Главная » Файлы » Սցենարներ

Դեպի փարոս
[ Скачать с сервера (23.6Kb) ] 12.05.2013, 17:20
Դեպի փարոս
Թափառական-Անտառի մութ մի անկյունում
Ման եմ գալիս տխուր-տրտում,
Մթությունն է ինձ պարուրում,
Բարակ մեջքս ամուր գրկում:
Օ՜, տեսնում եմ այնտեղ՝ հեռուն,
Մի փարոս է միշտ առկայծում,
Գնա՛մ, տեսնեմ տենչալի հույս,
Գուցե տա ինձ Նա կյանք և լույս:
Ադամ-Ճանապարհդ բարո՛վ լինի,
Ու՞ր ես գնում մտքով հնի,
Հարա՞վ, հյուսի՞ս թե՞ արևմուտք,
Գուցե անծայր երկի՞նքը լուրթ:
Թափառական-Ո՛չ, բարեկա՛մ իմ սիրելի,
Ճանապարհս հույսով է լի,
Տեսնո՞ւմ ես դու այն փարոսը:
Ադամ-Այո՛:
Թափառական-Նա է կյանքիս հույսը:
Ադամ-Այն փարո՞սը, կյանքիդ հո՞ւյսը,
Օ՜, հա՜-հա՜-հա՜ այն խոր փոսը,
Ո՛չ, չգնա՛ս, խորհուրդ կտամ:
Թափառական-Մի՛ բողոքիր դու հին Ադամ,
Թող իմ ճամփաս առնեմ գնամ:
Ադամ-Թափառակա՛ն դու մոլորված,
Ո՞վ է խելքդ լցրել հոգնած,
Ո՛չ մի փարոս չկա այնտեղ,
Այլ թակարդ է ու ճամփա նեղ,
Թափառակա՛ն, դու լսո՞ւմ ես,
Մի՛ գնա, թե չէ կկորչես:
Թափառական-Ստություններ ես դուրս տալիս
Ու անիծում այս իմ ճամփիս:
Ադամ-Օ՜, հա՜-հա՜-հա՜, այն խոր փո՞սը,
Դա՞ է դարձել քո փարոսը,
Օ՜, հա՜-հա՜-հա՜...
Թափառական-Ես չեմ սիրում քեզ, հի՛ն Ադամ,
Անձս թողնեմ քեզ ու գնամ,
Ետ չնայեմ, ճամփիս ձուլվեմ,
Փութով, ջանքով հույսին հասնեմ:
Ընկեր-Օ՜, ի՛մ ընկեր,
Վաղուց էր, որ քեզ չեմ տեսել,
Արի՛ գնանք մենք գինետուն,
Գինով արբենք մինչև առտուն,
Այս աշխարհում ի՞նչ ենք տեսնում.
Ծաղրուծանակ, դաժանություն,
Մենք ընկեր ենք, հին բարեկամ,
Գնանք, խմենք
Ու մոռանանք մենք ամեն բան:
Թափառական-Ո՛չ, բարեկա՛մ, չեմ կարող գալ:
Ընկեր-Տեսնում եմ ճամփա՞դ է երկար:
Թափառական-Այո՛, պիտի հեռու գնամ,
Չլինի թե ես ուշանամ:
Ընկեր-Ո՞ւր ես գնում, ինձ չես տանի՞,
Գուցե այնտեղ գտնե՞մ գինի:
Թափառական-Գինուց բարձր բան կգտնես,
Եթե ինձ հետ ճամփա ելնես,
Տեսնո՞ւմ ես դու այն փարոսը:
Ընկեր-Այո՛, այո՛, փոքր լո՞ւյսը:
Թափառական-Երբ երկուսով այնտեղ հասնենք,
Միշտ երջանիկ մենք կլինենք:
Ընկեր-Օ՜, ի՛մ ընկեր, ես լսել եմ,
Որ այդ ճամփան ծուռ է, նսեմ,
Շատ մարդկանց է դժբախտացրել,
Որբ ու անտեր նրանց թողել:
Թափառական-Ո՞վ է ասել:
Ընկեր-Դե ոնց ասեմ, որ ճիշտ խոսեմ,
Ճամփորդներից եմ ես լսել,
Դժբախտացել ու ետ դարձել:
Թափառական-Սո՛ւտ է, ընկե՛ր, չեմ հավատում,
Այդ խոսքեր են դատարկ հնչում,
Բայց եթե դու լավ մտածես,
Կգաս ինձ հետ, կյանք կգտնես:
Ընկեր-Ո՛չ, չեմ կարող, գործեր ունեմ,
Հողամասը պիտ մշակեմ,
Խաղող տնկեմ, գինի քաշեմ,
Ու, ո՜վ գիտի, գուցե մի օր
Խնջույք անեմ ու քեզ կանչեմ,
Դու գնա, ես գործեր ունեմ:
Թափառական-Ես կգնամ, իսկ դու՞:
Ընկեր-Իսկ դու,
Երբ որ կյանքի ճամփան գտնես,
Անմիջապես կգաս, կասես,
Ցտեսությո՜ւն, բարի՜ ճամփա,
Սպասում եմ, չխաբես հա՜:
Թափառական-Է՜հ, ի՞նչ ասեմ այսպես մարդկանց,
Ման են գալիս գինով արբած
Եվ ուզում են, որ ինձ խաբեն
Լույսի ճամփից մոլորեցնեն:
Չէ՛, չեմ խաբվի, գիտեմ ճամփան
Դեպի փարոս, միշտ կգնամ
Ու ոչ մեկը ինձ չի կարող
Խաբել, շեղել ճամփից տանող:
Մի մարդ-Օ՜, բարեկա՛մ իմ սիրելի,
Հանդիպում էր անսպասելի,
Ո՞ւր ես գնում այսպես հոգնած,
Արի՛ այս տուն ու մի քիչ կաց,
Մի քիչ մնա, գիշեր կգա,
Երբ որ Վալոդ ապերը գա,
Գնանք պահեստ ու կողոպտենք,
Հաց ու պանիր ձիով թռցնենք:
Թափառական-Վա՜յ, չեմ կարող, ճամփա կերթամ,
Հոգնած էլ չեմ, թե դինջանամ,
Միայն մի թաս ինձ ջուր տվեք,
Զովանամ ու ճամփա գնամ:
Մի մարդ-Է՜, բարեկա՛մ, դե մի քիչ կաց,
Ջուր կխմես ու կուտես հաց:
Պա՜հ, մեր Վալոդ ապերն եկավ,
Հրեն ծառի տակին նստավ,
Գնամ, կանչեմ:
Թափառական-Չէ՛, բարեկա՛մ, ես էլ մարդ եմ,
Ժամանակս չի հերիքի,
Գործեր ունեմ:
Մի մարդ-Մենք քեզ կօգնենք, ճամփուդ համար
Մի սումկա էլ հաց կդնենք:
Վալո՛դ ապեր, արի՛ ու տես,
Ի՜նչ հարգարժան, սուրբ հյուր ունես,
Էլ չեմ ասում, թե ով, թե ով
Կուզեր անցնել մեր փողոցով:
Վալոդ-Հլա տեսնեմ, այ քեզ ճամփո՜րդ,
Կոշիկները՝ ցեխոտ, մրոտ,
Եկ, լվացվիր ու հագնվիր,
Գնանք բերենք հաց ու պանիր:
Թափառական-Է՜, Վալո՛դ ջան, դե ես ասի
Ժամանակս չի հերիքի:
Վալոդ-Ո՞ւր ես գնում, որ չես մնում:
Թափառական-Ճամփաս հեռու հույս եմ փնտրում:
Վալոդ-Հլա ցո՛ւյց տուր:
Թափառական-Նայի՛ր այնտեղ,
Տեսնո՞ւմ ես դու այն փարոսը:
Վալոդ-Հա՜:
Թափառական-Գնում եմ ես հենց էնտեղ:
Վալոդ-Հա՛, տեսնում եմ փոքր լույսը,
Է՜, բալա՛ ջան,
Վախենում եմ, թե մոլորվես,
Հորդ, մորդ ցավ պատճառես:
Բեր բան ասեմ, դու ինձ լսիր,
Փեշիդ քարը մի կողմ գցիր,
Արի՛, գնանք մենք գողության
Ու կունենանք ապրելու բան:
Թափառական-Չէ՛, չեմ կարող,
Ես գնացի, մնա՜ք բարով:
Մի մարդ-Թափառակա՜ն դու մոլորված,
Ո՞վ է խելքդ լցրել հոգնած,
Ոչ մի փարոս չկա այնտեղ,
Այլ թակարդ է ու ճամփա նեղ,
Թափառակա՜ն, դու լսո՞ւմ ես,
Մի՛ գնա, թե չէ կկորչե՜ս:
Թափառական-Այդ խոսքերը ես լսե՜լ եմ,
Սո՜ւտ են դրանք, ես այդ գիտե՜մ,
Բարեկամնե՜ր, դուք բոլորով մնա՜ք բարով:
Ո՛վ թշնամի, իմ այս ճամփի
Փորձությունը դու քեզ պահի,
Ուզում ես, որ ես մոլորվե՞մ
Ու փարոսի ճամփից շեղվե՞մ:
Հասկանում եմ և այդ գիտեմ,
Դրա համար քեզ հաղթում եմ,
Դու չես կարող ինձ տապալել,
Հույսի փարոսն է ինձ գրկել,
Երգում եմ ես հաղթության երգ,
Տենչում եմ, որ հասնեմ այնտեղ:
Ո՛վ թշնամի իմ այս ճամփի,
Փորձությունը դու քեզ պահի...
Ճամփորդ-Թափառակա՛ն, ե՛կ, նե՛րս արի,
Ճանապարհդ բարով լինի,
Տեսնում եմ, որ ուրախ քայլով
Ցնծում ես քո լույս փարոսով:
Թափառական-Օ՜, ի՜նչ լավ ես խոսում դու ինձ,
Ո՞վ ես, ասա՛:
Ճամփորդ-Ես ճամփորդ եմ,
Ման եմ գալիս՝ աշխարհ տեսնեմ,
Քո պես մարդկանց լույս տարածեմ:
Թափառական-Ի՞նչ լույս է այդ, հը՞, շո՛ւտ ասա:
Ճամփորդ-Դե՛ արի, ներս մտնենք հիմա,
Նստի՛ր, ասեմ,
Քո ուզածը քեզ բացատրեմ:
Ես էլ քո պես ճամփորդ էի,
Փարոսին էի ման գալի
Ու շատ աշխույժ, առույգ սրտով
Հրճվում էի այդ փարոսով,
Բայց երբ գտա, տեսա՝ սուտ է:
Թափառական-Ի՞նչ ես ասում, ճիշտ փարոս է:
Ճամփորդ-Ո՛չ, ի՛մ եղբայր, գոմի լույս է,
Հովիվներ են այնտեղ ապրում,
Ոչխարներ են արածեցնում:
Թափառական-Բա ինչո՞ւ է գիշեր-ցերեկ
Հովովների լույսը վառվում:
Ճամփորդ-Է՜հ, հարուստ են, չեն խնայում,
Թե չես ուզում, մի հավատա,
Որ համոզվես, վեր կաց, գնա:
Բայց իզուր ես ճամփա գնում,
Տրեխներդ իզուր մաշում:
Թափառական-Բա ի՞նչ անեմ, ի՛մ բարեկամ,
Առանց փարոս ես ո՞ւր գնամ,
Կյանքը սուտ է դառնում ահա:
Ճամփորդ-Դե՛ այդ դեպքում լսիր հիմա,
Քեզ ցույց կտամ մի ճիշտ ճամփա,
Խորհուրդ կտամ՝ այսպես գնա,
Կհանդիպես մի մեծ քարի,
Հենց այդտեղից դու ձախ շրջվի
Ու այդ ճամփան քեզ կտանի
Դեպի փարոս, լույսը կյանքի:
Թափառական-Ապրե՛ս, ապրե՛ս, բարի՛ ընկեր,
Կարծում եմ, թե ճիշտ են խոսքեր:
Դե՜ ի՞նչ ասեմ, շնորհակալ եմ,
Արդեն ուշ է, ճամփա ընկնեմ:
Ճամփորդ-Բարո՜վ գնաս:
Թափառական-Բարո՜վ մնաս:
Ճամփորդ-Հանկարծ ճամփան չմոռանա՜ս:
Թափառական-Լավ էր՝ տեսա ես էդ մարդուն,
Ճամփա գցեց դեպի իմ տուն,
Էն ո՞նց ասաց, հիշեմ հիմա...
Ասաց, եղբա՛յր, այսպես գնա,
Կհանդիպես մի մեծ քարի,
Էս էլ քարն է, չէ՛, չի խաբի,
Հետո ասավ,
Հենց այդտեղից դու ձախ շրջվի,
Հա՛, էս ճամփան
Փարոսի մոտ ինձ կտանի:
Վա՜յ, էս ի՞նչ էր, մոլորվեցի,
Փարոս ճամփան ես կորցեցի,
Ո՞վ կա այստեղ, ինձ օգնեցե՜ք,
Այս խոր փոսից վե՜ր հանեցեք:
Հիմար եմ ես ու անհաստատ,
Ո՞նց թողեցի ճամփան հստակ,
Գուցե մեկը լսի ձայնս,
Վա՜յ, օգնեցե՜ք, ցավեց ոտքս:
Օգնող-Ո՞վ կա այստեղ, ո՞վ ես, ճամփո՛րդ:
Թափառական-Մոլորված եմ, ցեխոտ, մրոտ,
Գուցե օգնե՞ս, փոսից հանե՞ս:
Օգնող-Սխալ քայլդ հասկացե՞լ ես,
Դե՛ ձեռքդ տուր ու դուրս արի:
Թափառական-Դո՛ւ իմ ընկեր՝ խելոք, բարի,
Շնորհակալ եմ, պարտավոր եմ
Քեզ մի նվեր հատուցանեմ:
Օգնող-Ո՛չ, չեմ ուզում, այդ քեզ պահիր,
Հիմա ճիշտ խոսքս դու լսիր,
Փարոս ճամփան վերադարձի,
Քեզ իմաստուն էլ մի կարծի,
Ուղիղ փարոսին դու նայիր,
Ոչ մի մարդու մի հետևիր՝
Շտապելով այնտեղ հասիր,
Դուռը բացիր ու ներս մտիր:
Առջևումդ դու կտեսնես
Մի նեղ ճամփա, որով կանցնես,
Ճամփի վերջում ինձ կտեսնես,
Այն ժամ կասեմ, թե ինչ անես:
Թափառական-Մեղավոր եմ, բայց փարոսին պիտի հասնեմ,
Ի՜նչ տանջանք էլ որ պատահի,
Փարո՛ս, ահա՛ քեզ եմ գալի....

Վերջ

Հեղինակ՝ Արտակ Շահնազարյան
Հավաքեց՝ Սյուզի Ազոյանը
Սրբագրեց՝  Նինա Այվազյանը
Категория: Սցենարներ | Добавил: Admin
Просмотров: 2094 | Загрузок: 643 | Рейтинг: 5.0/5
Всего комментариев: 0
avatar