Главная » Файлы » Սցենարներ

Եկեք տոնենք Զատիկը
[ Скачать с сервера (40.0Kb) ] 12.05.2013, 18:41
Եկե՛ք, տոնե՛նք Զատիկը
Տիտո-( ներս է մտնում Տիտոն երգելով)
           Հարության այս առավոտ
           Ուրախ լուր ենք ավետում,
           Տիրոջ սերն է մեզ կարոտ,
           Մեր սրտի դուռն է թակում։
(Այդ պահին ներս է մտնում Ֆինոն՝ միանալով Տիտոյի երգին)
Տիտո-Ալելույա՜, ալելույա՜, ալելույա՜
Ֆինո-Ալելույա՜, ալելույա՜, ալելույա՜
Տիտո-Ֆինո-Ալելույա՜ հարությալին։ (Երգը վերջացնելով)
Ֆինո-Ողջո՛ւյն, Տի՛տո, ողջո՛ւյն մեր հիանալի անտառին։
Տիտո-Ողջո՛ւյն, Ֆի՛նո քույրս, ի՜նչ լավ է՝ տեսանք իրար, երգեցինք իրար հետ։ Արի՛ ինձ մոտ, տեսնեմ ինչպե՞ս ես։
Ֆինո-Գալի՜ս եմ, հիմա գալի՜ս եմ։ (Գալով) Հիսուս հարյավ ի մեռելոց:
Տիտո-Օրհնյա՛լ է հարությունը Քրիստոսի:
Ֆինո-Ի՜նչ լավ օր է այսօր, իմ սիրտը կարծես ուր որ է կպայթի և, կտարածվի նրա ձայնը ամբողջ անտառով մեկ, որ Ֆինոն ուրախ է անչափ, որ Ֆինոն հարության տոնն է նշում ի սրտե, որ այս անտառու՜մ...
Տիտո-(մեջ ընկնելով) Ճի՛շտ ես, Ֆի՛նո, ես էլ առավոտյան արթնացա և հիշեցի, որ Հիսուս Քրիստոսի հարության տոնն է այսօր և որոշեցի երգել։
Ֆինո-Քո երգի ձայնը լսվում էր ողջ անտառով մեկ, և ես էլ փորձեցի միանալ քո երգին։ (Այդ պահին Ֆիկն ու Պիկը թաքուն նայում են)
Տիտո-Ա՜յ թե լավ քույր ու եղբայր ենք, Ֆի՛նո։
Ֆինո-Այո՜, ես չգիտեմ ինչպե՞ս արտահայտեմ իմ ուրախությունը և իմ սրտի խոսքերը։
Տիտո-Ֆի՛նո, արի՛ մի բան կազմակերպենք, որպեսզի կարողանանք մեր ուրախությունն արտահայտել։
Ֆինո-Մե՞նք, երկուսո՞վ։
Տիտո-Չէ՛, անտառի գազաններով։
Ֆինո-Դե, ի՞նչ ես առաջարկում, ի՞նչ կազմակերպենք։
Տիտո-Գիտե՞ս, Ֆի՛նո, արի մի ժողով կազմակերպենք, որտեղ կարողանանք տոնել Հիսուսի հարությունը։
Ֆինո-Այո՛, ճի՛շտ է։ Կերգենք, կուրախանանք և փառք կտանք Աստծուն։
Տիտո-Դե՛, արի վազենք և բոլորին հրավիրենք ու հավաքենք այստեղ՝ այս բացատում։
Ֆինո-Ճի՛շտ է, Տիտո, բայց որպեսզի արագ լինի, արի այն հեռախոսով զանգենք բոլորին։
Տիտո-Արի՛, բայց ու՞մ զանգենք ամենաառաջինը։
Ֆինո-Առաջինը զանգենք եղբայր Նուտոնին, տեսնենք նա համաձա՞յն է մեր ծրագրին և կգա՞ այստեղ։
Տիտո-Ճի՛շտ է, արի՛ զանգենք։
(Ֆիկն ու Պիկը լսելով որոշում են մկրատով կտրել հեռախոսալարը)
Ֆինո-(Զանգում են) Բարև՛ ձեզ։
Նուտոն-Բարև՛։
Ֆինո-Նապաստակ Ֆինոն է ձեզ հետ խոսում, ինչպե՞ս եք։
Նուտոն-Լավ եմ, նապաստա՛կ Ֆինո։ Դու ինչպե՞ս ես, կարողանու՞մ ես անցկացնել այս ձմեռը կուշտ ու տաքուկ։
Ֆինո-Այո՛, եղբա՛յր Նուտոն, այո՛։ Իմ կողքին նաև շնիկ Տիտոն է և երկուսով որոշեցինք զանգել ձեզ մի խնդրանքով։
Նուտոն-Այո՛, լսում եմ, ի՞նչն է ձեզ անհանգստացնում։
Ֆինո-Մենք՝ ես և Տիտոն, որոշեցինք կանչել անտառի բոլոր կենդանիներին և հավաքվել մեր բացատում։
Նուտոն-Իսկ ինչի՞ համար։
ֆինո-Դե՜-ե՜, Հիսուս Քրիստոսի հարության տոնի համար։
Նուտոն-Այո՛, այո, ինչպե՞ս էի մոռացել Հարությունը։
Ֆինո-Հը՞, եղբա՛յր Նուտոն, ճի՞շտ ենք որոշել։
Նուտոն-Նապաստա՛կ Ֆինո ... (Փիսիկները կտրում են հեռախոսալարը)
Ֆինո-Եղբա՛յր Նուտոն, ալո՛, լսու՞մ եք։ Վա՜յ, անջատվեց։
Տիտո-Տո՛ւր տեսնեմ։ Ալո՜, ալո՜, չի՛ աշխատում։
Ֆինո-Ափսո՜ս, չկարողացանք մինչև վերջ խոսել։
Տիտո-Ոչի՛նչ, մի՛ տխրիր։ Արի՛ ոտքով շրջենք անտառում և խոսենք բոլորի հետ երես առ երես։
Ֆինո-Ճի՛շտ է, գնացինք։ (Դուրս են գալիս, ներս են մտնում փիսիկները)
Ֆիկ-Թո՛ղ ոտքով գնան և հոգնեն, որպեսզի չկարողանան այսօր հավաքվել։
Պիկ-Ճի՛շտ է, որ չկարողանան տոնել Զատիկը, ուռա՜։ Լսի՛ր, Ֆի՛կ, իսկ եթե կարողանան և հավաքվեն, ի՞նչ պիտի անենք։
Ֆիկ-Դե՛, մի բան կանենք, մի բան կմտածենք։Չգիտե՞ս, որ հնարամիտ եմ և ամեն ինչի ընդունակ։
Պիկ-Գիտե՛մ, չէ՞ որ դու իմ եղբայրն ես։
Ֆիկ-Դե լավ, արի հետևենք Տիտոյին և Ֆինոյին ու տեսնենք, թե ինչպե՞ս են կազմակերպում իրենց ժողովը։
(Տիտոն ու Ֆինոն գալիս են Նուտոնի տուն և թակում են դուռը)
Տիտո-Եղբա՛յր Նուտոն, կարելի՞ է ձեզ։
Նուտոն-Այո՛, ինչո՞ւ չէ, հիմա կգամ։
Տիտո-Ֆինո՛, դու կասե՞ս։
Ֆինո-Դե՛, ամաչում եմ։ Բայց դե կասեմ։
Նուտոն-(Դուրս է գալիս) Ա՛յ թե զարմանալի եք դուք, ինչո՞ւ անջատեցիք հեռախոսը։ Ամաչեցի՞ք, թե՞ փոշմանեցիք։
Տիտո-Ֆինո-Ո՛չ, մենք չէինք։ Ես էլ կարծեցի, թե ...
Նուտոն-Դե՛ լավ, լա՛վ, ի՞նչ եք ուզում, կարծեմ հասկացա, որ ուզում եք նշեք Զատիկը, այո՞։
Ֆինո-Այո՛, եղբա՛յր Նուտոն, հենց այդ էլ ուզում ենք։
Տիտո-Ուզում ենք հավաքվել բոլոր կենդանիներով, հիշենք Հարությունը, ուրախանանք և փոքր-ինչ զրուցենք։
Նուտոն-Շատ լավ միտք է։ Համաձայն եմ։ Այդ դեպքում ե՞րբ և որտե՞ղ ենք հավաքվելու։
Ֆինո-Մեր անտառի բացատում, կեսօրից հետո։
Նուտոն-Շա՛տ լավ։ Ես կպատրաստվեմ, իսկ դուք գնացեք և պայմանավորվեք բոլոր անտառի կենդանիների հետ, իսկ ես անպայման կգամ։
Տիտո-Ֆինո-Առայժմ, եղբա՛յր Նուտոն։
Նուտոն-Առայժմ։ (Գնում են, գալիս են փիսիկներն իրենց թաքստոցից)
Ֆիկ-Հա՜-հա՜-հա՜, սրանց ծրագիրը պարզ է։ Կեսօրից հետո անտառի բացատում կուրախանանք, կզրուցենք։
Պիկ-Ֆի՛կ, հիմա ի՞նչ պիտի անենք։
Ֆիկ-Պիտի վառենք այս անտառը, պիտի մոխրացնենք այս կենդանիներին։ (Պիկը վախենում է) Հը՞, վախեցա՞ր, կատակ արի, հո այդքան դաժա՞ն չեմ։ Բա ի՞նչ անենք։
Պիկ-Արի Տիտոյից և Ֆինոյից շուտ գնանք կենդանիների տուն։
Ֆիկ-Եվ ի՞նչ։
Պիկ-Եվ բոլորին կխաբենք, որ չկարողանան հավաքվել բացատում։
Ֆիկ-Դե՛, վազենք արագ, քանի դեռ նրանք տեղ չեն հասել։ (Եվ վազում են դեպի կապիկների տունը: Չիչոն երգելով ներս է մտնում)
Չիչո-Սքանչելի լուր է հնչում,
        Քրիստոս հարյավ են գոչում,
        Քրիստոս հարյավ են երգում, գովերգում,
        Քրիտոս հարյավ ավետում։
Կապիչինո-Ի՞նչ կա, Չի՛չ՛։ Էդ ի՞նչ լավ-լավ երգեր ես երգում։
Չիչո-Նոր եմ սովորել, Կապիչի՛նո, ուզո՞ւմ ես քեզ էլ սովորեցնեմ։
Կապիչինո-Է՜, ա՛յ տղա, ո՞ւր ա ինձ ձայն։ Եթե երգել իմանայի, բա էս անտառում քարշ կգայի՞։ Դրա փոխարեն կգնայի, երաժշտական դպրոց կընդունվեի։ Կերգեի, կնվագեի ու շատ լավ կապրեի։ Համ էլ ճանաչված կապիկ կլինեի։
Չիչո-Էլի՞ սկսեցիր երազել։
Կապիչինո-Չէ՛, ուղղակի ասում եմ, որ լիներ, լավ կլիներ։ (Գալիս են Ֆիկն ու Պիկը վազելով)
Ֆիկ-Պիկ-Չիչո՜, Կապիչինո՜, որտե՞ղ եք։
Կապիչինո-Վա՜յ, վա՜յ, էս Ֆիկի ու Պիկի ձայները չե՞ն։
Չիչո-Հա էլի, նրանք են, ա՛յ տղա։ Այստեղ ենք, եկե՜ք։
Ֆիկ-Վա՜յ, բա՛րև ձեզ, հազիվ հասցրինք։
Չիչո-Ի՞նչ է պատահել, փիսի՛կ։
Պիկ-Ինչպե՞ս թե ինչ է պատահել։ Դուք հանգիստ խոսում եք, իսկ ձեր ընկերնե՞րը ...
Կապիչինո-Ի՞նչ, ի՞նչ ընկերներ, ի՞նչ է եղել։
Ֆիկ-Տիտոն ու Ֆինոն վտանգի մեջ են։
Չիչո-Որտե՞ղ, ե՞րբ։ Հա՞, մեր կարիքն են զգում։
Պիկ-Հա՛-հա՛, անտառի ծայրում՝ դեպի հարավ։
Կապիչինո-Իսկ ի՞նչ է պատահել նրանց։
Ֆիկ-Չգիտե՛մ, ասին, որ շուտ գանք և ձեզ տեղյակ պահենք։
Կապիչինո-(Չիչոն մարզանք է անում) Ա՛յ տղա, էս ի՞նչ ես անում։
Չիչո-Մարզվում եմ, ի՞նչ է, չե՞ս տեսնում։
Կապիչինո-Դրա ժամանակը չէ, արի՛ գնանք։ Ինչքան շուտ հասնենք, էնքան լավ։ (Կապիկները վազում են)
Ֆիկ-Հա՜-հա՜-հա՜, էս կապիկները մինչև հիմա չհասկացան, որ մենք միշտ խաբել ենք ու խաբում ենք իրենց։
Պիկ-Դրա համար էլ կարողանում ենք մեր նպատակին հասնել։
Ֆիկ-Դե արի, քո՛ւյրս, արի փախչենք, քանի դեռ այդ միամիտ Տիտոն ու Ֆինոն չեն եկել։ (Թաքնվում են։ Գալիս են Տիտոն ու Ֆինոն)
Տիտո-Չի՜-չո՜, Կապիչի՜-նո՜։ (Կանչում է)
Ֆինո-Որտե՜ղ եք, դո՜ւրս եկեք, տղանե՜ր։
Տիտո-Վա՜յ, էս ո՞ւր են։
Ֆինո-Չկա՛ն։ Մենք էլ այսքան ճանապարհ կտրեցինք, եկանք, իսկ սրանք չկան։ Տեսնես որտե՞ղ են թափառում հիմա։
Տիտո-Բա ի՞նչ անենք, հը՞, Ֆի՛նո։
Ֆինո-Չգիտե՛մ, Տի՛տո։ (Դադար) Ախր ո՞ւր պիտի գնացած լինեն է։
Տիտո-Դե լավ, Ֆի՛նո, արի գնանք գորտ քույրերի տուն։ Նրանք հաստատ տանը կլինեն։ (Գնում են։ Փիսիկները նրանցից շուտ գալիս են գորտերի տուն և սեղմում են դռան զանգը։ Դուռը բացում են գորտերը)
Ֆիկ-Բա՛րև ձեզ, գո՛րտ քույրեր։
Կղա-Կռա-Բա՛րև ձեզ։
Պիկ-Գո՛րտ քույրեր, Տիտոն ու Ֆինոն վտանգի մեջ են։ Նրանք օգնության կարիք ունեն։
Ֆիկ-Այո՛, այո՛, եթե հիմա չգնաք, գուցե և արդեն ուշ լինի։
Կռա-Իսկ ի՞նչ գիտեք, թե նրանք օգնության կարիք ունեն։
Կղա-Այո՛, ի՞նչ գիտեք։ Ես ձեզ չեմ հավատում։
Ֆիկ-Մենք չենք խաբում, ճիշտ ենք ասում։
Կռա-Ապացուցեք, կհավատանք։
Պիկ-Մենք տեսանք կապիկներին։ Նրանք վազում էին անտառի ծայրը՝ դեպի հարավ։ Հարցրինք, նրանք ասացին։
Կղա-Ճի՛շտ է, մի քիչ առաջ տեսա նրանց։ Նրանք վազելով անցան։
Պիկ-Տեսնու՞մ եք, որ չենք խաբում։ Շտապե՛ք, շտապե՛ք, նրանք երևի հիմա լացում են։
Կռա-Գնացի՛նք, քո՛ւյրս, գնա՛նք տեսնենք՝ ի՞նչ է եղել նրանց։ (Գնում են)
Ֆիկ-Ըհը, սրանք էլ հավատացին, սրանք էլ գնացին։ Հիմա Ֆինոն ու Տիտոն կգան ու կտեսնեն, որ գորտերը նույնպես տանը չեն։
Պիկ-Արագ թաքնվենք, նրանք գալիս են։ (Գալիս են Տիտոն ու Ֆինոն)
Տիտո-Էս ո՞ւր են կորել։
Ֆինո-Գորտերն էլ չեն տանը։
Տիտո-Ա՛յ քեզ բան, բա ի՞նչ ենք անելու։
Ֆինո-Ուրեմն մեր նպատակին չհասանք, հա՞, Տի՛տո։
Տիտո-Ֆի՛նո, դե մի նվնվա, ինչ-որ բան է կատարվել։ Զարմանալի է, այսպիսի բան դեռ չէր եղել։
Ֆինո-Ոչինչ էլ չի եղել, ուղղակի բոլորն էլ զբաղված են։
Տիտո-Չէ՛, Ֆի՛նո, ես մի բան եմ կասկածում։
Ֆինո-Ի՞նչ ես կասկածում, Տի՛տո։
Տիտո-Հետո կասեմ։ Արի գնանք Ծաղիկ կովի տուն, տեսնենք տա՞նն է արդյոք, թե՝ ոչ։
Ֆինո-Դե լավ, գնանք։ (Ծաղիկ կովը երգում է)
Ծաղիկ-Ձյունեն ալ ճերմակ,
           Ձյունեն ալ ճերմակ,
           Տե՛ր, լվա՛, մաքրե՛ զիս այսօր,
           Որ ըլլամ ձյունեն ալ ճերմակ։ (Վազելով գալիս են Ֆիկն ու Պիկը)
Ֆիկ-Պիկ-Քո՛ւյր Ծաղիկ, քո՛ւյր Ծաղիկ։
Ֆիկ-Ի՜նչ լավ է՝ տանն եք։
Ծաղիկ-Ի՞նչ է պատահել։ (Վախեցած)
Պիկ-Ծաղի՛կ կով, շնիկ Տիտոն ու նապաստակ Ֆինոն վտանգի մեջ են։
Ֆիկ-Կապիկներին և գորտերին այցելեցինք, բայց նրանք տանը չէին, որ օգնեին։
Պիկ-Դրա համար քեզ մոտ ենք եկել, քո՛ւյր Ծաղիկ, և խնդրում ենք օգնեք նրանց։
Ծաղիկ-Իսկ որտե՞ղ են, ի՞նչ է պատահել։
Ֆիկ-Չգիտե՛նք ինչ է պատահել, բայց գիտենք, որ անտառի ծայրում են՝ դեպի հարավ։
Պիկ-Այնուամենայնիվ ձեր օգնության կարիքն ունեն։
Ծաղիկ-Դե լավ, ես կշտապեմ այնտեղ։ Հետաքրքիր է, ի՞նչ է պատահել։ (Ծաղիկը գնում է շտապելով)
Պիկ-Ֆիկ, այս անգամ շատ լավ ստացվեց մեր ծրագիրը, ո՜ւխ։
Ֆիկ-Ճի՛շտ է, միշտ չենք կարողացել իրագործել, բայց այս անգամ ստացվեց։
Պիկ-Դե թող, եղբա՛յր Նուտոնն այնքան սպասի, որ հոգնի և թողնի ու գնա։
Ֆիկ-Կարծես Տիտոն ու Ֆինոն են գալիս, արի թաքնվենք։ (Գալիս են և սեղմում զանգի կոճակը)
Զանգ-«Ես տանը չեմ, թողեք ձեր հաղորդագրությունը» (Կովի ձայնով)
Ֆինո-Վա՜յ, էս ո՞ւր են կորել։ (Լացում է) Մի բան էինք ուզում կազմակերպել, չստացվեց։ (Լացում է)
Տիտո-Ֆինո՛, սո՛ւս, ամոթ է, մի՛ լացի։
Ֆինո-Ախր չեմ հասկանում, ինչի՞ չեն տանը, ու՞ր են գնացել։ Եղբայր Նուտոնը հիմա մեզ է սպասում։ (Լացելով)
Տիտո-Ֆի՛նո, դե լռի՛ր։ Հարցնում ես, բայց չե՛ս լսում։ Դե սո՛ւս, տես ի՞նչ եմ ասում։
Ֆինո-Դե լավ, տե՛ս, էլ չեմ լացում, դե ասա՛։
Տիտո-Լսի՛ր, ինչ-որ մեկը խանգարում է մեր ծրագրին և չի ուզում՝ հավաքվենք ու տոնենք Զատիկը։
Ֆինո-Ի՞նչ ես ասում, Տի՛տո, ոչ մեկին էլ չգտանք, ոչ մեկն էլ տանը չէին, ո՞վ կլինի այդ ինչ-որ մեկը։
Տիտո-Փիսիկները։
Ֆինո-Փիսիկնե՞րը։
Տիտո-Այո՛, Ֆիկն ու Պիկը։ Մի գուցե նրանք մեզ լսել են և խանգարում են։
Ֆինո-Բայց ինչպե՞ս են խանգարում։
Տիտո-Չգիտեմ, բայց մի բան անում են հաստատ։
Ֆինո-Ուրեմն հիմա է՞լ են լսում մեզ։
Տիտո-Մի գուցե։
Ֆինո-Չեմ հասկանում։ (Դադար) Դե լավ, արի գնանք անտառի բացատ և եղբայր Նուտոնին ասենք այս մասին։ (Գնում են, Ֆիկն ու Պիկը դուրս են գալիս)
Ֆիկ-Ա՛յ թե շուն է հա՜։ Ոնց գլխի ընկավ է՜։
Պիկ-Ֆի՛կ, արի՛ մի թակարդ էլ սարքենք Տիտոյի և Ֆինոյի համար։
Ֆիկ-Իսկ ի՞նչ սարքենք, Պի՛կ քույրիկ։ Կամաց-կամաց դու էլ ես կարողանում եղբորդ նման ծրագրեր որոշել։
Պիկ-Հիմա թող մի քիչ մտածեմ։
Ֆիկ-Մտածի՛ր, քո՛ւյրս, գուցե խելացի բան առաջարկես։
Պիկ-Մտածեցի, Ֆի՛կ։
Ֆիկ-Ի՞նչ մտածեցիր, քո՛ւյրս։
Պիկ-Արի այն փոսի երեսը ծածկենք խոտով, որպեսզի չերևա և թաքնվենք։ Տիտոն ու Ֆինոն քայլելով կգան և թը՜րմփ կընկնեն փոսի մեջ։
Ֆիկ-Ապրե՛ս, լավ բան ես որոշել։ Իսկ եթե հանկարծ չընկնեն և կողքով անցնեն։
Պիկ-Դե այդ ժամանակ դուրս կգանք մեր թաքստոցից և ինքներս կստիպենք, որ ընկնեն այդ փոսը։
Ֆիկ-Վերջապես խելացի բան առաջարկեցիր։ Տեսնենք ծրագիրդ կիրագործվի, թե ո՛չ։
Պիկ-Այդ դեպքում արի սկսենք։ (Ծածկում են փոսը և թաքնվում։ Գալիս են Ֆինոն և Տիտոն)
Ֆինո-Հիմա ի՞նչ ենք ասելու եղբայր Նուտոնին, ինչպե՞ս արդարացնենք մեր արարքը։
Տիտո-Չգիտեմ, Ֆի՛նո, դե կասենք, որ տանը չէին, մենք էլ որոշեցինք հավաքվել վաղը։
Ֆինո-Ափսո՜ս, այս սքանչելի օրն ինչպե՞ս չանցավ ուրախությամբ։ Ախր մի՞թե բոլորն էլ  մոռացել էին, որ այսօր Հարության տոնն է։
Տիտո-Ես ոչնչով չկարողացա օգնել քեզ, Ֆի՛նո։ Ափսոսում եմ, որ չստացվեց, ներիր ինձ։
Ֆինո-Տի՛տո, դու էլ ինձ ներիր, որ քեզ այսքան չարչարեցի։
Տիտո-Դե ոչինչ, Ֆի՛նո, արդեն ուշ է, արի գնանք բացատ և ասենք եղբայր Նուտոնին։
Ֆինո-Ճի՛շտ ես, Տի՛տո, գնանք։ (Ընկնում են փոսը։ Փիսիկները դուրս են գալիս թաքստոցից և սկսում են ծիծաղել)
Ֆիկ-Պիկ-Հա՜-հա՜-հա՜, կազմակերպողներիս նայեք։
Պիկ-Ղեկավարները հայտնվեցին փոսում։
Ֆիկ-Այս ի՞նչ դժբախտություն է, հա՜-հա՜-հա՜։
Պիկ-Վա՜յ, Տի՛տո ջան, վա՜յ, Ֆինո ջան, այս ի՞նչ օրն ընկաք։
Տիտո-Ֆի՛կ, Պի՛կ, դո՞ւք եք, ես այդպես էլ գիտեի։
Ֆինո-Ո՞նց էլ համարձակվեցիք այս ամենն անել։
Պիկ-Օ՜յ-օ՜յ-օ՜յ, մի՞թե համարձակ չենք մենք։ Մենք աշխարհի ամենահամարձակ կատուներն ենք։
Ֆիկ-Ուզում էիք տո՞ն նշել, հավաքո՞ւյթ անել։ Դե ձեր տոնը նշեք այս փոսի մեջ։
Պիկ-Իսկ ձեզ ոչ մեկը չի կարող օգնել, որովհետև բոլորն էլ գնացել են ձեզ օգնելու, բայց միայն անտառի ծայրում։
Տիտո-Մի՞թե չեք վախենում Աստծուց։
Պիկ-Վախենում ենք, ինչո՞ւ չէ, ուղղակի ձեզնից չենք վախենում։
Ֆիկ-Դե որքան կարողանում եք բղավեք, մեկ է, ձեր ձայնը չի լսվելու։
Պիկ-Իսկ մենք գնանք, եղբայր Նուտոնին զբաղեցնենք, որպեսզի ձեր բացակայությունը շատ չզգա։ (Գնալով)
Ֆիկ-Պիկ-Ցտեսությո՜ւն, սիրելինե՛ր։ (Գնում են)
Տիտո-Օգնեցե՜ք, ո՞վ կա այստեղ, օգնեցե՜ք։
Ֆինո-Տի՛տո, սո՛ւս, մեկ է ոչ ոք չի լսի մեզ։ (Փիսիկները գնում են Նուտոնի մոտ, իսկ Նուտոնը սպասում է)
Նուտոն-Այս ի՞նչ էղան է։ Ահա արդեն մեկ ժամ է՝ սպասում եմ։ (Դադար) Գուցե փոշմանե՞լ են և չե՞ն ուզում այսօր հավաքվել։ (Դադար) Դե այդ դեպքում գոնե ինձ տեղյակ պահեին, որ այսքան չսպասեի։ (Դադար) Գուցե մոլորվե՞լ են անտառում, Չէ է՜, չէ՛, այս անտառում են ծնվել, մեծացել, դժվար թե մոլորված լինեն։ (Դադար) Ա՛յ քեզ բան, նույնիսկ ձայն չկա, չեն էլ երևում։ Գուցե մոռացե՞լ են, որ պիտի գան, կամ ե՞ս եմ սխալ տեղ սպասում։ Չէ, բայց ասացին անտառի բացատում և սա էլ անտառի բացատն է։ Ապա ի՞նչ էղան է։ Չես կարող հասկանալ այս կենդանիներին։ (Դադար) Ա՜խ, Աստված ի՛մ, այս ո՞ւր կորան։ (Գալիս են փիսիկները)
Պիկ-Ֆիկ-Բարև՛, եղբա՛յր Նուտոն։
Նուտոն-Օ՜հ, վերջապես։ Բարև՛, փիսիկնե՛ր։
Պիկ-Եղբա՛յր Նուտոն, ինչպե՞ս եք։
Նուտոն-Լավ եմ, փիսիկնե՛ր, լավ եմ։
Պիկ-Այս ի՞նչ եք անում այստեղ՝ մենակ կանգնած։
Նուտոն-Ի՞նչ է, մի՞թե դուք չգիտեք, որ այսօր Զատիկ է և որոշել ենք հավաքվել անտառի բացատում։ Մի՞թե Տիտոն ու Ֆինոն ձեզ չեն ասել։ (Իրար նայելով)
Ֆիկ-Ասել են, ինչո՞ւ չէ, դրա համար էլ եկել ենք։
Նուտոն-Իսկ ի՞նչ են ասել։
Ֆիկ-Դե՜..., ասացի՜ն..., եղբայր Նուտոնին կասեք, որ...
Պիկ-Կասեք, որ այսօրվա հավաքույթը հետաձգվում է։
Նուտոն-Ինչպե՞ս թե հետաձգվում է, իսկ ինչո՞ւ, ինչո՞ւ են հետաձգել, մի՞թե այսօր չէ Զատիկը։
Ֆիկ-Դե ուղղակի ասացին, որ այսօր բոլոր կենդանիները զբաղված են և չեն կարող գալ։
Նուտոն-Ինչպե՞ս թե զբաղված են, իսկ ի՞նչ է, ես ազա՞տ եմ։ Մի՞թե չեն կարողանում մի կես ժամ տրամադրել Աստծուն, տրամադրել իրենց հոգևոր աճին։
Ֆիկ-Դե գիտես էլի՜, եղբա՛յր Նուտոն, մեր անտառի կենդանիներն այդպիսին են։
Նուտոն-Իսկ ես, արդեն ժամից ավել է, որ այստեղ կանգնած եմ և սպասում եմ նրանց։ Թող Աստված տեսնի իմ համբերությունը և վարձահատույց լինի ինձ։
Ֆիկ-Եղբա՛յր Նուտոն, ոչի՛նչ, մի՛ բարկացեք և խնայեք ձեր առողջությունը։ Ավելի լավ է գնաք ձեր տուն և հանգստանաք։
Պիկ-Մեկ է, մեր անտառի կենդանիները պարտաճանաչ չեն դառնա։
Նուտոն-Ճի՛շտ եք, ավելի լավ է գնամ տուն։ Գնամ հանգստանամ։ (Դադար) Ոչինչ, Տիտոյին և Ֆինոյին կասեք, որ ներում եմ իրենց։ (Գնում է)
Պիկ-Ֆի՛կ, այս ինչ մեղկ էր եղբայր Նուտոնը, իմ կարծիքով սխալ ենք արել։
Ֆիկ-Դե լավ, մի սկսիր խղճահարվել։ Եթե արել ենք, մի՛ փոշմանի և մի՛ մտածի՝ սխալ է, թե ճիշտ։ Կարևորը հասանք մեր նպատակին և քանդեցինք նրանց ծրագիրը։
Պիկ-Իսկ եթե իմանան, որ մենք ենք այս ամենի հեղինա՞կը։
Ֆիկ-Չեն իմանա... (Գալիս է Նուտոնը)
Նուտոն-Մոռացա ասեմ, իսկ դուք որտե՞ղ եք տեսել Տիտոյին և Ֆինոյին։
Պիկ-Ֆիկ-Վա՜յ... մենք... մենք...։
Նուտոն-Իսկ ինչո՞ւ չեն Տիտոն և Ֆինոն անձամբ եկել և ինձ ասել, որ հավաքույթը հետաձգվել է։
Պիկ-Ֆիկ-Դե՜ որովհետև...։
Ծաղիկ-(Գալիս է կովը) Որովհետև էլ ստելու բան չունեք։ (Փիսիկները վախենում են)
Պիկ-Ո՛չ... որովհետև...
Գալիս են կապիկները-1. Որովհետև Տիտոյի և Ֆինոյի համար 2. ծուղակ եք պատրաստել և 3. գցել փոսի մեջ։
Գալիս են գորտերը-1. Որովհետև բոլոր կենդանիներին խաբել էիք 2. և ուղարկել անտառի ծայրը 3. իբր Տիտոն ու Ֆինոն վտանգի մեջ են։
Նուտոն-Հիմա ի՞նչ կասեք, Ֆի՛կ և Պի՛կ։ (Փիսիկներն ամաչում են և փախչում։ Վազելուց ընկնում են փոսը)
Պիկ-Օգնեցե՜ք, օգնեցե՜ք։
Ֆիկ-Հիմա մեզ ո՞վ կօգնի, Պի՛կ, մենք բոլորին խաբեցինք։ (Գալիս են Տիտոն ու Ֆինոն) Մենք ձեզ կօգնենք, եթե ներեղություն խնդրեք մեզնից։
Պիկ-Խնդրում եմ ներեք մեզ, մենք սխալ ենք արել։
Ֆիկ-Ներեք մեզ և այս փոսից հանեք։
Նուտոն-Հանե՛ք, Տի՛տո և Ֆի՛նո։ Չարին բարիով պատասխանեք։ (Օգնում են։ Փիսիկներն ամոթից փախչում են։ Ծիծաղում են բոլորով)
Տիտո-Եղբա՛յր Նուտոն, մենք հաղթեցինք։
Ֆինո-Մենք բարիով չարին հաղթեցինք, եղբա՛յր Նուտոն։
Նուտոն-Դե քանի որ բոլորով հավաքվել ենք, եկեք երգենք միասին.
Երգ-Սքանչելի լուր է հնչում,
       Քրիստոս հարյավ են գոչում,
       Քրիստոս հարյավ երգում, գովերգում,
       Քրիստոս հարյավ ավետում։

Հեղինակ՝ Արտակ Շահնազարյան
Հավաքեց՝ Սյուզի Ազոյանը
Սրբագրեց՝  Նինա Այվազյանը
Категория: Սցենարներ | Добавил: Admin
Просмотров: 2119 | Загрузок: 536 | Рейтинг: 4.4/10
Всего комментариев: 0
avatar