Главная » Файлы » Սցենարներ

Անգութների թաղամասում կամ Խղճուկ Անտերյանը
[ Скачать с сервера (22.6Kb) ] 09.05.2013, 12:36
Անգութների թաղամասում կամ
Խղճուկ Անտերյանը


(Խղճուկը, մտնելով Անգութների թաղամաս, սկսում է ինքն իրեն խոսել)։
Խղճուկ - Օ՜, այս ի՜նչ գեղեցիկ տուն է։ Կյանքիս մեջ երբեք այսպիսի շքեղ տուն չեմ տեսել։ Երևի թե այստեղ ինչ-որ մի բան կգտնեմ ուտելու։ Տեսնես այս ի՞նչ թաղամաս է, և ովքե՞ր են ապրում այստեղ։ (Կմկմալով կարդում է ցուցատախտակը)։ «Անգութների թաղամաս»։ Անգութների թաղամա՞ս։ Ի՞նչ է նշանակում այս անունը՝ Անգութներ։ Ինչ-որ վատ բան է նշանակում։ Բայց այսքան գեղեցիկ տո՞ւն, զարմանալի է, ինչո՞վ են կառուցել։ Երևի այս տան բնակիչները բարի կլինեն։ (Մոտենալով թակում է դուռը)։
Անհաշտ Կռվարարյան - Ո՞վ է։ (Բարի ձայնով ներսից պատասխանում է)։
Խղճուկ - Ես եմ, Խղճուկը։
Անհաշտ Կռվարարյան - Ի՞նչ, Խղճո՞ւկ։ (Ծիծաղում է)։ Սպասիր, հիմա գալիս եմ։ (Բացում է դուռը և սկսում է քրքջալ)։ Օ՜, հա՜-հա՜-հա՜ դո՞ւ ես Խղճուկը։
Խղճուկ - Այո՛, տիկին, ես Խղճուկ Անտերյանն եմ։
Անհաշտ Կռվարարյան - Օ՜, երբեք չէի լսել այսպիսի ամոթ անուն։ Դու որտեղի՞ց ես եկել։
Խղճուկ - Ես թափառական եմ և չունեմ ծնողներ։ Ձեր անունն ի՞նչ է, տիկին։
Անհաշտ Կռվարարյան - Անհաշտ Կռվարարյանն եմ։ Իսկ որտե՞ղ են քո ծնողները։
Խղճուկ - Տիկին Անհաշտ, իմ հայրս՝ Անխիղճ Անտերյանը, թողել է մեզ և գնացել հեռու երկիր։ Իսկ մայրս՝ Անգին Անբախտյանը, մահացել է հորս դաժան ծեծից։ (Լացելով։ Լացում է նաև Անհաշտը)։ Հիմա ես մենակ եմ և թափառում եմ սոված, մոլորված ու ոչ ոք ինձ մի կտոր հաց չի տալիս։ Գուցե դո՞ւք ինձ օգնեք, տիկին Անհաշտ։
Անհաշտ Կռվարարյան - (Բղավելով) Օ՜, ոչ, ինչպես չեմ կարողանում հաշտվել այսպիսի խղճուկների հետ։ Մի՞թե հացը կարելի է ուզել։ Ոչ, տղա՛, հացը չեն ուզում, այլ աշխատում են։
Խղճուկ - Տիկին Անհաշտ, ախր ես մանուկ եմ ու ոչինչ անել չգիտեմ։
Անհաշտ Կռվարարյան - Ինձ դա չի հետաքրքրում, թող քո ծնողները մտածեն քո մասին։
(Ասելով տուն է մտնում։ Իսկ Խղճուկը շարունակում է քայլել Անգութների թաղամասով՝ մոտենալով
մեկ ուրիշ տան)։
Խղճուկ - Ոչինչ, այս անգամ էլ փորձեմ, գուցե հասկանան ինձ։
(Ուզում է թակել, տեսնում է դռան վրա փակցրած ցուցատախտակը)։ Այս ի՞նչ ցուցատախտակ է։
(Ավելի մոտենալով՝ կարդում է). «Չմոտենա՛լ, չթակել, չխնդրե՛լ։ Խնդրանք՝ Չտվող Չկամեցողյանից»։ (Զարմանում է)։ Վա՜յ, այսի՞նչ մարդիկ են, չե՞ն մտածում ինձ պես խղճուկների համար։ Կարծես անգութներ լինեն։ (Հիշում է թաղամասի անունը)։ Անգութնե՞ր, այո՛, հենց սա էլ այս թաղամասի անունն է, իսկ ես կարծում էի, թե բարի մարդիկ են ապրում այստեղ։
(Այդ պահին Խղճուկին մոտենում են հինգ երեխա)։
Տհասիկ - Նայեք, նայե՛ք, այս ի՞նչ քոթոթ է։
Խեղկատակ - Ո՛չ, քոթոթ չէ, վախվորած նապաստակ է։
Դժգոհիկ - Կարծես էքսկուրսիա եկած լինի։
Քաջիկ - Մի՛ վախեցիր, կոշտու՛կ ջան։
Անգետիկ - Ի՞նչ եք հարձակվել փոքրիկի վրա։ Եկե՛ք, ծանոթանանք մեր թաղամասի հյուրի հետ։ Ես Անգետիկն եմ՝ քո ընկերը։
Տհասիկ - Ես էլ Տհասիկն եմ՝ քո բարեկամը։
Խեղկատակ - Քո քույր Խեղկատակն եմ։
Դժգոհիկ - Ես էլ Դժգոհիկն եմ այս թաղամասի։
Քաջիկ - Քաջիկ Անվախյան՝ խմբի ղեկավար։
Բոլորով - Մեր նշանաբանն է։ (Ձեռքերն իրար վրա դնելով). «Ամեն ինչ մեզ համար»։
Խղճուկ - Ես էլ Խղճուկ Անտերյանն եմ՝ թափառական մի մանուկ։
Անգետիկ - Ի՞նչ է նշանակում թափառական հը՞, Տհասիկ։
Տհասիկ - Չգիտե՛մ, Անգետիկ ջան։ Դժգոհիկ, ի՞նչ է նշանակում թափառական։
Դժգոհիկ - Ո՜ւֆ, դե թող խոսա, էլի՜։ Մի խանգարեք։
Խղճուկ - (Շարունակելով) Շատ ուրախ եմ, որ ձեր նման ընկերներ ունեմ, որ կարող եք օգնել ինձ։ Մենակ եմ մնացել, կյանքս տխուր է անցնում, այս աշխարհը շատ դառն է ինձ համար։ Չեմ ուզում ապրել, որովհետև պետք չեմ ոչ մեկին։ (Լացում է)։
Քաջիկ - Ո՞վ է քեզ նեղացրել, հը՞, ասա՝ գնամ ծեծեմ ու գամ։
Խղճուկ - Ոչ ոք էլ չի նեղացրել ինձ։ Միայն չեմ կարող հասկանալ, թե ինչի համար եմ ապրում։ Խեղկատակ - Խղճու՛կ, ծնողներ ունե՞ս։
Խղճուկ - Ոչ, հայրս թողել է մեզ, իսկ մայրս մահացել է վաղուց։
Դժգոհիկ - Ի՜նչ անգութ է եղել քո հայրը, որ թողել է քեզ։
Տհասիկ - Հիմա ինչո՞վ կարող ենք օգնել քեզ։
Խղճուկ - Եթե հնարավոր է, մի փոքր կտոր հաց տվեք ինձ, սոված եմ։
Տհասիկ - Չեմ հասկանում՝ ինչպես կարելի է հաց ուզել։
Խեղկատակ - Ինչո՞ւ չես հասկանում Տհասի՛կ ջան, երեխան սոված է, ուտել է ուզում։
Դժգոհիկ - Ո՞նց թե ուտել է ուզում։ Դժգոհու՜մ եմ, դժգոհու՜մ այս աշխարհից։ Ինչո՞ւ են այսպիսի խղճուկներին պահում աշխարհում։
Քաջիկ - Դժգոհի՚կ, հանգստացի՛ր։ Ո՞վ նեղացրեց քեզ, Խղճո՞ւկը։ Ուզո՞ւմ ես՝ մի լավ ծեծեմ։
Անգետիկ - Քաջիկ, չհամարձակվե՛ս։ Թողե՛ք այդ Խղճուկին, եկե՛ք գնանք։
Տհասիկ - Իսկ քո հացի համար թող քո ծնողները մտածեն։
Խեղկատակ - Ա՜խր, Խղճուկը ծնողներ չունի, Տհասիկ։
(Բոլորով ծիծաղում են և խփելով հեռանում։ Խղճուկը լացում է և նստում ճանապարհին։ Մոտենում է Հավատարմուհին)։
Հավատարմուհի - Ինչո՞ւ ես տխուր, փոքրի՛կ։ Ի՞նչ է պատահել։ Լացու՞մ ես։
Խղճուկ - Ո՛չ, թո՛ղ ինձ, ինձ ոչ ոք պետք չէ։
Հավատարմուհի - Սպասի՚ր, եղբա՛յր, պատմի՛ր ինձ՝ ո՞վ ես, որտեղի՞ց ես գալիս, գուցե օգնե՞մ։
Խղճուկ - Շատերին խնդրեցի, բայց չուզեցին օգնել ինձ և հասկացա, որ ավելորդ եմ այս աշխարհում։ (Նայելով Հավատարմուհուն)։ Իսկ դու ո՞վ ես և որտեղի՞ց եկար։
Հավատարմուհի - Ես Հավատարմուհին եմ Բարեգործ թաղամասից։
Խղճուկ - Բարեգործ թաղամասի՞ց։ Հետաքրքիր թաղամասեր կան այստեղ՝ Անգութների՜, Դաժանների՜։ Իսկ ովքե՞ր են ապրում Բարեգործ թաղամասում։
Հավատարմուհի - Բարի մարդիկ են ապրում այնտեղ, որոնք կատարում են Աստծո կամքը։
Խղճուկ - Զարմանալի է, իսկ ո՞վ է այդ Աստվածը, կարո՞ղ եմ տեսնել Նրան։ Նա՞ է հրամայում,որ օգնեք խղճուկներին, սովածներին։
Հավատարմուհի - Այո՛, Նա բարեգործ Աստված է, և միայն Նա է բարի այս աշխարհի մեջ։
Խղճուկ - Ինչո՞ւ է օգնում մեզ։ Հարուստ է հա՞, թե՞ ինքն էլ է սոված եղել։
Հավատարմուհի - Ո՛չ, Աստված մարդ չէ, այլ ամենակարող է։ Եվ օգնում է քեզ, որովհետև սիրում է քեզ։ Նա ամենահարուստն է և կլինի քո հարազատ հայրը, եթե ցանկանաս։
Խղճուկ - (Լացելով) Ինձ համար դժվար է հավատալ, Հավատարմուհի՛։ Մի՞թե Նա սիրում է ինձ և ուզում է իմ հա՞յրը լինել։ Ես,,, ես,,, (Խեղդում են արցունքները)։ Հավատարմուհի՛, խնդրում եմ, շուտ ցույց տուր ինձ Աստծուն։ Գնանք հա՞, գնա՞նք Նրա մոտ։ (Գլուխը դնելով Հավատարմուհու ծնկներին՝ աչքերը փակում է)։
Հավատարմուհի - Այո՛, գնանք Նա քեզ է սպասում գրկաբաց ....

Վերջ
Արտակ Շահնազարյան
Категория: Սցենարներ | Добавил: Admin
Просмотров: 1427 | Загрузок: 498 | Рейтинг: 5.0/6
Всего комментариев: 0
avatar