Главная » Файлы » Սցենարներ

Չներող ծառան
[ Скачать с сервера (18.3Kb) ] 12.05.2013, 01:18
Չներող ծառան
Մատթեոսի 18:21-35
(Թագավորը կանչում է իր օգնականին):
Թագավոր-Ուրիա՜:
Ուրիա-Լսո՛ւմ եմ, Տե՛ր:
Թագավոր-Կանչի՛ր իմ պարտականներին և առանձին-առանձին վերցրու պարտքերը:
Ուրիա-Այո՛, Տե՛ր:(Բացելով պարտամուրհակը՝ կանչում է): Ամիսա՜դ:
Ամիսադ-(Ներս մտնելով խոնարհվում է): Ո՛վ թագավոր, ահա՛ քո ծառան:
Թագավոր-Որքա՞ն պարտք ունես:
Ամիսադ-Վաթսուն տաղանդ, Տե՛ր իմ:
Թագավոր-Վճարի՛ր պարտքդ:
(Ամիսադը վճարում է և խոնարհվելով դուրս է գալիս պալատից):
Ուրիա-(Կանչում է հաջորդին): Եղիսա՜մ:
Եղիսամ-(Ներս մտնելով խոնարհվում է): Ո՛վ թագավոր, ահա՛ քո ծառան:
Թագավոր-Եղիսա՞մ, որքա՞ն պարտք ունես:
Եղիսամ-Հինգ հարյուր տաղանդ, Տե՛ր իմ:
Թագավոր-Կարո՞ղ ես վճարել:
Եղիսամ-Այո՛, Տե՛ր իմ: (Հանելով քսակը): Ահա՛ պարտքս, ո՛վ թագավոր: (Վճարում է և խոնարհվելով դուրս է գալիս պալատից):
Ուրիա-(Կանչում է հաջորդին): Դագուե՜լ:
Դագուել-(Ներս մտնելով խոնարհվում է): Ո՛վ թագավոր, ահա՛ քո ծառան:
Թագավոր-Որքա՞ն պարտք ունես:
Դագուել-Տասը հազար տաղանդ, Տե՛ր իմ:
Թագավոր-Վճարի՛ր պարտքդ:
Դագուել-Ո՛վ թագավոր, ծառադ աղքատ է, չեմ կարող:
Թագավոր-Այդ դեպքում գնա վաճառիր քեզ, կնոջդ, որդիներիդ ու քո ամբողջ ունեցվածքդ և վճարիր պարտքդ:
Դագուել-(Ընկնելով թագավորի առաջ): Ո՛վ բարի թագավոր, թող քո հոգին չբարկանա ծառայիդ վրա: Աղաչո՛ւմ եմ, համբերի՛ր ինձ և իմ ամբողջ պարտքը կվճարեմ:
Թագավոր-(Խղճալով Դագուելին): Լա՛վ, Դագուե՛լ, ես քեզ ազատ եմ արձակում: Եվ քո աղերսանքիդ համար խղճում եմ քեզ ու շնորհում եմ պարտքդ: Գնա՛:
Դագուել-(Համբուրելով թագավորի ոտքերը): Ամեն պատիվ և փառք լինի քեզ, մե՛ծ թագավոր:
(Թագավորի պահապանները պալատից հանում են Դագուելին: Պալատից հեռանալիս Դագուելը ճանապարհին հանդիպում է Գերսոնին, որն իրեն հարյուր դահեկան պարտք ուներ):
Դագուել-Գերսո՞ն, ահա որքա՞ն ժամանակ է..., չե՞ս կարող վճարել պարտքդ: Տո՛ւր իմ հարյուր դահեկանս, վճարի՛ր ունեցած պարտքդ:
Գերսոն-(Ընկնելով Դագուելի առաջ): Տե՛ր իմ, թող քո հոգին չբարկանա ծառայիդ վրա: Աղաչո՛ւմ եմ, խղճա՛ ինձ և համբերիր մինչև ամբողջ պարտքս վճարեմ:
Դագուել-(Բարկանալով և բռնելով Գերսոնի հագուստից): Ո՛չ, գնա՛ և ծախիր կնոջդ, որդիներիդ և պարտքդ վճարիր: (Հրամայելով իր ենթականերին): Տարե՛ք սրան և բանտ դրեք մինչև ամբողջ պարտքը վճարի:
Գերսոն-(Դագուելի ենթակաները տանում են Գերսոնին): Աղաչո՛ւմ եմ, խղճա՛ ինձ, բարի՛ Դագուել:
(Թագավորի ծառաներից երկուսը տեսնում են Դագուելի արարքը և որոշում են պատմել թագավորին):
Ծառաներ-(Մտնելով թագավորի պալատ):
1.Ո՛վ թագավոր, համբերությամբ լսիր ծառաներիդ մինչև խոսենք ականջներիդ: 2.Մենք գիտենք, որ դու բարի ես և երկայնամիտ: 1.Քո թագավորության մեջ ոչ մեկս պակաս չենք և բոլորիս օգնել ես անաչառ: 2.Բայց այն ծառային, որ շնորհեցիր պարտքը, բռնեց իր ծառայակցին, որ հարյուր դահեկան պարտք ուներ: 1.Եվ բանտ դրեց մինչև պարտքը վճարի:
Թագավոր-(Մտածելուց հետո): Շատ լավ, ազա՛տ եք: (Ծառաները դուրս են գալիս): Կանչե՛ք Դագուելին:
Ուրիա-Կանչե՛ք Դագուելին:
Դագուել-(Ներս մտնելով խոնարհվում է): Ո՛վ թագավոր, ահա՛ քո ծառան:
Թագավոր-(Ոտքի կանգնելով): Չա՛ր ծառա, այն ամբողջ պարտքը ես քեզ շնորհեցի ինձ աղաչելուդ համար: Ուրեմն պե՞տք չէր, որ դու էլ քո ծառայակցիդ ողորմեիր, ինչպես ես քեզ ողորմեցի: (Եվ չթողնելով խոսի Դագուելը՝ հրամայում է): Բռնե՛ք սրան և դահիճներին տարեք մինչև ամբողջ պարտքը վճարի:
Դագուել-(Թագավորի պահապանները պալատից հանում են Դագուելին): Ամեն պատիվ և փառք լինի քեզ, մե՛ծ թագավոր: Ամեն պատիվ և փառք լինի քեզ, մե՛ծ թագավոր:
Թագավոր-(Շրջվելով դեպի հանդիսատեսին՝ ասում է): Այսպես պիտի անի ձեզ իմ երկնավոր Հայրս, եթե ձեր սրտերից չներեք ձեր եղբոր հանցանքները:

Վերջ

Արտակ Շահնազարյան
Հավաքեց՝ Սյուզի Ազոյանը
Սրբագրեց՝  Նինա Այվազյանը

Категория: Սցենարներ | Добавил: Admin
Просмотров: 2012 | Загрузок: 620 | Рейтинг: 4.9/7
Всего комментариев: 0
avatar