Главная » Файлы » Սցենարներ

Անտառային Ամանոր
[ Скачать с сервера (25.9Kb) ] 11.05.2013, 22:52
Անտառային Ամանոր

(Տոնածառը բեմ է մտնում երգելով և պտտվելով «Տեսեք սիրուն ծննդյան ծառ» երգի երաժշտության տակ):
1.Նոր տարի է ամենուրեք, մարդիկ ուրախանում են,
   Մեր անտառը շատ գեղեցիկ, տոն է նշում ջերմորեն:
2.Կենդանիներն իրենց համար տոնածառ են զարդարում
   Եվ շուրջբոլորը պարելով՝ Նոր տարին դիմավորում:
3.Ձյունն է նստել այս անտառում, ոչ մի հետք չի երևում,
   Միայն ես եմ այստեղ կանգնել, Նոր տարվա երգ եմ երգում:
(Առանց երգելու):Օ՜, գեղեցի՜կ Նոր տարի, բայց ո՞վ պետք է ինձ զարդարի:
(Երգը վերջացնելով՝ կանգնում է անշարժ: Ներս է մտնում արջը երգելով «Երբ դու մենակ ես, ինչու....» երգի երաժշտության տակ):
   Ես այս անտառում ման եմ գալիս, -ինչու՞,- չէ որ մենակ եմ,
   Երբ տոնածառ գտնեմ պիտի զարդարեմ, -ինչու՞,- այդպես եմ ուզում,
   Հիմա Նոր տարին կգա, տխուր կմնամ, -ինչու՞,- տոնածառ չունեմ,
   Ես մենակ տխրում եմ, պարապ մնում եմ, -ինչու՞,- չգիտեմ ինչու:
(Տեսնելով տոնածառը):
Արջ - Վա՜խ, տոնածառ՝ տխուր, անճար,
Դու կանգնած ես հենց ինձ համա՞ր:
Ծառ - Չէ՛, ուղղակի սպասում եմ,
Թե ով պետք է ինձ զարդարի:
Արջ - Օ՜, այդ դեպքում կզարդարեմ,
Խաղալիքներ գնամ առնեմ:
Ծառ - Չէ՛, ա՛րջ եղբայր, մի՛ չարչարվի,
Իզուր շատ մեծ ծախս մի անի,
Առանց դրա այս Նոր տարին դիմավորի:
Արջ - Ի՞նչ ես ասում, ես չեմ ուզում,
Որ Նոր տարուն լինես անգույն,
Գնամ բերեմ քեզ զարդարեմ:
(Գալիս է նապաստակը):
Նապաստակ - Արջո՛ւկ, ա՛յ արջ, ո՞ւր ես վազում,
Ինձ չես տանի՞:
Արջ - Չէ՛, դու այստեղ ինձ սպասիր,
Տոնածառին պահակ եղիր,
Իսկ ես վազեմ, խաղալիքներ առնեմ բերեմ:
Նապաստակ - Դե լավ, գնա, ես կսպասեմ:
(Արջը գնում է, նապաստակը սկսում է երգել «Օ՜ երկուշաբթի գանգատ» երգի տակ):
1.Ամեն մի Ամանորին տոնածառ եմ սարքում,
   Խաղալիքներ եմ կախում, պարում, ուրախանում,
   Գեղեցիկ փաթիլները իջնում են երկնքից,
   Զարդարում շուրջբոլորը, փայլփլում արևից:
   Օ՜ ...(Երգը խանգարելով՝ ներս է մտնում գայլը ու երգում):
Գայլ - 2.Ես գայլն եմ և գալիս եմ, նապաստա՛կ, քեզ բռնեմ,
            Իմ այս սոված փորին քեզ ախորժակով ուտեմ:
Նապաստակ-Գա՛յլ եղբայր, ի՞նչ ես ասում, Նոր տարին է գալիս,
                  Խնդրո՛ւմ եմ, թող ես ապրեմ, տոնածառ զարդարեմ:
(Միանգամից դադարում են երգել):
Գայլ - Ի՞նչ ես երգում, փմփլիկ-թմբլի՛կ,
Չե՞ս վախենում ինձնից, փոքրի՛կ:
Նապաստակ - Դե, ի՞նչ ասեմ, չեմ վախենում,
Որովհետև մենք իրար հետ լավ ենք ապրում:
Գայլ - Ա՛յ, խելացի բալիկ ես դու,
Հետո ի՞նչ ես դու անելու:
Նապաստակ - Հետո, եսիմ, սպասում եմ եղբայր արջին:
Գայլ - Ինչո՞ւ համար:
Նապաստակ - Որ զարդարենք ծառը անմար:
Գայլո՛ւկ, ա՛յ գայլ, չե՞ս սպասի,
Այս ծառի մոտ դու չե՞ս նստի,
Մինչև գնամ, արջին բերեմ:
Գայլ - Իսկ ո՞ւր է նա:
Նապաստակ - Գնաց խանութ՝ խաղալիքներ առնի ու գա:
Գայլ - Դե՛, կսպասեմ, միայն թե շուտ գնաս ու գաս:
Նապաստակ - Հա՛, միայն թե ծառին նայիր՝ չգողանան:
(Նապաստակը գնում է, իսկ գայլը նստելով խոսում է):
Գայլ - Օ՜ֆ, դե նստի, սպասի այնքան,
Մինչև թմբլիկն ու արջը գան:
Գոնե մեկը լիներ խոսեմ:
Ծառ - Ի՞նչ ես ուզում, ասա՛ տեսնեմ,
Ես կխոսեմ, միայն օգնես ինձ՝ զարդարեմ:
Գայլ - Օգնե՞մ ես քեզ, այդ էր պակաս,
Հետո ծիծաղե՞ս իմ վրաս:
Չէ՛, չե՛մ օգնի:(Մի փոքր մտածում է, դադար):
Էս ի՞նչ եղան է՜, ուշացա՛ն,
Մի զարդ առնել չկարեցան,
Ես լինեի, շուտ կառնեի ու կգայի:
Արջը մինչև թմփթմփալով գնա ու գա,
Կքրտնի ու ջուր կդառնա:
(Մի քիչ սպասելով):
Ա՛յ մարդ, էսպես գործ չի լինի,
Անկազմակերպ ա՛յ Նոր տարի,
Կանչեմ բոլոր գազաններին,
Կազմակերպենք այս Նոր տարին:
Ոզնի՜ պապի, ոզնի՜ պապի:
Ոզնի - Հը՜:
Գայլ - Դո՛ւրս արի, տեսնեմ՝ ինչ ես ուզում անես այս Նոր տարի:
Ոզնի - (Գալիս է):Վա՜յ, գայլո՛ւկ ջան, գալդ բարի,
Էս ո՞ւր էիր այսքան տարի:
Գայլ - Հեչ, ոչ մի տեղ, էստեղ էի,
Մոռացե՞լ ես, պապի՛կ ոզնի:
Ոզնի - Հա՛, երևի մոռացել եմ,
Է՜, գայլո՛ւկ ջան, ծերացել եմ,
Էլ չեմ տեսնում, լավ չեմ լսում
Ու ահավոր քիչ եմ ուտում:
Դե՛, դու ասա տեսնեմ ինչու՞ ինձ կանչեցիր:
Գայլ - Դե... ասում եմ... տեսնո՞ւմ ես դու այս եղևնին:
Ոզնի - Հա՛, տեսնում եմ:
Գայլ - Պիտի շինենք Ամանորին:
Ոզնի - Հենց երկուսո՞վ:
Գայլ - Չէ՛, անտառի գազաններով:
Ոզնի - Հա՛, էդ դեպքում հիմա գնամ,
Մի փոքր պարկ սունկ առնեմ, գամ:
Գայլ - Ոզնի՛ պապի, ալեհեր ես,
Լավ կլինի այստեղ նստես,
Քո փոխարեն կվազեմ ես:
Մենակ դու լավ նայի ծառին,
Չտխրի կանաչ եղևնին:
(Գայլը գնում է:Ոզնին մի քիչ սպասելուց հետո խոսում է):
Ոզնի - Էլ բան ու գործ ես չունեի,
Բանկաներս կփակեի,
Սոկոններս լավ կեփեի
Ու մուրաբա կսարքեի:
Ի՞նչ գործ ունես, ծերո՛ւկ ոզնի,
Խելքն ես ընկել ջահելների:
Ծեր ոզնի ես տունդ նստի
Ու գործերովդ զբաղվի:
(Սպասում է):
Չէ՛, երևի գնամ ես տուն,
Բա ինձ պետք է ծառ զարդարեմ այս Նոր տարուն:
(Ոզնին ուզում է դուրս գալ բեմից, գալիս է աղվեսը):
Աղվես - Ոզնի՛ պապի, ո՞ւր ես գնում գլուխդ կոր,
Հո հիվա՞նդ չես կամ բարկացած,
Էդ ո՞ւմից ես դու նեղացած:
Ոզնի - Է՜, ոչ մեկից, աղվե՛ս բալա,
Սրանց նայի դու մի հալա,
Ես ծեր ոզնի, տարիքս՝ մեծ,
Ասում են՝ այս ծառին հսկի:
Աղվես - Ո՞վ է ասել, չե՞ն ամաչում,
Պապիկի՞ն են գործի դնում....
Է՜, չլսված բան ես ասում, չեմ հավատում:
Ոզնի - Վա՜յ, աղվե՛ս ջան, բա կխաբե՞մ,
Իմ մեծ հալով սուտ կխոսե՞մ,
Գայլուկն ասավ. «Այստեղ նստի՝
Կանաչ եղևնին չտխրի»:
Աղվես - Ինքն ո՞ւր գնաց:
Ոզնի - Գնաց խաղալիքներ բերի:
Աղվես - Ը՜հը, պապի՛, այ էդ դեպքում
Ես կսպասեմ, դու գնա տուն.
Ծեր ոզնի ես, գործ կունենաս
Կամ էլ մի լավ կդինջանաս:
Գայլը կգա, իրեն կասեմ,
Տոնածառը կզարդարեմ:
Ոզնի - Որ էդպես է, ես գնացի,
Մենակ գայլին դու սպասի:
Աղվես - Հա՛, դու գնա ու էս հարցում հանգիստ մնա:
(Ոզնին գնում է, աղվեսը, այս ու այն կողմ նայելով, խոսում է):
Էս ի՜նչ լավ էր, ես խաբեցի,
Ոզնի պապին ուղարկեցի:
Կուզիկ-կուզիկ թող գնա տուն,
Ի՞նչ գործ ունի այս բացատում:
Տատի՜կ, տատի՜կ, ո՞ւր ես, արի՛,
Տոնածառը տանենք, վառի:
(Գալիս է տատիկը ցախավելով):
Տատիկ - Ը՜հը, ապրե՛ս, բարի՛ աղվես,
Տոնածառը ինձ, իսկ սա քեզ:
Աղվես - Ապրե՛ս, թե որ էլի պետք գամ, ինձ կկանչես:
(Աղվեսը, վերցնելով իր բաժինը, կորչում է):
Տատիկ - Ու հա՜-հա՜-հա՜, ու հա՜-հա՜-հա՜, էս ինչ լավ ա,
Այս Նոր տարին գազանների
Կանցնի առանց տոնածառի,
Ո՜ւ, եղևնի՛, արի՛ տանեմ,
Ու հա՜-հա՜-հա՜, փռում վառեմ,
Հաց, կարկանդակ, բուլկի թխեմ,
Բալիկներս անուշ ուտեն:
(Տատն սկսում է ցախավելով քշել ծառին և պտտվել շուրջը):
Ծառ - Վա՜յ, օգնեցե՜ք տատն ինձ տարավ դեպի հարավ:
(Բեմը ազատվում է:Գալիս են արջն ու նապաստակը՝ խաղալիքները ձեռքին):
Արջ - Ա՛յ նապաստակ, ո՞ւմ ես թողել տոնածառը,
Որ եկել ես իմ ետևից:
Նապաստակ - Գայլուկին եմ ես վստահել
Ու քո ետևից եմ եկել,
Որ Նոր տարվա խաղալիքներն
Առնենք ու գանք:
Արջ - Վա՜յ, իսկ ո՞ւր է տոնածառը,
Գողացել է այդ գայլուկը:
Նապաստակ - Ի՞նչ ես ասում, արջո՛ւկ եղբայր,
Նա այդպիսի բան չի անի:
Արջ - Մի քիչ նստեմ, ես հոգնեցի:
Նապաստակ - Բայց, ա՛յ քեզ բան, գայլն ո՞ւր գնաց,
Ընկերությունն էլ ո՞ւր մնաց: Չեմ հասկանում...
(Գայլը գալիս է, նապաստակը տեսնելով հարցնում է):
Ա՛յ գայլ, ո՞ւր ես դու գնացել,
Տոնածառը ո՞ւմ ես թողել:
Գայլ - Տոնածա՞ռը, պապ ոզնիին,
Ոզնի պապը էս ո՞ւր կորավ,
Տոնածառը էս ո՞ւր տարավ:
Արջ - Գա՛յլ, հենց հիմա դու գնա բեր,
Թե չէ պատիժ կստանաս դեռ:
Գայլ - Բայց որտեղի՞ց ես ծառ ճարեմ,
Այս անտառում ի՞նչ ծառ հանեմ:
Դու չգիտե՞ս, որ եղևնին
Միայն հեռու տեղ է աճում:
Արջ - Իսկ ինձ դա չի վերաբերվում,
Հիմա գնա՛, իմ ծառը բեր:
(Կանչում է ոզնուն):
Գայլ - Ոզնի՛ պապի, ոզնի՛ պապի,
Ո՞ւր ես, ո՞ւր ես, մի դուրս արի:
Ոզնի - Ի՞նչ է, գայլո՛ւկ, դե հանգիստ թող,
Գործեր ունեմ, պիտի անեմ:
Վա՜յ, ա՛րջ եղբայր, ի՞նչ ես տխուր նստել քարին,
Չես զարդարում տոնածառին:
Արջ - Ոզնի՛, ասա՛, տոնածառը ո՞ւմ ես թողել:
Ոզնի - Աղվեսի մոտ...
Գայլ - Վա՜յ, աղվեսի՞, ինչու՞ համար,
Չգիտե՞ս, որ նա կխաբի քեզ, ա՛յ հիմար:
Արջ - Գնա՛, ոզնի՛, գործեր ունես, գնա՛, արա:
(Ոզնին գնում է):
Նապաստակ - Հետո, արջո՛ւկ, ի՞նչ ես խորհում:
Արջ - Ծրագիր ունեմ իմ մտքում,
Բայց մինչև էդ ասեմ, լսե՛ք,
Գող աղվեսը ծրագիր ուներ տատի հետ:
Նապաստակ - Ուրեմն ի՞նչ, տա՞տն է տարել,
Տարել է ու հիմա վառե՞լ:
Գայլ - Չէ՛, մենք պիտի օգնենք ծառին,
Մեղավոր եմ,
Իմ մեղքով է տատը տարել տոնածառին:
Արջ - Դե՛ գնացինք:
(Գնում են անտառով և հանկարծ անտառի խորքում տեսնում են տատին):
Արջ - Ը՜հը, տատը, տոնածառն էլ իրեն կողքին:
Լսի՛ր, գայլո՛ւկ, ես աջ կողմից, դու ձախ կողմից,
Նապաստա՛կ, դու մեր ետևից
Բռնենք տատին, կապենք, տանենք տոնածառին:
(Տատին կապում են և դուրս են անում բեմից, իսկ կենդանիները, միասին տոնածառը զարդարելով, սկսում են երգել):
Բոլորով - Տեսեք սիրուն ծննդյան ծառ,
               Տեսեք կփայլի ինչ պայծառ,
               Օ՜, ի՜նչ գիշեր պանծալի,
               Տոնածառը զարդարի:
                          Այս անտառում մեզ բոլորիս
                          Ուրախություն ես տալիս,
                          Կենդանիներն այս անտառի
                          Տոն են նշում՝ Նոր տարի:
               Մենք պատժեցինք չար տատիկին
               Եվ նշեցինք Նոր տարին,
               Մենք բոլորով՝ մանուկներով,
               Շատ ենք սիրում Հիսուսին:
Գայլ - Ոզնի՛ եղբայր, արի՛, արի՛,
Շուտով գալիս է Նոր տարի:
(Ոզնին գալիս է, բոլորով ուրախանում են և սկսում են երգել Նոր տարվա մասին ցանկացած երգ:)
(Ընդհանուր դերասանները 7 հոգի են:Տոնածառ, Արջ, Նապաստակ, Գայլ, Ոզնի, Աղվես, Տատիկ:)

Վերջ
Հեղինակ՝ Արտակ Շահնազարյան
Հավաքեց՝ Սյուզի Ազոյանը
Սրբագրեց՝  Նինա Այվազյանը

Категория: Սցենարներ | Добавил: Admin
Просмотров: 3693 | Загрузок: 813 | Рейтинг: 4.8/5
Всего комментариев: 0
avatar