Главная » Файлы » Պատմվածքներ

Հմուտ Վարպետը / Hmut Varpety / DOC-RAR
[ Скачать с сервера (24.2Kb) ] 16.05.2013, 10:14
ՀՄՈՒՏ ՎԱՐՊԵՏԸ

Քայլում էի փողոցով, նայում ու մտածում. «Արդյոք ո՞վ  է այս վարպետը, ու՞մն են այս հրաշալի ձեռքերը, որ ստեղծել են այս ամենը` անտառ, թռչուններ, կենդանիներ ու այս գեղեցիկ  շենքերը: Ես շատ եմ ուզում տեսնել այդ մեկին և ծանոթանալ նրա հետ, բայց որտեղի՞ց գտնեմ նրան և  ու՞ր գնամ: Միգուցե հարցնեմ այ այս մարդուն:
Ինչ էլ շքեղ մեքենա ունի»:
 _ Ներեցե՛ք, պարոն: Ես ուզում էի ծանոթանալ այն մեկի հետ, որը ստեղծել է այս ամենը  և կառուցել այ այս գեղեցիկ շենքը:
 _ Հը, - քմծիծաղ տվեց մեքենայի միջից, -Այս շենքը ինքս եմ կառուցել, բայց մի քեզ նայիր: Ինչպես ես ուզում ծանոթանալ ինձ հետ: Դու փող չունես: Գնա և քեզ համար մի ուրիշ ընկեր փնտրիր, և այնպիսի մեծ արագությամբ մեքենան շարժեց տեղից, որ մի պահ շփոթվեցի: Ես հասկացա, որ այս Պարոնը նման չէր այն մեկին, որը կարող էր ստեղծել ամեն ինչ:
Ես շարունակեցի որոնել այդ հրաշագործ ձեռքերին: Բայց որոշեցի, որ էլ ոչ մի մարդու չհարցնեմ: Քայլում էի ես ամեն տեղով և ինչքան շատ էի շրջում ամենուր, ինչքան շատ էի տեսնում բնության գեղեցկությունը, այնքան էլ ավելի էի փափագում գտնել այդ ամենը արարողին: Կարծես մի նոր ուժ ստացած` առաջ էի գնում, բայց մինչև ուր, ես էլ չգիտեմ ու չգիտեմ ինչու, բայց համոզված եմ , որ անպայման կգտնեմ այդ «հրաշագործ ձեռքեր» -ին: Ուզում էի մի պահ պատկերացնել, թե ինչպիսին կլինեն այդ ձեռքերը, բայց չէր ստացվում: Ու ես շարունակ քայլում էի ու քայլում` արհամարհելով սովն ու հոգնածությունը:
Հանկարծ հեռվում երևաց մի խիտ անտառ, որի գեղեցկությունը աննկարագրելի էր: Ես մտածեցի, որ այդ ինչ-որ մեկը հաստատ այստեղ է ապրում և ուրախությունից սկսեցի վազել: Վերջապես ես անտառում եմ: Այնքան գեղեցիկ էր ամեն ինչ` կենդանիների ձայները, թռչունների անուշ երգն ու ծլվլոցը, ծաղիկների աննկարագրելի բուրմունքը և, վերջապես, հոսող փոքրիկ առուն, որը իր չտեսնված մաքրությամբ ու քչքչոցով  գրավում էր ինձ:
Նստեցի, որ հանգստանամ: Մի քիչ այն կողմ` ծառի վրա, ես նկատեցի մի քանի կապիկների, որոնք ուրախ խաղում էին իրար հետ: Որոշեցի, որ նրանց հարցնեմ, մի գուցե նրանք կօգնեն ինձ:
 _Կապիկնե՛ր,- բացականչեցի ես: Նրանք բոլորը կանգնեցին և շատ հետաքրքիր հայացքներով  նայեցին ինձ,- ներեցեք, կապիկներ, ես որոնում եմ այն մեկին, որը ստեղծել է ամեն ինչ` այս անտառը և, վերջապես, ինձ և ձեզ, -շարունակեցի ես, բայց կապիկները անշարժացած նայում էին ինձ ու ոչինչ չէին ասում: Հանկարծ միանգամից նայեցին իրար և կարծես... ինձ վրա սկսեցին ծիծաղել: Մեծ արագությամբ վեր ու վար էին անում, կախվում ճյուղերից ու ինչ-որ բաներ էին պոկում ծառից՝ շպրտելով դեպի ինձ: Ես հազիվ փախա այդտեղից: Գիտե՛մ, որ կապիկները չհասկացան ինձ, բայց նրանք իրար ընկեր են և շատ ուրախ են: Իսկ ես մենակ եմ: Մի պահ տխրեցի, և ակամայից աչքերս արտասուքով լցվեցին, ու ինձ վրա մի հայացք զգացի: Աչքերս բարձրացրի՝ հազիվ զսպելով արցունքներս, ու տեսա այն կապիկներից մեկին, որն  ուշադիր ինձ էր նայում: Եվ ես շարունակեցի քայլել անտառի միջով: Քայլում էի ու անընդհատ մտածում այդ ինչ-որ մեկի մասին, թե արդյոք ով  է և ինչպիսին է նա:
Հետզհետե սկսեց մթնել, ու մթության հետ իմ տխրությունը կարծես կրկնապատկվեց: Ես արդեն որոնում էի մի հարմար տեղ, որտեղ կկարողանայի գիշերել: Վերջապես գտա մի հսկա ծառ, որի մեջ մի մեծ փչակ կար: Որոշեցի հենց այդտեղ էլ գիշերել: Ես շատ էի հոգնել և բացի հոգնելը նաև ահավոր սոված էի:
Հանկարծ ծառի վրա տեսա այն կապիկին, որը ուշադիր նայում էր ինձ: Նրա ձեռքին մի քանի բանան կար , որից մեկը ինքն էր  ուտում: Բանան ուտելու փափագից բերանիս ջուրը գնաց: Բայց ի զարմանս ինձ , կապիկը բանանները շպրտեց դեպի իմ կողմը, իսկ այն մեկը՝  ուտելով հեռացավ: Հիմա էլ ուրախությունից աչքերս լցվեցին:
Վերցրեցի բանանները և սկսեցի այնպես ուտել, կարծես կյանքումս բան կերած չլինեի: Ու մտածեցի, որ այն հմուտ վարպետը, որ հրաշագործ ձեռքեր ունի, նա հետևում է ինձ, և նա է ուղարկել կապիկին, որ ինձ համար ուտելիք բերի: « Բայց ինչու՞ է թաքնվում. Միթե՞ չի տեսնում, որ իրեն եմ փնտրում և ուզում եմ ընկերանալ նրա հետ »:
Ուտելուց հետո ես բացականչեցի.
- Շնորհակա՜լ եմ քեզնից, հմու՛տ վարպետ:
Չգիտեմ ինչու, բայց համոզված եմ, որ նա լսեց ինձ: Ես արդեն տեղավորվել էի փչակում, որը շատ հարմար էր:
Փչակի միջից երևում էին բվերի աչքերը, որոնք փայլում էին մթության մեջ: Իսկ երկնքում շողում էին աստղերը, և մերթընդմերթ փայլատակելով՝ ասուպներ էին երևում՝ թոծնելով իրենց լուսե հետագիծը: Ես երբեք չէի տեսել այսպիսի գեղեցիկ գիշեր ու ակամայից նորից սկսեցի մեածել այդ հմուտ վարպետի մասին: « Արդյոք կգտնե՞մ նրան, թե իզուր են իմ այսքան որոնումները: Ո՛չ, ես  համոզված եմ, որ անպայման կգտնեմ նրան, ու իզուր չեն լինի այսքան փնտրտուքները»:
Աչքերս այնքան էին ծանրացել, որ չհասկացա, թե ինչպես փակվեցին, ու ես քնեցի: Եվ ի՜նչ: Ես տեսա մի չտեսնված ձեռքեր, որոնք աննկարագրելի էին և նման չէին սովորական ձեռքերի: Ու տեսա այդ անծանոթ մեկին՝ այդ  Հմուտ վարպետին: Նա այնքան  գեղեցիկ էր, ու փայլում էր ինչպես արեգակը: Բայց հանկարծ բռնեցին նրան, ու կապեցին և  սկսեցին գոռալ՝ ասելով.
 - Խաչեցե՛ք դրան:
Այդ աղաղակը կարծես մի ոռնոց լիներ:
- Օ՜, ո՛չ, թողե՛ք նրան,- բացականչեցի ես,- նա իմ ընկերն է, ինչ եք անում, բա՛ց թողեք,- բայց ոչ ոք ինձ չէր լսում:
Նրան ծեծեցին, թքեցին նրա վրա ու գլխին մի փշե  պսակ դրեցին և քարշ տվեցին դեպի մի բարձունք: Այդքանը քիչ էր, մի մեծ խաչ էլ դրեցին ուսին:
Ես լաց էի լինում: Վերջապես գտել էի այդ Հմուտ վարպետին, բայց կարծես ուշացա և երևի ես եմ մեղավոր, որ այդպէս էն վարվում նրա հետ: Ակամայից  հիշեցի մի պատմություն՝ Հիսուսի մասին, որ իմ տատիկն էր պատմել:
Այն շատ էր նման այս դեպքին:
 Նրան գամեցին այդ խաչի վրա ու այնպես էին վարվում նրա հետ, ինչպես կվարվեին մի մարդասպանի հետ: Բայց ես լսում էի բազմաթիվ ձայներ, որոնք նույնպես ցավում էին ու նաև ..., այո, «Հիսուս» են բացականչում: Մի՞թե սա այն պատմությունը չէ, որը իմ տատիկն է պատմել, մի՞թե այդ հմուտ վարպետը Հիսուսն է, որը ստեղծել է ամեն ինչ և միթե այդ հրաշագործ ձեռքերը Հիսուսինն են: Բայց ինչու՞ են խաչում նրան:
-Խնդրում եմ, բաց թողեք նրան,-նորից բացականչեցի ես, բայց դարձյալ իզուր էր իմ աղերսանքը: Եվ կատարվեց ամենաահավորը: Ժանգոտ մեխերով մեխեցին նրան այն խաչից, ու այդ հրաշագործ ձեռքերը արյունոտվեցին:
Բայց այդ դաժան ցավերի միջից սեր էր բխում Հիսուսի դեմքից: Թեպետ Նա չէր խոսում, բայց նրա հայացքը խոսում էր ինձ հետ և կարծես ասում էր.
 -   Ես սիրում եմ քեզ և այդ սիրուց էր, որ ես խաչվեցի:
 -Ա՜խ, ի՜նչ է կատարվում: Չէ որ ես չունեմ այդքան արժանիք:
Ու ես շփոթված նայում էի նրան և փորձում էի հասկանալ, թե ինչ է կատարվում, ու ոչինչ չէր ստացվում, բայց արդեն համոզվել էի, որ ես եմ մեղավոր, որ այդ հրաշագործ ձեռքերը արյունոտվեցին: Գլուխս կախած ու կարծես անհույս, ես չէի կողմնորոշվում, թե ինչ անեմ:
Ու հանկարծ ինչ-որ հեքիաթի նման փոխվեց այն վայրը, որտեղ կանգնած էի: Աչքերս բարձրացրի: «Ի՞նչ է սա:
Գերեզման,- մտածեցի ես,- բայց դատարկ է այն»: Եվ դարձյալ մի հայացք զգացի ինձ վրա: Անմիջապես շրջվեցի ու քարացա: Ուրախության մի սարսուռ անցավ իմ ամբողջ մարմնով: Անհավատալի էր, բայց ես ճանաչեցի նրան:
Հիսուսն էր՝ իմ հմուտ վարպետը: Ես վազեցի ու ամուր գրկեցի Նրան: Հիսուսը դարձյալ քայլում էր նախկինի նման:
Անմիջապես նայեցի Նրա ձեռքերին, տեսա, որ երևում էին այն գամերի թողած հետքերը, որոնք սպիացել էին:
Չկարողացա ցսպել արցունքներս: Նորից շփոթված էի ու չեմ կարող նկարագրել, թե ինչ էր կատարվում ինձ հետ:
Հիսուսը նայում էր ինձ ու ժպտում: Ինչպես մի առատ աղբյուր Նրա դեմքից կյանք էր հոսում: Եվ նա խոսեց ինձ հետ՝ ասելով.
 -Գնա և հիշիր, որ ես սիրում եմ քեզ և այդ   սիրուց էր, որ ես խաչվեցի: Բայց ես կենդանի եմ, ու իմ գերեզմանը , ինչպես որ տեսար, դատարկ է:  Գնա և հիշիր, որ ես եմ ստեղծել ամեն ինչ՝ անտառ, թռչուններ, կենդանիներ ու այն գեղեցիկ շենքերը: Եվ հիշիր, որ ես քո կողքին եմ, և դու մենակ չես: Ուր էլ որ գնաս, ես քեզ հետ եմ, մինչև աշխարհի վերջը:
Արթնացա, արդեն լուսաբաց էր, օրը պայծառ: Հասկացա, որ երազ եմ տեսել, բայց երազ չէր դա, այլ իրականություն: Վերջապես գտա այն հմուտ վարպետին՝ հրաշագործ ձեռքեր ունեցողին, որ ստեղծեց այս ամենը:
Անծանոթ վարպետը, որը արդեն ծանոթ է ինձ, սիրում է ինձ և խոստացել է ինձ հետ լինել մինչև աշխարհի վերջը:
Համոզված եմ՝ Հիսոուսն էր ուղարկել այն կապիկին, որը բանաններ բերեց:
Միանգամից տեղիցս վեր թռա: Չտեսնված ուրախությամբ էր լցվել ներսս: Տուն վերադառնալուց տեսա այն կապիկներին, որոնք նորից խաղում էին միմյանց հետ և հանկարծ զգացի, որ առաջվա նման մենակ չեմ: Ես ընկեր ունեմ: Հմուտ վարպետի պարգևած ուրախությունը ծածկել, վերացրել էր տխրությունս:
-Ցտեսությու՜ն կապիկներ,- բացականչեցի ես ու շարունակեցի վազել դեպի տուն: Կարծես փոխվել էր ամեն ինչ:
Որոշեցի անպայման պատմել տատիկիս: Ես պետք է պատմեմ Հիսուսի մասին, որը պատմություն չէ և ոչ էլ հեքիաթ. Նա կենդանի է, և նրանից զատ գտել եմ կյանքիս իմաստին: Ու հիմա գիտեմ, որ առանց Հիսուսի անհնար է ապրել:
 - Լսիր սիրելիս: Ես համոզված եմ, որ եթե դու էլ փնտրես Հիսուսին, անպայման կգտնես նրան և Նա կայցելի  քեզ ու կօգնի քեզ ամեն մի հարցում, և դու էլ, ինչպես ես, կհասկանաս իմաստը կյանքի, որ հնարավոր չէ ապրել առանց Հիսուսի՝ առանց Հմուտ վարպետի:

Վերջ:
Հեղինակ՝ Հայկ Օնանյան
Սրբագրեց՝ Սամուել Հարությունյանը
Категория: Պատմվածքներ | Добавил: Admin
Просмотров: 1603 | Загрузок: 465 | Комментарии: 1 | Рейтинг: 4.3/17
Всего комментариев: 1
avatar
1
Ամեն:
Սիրելի՛ ընթերցող, փնտրիր Հիսուսին, գտիր Նրան, ծանոթացիր Նրա հետ, ճանաչիր Նրան և ապրիր Նրա հետ և Նրա համար, քանի որ խավարում առանց լույսի հնարավոր չէ ապրել...
avatar