Главная » Файлы » Պատմվածքներ

Կառմիլ քույրիկն ու Կառսիմ եղբայրը / DOC-RAR
[ Скачать с сервера (22.5Kb) ] 16.05.2013, 09:58
Կառմիլ քույրիկն ու Կառսիմ եղբայրը

          Հաճախ փոքրիկներին հարցնում եմ, թե ինչ թռչուն են սիրում:Ոմանք ասում են աղավնի, ոմանք՝ ծիծեռնակ, արագիլ, փայտփորիկ, ոմանք էլ՝ սարյակ:Իսկ մի փոքրիկ աղջնակ ասաց, որ սիրում է ագռավ:Բոլորը ծիծաղեցին աղջկա վրա, որովհետև զարմանում էին, թե ինչպես կարելի է սիրել այդ ածխագույն թռչունին:Ինձ էլ զարմանք պատճառեց և ակամայից հիշեցի ինձ ծանոթ բարի ագռավներին:Այո՛, այո՛, բարի ագռավներին ու եթե չեք հավատում, կպատմեմ ձեզ նրանց կյանքից:
* * *
          Այդ ագռավները քույր ու եղբայր էին. քրոջ անունը Կառմիլ էր, իսկ եղբոր անունը՝ Կառսիմ: Նրանք ապրում էին Հորդանան գետի եզերքում, ուր ջուրը առատ էր, և ծառերը պտղաբեր էին:Նրանց մայրը միշտ քնեցնելիս պատմում էր Աստծո մասին, և Կառմիլն ու Կառսիմը շատ լավ գիտեին, որ Աստված է իրենց կերակրում:Նրանք մանկուց սիրում էին Աստծուն և մեծ ուրախությամբ էին լսում մայր ագռավի բարի պատմությունները:Բայց հիմա արդեն մեծացել էին և կարողանում էին ինքնուրույն ապրել ու վայելել Հորդանան գետի եզերքում գտնվող պտղաբեր ծառերից:Իսկ մայր ագռավը արդեն շուրջ երկու տարի էր, ինչ հրաժեշտ էր տվել իր զավակներին՝ թողնելով նրանց որբ ու անտեր:
-Հիշո՞ւմ ես, Կառսի՛մ, -արցունքոտ աչքերը սրբելով՝ ասաց քույրը, -մայրիկը պատմում էր Աստծո մասին և բացատրում, որ ինքն է մեզ ստեղծել:Ա՜խ, երանի մեր մայրիկը ողջ լիներ...
-Այո՛, հիշո՜ւմ եմ, քո՛ւյրս, -հոգոց արեց Կառսիմը, -մեր մայրը բարի էր և օգնում էր թուլացած ագռավներին:Գիտե՞ս, որ Աստծո հրամանն էր կատարում:
-Ի՞նչ ես ասում, Կառմի՛լ...
-Այո՛, մեր մայրը, օգնելով թույլերին, Աստծո հրամանն էր կատարում:Չե՞ս հիշում, որ միշտ խրատում էր. «Եղե՛ք խելոք, բարի և պարզամիտ, քո հարևան ագռավին չարը մի՛ կամեցիր և գողություն մի՛ արա նրա ունեցվածքից»:Այս էլ ասեմ, որ մորս երազանքն էր մեզ բարի ագռավ դարձնելը և ստացվեց:
* * *
          Այսպես լռին ու մթին անտառում՝ գետից ոչ հեռու, երկու ագռավներ, ծառին նստած, զրուցում էին և հիշում իրենց տխուր անցյալը:Հանկարծ մի մեծ ամբոխ հայտնվեց ծառերի ետևից և իրենց աղմուկով խանգարեց անտառի լռությունը:Ամբոխը շարժվում էր առաջ կառքերով, ձիերով, իսկ ետևից քարշ էր գալիս մի մեծ ժողովուրդ՝ ջահերը ձեռքին ու բացականչում.
-Կեցցե՜ Աքաաբ թագավորը:Ո՜վ Իսրայել, ահա գալիս է Ամրիի որդի Աքաաբ թագավորը, ծնրադրեցե՜ք...
-Ի՞նչ, Ամրիի որդի Աքաա՞բը, ես ճանաչում եմ նրան, -բացականչեց Կառսիմը և, ծառից թռչելով, մոտեցավ ամբոխին:
          Խառնիճաղանջ ժողովուրդը քայլում էր թագավորի ետևից և իր ողջ ուժով մեծարում էր նրան:Տաս իշխաններ քայլում էին նժույգի վրա հեծած թագավորի առջևից և շաղ էին տալիս արծաթյա դրամներ, իսկ ետևից քարշ եկող ժողովուրդը հավաքում էր այն, համբուրում և երկրպագում որպես իր աստծուն:
          Մի զազրելի տեսարան էր բացվել այդ մթին անտառում, ու երբ անցավ այդ ամբոխը, ետևից թողնելով փոշու քուլաներ, Կառսիմը շնչակտուր ետ եկավ ու նստեց քրոջ՝ Կառմիլի կողքին:
-Ի՞նչ է պատահել, Կառսի՛մ եղբայր, -ասաց քույրը:
-Ինչ պիտի պատահեր, այդ Աքաաբ թագավորը շատ դաժան մարդ է, ես ճանաչում եմ նրան:Տեսնո՞ւմ էիր, թե ինչպես է Իսրայել ժողովրդին ստիպում իր ձիու սմբակներով կոխած դրամները համբուրել ու երկրպագել:Օ՜, Աստված իմ, այս ի՞նչ անօրենություն է տիրում Իսրայելի մեջ:Ու քիչ էր մնում նրա իշխանավորներից մեկը սրով խփեր ինձ, -դժգոհ ու վախվորած ասաց Կառսիմը՝ պատսպարվելով գիշերվա ցրտից:
          Քույր ու եղբայր կուչ էին եկել ծառի բարձր ճյուղերից մեկում և նիրհում էին՝ սպասելով առավոտյան տաք արևին:Անտառը նորից մխրճվեց լռության մեջ և, կարծես դժգոհ լինելով այդ ամբոխից, ցած գլորեց իր վերջին չորացած տերևները:
* * *
          Անցան տարիներ:Իսրայելի Աքաաբ թագավորը Սամարիա քաղաքում իր շինած տան մեջ Բահաղի սեղան կանգնեցրեց և Իսրայելին մեղանչել տվեց:Աքաաբը Աստարովթի կուռք շինեց և իր գործերով Իսրայելի Տեր Աստվածը բարկացրեց:
          Իսկ Հորդանանի եզերքում բնակվող երկու ագռավները շարունակում էին իրենց ապրուստը որոնել արդեն իսկ չորացած անտառում:
-Կառմի՛լ, քո՛ւյրս, -թռչելով դեպի նա՝ բացականչեց Կառսիմը:
-Լսում եմ, եղբա՛յր, խոսի՛ր, -ասաց Կառմիլը և շարունակեց կտցով մաքրել իր փետուրները:
-Ասում են սով պիտի լինի ամբողջ Իսրայելում:
-Ի՞նչ, սո՞վ պիտի լինի, -ասաց Կառմիլը:
-Այո՛, սով պիտի լինի, այն էլ մի քանի տարի, -աչքերը չռած ասաց Կառսիմը:
-Վա՜յ, ի՞նչ պիտի անենք մենք, -լացակումած ասաց Կառմիլը:
-Մի՛ վախեցիր, քո՛ւյրս, Աստված կկերակրի մեզ:Երբևէ հիշո՞ւմ ես, որ սոված թափառեինք:
-Ո՛չ, չեմ հիշում, -մխիթարվելով ասաց քույրը:
-Այ, հիմա էլ սոված չենք մնա, հույսներս Աստված է, ինչպես ստեղծեց մեզ, թող այնպես էլ պահի, -ասաց Կառսիմը և թևերը դնելով գլխի տակ՝ պառկեց ծառի ճյուղին:
          Իսրայելում ահա քանի տարի էր՝ անձրև չէր տեղում, և ողջ մարդիկ սովի էին մատնված Աքաաբի մեղքի պատճառով:Որովհետև նա չպաշտեց Աստծուն, այլ կուռքերի երկրպագեց և ժողովրդին ստիպեց ծնրադրել իր շինած կուռքերին:
* * *
          Սովի տարիներն էին, և ամառային տաք եղանակ էր:Նույնիսկ անտառը չորացել էր և մնացել էր անպտուղ:Կարծես աշուն լիներ անտառում:Ագռավները, տխուր նստած ծառի ճյուղին, անխոս նայում էին ծառից ընկնող չոր տերևներին մինչև նրանց գետին հասնելը: Հանկարծ շարժվեցին չորացած թփուտները, և այնտեղից դուրս պրծավ մի վախվորած մարդ: Ագռավների բմբուլները վախից ցից-ցից կանգնեցին, և նրանք ապշահար սկսեցին նայել այդ վայրի մարդուն:
          Մի նիհարոտ մարդ էր. գլխի մազերն ու մորուքը հասնում էին կրծքին:Հագին երկար մոխրագույն վերարկու էր, որն այնքան էր կեղտոտվել, որ հազիվ էր գույնը նշմարվում:Ձեռքին մի մահակ կար, որով քայլում էր այդ անանցանելի տեղերով:Արագ-արագ անցավ անտառով և չքացավ ագռավների աչքերից:
-Տեսնես այս ո՞վ էր և ումի՞ց էր փախչում, -զարմանքով հարցրեց Կառմիլը:
-Է՜հ, ի՞նչ իմանամ, -վախից ետ գալով՝ ասաց Կառսիմը, -երևի մի խենթուկ էր սոված, հաց էր ման գալիս:
-Կա՜ռ-սի՜մ, -հանկարծ երկնքից մի ձայն լսվեց, ագռավները ցատկեցին և վախից թռան մյուս ծառին, -Կառսի՜մ, մի՛ վախեցիր, -շարունակեց ձայնը:
-Ո՞վ է, ես լսում եմ, -ձայն տվեց Կառսիմը:
-Աստծո հրեշտա՜կն եմ, լսի՛ր ինձ, գնա՛ այդ մարդու ետևից և կերակրիր նրան Աքաաբ թագավորի սեղանից, ահա նա Քերիթ հեղեղատի մոտ պահված է:
-Գնա՜նք, Կառմի՛լ, շուտ արա, -ասաց եղբայրը և շուտ թռան դեպի Քերիթ հեղեղատը:Թռան և գտան այդ մարդուն հեղեղատից ջուր խմելիս:
-Ես ճանաչում եմ այս մարդուն, -ասաց Կառսիմ եղբայրը՝ ավելի մոտից նայելով, -սա Եղիա մարգարեն է:
-Եվ մենք պետք է կերակրե՞նք նրան, -հարցրեց քույր Կառմիլը:
-Այո՜, այո՜, մենք պետք է կերկարենք Աստծո մարգարեին, տես՝ ինչ մե՜ծ պատիվ ունենք:
-Հիմա ի՞նչ ենք անելու, Կառսի՛մ:
-Հիմա գնանք կերակուր բերելու. չէ՞ որ նա սոված է, Կառմի՛լ:
-Իսկ որտեղի՞ց, -զարմացած հարցրեց քույրը, -չէ՞ որ սով է աշխարհում:
-Գնա՜նք և դու կտեսնես, -ասաց Կառսիմը և երկուսով թռան Աքաաբ թագավորի պալատը:
* * *
          Պալատում ամեն առավոտ և երեկո Աքաաբ թագավորը պետք է միս ուտեր:Սովորության համաձայն նրա ծառան միս խորովեց և լցրեց թասի մեջ:Ագռավները մոտեցան և մի մեծ լավ մսի կտոր ու կաթսայի միջից մի կտոր հաց թռցրեցին այնպես, որ ծառան չտեսավ:Եվ այնքան շատ էր թագավորի բաժինը, որ ծառան չէր նկատում մի կտոր մսի անհետանալը:Այդպես ամեն առավոտ ու երեկո ագռավները միս ու հաց էին բերում Եղիայի համար, իսկ Եղիան իր բաժնից մի կտոր տալիս էր ագռավներին:
-Տեսա՞ր, որ Աստված կերակրում է մեզ, -ուրախությունից ասաց Կառսիմ եղբայրը:
-Այն էլ հացով ու մսով, -ծիծաղելով ասաց Կառմիլը:
          Եվ եղավ այնպես, որ ամիսներ հետո Քերիթ հեղեղատի ջուրը չորացավ, որովհետև անձրև չէր գալիս:Եղիան հեռացավ և գնաց Սարեփթա, ու դարձյալ սկսվեցին անձրևները և պտղաբեր տարիները:Իսկ ագռավները Եղիայի գնալուց հետո հեռացան Հորդանանից՝ նոր ընտանիք կազմելով, ու այլևս չիմացա նրանց մասին:Միայն իմ հիշողության մեջ մնաց երկու ագռավների՝ Կառմիլի ու Կառսիմի հնազանդությունը Աստծուն:Ուրեմն՝ օրինակ վերցնենք ագռավներից և մենք էլ հնազանդ լինենք Աստծուն:
Վերջ

Արտակ Շահնազարյան
Категория: Պատմվածքներ | Добавил: Admin
Просмотров: 2216 | Загрузок: 673 | Комментарии: 1 | Рейтинг: 4.7/12
Всего комментариев: 1
avatar
1
indz shat dur ekav qanzi irakanutyun e TER@ ORHNI  dzez shnorhakal em 6
avatar