան
                Եվ լույս-մանկանը բարուրում տեսան,
                Նվերներ բերին Քեզ՝ կնդրուկ և զմուրս,
                Ոսկին՝ որպես նշան «մեծ արքա ես դու»։
                          Կրկներգ. Լույս, լույս, լույս մանուկ
                                        Մութ աշխարհին դու բերիր լույս
                                        Լույս, լույս մանուկ։
(Փիսիկ Ֆիկն ու փիսիկ Պիկը երգի երկրորդ տնից միանում են Տիտոյին։ Երգից հետո)։
Ֆիկ - Տիտո՛, ո՞նց ես, ո՞նց են գործերդ։
Տիտո - Լավ են, Ֆի՚կ եղբայր։
Պիկ - Բայց ոնց որ լավ չեն, հը՞, Տիտո՚։
Ֆիկ - Հա՛, Տիտո՛ ջան, ոնց որ մի բան ես մոռացել։ (Խոսելով համոզված)։
Տիտո - Հա՛, Ֆի՚կ ջան, մոռացել եմ։ (Տխրելով)։ Մոռացել եմ եղևնի բերեմ և զարդարեմ։ Բայց ոչինչ (ուրախանալով), կգնամ եղբայր Նուտոնին կխնդրեմ, որ թույլ տա ինձ եղևնի բերեմ անտառից։
Պիկ - Վա՜յ, Տիտո՛ ջան, ինչի՞ ես ուզում քեզ չարչարես։
Ֆիկ - ճի՚շտ է, ա՛յ շնիկ, (համոզելով) բա դու կհասցնե՞ս գնաս անտառ...
Պիկ - Նուտոն եղբորը խնդրես...
Ֆիկ - Կացինը վերցնես ու մինչև կտրես...
Պիկ - Դըխկ, դը՚խկ...
Ֆիկ - Դը՚խկ, դը՚խկ Նոր տարին կանցնի։
Տիտո - (Տխրելով)։ Հա՚, ճիշտ եք ասում։ (Մտածում է)։ Բա ի՞նչ անեմ, փիսիկնե՛ր ջան։
Ֆիկ-Պիկ - (Ձևացնելով, թե մտածում են)։ Հը՞, ի՞նչ անենք։ (Իրար են նայում)։
Ֆիկ - Հա՜, գտա՜։ Ուզո՞ւմ ես ասեմ՝ ինչ անես, Տիտո՚։
Պիկ - ՉԷ՚, մի՚ ասա, Ֆի՚կ, մեկ է, չի հավատալու քեզ։
Ֆիկ - Լավ էլի, Պի՚կ քույրիկ, թող ասեմ էլի՚։
Պիկ - (Իբր չի ուզում)։ ՉԷ՚, չէ՚, Ֆի՚կ, մի՚ ասա նրան, մի՚ ասա։
Ֆիկ - (Իբր բարկանալով)։ Ի՞նչ ես խառնվել, Պի՚կ, համբերիր, տեսնենք շնիկ Տիտոն ուզո՞ւմ է իմանալ, թե՞ չէ։
Տիտո - (Մտածելով)։ Հա՚, լավ, դե ասա՚, ի՞նչ եմ անելու։
Ֆիկ - Հր՞, Պի՚կ քույրիկ, ասե՞մ։
Պիկ - (Իբր համոզվելով)։ Դե լա՜վ, Ֆի՚կ եղբայր, ասա՚։
Ֆիկ - Տիտո՚, ուզո՞ւմ ես տոնածառ ունենաս մեկ գիշերվա մեջ, հետն էլ զարդարված։
Տիտո - (Զարմանալով)։ Մեկ գիշերվա մե՞ջ։ (Մտածում է)։ Հետն էլ զարդարվա՞ծ։ (Ուրախ–ուրախ)։ Հա՚, ուզում եմ, Ֆի՚կ։ Իսկ դուք կարո՞ղ եք օգնել։
Ֆիկ - Ո՞նց չենք կարող, Տիտո՚։ Մենք քեզ կտանք մի փոքր սերմ, ձյունը կմաքրես, հողը կփորես, կդնես հողի տակ, կջրես և կգնաս քնելու։
Պիկ - Առավոտյան, երբ արթնանաս, կտեսնես մի չքնաղ, մեծ ու գույնզգույն խաղալիքներով զարդարված տոնածառ։
Ֆիկ - (Ավելացնելով)։ Տակն էլ լիքը ոսկորներ լցրած։
Տիտո - Հա՚, Ֆի՚կ, հա՚, Պի՚կ։ (Ուրախանալով)։ Ուզում եմ, ուզում։ (Եվ միասին երգում են)։
                  Տեսե՚ք սիրուն ծննդյան ծառ,
                  Տեսե՚ք կփայլի ի՜նչ պայծառ,
                  Օ՜, ի՜նչ գիշեր պանծալի,
                  Հիսուս ծնավ սիրելի։
                        Ամեն աչքեր խինդով վառին
                        Բեռնավորված աս ծառին,
                        Ամեն սրտեր արդ թող ցնծան,
                        Զի ծնավ Հիսուս Մեսիան։
                  Հիսու՚ս, Փրկիչ դու մեզ համար,
                  Երկնից իջար մեր աշխարհ,
                  Դու, որ ինձ կյանք ես տվել,
                  Կուտամ սիրտս քեզ նվեր։
Ֆիկ - (Երգելուց հետո)։ Տիտո՛, ահա՛ վերցրու այս սերմի հատիկը և կանես իմ ասածով։
Տիտո - Շա՜տ, շա՜տ, գոհ եմ, փիսիկներ ջան։ Ինձ մի հոգսից փրկեցիք։
Ֆիկ-Պիկ - Դե՛, մենք գնացինք, Տիտո՛, քեզ բարի Նոր տարի։ (Գնում են)։
Տիտո - Բարի՛ Նոր տարի։
(Տիտոյի հաջորդ գործողությունները կատարվում են լռության մեջ, միայն լսվում է Տիտոյի գործողությունների ձայնը։ Այդ ընթացքում արևը պատրաստվում է մայր մտնելու։ Տիտոն մաքրում է ձյունը, փորում է հողը, սերմը դնում է հողի մեջ, ծածկում է, ցնցուղով ջուր է բերում, ջրում և հոգոց անելով՝ ասում)- Ըհը, առավոտյան կարթնանամ և կունենամ մի չքնաղ, մեծ, գեղեցիկ խաղալիքներով տոնածառ։ Հետն էլ տոնածառի տակը լի՜քը ոսկորներ։ (Ուրախանում է և բացատում պառկելով՝ քնում է։ Այդ ընթացքում արևը մայր է մտնում և դուրս է գալիս լուսինը։ Տիտոն քնած է։ Իսկ այդ պահին՝ գիշերով (բեմի վերջին մասում), կապիկները անտառում կացնով եղևնի են կտրում Դը՛խկ-շը՛խկ, դը՚խկ-շը՚խկ, թռչում են փայտե տաշեղները։ Տիտոն քնած է։ Կապիկները չեն երևում, երևում են միայն կացինները և տաշեղները։ Չիչոն գլուխը դուրս է հանում, տիրում է լռություն)։
Կապիչինո - Հը՞, Չիչո՛, կենդանի կա՞։
Չիչո - ՉԷ՛, այ տղա, ի՞նչ կենդանի, շուտ-շուտ կտրի։ (Շարունակում են կտրել Դը՛խկ-շը՛խկ, դը՛խկ-շը՛խկ։ Տիրում է լռություն։ Կապիչինոն գլուխը հանում է դուրս և նայում)։
Չիչո - Հը՞, Կապիչինո՛, կենդանի կա՞։
Կապիչինո - ՉԷ՛, այ տղա, ի՞նչ
կենդանի, շուտ-շուտ կտրի։ (Շարունակում են կտրել։ Մեծ աղմուկով եղևնին ընկնում է ձյան վրա։ Տիտոն քնած տեղից վեր է թռչում։ Տիրում է լռություն, կապիկները թաքնվում են։ Տիտոն, այս ու այն կողմ նայելով, մոտենում է իր ցանած սերմին, նայում և գնում է նորից քնելու։ Կապիկները հերթով հանում են գլուխները, նայում՝ համոզվելով, որ կենդանի չկա, անձայն վերցնում են եղևնին և դուրս գալիս անտառից)։ (Խորը լռություն է։ Դանդաղ երաժշտության ներքո ցանած սերմի վերևում դուրս են գալիս աստղերը, հողից դանդաղ դուրս է գալիս եղևնու փոխարեն մի գեղեցիկ ու բուրավետ ծաղիկ։ Աստղերը կորչում են, լուսինը թաքնվում է սարերի ետևում, դուրս է գալիս արևը, արթնանում է շունը)։
Տիտո - Այ թե լավ քնեցի հա՜, մի գրամ չեմ մրսել է՜։ (Հոտոտելով)։ Ինչ լավ հոտ է գալիս։ Երազումս տոնածառի տակի ոսկորները ո՜նց էի ուտում։ (Հիշելով)։ Տոնածառի՞։ Վա՜յ, հիմա տեսնեմ տոնածառս աճե՞լ է, թե՞ չէ։ (Մոտենալով՝ տեսնում է, որ իր ցանած սերմի փոխարեն աճել է ծաղիկ)։ Վա՜հ, էս որտեղի՞ց հայտնվեց։ Բա իմ տոնածառս ու՞ր է։ (Սկսում է հոտոտելով փնտրել եղևնուն)։
Ծաղիկ - Ի՞նչ ես փնտրում, այ շնիկ։
Տիտո - Վա՜յ, էս ո՞վ էր։ (Սկսում է փնտրել)։ Ո՞վ կա էստեղ, ո՞վ։
Ծաղիկ - Ես եմ, շնի՛կ, ե՛ս։
Տիտո - Ո՞վ (Վախեցած շրջվում է ծաղիկի կողմը)։ Դու կարողանու՞մ ես խոսել։
Ծաղիկ - Այո՛, ինչպես տեսնում ես։
Տիտո - Դու որտեղի՞ց հայտնվեցիր։
Ծաղիկ - Դու ես ինձ ցանել, ջրել։ Ես էլ աճեցի։
Տիտո - Ես՞, (զարմանալով) ես եղևնի եմ ցանել։ Ո՞ւր է իմ եղևնիս, ոսկորներս։
Ծաղիկ - Ահա՛, ես եմ։
Տիտո - Ո՞նց թե դու ես։ Դու ուղղակի խոսող ծաղիկ ես, հետն էլ բուրավետ։ (Հոտոտում է)։ Ուխա՜յ, էս ի՜նչ լավ հոտ ունես, ա՛յ ծաղիկ։
Ծաղիկ - Ես գիտեի, որ քեզ դուր կգամ։
Տիտո - Չէ-չէ մի։ Թող Ծաղիկ կովը քեզ դուր գա։ Նա սիրում է քեզ պես ծաղիկներին ուտել, հետն էլ այս ձմեռվա կեսին։ Սպասի՛ր հիմա գնամ, կանչեմ։
Ծաղիկ - Չէ՛, մի՛ գնա, շնի՛կ, սպասի՛ր։ Ես սովորական ծաղիկ չեմ։
Տիտո - Սովորական չե՞ս։ (Զարմանքով)։ Իսկ ի՞նչ ունես արտասովոր։
Ծաղիկ - Տե՛ս, խոսում եմ։
Տիտո - Հա՛, էդ իմացա, ուրի՞շ։
Ծաղիկ - Համ էլ լավ բուրում եմ։
Տիտո - Հա՛, էդ էլ իմացա։ (Հոտոտում է)։ Ուրիշ ի՞նչ ունես արտասովոր։
Ծաղիկ - Եթե մոտ գաս, կասեմ։
Տիտո - Չե՞ս կարող բարձր ասել։
Ծաղիկ - Չեմ ուզում՝ ոչ ոք լսի, արի՛ մոտիկ, ականջիդ ասեմ։
Տիտո - (Մոտ գալով)։ Դե՚, ասա՚, տեսնեմ ի՞նչ ես ասելու։ (Ականջը մոտեցնում է թե չէ, ծաղիկը կուլ է տալիս Տիտոյի գլուխը այնպես, որ Տիտոն ոչ տեսնում է, ոչ էլ կարողանում է խոսել։ Ծաղիկը ամբողջ ուժով կպել է Տիտոյի գլխին և կտրվել ցողունից։ Տիտոն ձայներ հանելով, շոշափելով դուրս է գալիս անտառից)։
(Ծաղիկ կովը երգելով ներս է մտնում)։
                 Խոր մութին մեջ այս գիշեր
                 Երկինք երկիր են թաղվել,
                 Բայց դուք, սիրուն մանուկներ,
                 Օն վերցուցեք ձեր աչեր։
                           Հոն մերկ ցրտեն դողալով
                           Հանգչի մանուկ մը խոնարհ,
                           Փրկել եկած մեր աշխարհ,
                           Մեզմե կուզե իբր նվեր
                           Միայն սիրով տաք սրտեր։
Ծաղիկ - (Երգելուց հետո կանչում է)։ Տիտո՚ եղբայր, որտե՞ղ ես, արի՚ ինձ մոտ։ (Տեսնում է Տիտոն չկա)։ Վա՜յ, էս ո՞նց է փորս ցավում, չեմ դիմանում։ Առավոտից ինչ մի գրամ խոտ կերա, սկսեց ցավել, վա՜յ, էս ո՞նց է ցավում։ Տիտոն ու՞ր կորավ է՜։ Տիտո՚, ու՞ր ես, ես եմ՝ Ծաղիկ կովը։ Երևի գնացել է եղբայր Նուտոնի մոտ։ Գնամ, փնտրեմ։ (Ծաղիկ կովը գնում է)։ (Գալիս են կապիկներր)։
Կապիչինո - Չիչո՚, բայց հոգնել եմ։ Ոնց որ մի հատ տաս հատ տանկ վրայովս անցած լինի։
Չիչո - Ես էլ, Կապիչինո՚, ես էլ եմ հոգնած։ Համ էլ ոտքերս սառել էին, բա ձեռքե՜րս, կպել էին կացնից և պոկ չէին գալիս։
Կապիչինո - Չիչո, ամբողջ գիշեր երազումս ծառ էինք կտրում ու չէր կտրվում։ Խփում էինք ու խփում, խփում էինք ու խփում, դըխկ-շըխկ, դըխկ—շըխկ տաշեղները այս ու այն կողմ էին թռչում, բայց էդ ծառը չէր կտրվում։
Տիտո - Բա ես, գիտե՞ս ինչ եմ տեսել։ Իբր ծառը կտրել էինք ու տանում էինք, գնում էինք ու գնում, գնում էինք ու գնում։ Ձյունն էլ տրորում էինք խը՚րթ-ղը՚րթ, խը՚րթ—ղը՚րթ, բայց տեղ չէինք հասնում, ոտքերս էլ ո՜նց էին սառել։ Փետացել էին ու ծառի նման փետ էին դարձել։
Կապիչինո-Չիչո - Բայց լավ պրծանք հա՜։ (Ծիծաղում են միասին)։
Կապիչինո - էս Նոր տարին, Չիչո՚, ոնց որ մի տեսակ ուրիշ լինի։
Չիչո - Ի՞նչ տեսակ, Կապիչինո՚։ Սովորական Նոր տարի է է՜լի։
Կապիչինո - ՉԷ՚, Չիչո՚ ջան, նայիր սարերին, ի՜նչ գեղեցիկ ձյուն է նստել, շուրջ բոլորր փայլում է ճերմակությունից։
Չիչո - Այո՚, հրաշալի է և գեղեցիկ։ Տեսնու՞մ ես՝ Աստված ի՜նչ գեղեցիկ է արարել աշխարհը։ Դրա համար Հիսուս ծնվեց, որ սիրի աշխարհի բոլոր մանուկներին և փրկի նրանց ծնողներին։
Կապիչինո - Եվ փրկի բոլոր աշխարհի մարդկանց, չէ՞, Չիչո՚։
Չիչո - Այո՚, Կապիչինո՚, այո՚, դրա համար բոլոր մանուկները սիրում են Հիսուսին, և Հիսուս սիրում է մանուկներին։
Կապիչինո - Ես էլ եմ սիրում Հիսուսին, Չիչո՚։ ՉԷ՞ որ Նա ծնվեց մսուրի մեջ՝ կենդանիների կողքին։ Եվ առաջինը, որ ուրախացան, կենդանիներն էին, չէ՞, Չիչո՚։
Չիչո - Երևի, Կապիչինո՚։ Հիշու՞մ ես առաջինը ովքեր եկան մսուր՝ Հիսուս մանուկին տեսնելու։
Կապիչինո - Հա՚, հիշում եմ, առաջինը եկավ աղավնին՝ ձիթենին էլ կտուցին։
Չիչո - ՉԷ՚, Կապիչինո՚, հովիվները։ Նրանք թողեցին իրենց հոտը և եկան Հիսուսին տեսնելու։ Հրեշտակները նրանց ասացին, որ ծնվեց մանուկ Հիսուսը։
Կապիչինո - Հա՚, իսկականից հիշեցի: Հետո էլ մոգերը եկան, չէ՞, ուխտերով, թանկարժեք նվերներ բերեցին, թագավորին վայել նվերներ՝ ոսկի, կնդրուկ և զմուրս։
Չիչո - Կապիչինո՚, իսկ Հիսուսը ինչու՞ չծնվեց փափուկ անկողնում, տաք սենյակում, չէ՞ որ ցուրտ եղանակ էր և երևի թե ձյուն էր եկել։
Կապիչինո - Գիտե՞ս ինչու, Չիչո՚։
Չիչո - Ինչու՞, Կապիչինո՚։
Կապիչինո - Որովհետև... դե որովհետև... չգիտեմ։
Չիչո - (Տխուր)։ Ես էլ չգիտեմ։
Կապիչինո - Դրա համար, Չիչո՚, որ եղբայր Նուտոնը դաս է բացատրում, ուշադիր լսիր։
Չիչո - Ի՞նչ է, դու ուշադիր լսու՞մ ես։ Անընդհատ փորդ ես քորում, ականջդ ես քորում, գլուխդ ես քորում։
Կապիչինո - Բա դու՞ ինչ ես անում, ա՛յ կապիկ։ Ուշադիր նայում ես եղբայր Նուտոնին, իբր թե լսում ես, բայց մտքով թափառում ես ծառից ծառ, բանան ես ուտում։
Չիչո - Դե լավ, Կապիչինո՛, բե՛ր հաջորդ անգամ ուշադիր լսենք դասը և սովորենք, որպեսզի իմանանք բոլոր հարցերի պատասխանները և ճանաչենք Հիսուսին։
Կապիչինո - Համաձայն եմ, Չիչո՛, դրա համար ամեն անգամ կլողանամ, նոր կգնամ ժողովի։ (Ծիծաղում են)։
Չիչո - Կապիչինո՛, գիտե՞ս ինչ եմ մտածում։
Կապիչինո - Որտեղի՞ց պիտի իմանամ, Չիչո՛։
Չիչո - Հաջորդ Նոր տարուն արի երկուսով մի մեծ զանգ պատրաստենք ու կախենք անտառի ամենամեծ ծառից։
Կապիչինո - Իսկ ինչի՞ համար։ Ի՞նչ ենք անելու այդ զանգը։
Չիչո - Գիտե՞ս ինչ ենք անելու։ Հենց գա Նոր տարին ու ժամը հասնի տասներկուսը, ես ու դու ամբողջ ուժով զանգը կխփենք, և անտառով մեկ կտարածվի նրա ձայնը։
Կապիչինո - Հա՛, Չիչո՛, համաձայն եմ։ Ես գիտեմ, որ բոլոր կենդանիները կուրախանան՝ լսելով զանգի ձայնը։
Չիչո - Հա՛, Կապիչինո՛, և անակնկալի կգան։
Կապիչինո - ճի՛շտ է, Չիչո՛, ճի՛շտ է, ու բարի լուրը կասենք բոլորին, որ ծնվել է Հիսուս մանուկը։
(Երգում են)։
                Թող հնչեն զանգերն ի լուր,
                Թող հնչեն զանգերն ի լուր,
                Բարի լուր է, բարի լուր է, բարի լուր։
                Այսօր տոն է խնդության,
                Զի ծնավ Հիսուս Մեսիան,
                Բարի լուր է, բարի լուր է, բարի լուր։
                             Իր խաչով մեզ կփրկի,
                             Չարի ձեռքից կազատի,
                             Փրկիչն է Նա օծյալ, Փրկիչն աշխարհի։
(Երգելուց հետո գալիս է շունը՝ ծաղիկը գլխին։ Շունը շոշափելով, ձայներ հանելով ներս է մտնում։ Կապիկները, տեսնելով նրան, վախենում են և թաքնվում)։
Կապիչինո - էս ո՞վ է, Չիչո՛, մեր անտառում այսպիսի կենդանի չկա։
Չիչո - Ի՞նչ իմանամ, Կապիչինո՛։ Կարող ա՞ Աֆրիկայից ա եկել։
Կապիչինո - ՉԷ՛, ա՛յ Չիչո, բայց սա կենդանու նման չի. ո՛չ աչքեր ունի, ո՛չ քիթ, ո՛չ էլ բերան։
Չիչո - Ո՛չ էլ ականջներ։ (Քորում է ականջները)։
Կապիչինո - Չիչո՛, արի մոտենանք, տեսնենք ով է, հա՞։
Չիչո - Արի՛, Կապիչինո՛։ (Մոտենալով)։ է՜յ, ո՞վ ես, ինչու՞ ես ներխուժել մեր անտառ։ (Տիտոն պատասխանում է ձայներով)։
Կապիչինո - Իյա՜, բանից պարզվում է՝ խոսել էլ չգիտի, Չիչո՛։ Բա էս որտեղի՞ց հայտնվեց էս տարօրինակ կենդանին։
Չիչո - (Ենթադրելով) Կապիչինո՛, սա հաստատ ոչխար է։
Կապիչինո - ՉԷ՛, Չիչո՛, ավելի շուտ նման է ուխտի։ (Մտածում է)։ Կամ էլ ընձուղտի։
Չիչո - է՜յ, դե ձե՛ն հանիր, տեսնենք ո՞վ ես։
Կապիչինո - (Նկատելով պոչը)։ Վա՜յ, Չիչո՛, նայի՛ր պոչ ունի և շարժում է այն ոնց որ...
Չիչո - Հա՛, ոնց որ մեր Տիտոյի պոչը լինի։
Կապիչինո - Մեր Տիտոն է, Չիչո՛, մեր Տիտոն։ Տիտո՛, դու՞ ես։ (Տիտոն գլխով է անում)։
Չիչո - Հա էլի, բա էս ի՞նչ է գլխին։
Կապիչինո - Ոնց որ բանանի կլեպներ լինի։
Չիչո - ՉԷ՛, Կապիչինո՛, հաստատ կոկոսը ընկել է գլխին, և գլուխն էլ ընկել է փորի մեջ։
Կապիչինո - ՉԷ՛, ա՛յ տղա, մեր անտառում որտեղից կոկոսի ծառ, որ կոկոսն էլ ընկնի։ (Շունը ձայներ է հանում)։
Չիչո - Լսու՞մ ես, տնքտնքում է, ինչ-որ բան է ուզում ասել։ (Ականջ է դնում)։ Ես չեմ հասկանում։
Կապիչինո - Չիչո՚, սուս, ոնց որ ես հասկանում եմ։ Ասա՚, Տիտո՚, ասա՚։ (Տիտոն ձայներ է հանում)։
Չիչո - Ի՞նչ է ասում է՜, Կապիչինո՚։
Կապիչինո - Ասում է գլխիս ծաղիկ է, ծաղի՚կ։ Օգնեցե՜ք դուրս գամ այստեղից։
Չիչո - Բա ո՞նց ես էդ օրն ընկել, Տիտո՚։ (Պատասխանում է ձայներով)։
Կապիչինո - Ասում է ծաղիկը կուլ է տվել և ամուր բռնել է ինձ։ Խնդրու՚մ եմ, օգնեք, շունչս չի հերիքում, հա՚ֆ–հա՚ֆ։ (Հաչում է շան փոխարեն)։
Չիչո - Կապիչինո՚, դե արի՚ օգնենք։ Դու ծաղկից բռնի, իսկ ես Տիտոյից, ու քաշենք հանենք։ (Երաժշտության տակ քաշում են, քաշում, դուրս չի գալիս։ Չարչարվում են, շատ չարչարվում, դուրս չի գալիս։ Երաժշտությունը կանգնում է։ Շնչակտուր ընկնում են մի կողմ։ Հանգստանալուց հետո)։
Չիչո - Կապիչինո՚, բեր կացնով խփենք ծաղկին ու կտրենք։
Կապիչինո - Խելք ես, Չիչո՚, խելք, դե բեր փորձենք։ (Չիչոն կացինը բերում է, Տիտոն վախից ձայներ է հանում)։
Կապիչինո - Չիչո՚, սպասիր, ասում է չէ, մի՚ խփեք, գլուխս կվնասեք։
Չիչո - Բա ի՞նչ անենք, Տիտո՚, ուզու՞մ ես սղոցենք։
Կապիչինո - ՉԷ՚, չէ՚, ոչինչ մի՚ արեք ասում է։
Չիչո - Բա ի՞նչ անենք, Տիտո՚։
Կապիչինո - Ասում է գնացեք բժիշկ Պիտոնին և եղբայր Նուտոնին ասեք, որ գան ու օգնեն ինձ։
Չիչո - Տիտո՚, դու գնա քո բունը, մենք հիմա գալիս ենք։
Կապիչինո - Չիչո', չես տեսնու՞մ, որ չի տեսնում, ո՞նց գնա։
Չիչո - Մենք կտանենք։ (Տանում են մի փոքր այն կողմ)։ Արի՚, Տիտո՚, դու մնա այստեղ, մենք շուտով կգանք։
(Գնում են, իսկ Տիտոն շոշափելով դուրս է գալիս բեմից։ Ներս են մտնում եղբայր Նուտոնը և բժիշկ Պիտոնը երգելով)։
                  Օրհնյալ աստղր շողշողուն
                  Փայլում էր ջինջ երկնքում,
                  Եվ բոլորին ավետում
                  Սուրբ ծնունդը Որդու։
                            Կրկներգ. Հնչեցե՚ք զանգակներ,
                                           Զանգակներ սուրբ ծննդյան,
                                           Բարի լուրն ավետեք,
                                           Ծնվել է Արքան։
                 Կապույտ երկնակամարում
                 Հրեշտակներն էին երգում,
                 Փա՜ռք բարձունքներում Աստծուն
                 Մարդկանց մեջ հաճություն։
Պիտոն - (Երգից հետո)։ Եղբայր Նուտոն, ինձ մի հարց է հետաքրքրում, կարո՞ղ եմ տալ։
Նուտոն - Խնդրե՚մ, բժի՚շկ Պիտոն, ասա՚ ի՞նչ է քեզ հետաքրքրում։
Պիտոն - Եղբա՚յր Նուտոն, գիտեմ, որ Աստված մեծ գործ արեց մարդկանց համար, ներեց մեղքերը, փրկեց նրանց։ Իսկ մենք ի՞նչ ենք պարտավոր անելու Նրա համար։
Նուտոն - Ամենակարևորը, որ սիրենք Հիսուսին։
Պիտոն - Այսինքն՝ ինչպե՞ս սիրենք, ի՞նչ պիտի անենք, որ երևա մեր սերը։
Նուտոն - Բժի՚շկ Պիտոն, պետք է մեղք չգործենք, այսինքն՝ հնազանդվենք Աստծո խոսքին, կատարենք Նրա կամքը։ Սիրենք մեր ընկերոջը, ինչպես մեր անձին կսիրենք։ Եվ երբեք ու երբեք բարին գործելուց չձանձրանանք։
Պիտոն - Բայց եթե հարևանդ քո վատն է ցանկանում, ինչպե՞ս բարին անես նրան։
Նուտոն - Այդպիսինների համար պիտի աղոթես, որպեսզի իրենց չար գործերից ապաշխարեն։ Նաև, մոռացա ասեմ, ինչպես ասում է Սուրբ գիրքը. «Հնազանդվիր հորդ ու մորդ, որպեսզի երկար օրեր ունենաս երկրի վրա»։ Այնպես որ չմոռանանք նաև հնազանդվել մեր ծնողներին։
Պիտոն - Ափսո՜ս, երանի թե իմ ծնողները մոտս լինեին, ես նրանց այնքան կպատվեի ու կլսեի, որ շա՜տ երկար ապրեի մեր անտառում։ Դա՞ է Աստծո կամքը, եղբայր Նուտոն։
Նուտոն - Այո՛, Պիտոն, և սրա նման շատ ու շատ բաներ, որոնք հեշտ է կատարել ու դարձնել մեր կյանքի իմաստը։
Պիտոն - Ի՜նչ ուրախ եմ այս Նոր տարուն։ Երեկոյան նորից հավաքվելու՞ ենք կենդանիներով, որպեսզի նշենք Նոր տարին։
Նուտոն - Այո՛, անպայման հավաքվելու ենք։ Կաղոթենք, կերգենք, կզրուցենք, որ գալիք Նոր տարուն իմանանք, թե ինչ ենք անելու։ (Այս խոսքից հատո ներս են մտնում կապիկները շնչակտուր)։
Կապիչինո-Չիչո - Եղբա՛յր Նուտոն, բժի՛շկ Պիտոն, ծաղիկը կուլ է տվել շնիկ Տիտոյին։ (Զարմանում են երկուսով)։
Պիտոն - Ի՞նչ, ես լա՞վ լսեցի։
Չիչո - Այո՛, այո՛, ծաղիկը կուլ է տվել շնիկ Տիտոյին։ Նա ձեր օգնության կարիքն ունի։
Նուտոն - (Կարծում են, թե Տիտոյին կուլ է տվել Ծաղիկ կովը)։ Չեմ հավատում, որ Ծաղիկը կուլ տված լինի շնիկ Տիտոյին։
Կապիչինո - Եղբա՛յր Նուտոն, մենք էլ չէինք հավատում, բայց որ տեսանք մեր աչքերով, հավատացինք։
Նուտոն - Դե լավ, դե լավ, դուք գնացեք, իսկ մենք հիմա գալիս ենք։ (Կապիկները գնում են)։
Պիտոն - Ա՜յ քեզ բան։ Զարմանալու է, ո՞նց կարող է Ծաղիկ կովը կուլ տալ Տիտոյին, չէ՞ որ նա միայն խոտ է ուտում։
Նուտոն - Ես էլ չեմ հասկանում։ Նա շատ խելոք կենդանի է, և ինչի՞ն էր պետք շնիկ Տիտոն։
Պիտոն - Եղբա՛յր Նուտոն, ես հիմա բժշկական գործիքներս վերցնեմ ու գամ։ (Այդ պահին գալիս Է Ծաղիկ կովը)։
Ծաղիկ - Բարև՛ ձեզ, եղբա՛յր Նուտոն, բժի՛շկ Պիտոն։ (Վախեցած նայում են Ծաղիկ կովին)։ Առավոտվանից փորս այնքա՜ն ուժեղ է ցավում, որ քիչ է մնում լաց լինեմ։ Խնդրու՛մ եմ, ինձ մի դեղ տուր՝ խմեմ, որ անցնի այս ցավը։ Շա՜տ է ցավում։
Նուտոն - Ո՞նց թե, ուրեմն դա ճիշտ է հա՞, քու՛յր Ծաղիկ։
Ծաղիկ - Ի՞նչը, եղբա՛յր Նուտոն, որ ցավում է հա՞։
Պիտոն - Չէ՛, որ կուլ ես տվել։
Ծաղիկ - Չէ՛, ի՞նչ եք ասում, ես ինչպե՞ս կարող եմ կուլ տալ առանց ծամելու, բժի՛շկ Պիտոն։ Ծամե՛լ եմ, լավ ծամել, նոր կուլ եմ տվել։ ՉԷ՞ որ ձմեռ է, չոր էր, կոշտ էր, ծամելուց էլ ճրթճրթում էր։ Պիտի փափկեցնեի, նոր կուլ տայի, չէ՞, եղբա՛յր Նուտոն։ (Այս խոսքի վրա Պիտոնի ուշքը գնում է)։ Վա՜յ, էս ինչի՞ ուշքը գնաց։
Նուտոն - (Խփում է Պիտոնի երեսին)։ Ուշքի՛ արի, Պիտո՛ն, վե՛ր կաց։
Պիտոն - (Ուշքի գալով)։ Քու՛յր Ծաղիկ, ասում ես՝ ծամել ես ու կու՞լ տվել։
Ծաղիկ - Այո՛, չէ՞ որ դու ես ինձ այդպես ասել։ (Պիտոնը նորից ուշաթափվում է)։ էլի ուշքը գնա՜ց։ Արթնացի՛ր, քու՛յր Պիտոն։ Ի՞նչ եմ ասում, որ ուշքդ գնում է։ (Պիտոնը ուշքի է գալիս)։
Նուտոն - Սպասե՛ք, սպասե՛ք, եկե՛ք հիմա պարզենք։ Քու՛յր Ծաղիկ, դու ի՞նչ ես ծամել ու կուլ տվել։
Ծաղիկ - Ի՞նչ պիտի ծամեի, եղբա՛յր Նուտոն, չոր խոտ եմ կերել, ուրիշ ոչինչ։
Պիտոն - Ուրեմն դու շնիկ Տիտոյին կուլ չե՞ս տվել։
Ծաղիկ - Չէ՛, ի՞նչ եք ասում, քու՛յր Պիտոն, իմ այս փոքր բերանով ո՞նց կարող եմ կուլ տալ այդ մե՜ծ արարածին։ Համ էլ որտե՞ղ է լսված, որ կովը շուն կուլ տա։
Նուտոն - Իսկ կապիկները մեզ ասացին, որ Ծաղիկը կուլ է տվել շնիկ Տիտոյին։
Պիտոն - Մենք էլ կարծեցինք, թե դու ես կուլ տվել։
Ծաղիկ - Եղբա՛յր Նուտոն, ես էլ Տիտոյին էի ման գալիս, չգտա, ուրեմն նրան ինչ-որ բան է պատահել։ Վա՜խ, էս ո՜նց է փորս ցավում, չեմ դիմանում։
Նուտոն - Շու՛տ, շու՛տ մի դեղ տուր Ծաղիկին, թող խմի ու գնանք տեսնենք՝ ինչ է պատահել Տիտոյին։
Պիտոն - Ահա՛, վերցրու՛ և խմի՛ր այս դեղը։ Շուտ կանցնի քո փորացավը։
Ծաղիկ - (Խմելուց հետո)։ Շա՜տ շնորհակալ եմ, բժի՛շկ Պիտոն։ Փորիս ցավը արդեն մեղմանում է։ Պիտոն - Դու հիմա գնա տուն և պառկիր։
Նուտոն - Իսկ մենք շուտ գնանք, երևի հիմա մեզ են սպասում։
(Դուրս են գալիս։ Ներս է մտնում ճագար Ֆինոն։ Երգելով սկսում է զարդարել տոնածառը)։
                 Բացվել են դռներր հույսի,
                 Լսվում են զանգերր հստակ,
                 Ամեն մի տրտում հարկի տակ
                 Բացվել են դռներր լույսի։
                             Կրկներգ. Ծնունդն է այսօր 3
                                            Հիսուսի։ 2
                 Եվ սիրո լույսի անպարփակ
                 Բացվել են դռներր հույսի,
                 Լսվում են զանգերր հստակ
                 Ամեն մի տրտում հարկի տակ։
                            Կրկներգ. Ծնունդն է այսօր 3
                                           Հիսուսի։ 2
Ֆինո - Ինչ լա՜վ է՝ վերջապես եկավ Նոր տարին, վերջապես եկավ Հիսուսի ծնունդը, և ես առիթ ունեմ մի լավ ուրախանալու ու նշելու Հիսուսի ծնունդը։ Ը՜հը, շա՜տ գեղեցիկ ստացվեց իմ տոնածառը՝ գույնզգույն խաղալիքներով, նկարներով։ Նվերներն էլ պատրաստ են եղբայր Նուտոնի, բժիշկ Պիտոնի: Սա Ծաղիկ կովին, Կապիչինոյին և Չիչոյին, շնիկ Տիտոյին, հա՚, սրանք էլ Ֆիկին ու Պիկին։ Չնայած չարաճճի են, բայց ոչինչ, այս նվերներով շատ կուրախանան, գուցե և փոխվեն, ի՞նչ իմանամ։ Վա՜յ, դեռ մեկ ժամ կա Նոր տարվան, արագացնեմ։ (Մտքում երգելով՝ եղևնուց կախում է վերջին խաղալիքը։ Այդ պահին գալիս են Ֆիկն ու Պիկը զրուցելով։ Ֆինոն թաքնվելով լսում է նրանց)։
Ֆիկ - Տեսա՞ր Տիտոյին ինչ օրը գցեցինք, եղևնու սերմի փոխարեն ծաղիկի սերմ տվեցինք։
Պիկ - (Ծիծաղելով) Ֆի՚կ եղբայր, հիմա ծաղիկր ամուր բռնած է չէ՞ Տիտոյի գլուխը։
Ֆիկ - Այո, Պի՚կ, հիմա Տիտոն ոչ կարողանում է տեսնել, ոչ էլ կարողանում է խոսել։
Պիկ - Հիմա բոլոր կենդանիներով խառնվել են և չեն կարողանում ծաղիկը Տիտոյի գլխից հանել։ (Ծիծաղում են)։ Բայց, ճիշտն ասեմ, Ֆի՚կ, խղճում եմ Տիտոյին։ Հիմա տեղը ինչքա՜ն է նեղ։ Ախր ծաղիկը շա՜տ ուժեղ է սեղմում, է։
Ֆիկ - Ոչի՚նչ, Պի՚կ, Տիտոյի գլուխը կդիմանա, չէ՞ որ նա դիմացկուն շուն է։ Ամբողջ ձմեռ պահպանում է անտառի պահեստը և չի մրսում։ Համ էլ քիչ է մնում, որ ծաղիկը թառամի: Շուտով կպոկվի Տիտոյի գլխից, և նա կուրախանա։
Պիկ - Բայց ինչքա՞ն շուտ, Ֆի՚կ։ Դեռ քանի՞ րոպե կա ծաղիկը թառամելուն։
Ֆիկ - Մոտ մի տաս րոպե։ Տաս րոպեից ծաղիկը իրան-իրան կպոկվի։ (Պիկը փոքր-ինչ տխրում է)։ Դե մի՚ տխրիր, կատակ է անում ենք էլի: Բա ինչո՞վ զբաղվենք։ Ի՞նչ է, հո վատություն չե՞նք
անում։ Կատակում ենք, որ ծիծաղենք էլի։
Պիկ - Հա, բայց ո՞վ է տուժում՝ Տիտոն։
Ֆիկ - Դե լավ, քիչ բողոքիր, էլի խղճահարվեցի՞ր։ (Ֆինոն թաքնված տեղից փռշտում է)։ Վա՜յ, էս ո՞վ էր մեզ թաքուն լսում։
Պիկ - Հրե՜ն, հրե՜ն, Ֆինոն է թաքնված, ահա ականջները երևում են։
Ֆիկ - Որտե՞ղ, Պի՚կ, ու՞ր է, չեմ տեսնում։
Պիկ - Նայի՚ր, այն զարդարված տոնածառի տակին է։
Ֆիկ - Հա, տեսա, Պի՚կ, հիմա խելոք արի իմ ետևից, ձայն չհանես։ (Մոտենում են թաքնված Ֆինոյին)։ Ֆինո՞, ինչու՞ ես թաքնվել։
Ֆինո - Բարև ձեզ, Ֆի՚կ, Պի՚կ, ինչպե՞ս եք։
Ֆիկ-Պիկ - Լավ ենք, Ֆինո՚։
Ֆիկ - Դու ինչպե՞ս ես, Ֆինո՚, ոնց որ մրսել ես հա՞, քույրս, փռշտում ես։
Ֆինո - Հա՚, եղբայր Ֆիկ, մի քիչ մրսել եմ, մի՚ քիչ։
Պիկ - Իսկ ի՞նչ էիր անում, որ մրսել ես։
Ֆիկ - Երևի էլի ընկույզնե՞ր էիր հավաքում ձյան տակից։
Ֆինո - ՉԷ', ամբողջ օրր խաղալիքներ պատրաստեցի և զարդարեցի այս տոնածառը։ Ահա՚, նայեք, գեղեցի՞կ է այն։
Պիկ - Վա՜խ, ի՜նչ գեղեցիկ ես զարդարել։ Իսկական Նոր տարվա տոնածառ է չէ՞, Ֆի՚կ եղբայր։
Ֆիկ - Այո', այո՚, շա՜տ գեղեցիկ է, դու ի՞նքդ ես պատրաստել տոնածառը։
Ֆինո - (Ուրախանալով): Այո', եղբայր Ֆիկ, ես ինքս եմ պատրաստել, զարդարել և գեղեցկացրել այն։
Ֆիկ - Ապրե՚ս, շատ ապրես, քույր Ֆինո։ Երանի՜ ես էլ քեզ նման ձեռքեր ունենայի և զարդարելու շնորհք ունենայի։
Պիկ - Ֆինո՛, իսկ սրանք ի՞նչ նվերներ են, ու՞մ համար ես պատրաստել։ (Ցույց տալով ծառի տակ դրված նվերները)։
Ֆինո - Բոլոր կենդանիների համար էլ պատրաստել եմ, քու՛յր Պիկ։ Ահա՛, նայե՛ք, սա եղբայր Նուտոնի համար է, սա Ծաղիկ կովի, սա շնիկ Տիտոյի, սա բժիշկ Պիտոնի, սրանք էլ Կապիչինոյի և Չիչոյի համար են։
Ֆիկ - Գիտե՛մ, որ մեր համար նվեր չես պատրաստել։ Դե ինչի՞ պիտի պտրաստես որ. մենք չար փիսիկներ ենք։
Ֆինո - Ո՛չ, դուք սխալվում եք, իսկ այս գույնզգույն նվերները ձեզ համար է։
Պիկ - Ի՜նչ գեղեցիկ են։
Ֆինո - Ահա՛, սա քեզ, քու՛յր Պիկ։ Շնորհավո՛ր լինի քո Նոր տարին ու Սուրբ ծնունդը։
Պիկ - (Ուրախանալով) Անչա՜փ ուրախ եմ, քու՛յր Ֆինո։ Սա ինձ համար անակնկալ էր։ Ես սիրում եմ նվերներ ստանալ։ Տեսնես ի՞նչ կա արկղում։
Ֆինո - Սա էլ քեզ, Ֆի՛կ եղբայր, պատրաստել եմ հատուկ քեզ համար։
Ֆիկ - (Դժգոհ) Ապրե՛ս, Ֆինո՛։
Ֆինո - Ֆի՛կ, այս նվերները տալիս եմ ձեզ, որ ուրախացնեմ ձեզ, և ուրախանանք միասին։
Պիկ - Ֆինո՛, կներես մեզ, մենք ոչինչ չենք պատրաստել քեզ համար։
Ֆինո - Ոչի՛նչ, ոչի՛նչ, ես չեմ էլ ուզում։
Ֆիկ - (Կոպիտ) Ուզես-չուզես նվեր չունենք քեզ տալու։
Պիկ - Ֆի՛կ, էլ մի՛ սկսիր։
Ֆիկ - Ինչպե՞ս չսկսեմ, Պի՛կ։ Չե՞ս տեսնում, որ մնացած նվերները ինչքան են մեծ, իսկ մերը շատ փոքր է։
Պիկ - Հա՛, ինչ անենք, կարևորը Ֆինոն ի սրտե է նվիրում։ Համ էլ նվեր է, ինչպե՞ս կարելի է ասել, թե փոքր է։
Ֆիկ - (Բարկանալով) Ի՞նչ ես պաշտպանում Ֆինոյին, չե՞ս տեսնում, որ տարբերություն է դնում մեր ու մյուս կենդանիների միջև։
Ֆինո - Ո՛չ, եղբա՛յր Ֆիկ, եթե տարբերություն դնեի, ձեզ համար նվեր չէի պատրաստի։
Ֆիկ - Իսկ մեր նվերները ինչու՞ ես փոքր պատրաստել։
Ֆինո - (Ամաչելով) Դե... դե... ինչքան կարողացել եմ, պատրաստել եմ։
Ֆիկ - Չնեղանաս, բայց քո տված նվերը քեզ լինի, չե՛մ ուզում։ (Ասում է ու շպրտում Ֆինոյի վրա։ Դիպչում է Ֆինոյին)։
Պիկ - Ֆի՛կ, ի՞նչ ես անում։ Դու չե՞ս ամաչում, որ...
Ֆիկ - Իսկ դու մի՛ խառնվիր։ Նվեր տալուց կա՛մ մեծ են տալիս, կա՛մ էլ ընդհանրապես չեն տալիս։ (Հեգնանքով ասում է Ֆինոյին)։ Սրան նայիր, նվեր է պատրաստել մեզ համար։ (Դիմելով քրոջը)։ Դու ի՞նչ ես աչքերդ չռած նվերն էլ ձեռքիդ ինձ նայում, տու՛ր նրան նվերը։
Պիկ - (Ապշած) Բայց... Ֆի՛կ...
Ֆիկ - էլ ո՛չ մի Ֆիկ։ Տու՛ր նրան, ասում եմ, տու՛ր նրան։ (Ձեռքից խլելով՝ գցում է գետնին)։ Գնացինք, արի՛, Պի՛կ քույրիկ։ (Պիկը ետևից գնում է։ Ֆիկը դուրս է գալիս բեմից։ Պիկը, դեռ դուրս չեկած, ետ է գալիս։ Ֆինոն լացում է)։
Պիկ - Ըմ... ըմ... Ֆինո՛։
Ֆինո - Ի՞նչ է։ (Լացում է)։
Պիկ - Խնդրու՛մ եմ, կներես մեզ։ (Գնում է։ Նորից ետ է գալիս)։ Ֆինո՛։
Ֆինո - Ի՞նչ է։ (Լացում է)։
Պիկ - Ֆինո՛, ներու՞մ ես մեզ։
Ֆինո - (Գլխով է անում և ասում)։ Ներու՛մ եմ, Պի՛կ։ (Լացում է։ Պիկը արագ-արագ դուրս է գալիս։ Ֆինոն լացելով աղոթում է և սկսում երգել)։ Տե՛ր Հիսուս, խնդրու՛մ եմ ներիր Ֆիկին ու Պիկին, որ ինձ նեղացրեցին ու լացացրեցին։ Թող Ֆիկը զգա իր սխալը և զղջա իր արածի համար։ Ը՛հը, տե՛ս ես էլ չեմ լացում։ Համ էլ տե՛ս իմ սիրտը, որ իրոք ես ներում եմ նրանց և էլ չեմ լացում։ Ու ոչ մի փորձություն չի կարող խանգարել ինձ, որ ես քեզ փառաբանեմ, Տե՛ր Հիսուս։
                     Օրհնյալ ծնունդը փրկչիս
                     Օրինակ է միշտ կյանքիս,
                     Որ նորոգված սուրբ սրտով
                     Վստահեմ Նրան հոգով։
                            Կրկներգ. Ի՞նչ, ի՞նչ նվիրեմ փրկչիս, ի՞նչ նվեր բերեմ,
                                          Ուրիշ լավ նվեր չունեմ. փոքրիկ սիրտս նվիրեմ։
(Ֆինոն դուրս է գալիս բեմից։ Գալիս է Տիտոն շոշափելով, ձայներ հանելով, կլավելով։ Մի քիչ հետո գալիս են կապիկները)։
Կապիչինո - Տիտո՚, Տիտո՚, մենք եկանք։
Չիչո - Տիտո', լսու՞մ ես, գնացինք եղբայր Նուտոնին և բժիշկ Պիտոնին ասացինք, որ գան քեզ օգնեն։ (Տիտոն գլխով է անում)։
Կապիչինո - Տիտո՚, չնեղանաս, բայց շա՜տ ծիծաղալու ես։ (Ծիծաղում է)։
Չիչո - Ա՚յ տղա, Կապիչինո՚, սուս, Տիտոն կնեղանա։
Կապիչինո - Ա՚յ Տիտո, էդ ու՞ր էիր քիթդ խոթում, որ մեկ էլ էդ օրն ընկնես։ (Ծիծաղում է)։
Չիչո - Կապիչինո, դե հերիք է ծիծաղես, ի՞նչ գիտես ոնց է եղել, որ խեղճ Տիտոն էս օրն է ընկել։ Կարող է, պատահական է եղել։
Կապիչինո - Դե լավ, էլ չեմ ծիծաղում, ը՚հը, տե՚ս։ (Լրջանում է, փռթկացնում, նորից լրջանում։ Տիտոն դժգոհ է։ Ձայներ է հանում)։ Ի՞նչ, Ֆիկն ու Պի՞կն են մեղավոր։ Նրա՞նք են արել։ (Շունը գլխով է անում։ Չիչոն սկսում է ծիծաղել)։ Քեզ ի՞նչ եղավ, Չիչո՚, դու՞ ինչի ես ծիծաղում։
Չիչո - (Ծիծաղելով) Ախր, Կապիչինո՚, էս խեղճ Տիտոն միշտ հավատում է Ֆիկին։ Ինչքան էլ խաբեն սրան, էլի հավատում է։ (Ծիծաղում է)։
Կապիչինո - Դե լավ, Չիչո՚, նոր ինձ էիր ասում՝ մի՚ ծիծաղի, հիմա դու՞ ես ծիծաղում։
Չիչո - Լա՚վ, լավ, ը՚հը, տես, էլ չեմ ծիծաղում։ (Լրջանում է, փռթկացնում, նորից լրջանում։ Լուռ իրար են նայում և երկուսով ամբողջ ուժով ծիծաղում։ Այդ պահին գալիս են Նուտոնը և Պիտոնը։ Տեսնելով կապիկներին՝ Նուտոնը ասում է)։
Նուտոն - Հըմ, ծիծաղու՞մ եք Տիտոյի վրա։ (Անմիջապես լրջանում են)։
Պիտոն - (Զարմացած) էս ի՞նչ բան է։ Իրոք ծաղիկը կուլ է տվել Տիտոյին։ Մենք էլ չէինք հավատում։
Նուտոն - Տիտո' ջան, մի քիչ էլ համբերիր, հիմա մի բան կմտածենք։
Չիչո - Եղբա՚յր Նուտոն, մենք փորձեցինք ծաղիկը հանել Տիտոյի գլխից, բայց չստացվեց, ոնց որ սոսինձով կպցրած լինեն։
Պիտոն - Իսկ ինչպե՞ս է ծաղիկը կպել Տիտոյի գլխին։
Կապիչինո - Ինքն ասում է, թե Ֆիկն ու Պիկն են խաբել իրեն։
Պիտոն - Բայց ինչպե՞ս։
Նուտոն - Երևի այդ մասին կասի ինքը՝ Տիտոն, երբ ազատենք իրեն այս ծաղկից։ Ա՜խ այդ Ֆիկն ու Պիկը, իբր թե կատակ են արել Տիտոյի հետ։ Հիմա ինչպե՞ս կարող ենք ազատել Տիտոյին, հը՞, բժի՚շկ Պիտոն։
Պիտոն - Եղբա՚յր Նուտոն, իմ կյանքում առաջին անգամ եմ տեսնում այսպիսի բան և ես չունեմ այնպիսի դեղամիջոց, որ կարողանամ օգնել Տիտոյին։
Նուտոն - Իսկ ի՞նչ անենք, հը՞, եղբայրնե՚ր։ (Մտածում են։ Այդ պահին գալիս է Ֆինոն)։
Ֆինո - Օ՜ֆ, հոգնեցի: Վերջապես գտա ձեզ։
Նուտոն - Ի՞նչ է պատահել, Ֆինո՚, ինչու՞ ես շնչակտուր։
Ֆինո - Ձեզ էի ման գալիս, եղբայր Նուտոն։ Ո՞ւր է Տիտոն։
Չիչո - Ահա', այստեղ է, Ֆինո՚։
Ֆինո - (Մոտենալով Տիտոյին)։ Խե՜ղճ Տիտո, երևի շատ է չարչարվել։
Պիտոն - Ֆինո', ի՞նչ ես մտածում, ինչպե՞ս կարելի է այս ծաղիկը հեռացնել Տիտոյի գլխից։
Ֆինո - Բժի՚շկ Պիտոն, ոչ մի բան չի կարող օգնել Տիտոյին։ Ես լսեցի Ֆիկի ու Պիկի զրույցը, նրանք
ասացին, որ մոտ տաս րոպեից ծաղիկը ինքն իրեն կթառամի և կընկնի Տիտոյի գլխից։
Նուտոն - Ուրեմն պիտի սպասենք մինչև ծաղիկը ինքն իրեն թառամի՞։
Ֆինո - Այո', եղբայր Նուտոն, պիտի սպասենք։
Կապիչինո - Ֆինո, ե՞րբ ես լսել Ֆիկին ու Պիկին։
Ֆինո - Կապիչինո', երևի տաս րոպե առաջ կլիներ։
Չիչո - Ուրեմն ուր որ է ծաղիկը կթառամի։
Պիտոն - Նայե՚ք, նայեք, ծաղիկը արդեն գույնը փոխում է և կամաց թուլանում է։
Ֆինո - ճի՚շտ է, կարծես թուլանում է արդեն։ (Ծաղիկը թառամում է, և Տիտոյի գլխից վայր է ընկնում։ Տիտոն ուրախությունից գոչում է)։
Տիտո - Ուռա՜, ուռա՜, ազատությու՜ն, ուռա՜, տեսնում եմ ձեզ բոլորիդ։ (Բոլոր կենդանիներով ուրախանում են)։
Տիտո - Եղբա՛յր Նուտոն, այս ամենի մեղավորը Ֆիկն ու Պիկն են։
Կապիչինո - Եղբա՛յր Նուտոն, ես ու Չիչոն գնա՞նք Ֆիկին ու Պիկին բռնենք բերենք։
Նուտոն - ՉԷ՛, կապիկնե՛ր, Ֆիկին ու Պիկին թողնենք իրենց տեղում։ Բերեք մեր տրամադրությունը չգցենք։ Ահա ուր որ է կխփի ժամը տասներկուսը, և կգա Նոր տարին և Տիրոջ Սուրբ ծնունդը։ Իսկ Նոր տարուց հետո ես ինքս կզրուցեմ Ֆիկի ու Պիկի հետ։ Ես համոզված եմ, որ նրանք ուզել են կատակել Տիտոյի հետ։
Ֆինո - Եղբա՛յր Նուտոն, քանի դեռ չի եկել Նոր տարին, թու՛յլ տվեք իմ նվերները բաժանեմ ձեզ։ Նուտոն - Ա՛յ դու Ֆինո, նորի՞ց անակնկալ արեցիր մեզ։ (Կենդանիներով ուրախանում են։ Ֆինոն սկսում է բաժանել նվերները)։
Ֆինո - Ահա՛, եղբա՛յր Նուտոն, որպես մեր ավագ եղբայր և հովիվ՝ առաջինը նվիրում եմ ձեզ։ Խնդրե՛մ, այս նվերը ձեզ։
Նուտոն - Շնորհակա՛լ եմ, Ֆինո՛։
Ֆինո - Տիտո՛ եղբայր, այս մի արկղն էլ քո համար եմ պատրաստել, վերցրու, թո՛ղ այս Նոր տարին քեզ համար լինի ամենաուրախ տարին։
Տիտո - Ապրե՛ս, Ֆինո՛ ջան, շա՛տ ապրես։
Ֆինո - Իսկ սրանք էլ, կապիկնե՛ր, նվիրում եմ ձեզ։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ։
Կապիչինո-Չիչո - Ապրե՛ս, Ֆինո՛, ապրե՛ս։
Ֆինո - Բժի՛շկ Պիտոն, սա քեզ, նվիրում եմ ի սրտե։
Պիտոն - Շնորհակալ եմ, Ֆինո՛։
Ֆինո - Իսկ որտե՞ղ է Ծաղիկ կովը։
Ծաղիկ - (Ներս գալով)։ Ես եկա։ Ահա՛ ես, վերջապես առողջացա։
Ֆինո - Սա էլ քեզ, քու՛յր Ծաղիկ։ Այս նվերով շնորհավորում եմ քո Նոր տարին։
Ծաղիկ - Ապրե՛ս, Ֆինո՛, շնորհակալ եմ։ (Գալիս են Ֆիկն ու Պիկը)։
Չիչո - Նայե՛ք, նայե՛ք, Ֆիկն ու Պիկը գալիս են։ (Գալիս են գլուխները կախ և ասում)։
Ֆիկ-Պիկ - Կներե՛ք մեզ մեր չար կատակի համար։
Ֆինո - Մենք արդեն ներել ենք ձեզ, իսկ եթե դուք մեզ հետ պատրաստ եք նշելու Նոր տարին, խնդրու՛մ եմ, վերցրեք ձեր նվերները։ (Ֆիկն ու Պիկը վերցնում են նվերները)։
Ֆիկ-Պիկ - Շնորհակա՜լ ենք, Ֆինո՛։
Չիչո - Եղբա՛յր Նուտոն, ես ու Կապիչինոն Տիտոյի համար անակնկալ ունենք, հիմա բերե՞նք։
Նուտոն - Այո՛, այո՛, մի՛ ուշացրեք, բերե՛ք։ (Կապիկները բերում են տոնածառը։ Տիտոն ուրախանալով գոչում է)։
Տիտո - Ուռա՜, ուռա՜, սա իմ երազած ամենագեղեցիկ տոնածառն է։ Ես շատ գոհ եմ, կապիկնե՛ր, ձեզնից և անչափ շնորհակալ եմ իմ անտառի կենդանիներից, որոնք շտապ հավաքվեցին ինձ օգնելու և ուրախացնելու։ Դուք իմ ամենա-ամենա ընկերներն եք։ Թո՛ղ այս Նոր տարին ուրախություն բերի մեզ բոլորիս։
Կապիչինո-Չիչո - Եվ թող Հիսուսի Սուրբ ծնունդը նոր կյանք բերի մեր սրտերին։
Ֆինո - Եվ մեր սրտերը՝ որպես թանկ նվեր, նվիրենք մանուկ Հիսուսին։
Ծաղիկ - Թո՛ղ այս տարին երջանկություն բերի մեր չքնաղ անտառին։
Պիտոն - Եվ ոչ մի հիվանդ չլինի մեր անտառում։
Ֆիկ-Պիկ - Օրհնյա՛լ լինի Սուրբ ծնունդը Հիսուսի։
Նուտոն - Շնորհավո՛ր Նոր տարին և...
Բոլորով - Սուրբ ծնունդ։ (Եվ երգում են սուրբ ծննդյան մի երգ)։

ՎԵՐՋ
Արտակ Շահնազարյան
Категория: Սցենարներ | Добавил: Admin
Просмотров: 3654 | Загрузок: 895 | Рейтинг: 3.9/15
Всего комментариев: 0
avatar