Главная » Файлы » Գրքեր

Ձյութած / Dzyutats / PDF-RAR
[ Скачать с сервера (163.8Kb) ] 17.05.2013, 10:10
dzyutats.jpg
«Ձյութած» Պավել նախկին տաժանակրորդի պատմությունը
«Ձյութած» մականունը Պավելն ստացավ ութ տարեկան հասակում՝ հատուկ պայմաններում, որոնց մասին կխոսենք քիչ հետո : Նրա իսկական անունը Տիխոմիրով է: Նա Մոգիլևյան նահանգի ամենաաղքատ ընտանիքներից մեկի որդին էր: Տիխոմիրովների ընտանիքը բաղկացած էր հորից, մորից և երկու անչափահաս երեխաներից՝ տասը տարեկան Շուրայից և ութ տարեկան Պաշայից: Դա մի համերաշխ և կրոնասեր ընտանիք էր՝ ուղղափառ եկեղեցու անդամ: Այդ ընտանիքը ոչ միայն համագյուղացիների հարգանքն էր վայելում, այլև հոգևորականության: Տոնական օրերին իրենց տանն էր լինում ու տանտիրոջ հետ թղթախաղ էր խաղում նաև տեղական քահանան: Փողի վրա չէին խաղում, այլ ժամանցի համար երբեմն «դուրաչկի», երբեմն «քիթ»: Տարվողի քթին թղթերով հարվածում էին: Եթե խաղացողներից որևէ մեկի մոտ փող էր լինում, երեխաներին օղու ետևից էին ուղարկում, խմում էին, տրամադրությունները բարձրանում ու քահանան ասում էր. «չափավոր խմելը մեղք չէ. Տերն Ւնքը սիրում էր ուրախանալ, ու Գալիլյայի Կանա քաղաքի հարսանիքում ջուրը գինու վերածեց»: Երեխաները հետաքրքրությամբ դիտում էին , թե ինչպես կարմրում էր քահանայի քիթը՝ օղուց ասես, թե կարտերի հարվածներից, որ աոանձին ճարպկությամբ էր հասցնում իրենց հայրը, որը սովորաբար միշտ հաղթում էր: Բարեսիրտ քահանան միայն տնքտնքում էր ու ասում. «Մինչև վերջ տուժողը կփրկվի. մեր փողոցում էլ տոն կլինի. այն ժամանակ դիմացիր, եղբայր. գրված է. Ոչ ոքի պարտքի տակ մի մնացեք և ինչ որ ցանես, այն կհնձես»:
Ահա ուրախ կյանքի վերջը եկավ: Իրար հաջորդող անբերքատվությունը Սոսնովկա գյուղի բնակիչներին հարկադրեց մտածել Սիբիր տեղափոխվելու մասին։ Օրերով խոսեցին - վիճեցին այդ մասին ու վերջապես որոշեցին քայլողունակ մարդկանց ուղարկել սիբիրյան նահանգներից մեկում հարմար հողամաս գտնելու: Որպես բանիմաց ու ճարպիկ մարդ, քայլողունակների մեջ մտավ նաև Տիխոմիրովը։ Երեք ամսից վերադարձան: Հողամասը գտնվեց Տոմսկի նահանգում: Ողջ ունեցվածքը վաճառեցին ու գաղթականները ճանապարհ ընկան: Սակավաթիվ գաղթականական երկար գնացքների վագոնների մի մասը զբաղեցրին Սասնովկացիները: 1897 թվականն էր:
Հանգուցային կանգառներում գնացքափոխ լինելու համար գաղթականները, աոանց այն էլ դանդաղ ընթացող գնացքներից իջնում էին ու երկար ժամանակ սպասում՝ Սամարա, Չելյաբինսկ, Օմսկ: Կայարանային նեղ սենյակներում շաբաթներ շարունակ, գիշեր-ցերեկ վեր ընկած, հարկադրված էին սպասել իրենց անհրաժեշտ գնացքներին: Բաքերի միջի եռացրած ջուրը չէր բավականացնում: Բուֆետների տաք կերակուրները անմատչելի էին աղքատների համար: Սոված մարդիկ հարձակվում էին էժանագին սելյոդկայի և չորացրած վոբլայի վրա, խմում անեռ ջուրն ու ահա, սկզբում ստամոքսային հիվանդություններ առաջացան, հետո խոլերան: Հիմնականում մեծահասակներն էին հիվանդանում: Տոմսկ չհասած հիվանդացավ նաև Տիխոմիրովը: Բոլոր ախտանշանները խոլերայի մասին էին խոսում: Ի սարսափ կնոջ և երեխաներին, կայարաններից մեկում հիվանդին դուրս բերեցին վագոնից ու տեղափոխեցին վարակիչ հիվանդներին հատկացրած բարաքը: Իհարկե, կինն ու երեխաները նույնպես իջան գնացքից ու պատսպարվեցին բարաքից ոչ հեռու երկաթուղային վահաններից սարքած ապաստարանում, որպեսզի օրը մի քանի անգամ տեղեկանան ամուսնու, հոր առողջության մասին: Լուրերն հետզհետե ավելի ցավալի էին դառնում: Երեք օր հետո վշտի տակ կքած Տիխոմիրովան հայտարարեց երեխաներին, որ ինքն էլ է վարակվել իրենց հոր նման: Սրտաճմլիկ էր տեսարանը, երբ դեսպակակիրները լացող երեխաներից վերցնում էին սիրելի մորը. երեխաները կորցնում էին իրենց վերջին հենարանը, ու մայրը, զգալով, որ հավետ բաժանվում է նրանցից, երկար գրկել էր ու չէր բաց թողնում նրանց: Մոր համար մահից ավելի սարսափելի էր այն միտքը, որ իր սիրելի երեխաները բոլորովին որբ կմնան օտար երկնքի տակ:
Ահա մորն էլ են բարաք տանում: Հուսահատ երեխաները լաց ու կոծով վազում են իրենց մորը տանող մարդկանց ետևից: Բայց բարաքի ծանր դուռը փակվում է նրանց վրա: Որքան դժբախտ ու միայնակ են զգում իրենց Շուրան և Պաշան: Խելակորույս վազում են բարաքի շուրջն ու մեկ հորը մեկ մորը կանչում: Նրանց կանչերին պատասխանում էին միայն կոպիտ բղավոցները պահակների, որոնք սպառնում էին ծեծել նրանց, եթե չհեռանան: Բայց երեխաները անընդհատ ճչում էին ու խնդրում բարաք թողնել իրենց, որպեսզի մահանան ծնողների հետ, առանց որոնց ապրել չէին ուզում: Այսպես մինչև գիշեր վազեցին ու միայն գիշերային ցուրտը հարկադրեց նրանց մտածել հագուստի մասին, որը մյուս իրերի հետ թողել էին վահանների մոտ, որտեղ նստել էին իրենց մոր հետ մինչև, նրա հիվանդանալը: Նրանք իրենց իրերի հետքն անգամ չգտան: Ըստ երևույթին ինչ-որ մեկին գայթակղել էին գաղթականների տան աղքատիկ իրեղենները:
Վահանների արանքները խցկվելով երեխաները պինդ սեղմվեցին իրար, որպեսզի մի քիչ տաքանան: Որպես ավագ, Շուրան հատկապես իր փոքր եղբոր մասին էր հոգ տանում: Մինչև, լույս աչքը չփակեց, ու գիչերը հավիտենականություն թվաց: Հենց որ Պաշան զարթնեց, նրանք դարձյալ վազեցին բարաքների մոտ: Աոաջին պատահած աշխատողն ասաց.
-Այլևս մի եկեք. առավոտյան ձեր հոր դիակը դուրս բերեցինք ու ձեր մայրն էլ երևի այսօր կմեռնի:
Դժվար էր համոզել երեխաներին, որ բարաքին չմոտենան: Նրանք մերթ ընդ մերթ նայում էին պատուհանից ներս ու իրենց մորը կանչում: Մի՞թե ընդմիշտ կլռի նրա քաղցր ձայնը: Մի՞թե երեկոյան սառը դիակ կդառնա:
Այդ երեկո իմացան, որ իրենց մայրը մահացել էր: Իրար գրկած նստեցին վահանների մոտ ու դառնորեն լաց եղան: Այդ գիշեր Պաշան բոլորովին չքնեց. անընդհատ լաց եղավ ու կարոտեց: Մեջքով դեպի վահանները նստած, նայում էր հեռու գնացող երկաթգծերին ու իր մանկական երևակայության մեջ տանջալից կերպով վերապրեց վերջին օրերի սարսափելի իրադարձությունները: Վերջապես մոտեցող գնացքը տեսնելով ասաց. «Շուրա, առանց պապայի և մամայի ապրել չեմ կարող, չեմ ուզում. գնանք պառկենք ռելսերի վրա: Թող շոգեքարշը ճզմի մեզ ու մեռնենք: Ինչի՞ համար ապրենք: Հիմա ո՞ւր պիտի գնանք: Ո՞ւմ ենք պետք», այս ասելով Պաշան բռնեց քրոջ ձեռքից ու քաշեց նրան դեպի երկաթուղու պաստառը: Շուրային սարսափ պատեց: Գրկեց եղբորն ու հեկեկալով ասաց. «Ո՛չ, ոչ մի դեպքում գնացքի տակ չեմ գցի ինձ, ու քեզ էլ չեմ թողնի.... վախենում եմ.... սարսափելի է»: «Թող մենակ գնամ», բղավեց մանչուկը:
Մինչ նրանք իրար էին համոզում, գնացքը սուրաց - անցավ իրենց մոտով: Պաշան դեմքով գետին ընկավ ու աղաղակեց. «Ինչո՞ւ պահեցիր ինձ. այլևս ապրել չեմ ուզում»: Խելացի ու գորովալից ավագ քույրը սկսեց համոզել եղբորը դեն նետել սև մտքերը: Հարկ եղավ երկար ժամանակ համոզել, մինչև որ Պաշան հանդարտվեց ու խոստացավ այլևս մահվան մասին չմտածել, ու Շուրային ամբողջովին մենակ չթողնել այս աշխարհում:
Երեխաները նորից նստեցին վահանների մոտ ու իրար սեղմված սպասեցին լուսաբացին։ Որոշեցին առավոտյան ծնողների գերեզմանը գնալ: Մրսած, քաղցած երեխաների համար գիշերը մի ամբողջ հավիտենականություն ձգվեց: Բայց ահա բացվեց աոավոտը: Երեխաները վազեցին դեպի գերեզմանոց, որտեղ վարակիչ հիվանդություններից մեռնողների համար հատուկ տեղ էր հատկացված: Գերեզմանի դարպասների մոտ երեխաները խնդրեցին պահակին ներս թողնել իրենց ու ցույց տալ այն գերեզմանը, որտեղ թաղված էին իրենց ծնողները: Բայց պահակը կոպտորեն պատասխանեց. «Գիտե՞ք, թե մի գիշերվա ընթացքում քանիսին բերեցին այստեղ. ինչպե՞ս իմանամ, թե ում որտեղ են թաղել: Մանավանդ, որ ամեն փոսի մեջ տաս, երբեմն էլ քսան դիակ են գցում»:
Ոչնչի չհասնելով, երեխաները ցանկապատի ճեղքերի միջից արցունքոտ աչքերով նայեցին բլրակների անկանոն, խոնավ խմբերին: Այսպես երկար մնացին, նայեցին ու լաց եղան մինչև, որ պահակը վռնդեց նրանց: Վշտակեզ, իրար ձեռք բռնած, լուռ վերադարձան դեպի վահանները՝ վերջին հինգ օրվա իրենց տառապանքների ու մորից բաժանման վկաները: Որբերի համար այդ վայրը մի տեսակ մտերմիկ վայր էր, կարծես հարազատ տուն լիներ: Վահանների պաշտպանության տակ նրանք սկսեցին մտածել ու խորհրդակցել, թե ի՞նչ պետք է անեն, ինչպե՞ս պետք է անեն: Նրանք չէին ուզում որբացած երեխաների բարաքն ընկնել, բայց և գիտակցում էին, որ դա փրկություն կլիներ քաղցից, որն ավելի ու ավելի էր իրեն զգացնել տալիս: Ուտելիքի իրենց աղքատիկ պաշարը կորել էր իրերի հետ, որոնց մեջ մի քիչ էլ փող կար ....
Սարսափելի էր միայնակ երեխաների վիճակը. սոված էին, մրսում էին: Գարնան արտույտները ուրախ երգում էին իրենց գլխավերևում, վառ արևը ոսկեզոծել էր չորս կողմը, իսկ որբերի սրտում մութ գիշեր էր: Վիշտը, դժբախտ ճակատագիրը, ավելի էին մտերմացրել քրոջն ու եղբորը: Շուրան մի տեսակ երկրորդ մայր էր դարձել Պաշայի համար. շոյում էր նրան, մխիթարում էր հնարավորին չափ ու ասում. «Քաղցրս, չպետք է ընկճվենք. Աստված կփրկի մեզ»:
Երեխաները որոշել էին երկաթգծի մոտակա գյուղը գնալ ու հաց խնդրել, երբ հանկարծ գլխավերևում մի կոպիտ ձայն լսեցին. «Դուք ի՞նչ եք անում այստեղ: Ո՞ւմ երեխաներն եք»: Նրանց ինչ-որ անծանոթ մոտեցավ՝ հագին համազգեստ ու սկսեց զննել: Շփոթվեցին երեխաներն ու իսկույն չպատասխանեցին, որ գաղթականներ են, որ իրենց հայրն ու մայրը հենց նոր մահացել են: Անծանոթը հրամայեց նրանց հետևել իրեն ու առաջնորդեց նրանց բաշխման կետ, որտեղ իսկույն որոշեցին որբերի բարաքն ուղարկել, մի բան, որ երեխաները չէին ուզում. վախենում էին բաժանումից: Աղջիկներին հատկացված բարաքը գտնվում էր մի քանի վերստ այն կողմ, բայց հաշվի չառնելով երեխաների աղերսանքն ու արցունքները, Պաշային տարան կայարանից մի քանի վերստ հեռավորության վրա գտնվող տղաների բարաքը, իսկ Շուրային՝ առաջին պատահած գնացքով ուղարկեցին այն կայարանը, որտեղ աղջիկներին հատկացված բարաքն էր:
Դժվար չէ պատկերացնել բաժանվող երեխաների վիճակը: Յուրաքանչյուրը մյուսի մեջ կորցնում էր այն ամենը, ինչ կյանքում թանկ էր իր համար:
Պաշային տարան մի բարաք, որտեղ արդեն երեսուն տղաներ կային: Շատերն արդեն բավական վաղուց էին ապրում այնտեղ, ընտելացել էին նոր պայմաններին և չարաճճիություն էին անում: Նրանք նորեկ Պաշային դիմավորեցին կատակներով և կողքից ու մեջքից ուժեղ հրումներով՝ աոաջին ծանոթության համար: Մեկ շաբաթ անց, Պաշան բարաքից փախչել մտադրվեց. ողջ միջավայրը, անտարբերությունը երեխաների կարիքների նկատմամբ, շատ երեխաների կոպտությունը, կռիվները, գոռում-գոչումները, ամենօրյա զզվելի պասուց կաղամբապուրը անտանելի դարձան: Ահա նա սկսեց հարմար առիթի սպասել: Երեխաներին չէր թույլատրվում բարաքից մենակ դուրս գալ: Բայց և դանդաղել չէր կարելի: Ուստի, մի մութ գիշեր բակ դուրս գալով ցանկապատի ցածր տեղից այն կողմ անցավ ու խիստ շտապով վազել սկսեց երկաթգծի հակառակ ուղղությամբ: Երկաթգծից մոտ հինգ վերստ հեռավորության վրա մեծ անտառ էր սկսվում: Թավուտում իրեն ավելի հանգիստ զգաց: Արդեն չէր վազում, քայլում էր՝ աշխատելով անտառաեզրը աչքի առաջ ունենալ, որպեսզի չկորչի, բայց և հնարավորին չափ հեռանալ այն վայրից, որտեղ բարաքն էր։ Այդպես երկար գնաց, ի վերջո հոգնեց, պառկեց մի ծառի տակ ու շուտով քուն մտավ: Երազում տեսավ, որ իրեն բռնել ու բարաք էին վերադարձրել, որտեղ ծեծում էին, բերանը բացում ու անդադար զզվելի կաղամբապուր լցնում ....
Գարնանային վառ արևը արդեն ուժեղ տաքացնում էր, երբ արթնացավ փոքրիկ փախստականը:
Բազմաձայն թռչունները իրենց երգերով ուղղակի խլացնում էին նրան: Նրանք կարծես իրենց կանաչ թագավորությունը ժամանած եկվորի առաջ պարծենում էին իրենց արվեստով: Պաշան նստեց ու մտածել սկսեց, թե ինչ պետք է անի հիմա: Որոշեց իր հայրենի Սոսնովկան գնալ: Նահանգի անունը լավ էր հիշում: Ինչ լավ էր ապրում մի ժամանակ Սոսնովկայում: Այնտեղ այնպիսի՜ փառավոր գետակ կար, որի մեջ լող էր տալիս մյուս երեխաների հետ ու կարթով ձուկ բռնում .... Միևնույն ժամանակ սարսափելի էր այն միտքը, որ իրեն կարող էին բռնել ու նորից բարաք տանել: Սակայն նա որոշեց քաջաբար առաջ գնալ, հեռանալ այդ զզվելի վայրերից ու հարց ու փորձ անելով հասնել հարազատ վայրերը։
Ողջ օրը քայլեց՝ խուսափելով բնակելի վայրերից ու միայն մի գյուղում հաց խնդրեց: Վրա հասավ երկրորդ գիշերը ու անտառի խորքը մտավ գիշերելու: Նորից պառկեց մի մեծ ծառի տակ ու քնեց:Լուսաբացից անմիջապես առաջ, մեկը հրեց իրեն ու բարձր ձայնով ասաց. «Հեյ, մանչուկ, արթնացի՛ր, ի՞նչ ես անում այստեղ, ո՞ւմ հետ ես»: Արթնացավ Պաշան ու ոտից գլուխ զինված երեք հսկաների տեսնելով կարգին վախեցավ: «Մի՛ վախեցիր, մենք քեզ ձեռք չենք տա: Ասա՛, ինչո՞ւ ես այստեղ»: Տեսնելով, որ այդ մարդիկ բարաքից չեն, Պաշան անկեղծորեն պատմեց նրանց այն ամենի մասին, ինչ պատահել էր իրեն, ու ասաց, թե ուր է գնում։ Նրանք ուշադրությամբ լսեցին տղային։ Ըստ երևույթին տղան իր աշխուժությամբ ու հնարամտությամբ դուր էր եկել նրանց։ Իրար հետ խորհրդակցելուց հետո որոշեցին տղային իրենց հետ վերցնել: «Թե չէ կմեռնի», ասացին: «Եթե այս տղան չի վախեցել փախչել ու մտադրվել է ոտքով հայրենիք հասնել՝ իրենից բան դուրս կգա։ Միայն թե պետք է, որ նրան մեր ձևով դաստիարակենք»: Իրենց որոշման մասին հայտնեցին տղային, ըստ որում գովեցին իրենց կյանքն ու խոստացան, որ ինքը շատ լավ կզգա իրենց մոտ։ Պաշան չառարկեց, վախենում էր այդ զինված մարդկանցից, ու hետևեց նրանց անտառի խորքը: Բացատում թամբած ձիեր էին սպասում նրանց ու մեկ ուրիշ ամրակազմ կտրիճ: Վերջինս Պաշային թևերի տակից բռնելով բարձրացրեց ու ձիու վրա իր առաջ նստեցրեց։ Գնացին։ Երկար գնացին անտառային ոլորապտույտ ճանապարհներով ու վերջապես կանգ առան։ Ձիերը ինչ-որ տեղ տարան, իսկ իրենք՝ կռացած, Պաշային իրենց հետ տանելով մտան փոթորկից տապալված ծառերի արանքից ու մի քանի րոպե քայլելուց հետո հայտնվեցին մի պուրակում, որտեղ մոտ քսան մարդ կար մեծ մասամբ զինված տղամարդիկ ու կանայք։ Բոլորի հայացքները ուղղվեցին կեղտոտ, ցնցոտիներ հագած երեխայի վրա։ Չորս կողմից հարցեր տեղացին. «Ո՞վ է , որտեղի՞ց է»։ Տղամարդկանցից մեկը, որն ըստ երևույթին հրոսախմբի պետն էր, հարցրեց. «Ի՞նչ է անունդ»: «Պաշա, Պավել» հաստատորեն ասաց տղան: «Իսկ ազգանունդ ի՞նչ է»: «Ազգանունս Տիխոմիրով է»։ «Չէ՛, դա մեզ հարմար չէ։ Քո անունը կլինի «Ձյութած» քանի որ դու այդպես կեղտոտ ես», կատակով ասաց պետը: Այդ օրվանից բոլորը նրան «Ձյութած» էին անվանում։ Բոլորին դուր եկավ նոր ազգանունը։
Պաշային պարզ դարձավ, որ ընկել էր ավազակների խմբի մեջ։ Աստիճանաբար ընտելացավ նոր կյանքին ու նույնիսկ իրեն դուր եկավ։ Անհոգ ազատությունը, լավ սնունդը և ուրախ-խմած տրամադրությունը իրեն դուր եկավ ու աստիճանաբար ձգվեց դեպի այդ մարդիկ ու դադարեց մտածել Սոսնովկայի մասին։ Նա միայն իր քրոջ՝ Շուրային չմոռացավ ու հաճախ տխրում էր մտածելով, որ նա մեռած կլինի։
Շուտով փոքրիկ Ձյութածը դարձավ բոլոր ավազակների սիրելին, ուրախությունը։ Իսկ ինքը աշխուժորեն հետաքրքրվում էր նրանց արկածներով ու անհամբեր նոր ավարի էր սպասում։ Օր-օրի նա ավելի ու ավելի ընտելացավ նոր կյանքին ու մոռացավ այն, ինչ մի ժամանակ ծնողներն ասել էին իրեն, որ գողությունը մեղք է։ Հիմա նրա համար նույնիսկ հաճելի էր նայել գողացված իրերին ու լսել ավազակների  այն պատմությունները, որ անում էին նրանք «աշխատանքից» վերադառնալուց հետո։ Նրանք «աշխատանք» էին համարում իրենց չարագործությունները։
Ութ տարի անցավ ու տասնըվեց տարեկան Ձյութածը, արդեն գործնական մասնակցություն էր բերում թալանի գործում։ Իր հնարամտության, ճկունության և քաջության համար դարձավ պետի օգնականը: Նրանց «աշխատանքը» հարյուր վերստ հեռավորության վրա սարսափ էր տարածել տեղի բնակչության վրա: Թավախիտ անտառները հնարավորություն էին տալիս հանգիստ գործել: Թալանում էին բոլոր նրանց, ովքեր ընկնում էին իրենց ձեռքը: Հաճախ էլ սպանում էին:
Սակայն ամեն ինչ վերջ ունի: Ավազակների համար մի շատ սովորական դեպք անսպասելի շրջադարձ կատարեց իրենց կյանքում: Ձյութածի գլխավորությամբ մի քանի ավազակներ հարձակում գործեցին երկու տղամարդկանց վրա, որոնք սայլով անցնում էին անտառի միջով, սպանեցին նրանց ու թալանեցին: Վերցրեցին ձիերը, սպանվածների վրայից հանեցին շորերն ու սապոգները: Նրանց մոտ գտնվեց ընդամենը 3 ռ. 50 կոպեկ, իսկ պարկի մեջ, քուրջ ու փալասից բացի, կար երկու գիրք, որոնք սկզբում ավազակները դեն նետել ուզեցին, բայց հետո պահեցին ծխախոտ փաթաթելու համար: Գրքերը Ձյութածը իր մոտ պահեց: Երեկոյան, օրվա ամբողջ ավարը աչքէ անցկացնելուց հետո, վերցրեց գրքերն ու թերթել սկսեց: «Հավատի ձայնը» վերնագիրը կրող գիրքն անծանոթ էր իրեն, իսկ մյուսը՝ «Նոր կտակարան» վերնագիրը կրողը, աղոտ կերպով հիշում էր, որ մանկության օրերից ծանոթ է։ Այդ գիրքը տեսել էր ծնողների մոտ Սոսնովկայում: Թախտի վրա պառկած անգործությունից կարդում էր գիրքը Ձյութածը։ Կարդում էր պատահական էջեր: Ահա նա կարդաց. «Չկա մեկը, որ հասկացող լինի, և չկա մեկը, որ փնտրի Աստծուն: Բոլորը միասին խոտորեցին և անպետքացան. չկա մեկը, որ բարություն անի, ոչ ոք, ոչ իսկ մեկ հոգի: Նրանց կոկորդը բաց գերեզման է. իրենց լեզուներով խաբեբա դարձան. նրանց շրթունքների տակ իժերի թույն կա. նրանց բերանները լի են անեծքներով և դառնությամբ. նրանք թեթևոտն են արյուն թափելու համար. նրանց ճանապարհներին կործանում և թշվառություն կա. և նրանք խաղաղության ճանապարհը չիմացան. նրանց աչքերի առաջ չկա Աստծո երկյուղը: Բայց գիտենք, թե ինչ Աստծո օրենքն է ասում, ասում է նրանց, որ օրենքի տակ են, որպեսզի ամեն բերան փակվի» (Հռոմեացիս
3:11-19):
Ու նա մտածեց. «Նախկինում մեզ նման մարդիկ էլ են եղել»: «Նրանք թեթևոտն են արյուն թափելու համար»: Ու նա հիշեց, թե ինչպես իրենք փախչողների ետևից արշավեցին արագաշարժ ձիերի վրա նստած, ինչպես այդ մարդիկ խնդրեցին չսպանել իրենց, սակայն առանց ամենաթույլ խղճի խայթն անգամ զգալու, ինքն ու իր ընկերները խլեցին նրանց կյանքը: Այս բոլորը հիշելով մի
տեսակ վատ զգաց իրեն ու մտածեց. «Ովքե՞ր էին այդ մարդիկ: Ի՞նչ գործ ունեին այս գրքերը նրանց
մոտ»: Սկսեց Նոր Կտակարանը թերթել՝ հուսով, որ սպանվածների վերաբերյալ որևե տեղեկություն կստանա՝ ովքե՞ր էին նրանք: Բայց գրքի մեջ ոչինչ չգտնվեց: Ոչ մի փաստաթուղթ, որից հնարավոր
լիներ իմանալ, ովքեր էին նրանք ու որտեղից: Միայն առաջին էջի վրա մի կարճ մակագրություն կար, որն ասում էր. «1898 թ. մայիսի 15-ը իմ Աստծուն դառնալու, զղջման ու վերածննդի օրն է: Այդ օրը նա ներեց ինձ ու իր սուրբ արյունով լվաց իմ մեղքերը»:
Ձյութածը չէր կարող հասկանալ այդ մակագրության իմաստը. սկսեց թերթել գիրքն ու կարդալ առանձին անցումներ. «Չգիտեիք որ անիրավներն Աստծո արքայությունը չեն ժառանգում .... »: Սրան հետևում է տարբեր արատների թվարկում ու. «Եվ դուք մի քանիներդ, այդպիսիք էիք, բայց լվացվեցիք, բայց սրբվեցիք, բայց արդարացվեցիք Տեր Հիսուս Քրիստոսի անունովը և մեր Աստծո Հոգովը» (Ա. Կորնթացիս 6:9-11): Հետո բացվեց ինչ-որ մարդու հայտարարությունը, որն ասում էր. Զաքեոսն էլ կանգնեց և Տիրոջն ասաց. «Տե՛ր , ահա իմ ինչքերի կեսը աղքատներին կտամ, և եթե որևէ մեկին զրպարտությունով զրկել եմ քառապատիկ կհատուցեմ» (Ղուկաս 19:8): Մի քանի էջ ևս թերթելով նա տարվեց Ղուկասի23 - րդ գլխով, որտեղ պատմվում էր Քրիստոսի խաչելությունը: Հատկապես հետաքրքրական էր այն, որ Քրիստոսի հետ խաչվել էին նաև երկու ավազակներ, որոնցից մեկը զղջացել էր ու խոստովանել մեղքերը, որի համար Քրիստոսը նրան Արքայություն էր խոստացել:
Ձյութածը փակեց գիրքը, դրեց բարձի տակ, վերմակը վրան քաշեց և քնել ուզեց: Բայց չգիտես, թե ինչու, քունը չէր գալիս: Հոգին տագնապած էր: Զուր փորձեց վանել կպչող մտքերն ու քնելով մոռացության տալ: Նորից ու նորից իր առաջ հառնում էր այն տեսարանը, երբ այն երկուսը ծնկաչոք խնդրում, աղաչում էին խնայել իրենց .... Միայն առավոտյան կողմ կարողացավ քնել ու մոռանալ: Սակայն երբ վեր կացավ, հոգում մի նոր տագնապ կար: Բոլոր ընկերները նկատեցին իր դեմքի տարօրինակ արտահայտությունը ու չիմացան ինչին վերագրել: Մի քանի օր կարծես մոլորված լիներ, ու ոչ մեկին չհաջողվեց իմանալ, թե ինչ է կատարվում իր հետ: Սակայն ընկերները չդադարեցին հարց ու փորձ անել իր մտազբաղության պատճառի մասին: Ի վերջո նրանցից մի քանիսին բացվեց, պատմեց, որ այն օրվանից, երբ սպանվածներից վերցված ինչ-որ գիրք կարդաց, կորցրեց իր հանգիստը։ Բոլորը մի տեսակ եղան. ի՞նչ գիրք էր այդ, որը կարդալուց հետո ուրախ ընկերը տխրեց։ Մի քանիսը պահանջեցին այդ կախարդական գիրքը, որպեսզի վառեն: Մյուսները հետաքրքրությունից կարդալ սկսեցին: Ի վերջո որոշեցին բոլորը միասին կարդալ: Ու ահա, երբ բոլորը հավաքվեցին Ձյութածը բարձրաձայն կարդաց այն մասերը, որոնք իրեն ապշեցրել էին: Բոլորը լարված լսեցին: Ընթերցանության հենց սկգբից մի երիտասարդ ավազակ վստահաբար ասաց, որ այդ գիրքը Ավետարան է կոչվում, որ ինքը լավ ծանոթ է այդ գրքին: « Իմ մայրը միշտ կարդում էր Ավետարանը», ասաց, «մայրս ինձ հաճախ էր տանում մանկական հավաքների, որտեղ կարդում էին այս գիրքը, հետո երեխաները երգում էին ու աղոթում»:
Ընթերցանությունը բավականին երկար տևեց: Ավարտից hետո բոլորը լուռ տարբեր անկյուններ
հեռացան: Շատերի տրամադրությունը ընկած էր: Ոչ ոք չէր կարողանում հասկանալ, թե ինչու այս գիրքը այդքան ուժեղ տպավորություն թողեց իրենց վրա: Այդ օրվանից հետո երիտասարդ ավազակը, որի մայրը միշտ կարդացել էր Ավետարանը, բացեիբաց հայտարարեց որ այլևս չի կարող զբաղվել իր հանցավոր գործով: Նրա ետևից նույնը հայտարարեց Ձյութածը: Բոլոր ավազակները տեսան, թե արցունքոտ աչքերով ինչպես էին խնդրում նրանք: Ի վերջո նույնանման հայտարարություն արեց նաև պետը: Բոլորը համաձայնվեցին նրա հետ: Բայց նրանց առաջ հարց ծագեց՝ ի՞նչ անել, ինչպե՞ս կանգնել ճիշտ ուղու վրա: Չէ՞ որ դրա համար հարկավոր էր իշխանությանը հանձնվել: Ու կարո՞ղ էին իրենք, եթե ոչ տասնապատիկ, գոնե մի քիչ բավարարել նրանց, ում չարիք էին հասցրել: Իհարկե, ոչ: Դա անհնար էր: Մնում էր իշխանություններին հանձնվել: Շատերը չհամաձայնվեցին այդ մտքի հետ, բայց այն երիտասարդ ավազակը, որը առաջինն էր, որ որոշեց նոր կյանք սկսել Ձյութածի և ուրիշ հինգ հոգու հետ որոշեցին գնալ ու ամեն ինչ խոստովանել տեղական իշխանություններին:
Եկավ այն օրը, երբ պետք է բաժանվեին՝ ամեն մեկը մի կողմ: Հրաժեշտի պահը հուզիչ էր: Ընկերները խնդրեցին Ձյութածին մի վերջին անգամ ևս կարդալ Ավետարանը: Ձյութածը բացեց գիրքն ու ընկավ այն մասի վրա, որտեղ նկարագրվում է Քրիստոսի հանդիպումը այն երկու ավազակների հետ, որոնք գերեզմանից էին դուրս եկել, այսինքն այն խստաբարո քարայրներից, որտեղից Քրիստոսը վռնդեց չար ոգիներին ու շղթայվածները հետևեցին իրեն: «Նույնը մեզ հետ կատարվեց», ասաց Ձյութածը: «Մենք ուզում ենք վերջ տալ մեր մեղավոր կյանքին: Բավական է՝ որքան չարիք պատճառեցինք մարդկանց: Գնանք Քրիստոսի ետևից»: Այս ասելով ծունկի եկավ Ձյութածը, բարձրաձայն զղջաց իր արածների համար, զղջացին նաև մյուսները: Ընդհանուր լացի ու ողբի մեջ լսվում էին առանձին անկապ խոսքեր. «Ների՛ր .... Մեզ .... Ինձ .... Վատը մի՛ հիշիր .... Լվա Քո արյունով, ուժ տուր .... Չեմ անի .... Չեմ ուզում .... Խոստանում եմ .... , և այլն: Յոթ ավազակները մյուսների հետ ողջագուրվելով, զենքը ձեռքներին, ուղևորվեցին մոտակա քաղաքը: Մյուսները ըստ իրենց հայեցողության ընտրեցին իրենց ճանապարհը:
Ձյութածն ու ընկերները վճռականորեն մոտեցան քաղաքին: Հենց աոաջին իսկ փողոցում նրանք ուշադրությունը գրավեցին անցորդների, որոնք զարմացած նայում էին, թե որտեղից հայտնվեց խայտաբղետ հագուստներ հագած զինված մարդկանց այս խումբը: Գլխավոր փողոցներից մեկի անկյունում ոստիկանին խնդրեցին ցույց տալ շրջանային դատարանի դատախազի բնակարանը: Ոստիկանը ցույց տվեց նույն փողոցի վրա գտնվող մի երկհարկանի տուն, ու նրանք գնացին: Նրանք արդեն պայմանավորվել էին, որ Ձյութածը որպես իրենցից ամենաճարտարն ու աշխույժը, դատախազին ներկայացնի իրենց գործը:
Մտան մի մեծ, լուսավոր պարկետահատակ սենյակ, որտեղ արդեն մոտ քսան մարդիկ էին սպասում դատախազին: Դատախազի դռան առաջ սուրհանդակ էր կանգնած: Ձյութածը, նրան դիմեց հետևյալ խոսքերով. «Խնդրում ենք զեկուցել Պրն. դատախազին, որ իրեն տեսնել ենք ուզում»: Սուրհանդակը ծուռ նայեց զինված մարդկանց խմբին ու հարցրեց. «Ի՞նչ գործով եք եկել»։ «Շատ կարևոր գործով», պատասխանեց Ձյութածը»։ Սուրհանդակը մտավ դատախազի մոտ: Մի քանի րոպե անց ավազակներն ահա կանգնած են տպավորիչ արտաքինով տարեց դատախազի առաջ, որը մի քիչ հուզված է յոթ կտրիճների տեսքից: Իրենց հերթին հուզված էին օրենքի ներկայացուցիչների առաջ կանգնած ավազակները, որոնք տայգայում որոշում էին կայացրել նման արտասովոր քայլի դիմել՝ հոժար կամքով մեղքերը խոստովանել: «Թույլ տվեք բացատրել Ձեզ, թե ովքեր ենք մենք և ինչու ենք այստեղ եկել», դողացող ձայնով սկսեց Ձյութածը, «Մենք ավազակներ ենք, բայց դուք մեզանից մի վախեցեք. մենք ձեզ մոտ ենք եկել խոստովանելու և մեր արդար պատիժը ստանալու: Մենք խորապես գիտակցում ենք, թե ինչպիսի չարագործություններ ենք կատարել ու եկել ենք ահա մեր արժանի պատիժն ստանալու: Մեզ հետ վարվեցեք այնպես, ինչպես արդարությունն է թելադրում: Ահա և մեր զենքերը: Վերցրեք»: Այս ասելով Ձյութածն ու մյուսները արագորեն իրար վրա դարսեցին զենքերը:
Դատախազը շփոթվեց ու մի պահ իրեն կորցրեց: Կյանքում առաջին անգամն էր ներկա գտնվում մի խումբ մարդկանց խոստովանությանը, որոնք եկել էին կամավոր կերպով հանձնվելու օրենքի ներկայացուցիչներին: Վերջապես զանգահարեց ոստիկանական բաժանմունք ու մի քանի րոպե հետո ոստիկանապետի գլխավորությամբ հայտնվեց զինվորների մի խումբ: Նախնական հարցաքննության մասին արձանագրություն կազմվելու գործը հանձնվեց քննիչին: Երբ քննության ընթացքում Ձյութածը ընդհանուր գծերով նկարագրեց իր կյանքը ու խոսեց այն պատճառի մասին, որը դրդեց իրեն և ընկերներին թողնել անտառի հանցավոր կյանքը, դատախազն ու բոլոր ներկաները տեսանելիորեն հուզված էին, ու մի քանիսը դժվարությամբ էին զսպում արցունքները: Նրանց համար դժվար էր հասկանալ, որ հանցագործների հետ կատարված հանկարծակի արմատական հեղաշրջումը Ավետարանի հետ ծանոթանալու հետևանքն էր: «Ես այլևս Ձյութածը չեմ, այլ Պավել Տիխոմիրովը», ասաց նա: Ես ուզում եմ Աստծուն և ժողովրդին ծառայել: Ես անտրտունջ կընդունեմ ինձ հասանելիք պատիժը: Մենք հիմա Ձեր ձեռքում ենք»: Ընկերները հաստատեցին նրա ասածը:
Հուզված դատախազը հրահանգ տվեց իսկույն բանտ տանել այդ յոթ հոգուն ու առանձին կամերաներում նստեցնել՝ մինչև հարցաքննության լիակատար ավարտը: Նախկին ավազակներին բանտ առաջնորդեցին: Սենյակում մենակ մնալով, դատախազն ու ոստիկանապետը երկար քննարկեցին իրենց համար այդ կատարյալ անսովոր երևույթը: Ախր, սովորաբար հանցագործները կամ ժխտում են իրենց հանցանքը, կամ դժվարությամբ ու մասամբ են խոստովանում՝ այն էլ անվիճելի փաստերի ճնշման տակ: Կամ էլ միայն այն ժամանակ, երբ հանցագործության վրա են բռնվում: Իսկ սրանք եկել էին կամավոր կերպով խոստովանելու .... : Նշանակում է ՝ հսկայական է Ավետարանի ուժը, եթե նա այսպես վերափոխում է մարդկանց:
Ոստիկանապետը գնաց, իսկ դատախազը իր ընդունելություններն ավարտելուց հետո իսկույն պատմեց կնոջը՝ զղջացող ավազակների մասին: Շատ զարմացավ նաև կինը: Քիչ մտածելուց հետո ասաց «Քրիստոսի հետ խաչված ավազակներից մեկն էլ զղջաց բայց նա մեխված էր խաչին ու ոչ մի տեղ գնալ չէր կարող։ Այս մարդիկ կարող էին չգալ ու անտառում թաքնվել և շարունակել իրենց ավազակությունը։ Սա պարզապես հիանալի դեպք է: Դատարանի պատմության համար՝ անսովոր:
Երեկոն իջավ ու դատախազն ու կինը ոչ մի կերպ չէին կարողանում հանդարտվել։ «Ի՞նչ ես կարծում Տանյա», ասաց դատախազը, «Ավետարանը չկարդա՞նք։ Հնարավոր է, որ իմանանք, ինչպես է, որ այսպես ազդում է մարդկանց վրա։ Ախր, մենք բոլորովին ծանոթ չենք»։ «Ախր, ես կարդացել եմ», արժանապատվությամբ ասաց Տատյանա Ալեքսանդրովնան, «այնուամենայնիվ չեմ հասկանում, թե ինչ կա այնտեղ, որ այդպես ազդել է այդ մարդկանց վրա»։ Դատախազ Յուրի Նիկոլաևիչը վեր կացավ ու մինչ կինը խոհանոցում ընթրիքի կարգադրություններ կաներ, գնաց գրապահարանում փնտրելու Նոր Կտակարանը: Յուրի Նիկոլաևիչը ակնոցները դրեց ու բացելով Նոր Կտակարանը թերթել սկսեց։ Կարդալիս մտովի հավանություն տվեց Մարիամին, որը Հովհաննես Առաքյալի Ավետարանի 12-րդ գլխում Քրիստոսի համար թանկարժեք օծանելիքը չի խնայում։ Դատախազը քրեական օրենսգրքի հիման վրա մեղադրեց Հուդային, այդ քողարկված գողին։
Ապշեցրեց նրան ամենազորությունը Քրիստոսի, որը կենդանացրեց Ղազարոսին՝ որի մարմինն արդեն փտել էր սկսել։ Նրան զարմացրեց հին, օրինամոլ մարդկանց անհավատությունը, որոնք այդ չտեսնված հրաշքի ականատեսներն էին։ Նրան խոր մտածմունքի մեջ գցեց ցորենի հատիկի առակը (հատիկը պետք է մեռներ, որպեսզի բերք բերի), բայց չհասկացավ այլաբանության իսկական իմաստը։ Սակայն երբ հասավ հետևյալ տողերին. «Երբ համբառնեմ, բոլորին իմ մոտ եմ կանչելու» զգաց, թե հանկարծ որքա՜ն մոտ ու հարազատ դարձավ իր հոգուն Խաչվածը, թե ինչպես իր հոգին ջերմացավ ու ձգվեց դեպի Խաչը, որից հնչեց մեծ խոսքը. «Կատարված է»: Ու նա մտածեց՝ սա չէ՞ արդյոք այն ուժը, որը ձգեց Տիխոմիրովին։ 12-րդ գլխի վերջում նրան ինչ-որ վախ համակեց, երբ կարդաց. «Ինձ մերժողներին ու խոսքերս չընդունողներին կդատի այն խոսքը, որ ես խոսեցի, դա պիտի դատի նրանց վերջին օրը»։ Այստեղ նրան պարզ դարձավ, թե ինչու ավազակները թողեցին իրենց քստմնելի գործը ....
Ինչի՞ մասին ես այդպես մտածում: Ի՞նչն առանձնապես ապշեցրեց քեզ», հարցրեց Տատյանա Ալեքսանդրովնան վերադառնալով։ Յուրի Նիկոլաևիչը սկսեց բացատրել։ Բայց անսովոր թեման ու անսովոր մտքերը դեռ խոսքի չէին վերածվում ու Տատյանա Ալեքսանդրովնան ոչինչ հասկանալ չկարողացավ։ Ընթրիքն ավարտվեց։ Յուրի Նիկոլաևիչը գիշերը քնել չկարողացավ. հենց որ աչքերը փակում էր, լսում էր. «Իմ խոսքը պիտի դատի նրանց»: Ու նրան թվում էր, թե ինքը մեղադրյալ է ու լսում է Աստվածային օրենքների հոդվածները, որոնք դատում են իրեն՝ դատախազին, կյանքում թույլ տված իր բոլոր հանցանքների համար, ու դատապարտում հավիտենական բանտարկության՝ խավարում:
Ու ինքը իբր՝ պաշտպան է փնտրում, կանչում է նրան, բայց գտնել չի կարողանում: Կարճատև քնի պահերին մոռացվում էր այդ ամենը, բայց և քնի մեջ էլ հանգիստ չուներ: Առավոտյան կնոջը պատմեց, թե ինչ է պատահել ու զգացել երեկոյան ու գիշերը, բայց կինը նրա վիճակը վերագրեց գերհոգնածությանն ու նյարդայնությանը: Երբ ամուսինն ասաց, թե ուզում է հրաժարվել դատախազի պաշտոնից, վախեցավ՝ մտածելով, որ գժվել է: Սակայն Յուրի Նիկոլաևիչը իր որոշման մեջ անդրդվելի մնաց. Նրան պարզ դարձավ, որ խաչված Աստվածորդին իրեն՝ դատախազին էլ էր իր մոտ կանչել ու այսուհետև իր Փրկիչը պիտի լիներ:
Պավել Տիխոմիրովին ու ընկերներին նստեցրին առանձին բանտախցերում: Նախկին ավազակներին հարցաքննող բոլոր քննիչներին զարմացնում էր նրանց քայլը ու հատկապես նրանք ապշում էին, որ այդ մարդիկ Ավետարանի ազդեցության տակ հիմնովին կերպարանափոխվել էին: Ահա, թե ինչպիսին է այդ Աստվածային գրքի ուժը, երբ նրան մոտենում ես մաքուր սրտով ու ճշմարտությունն իմանալու ցանկությամբ: Շուտով քաղաքում խոսել սկսեցին ոչ միայն նախկին ավազակների զղջման ու դատախազի հանկարծական անհասկանալի հրաժարականի մասին, այլև այն մասին, որ նախկին հանցագործների մեկուսացումն է պահանջել բանտի քահանան պատճառաբանելով, որ Տիխոմիրովն ու ընկերները մյուս կալանավորներին իրենց հավատին են դարձնում: Սակայն դժվար էր հանգցնել Ավետարանի կրակը, ու այն տարածվեց բոլոր խցերում: Կալանավորներից շատերը ու բանտապահներից մի քանիսը գրեթե անգիր արեցին ՀովՀաննես Առաքյալի 12-րդ և 16-րդ գլուխները: Այնքա՜ն իրենց դուր էին եկել:
Մեկ տարի հետո յոթն էլ դատարանի առաջ կանգնեցին: Նոր դատախազը իր մեղադրական ճառում գույները խտացնելու կարիքը չունեցավ, քանի որ մեղադրյալները կամավոր կերպով խոստովանում էին իրենց մեղքերը: Ւսկ նախկին դատախազը, որն հիմա որպես դատապաշտպան էր հանդես գալիս, ներողամտություն խնդրեց երդվյալներից կալանավորների համար, որոնք կամավոր հանձնվել էին ու ցանկանում էին աշխատանքային ազնիվ կյանք սկսել: Այնուամենայնիվ նրանք տասը տարվա տաժանակիր աշխատանքի դատապարտվեցին: Նրանք որոշումը խոնարհաբար լսեցին՝ այն գիտակցությամբ, որ արժանի են դրան, ու հրաժարվեցին բողոքելու իրենց իրավունքից: Դատը դռնբաց էր: Երբ վերջին խոսքն ասելու հնարավորություն տրվեց, յուրաքանչյուրը այս կամ այն անկեղծ արտահայտությունով զղջաց այն մասին, որ այդքան տարիներ մարդկանց չարիք էր պատճառել, ու խոսեց այն մասին, թե ինչ ազդեցություն է թողել իր վրա Ավետարանը: Ներկաներից շատերը հուզված էին, ու նկատելի էր, որ շատերի սրտի մեջ ընկել էր Աստծո Խոսքի հատիկը ու կենդանի արմատ գցել:
Դատից հետո կալանավորներին մեկ-մեկ ուղարկեցին որոշված վայրերը, բացի Տիխոմիրովից և Սոլովյովից, որոնք պետք է նույն տեղն ուղարկվեին: Հրաժեշտ տալով իրար խոստացան բոլոր պարագաներում ազնիվ լինել, Տիրոջը հավատարիմ մնալ, ու Նրա սիրո մասին պատմել ուրիշներին: Տիխոմիրովն ու Սոլովյովը Զա Բայկալ ուղարկվեցին: Բոլոր այն առաքակետերում, որտեղ լինում էին, պատմում էին այն մասին, թե ինչպես Ավետարանը փրկեց իրենց, ու թե ինչպես զղջացողներին փրկում է Աստծո սերը: Ամեն տեղ էլ գտնվում էին մարդիկ, որոնք ուշադրությամբ լսում էին հատկապես նրանց պարզ վկայությունը ու սրտով հավատում: Այն տաժանակրորդները, որոնց ճակատագիրն էին հիմա կիսում Տիխոմիրովն ու Սոլովյովը, հատկապես ուշադրությամբ էին լսում նրանց կենդանի խոսքը: Ու քիչ ժամանակ անց նրանք ամբողջովին Աստծուն էին հանձնվում: Երկու տարի հետո իշխանություններին էլ նկատելի դարձավ, որ տաժանակրորդները, որոնք միշտ անհանգիստ էին եղել, հիմա մի տեսակ խաղաղվել էին, ու մի քանիսը անբասիր վարքով էին ապրում:
Դեպի Զա Բայկալ ճանապարհին Տիխոմիրովը ամեն տեղ հետաքրքրվում էր Մագելյուսկի նահանգի գաղթականներով՝ հուսով, որ տեղեկություն կստանա իր համագյուղացիների տեղի մասին ու ամենից առաջ իր քրոջ՝ Շուրայի մասին, կենդանի՞ է նա, թե ոչ: Նամակները, որ նա հայրենիք ուղարկեց, անպատասխան մնացին: Օ՜, որքա՜ն հաճախ էր մտածում նա իր քնքուշ քրոջ՝ Շուրայի մասին, որքա՜ն ուզում էր պատմել նրան իր տառապանքների հատկապես իր «մեռած» գործերից ձեռք քաշելու ու Քրիստոսին հանձնվելու մասին:
Եվ աhա, մի քանի տարի hետո կառավարական ինչ-որ կարևոր ու երջանիկ իրադարձության կապակցությամբ ներում՝ ամնիստիա հայտարարվեց, ու Տիխոմիրով Պավելն ու Սոլովյով Գրիգորին ժամկետից շուտ ազատ արձակվեցին: Իրենց միջոցով հավատքի եկած կալանավորներից բաժանվելիս, որպես հոգևոր զավակներ, Աստծուն հանձնեցին: Վերջիններս լաց եղան հոգևոր հայրերից բաժանվելիս: Ապա Տիխոմիրովն ու Սոլովյովը ոտքով ուղևորվեցին դեպի Իրկուտսկ ու Տոմսկ: Նրանց նվիրական իղձն էր անցնել Ռուսաստանի եվրոպական մասը՝ հայրենիք, որն հազիվ էին հիշում: Լինի ճանապարհին, թե գիշերելու տեղերում, բոլոր նրանք ում հանդիպում էին հետաքրքրվում էին իրենցով, հարց ու փորձ անում՝ ովքեր են, ուր են գնում: Նախկին ավազակների պատմությունը բոլորին հետաքրքրում էր: Լսելուց հետո, մարդիկ հուզվում էին ու շատերի սիրտը բռնկվում էր Աստծուն ծառայելու ցանկությամբ:    Որոշ գյուղաքաղաքներում հանդիպում էին հավատացյալ եղբայրների և քույրերի, որոնց հետ երեկոները եղբայրական զրույցներ էին ունենում և ընթերցում Աստծո Խոսքը: Հավատացյալները ուրախ էին տեսնելով, թե ինչպես է Ավետարանը դարձի բերում կորսվող մեղավորներին, և օրհնում էին Աստծուն:
Գյուղերից մեկում, որտեղ նրանք տոնեցին Հարության տոնն ու մեծ հավաքի ընթացքում պատմեցին իրենց նախկին կյանքի ու փրկության մասին, մեծ արթնություն տեղի ունեցավ, մի քանի տասնյակ մարդիկ դարձի եկան: Այդ առիթով ուրախությունը հսկայական էր։
Վաղ գարուն էր։ Ձմեռվա երկար քնից հետո բնությունը վերակենդանացել էր, գետերը հոսել էին սկսել, չվող թռչունները հսկա երամներով շտապում էին հարազատ երկրները, որտեղ թողել էին իրենց բույն .... : Նրանք երկաթգծից չէին հեռանում: Տիխոմիրովը ջանում էր, բայց չէր կարողանում հիշել անունը այն կայարանի, որտեղ կորցրել էր հորը, մորը և քրոջը։ Նա ուզում էր նայել այն ձյունածածկ վահաններին, որոնց ետևում այնքան էր տառապել մանկության օրերին։ Ապրած պահերը հիշելով, արցունքներ իջան այտերից վար ու բացականչեց. «Է՜հ, սիրելիներս .... ինձ մենակ թողեցիք, ու ես աhա պիտի թափառեմ աշխարհով մեկ»։ Բայց իսկույն հիշեց, որ ինքը՝ Աստվածորդին նույնպես երկրի վրա ապաստարան չուներ ու միայնակ էր նույնիսկ հարազատների շրջապատում։
Երեկոն իջնում էր, երբ ճանապարհորդները մոտեցան երկաթգծից ոչ հեռու, գետի ափին գտնվող փոքրիկ քաղաքին։ Փողոց մտնելով հարցրեցին. «Այստեղ հավատացյալներ կա՞ն»։ Նրանց ցույց տվին եղևնիների մեջ կանգնած մի ոչ մեծ գեղեցիկ տուն։ Տան մոտենալով, տեսան սանդղամուտքի առաջ խաղացող երկու երեխաների, ու քիչ հեռու՝ ինչ-որ բանով զբաղված, լավ հագնված երիտասարդ մի կնոջ, որը սիրալիր ժպտում էր իրենց։ Մոտեցան, խոսեցին նրա հետ ու ասացին, որ իրենք հավատացյալներ են ու գիշերելու տեղ խնդրեցին։ Կինը սիրալիր ներս հրավիրեց նրանց ասելով՝ միշտ էլ տեղ կճարվի եղբայրների համար։ Կանչեց ամուսնուն, որն աշխատում էր տնամերձ այգում։ Ամուսինը իսկույն եկավ, ուրախությամբ մնաց նրանց հետ, մինչև տանտիրուհին թեյ կպատրաստեր։ Մինչ ինքնաեռը կեռար, տանտիրուհին կթեց երկու կովերը ու սեղանը գցեց։ Ինչ ասես, որ չկար սեղանի վրա՝ կարագի մեծ կտորներ, կաթնաթթու, մի քանի տեսակ խմորեղեններ, խաշած ձվեր ու հիանալի սպիտակ հաց։ Այս բոլորը հրապուրում էր քաղցած ճանապարհորդներին։ Մեծ լամպը վառ լույս էր գցում սպիտակաթույր ծածկոցի վրա, իսկ պլպլացող ինքնաեռը ուրախ աղմկում էր։ Ներս եկավ ժանյակներով սպիտակ գոգնոցը հագին տանտիրուհին ու ամուսնուն ասաց. «Լյոնյա, եղբայրներին սեղան հրավիրիր: Խնդրում եմ սեղանին մոտենալ, թանկագին հյուրեր»: Բոլորը նստեցին։ Տանտերը Աստծո օրհնությունը խնդրեց։ Աստծուն շնորհակալություն հայտնեց Իր սիրո և հոգատարության համար, խնդրեց, որ Աստված հավատքի մեջ պահի իրենց և օրհնի սեղանը: Տիխոմիրովը կյանքում երբեք նման առատ սեղանի առաջ նստած չէր եղել ու չէր տեսել նման հյուրասեր, բարի ընտանիք: Սիրտը հիացմունքով ու գորովով լցվեց: Տանտիրոջ երեխաները՝ աղջիկ և տղա, սեղանի առաջ նույնպես զբաղեցրին իրենց տեղերը ու հետաքրքրությամբ դիտել սկսեցին հյուրերին ու լսեցին նրանց զրույցը։
Տանտիրոջ խնդրանքով Տիխոմիրովը շարունակել սկսեց իր պատմությունը, որն ընդհատվել էր այն մասում, երբ ավազակները թավախիտ անտառում բացեցին սպանվածներից վերցված Ավետարանը։ Նա վառ արտահայտություններով նկարագրեց, թե ինչպես աստիճանաբար Ավետարանը մտավ իր և իր ընկերների հոգին, ինչպես իրենք իրենց մեղադրեցին կատարած հանցագործությունների համար, ինչպես որոշեցին թողնել իրենց ապրելակերպը ու արդարադատությանը հանձնվել, ինչպես հավատաց իրենց դատախազը, ու ինչպես դատեցին իրենց։ Պատմեց առաքակետերում անցկացրած ժամանակը ու մինչև ներումը ամնիստիան կատարած տաժանակիր աշխատանքների մասին։ Տանտերն ու տանտիրուհին աչք չէին հեռացնում պատմողից, իսկ տանտիրուհին հաճախ էր սրբում այտերից հոսող արցունքները։
Ժամանակը աննկատ անցավ: Մեծ ժամացույցը խփեց ժամը 12-ը։ Բոլորը ծնկի եկան ու շնորհակալություն հայտնեցին Աստծուն՝ կորսվածներին փրկելու հարցում Իր կատարած հրաշալի գործերի համար։ «Հիմա ո՞ւր եք գնում եղբայրներ», երբ բոլորը վեր կացան, հուզված հարցրեց տանտիրուհին։ «Որոշել ենք Ռուսաստան գնալ՝ հայրենիք», պատասխանեց Տիխոմիրովը։ «Իսկ հարազատներից որևէ մեկը կա՞ այնտեղ», շարունակեց տանտիրուհին։ «Ահա Սոլովյովը այնտեղ ունի, կամ ուներ, մայր, որն ապրում էր Կիևյան նահանգում։ Իսկ ես ոչինչ չունեմ՝ ոչ հայր, ոչ մայր։ Պարզապես գնում եմ իմ հարազատ բույնը տեսնելու, որը Մոգիլևյան նահանգի մի գյուղն է։ Իսկ ամենակարևորը՝ մեծ ցանկություն ունեմ իմ համագյուղացիներին պատմելու Տիրոջ ու Նրա մեր նկատմամբ ունեցած սիրո մասին։ «Իսկ դուք վաղո՞ւց եք որբ մնացել», շարունակեց տանտիրուհին։ «Ծնողներիս կորցրեցի, երբ ութ տարեկան էի: Նրանց կորցրեցի այստեղ՝ Սիբիրում, երբ որպես գաղթականներ այստեղ ապրելու էինք գալիս։ Հայրս մորիցս երկու օր առաջ մահացավ»։
Տանտիրուհին երկու ձեռքերով բռնեց սեղանից ու մնաց կանգնած, դեպի առաջ ձգված՝ աչքերը Տիխոմիրովի աչքերին սևեռած։ Ամուսինը զարմացած նայում էր նրան՝ չհասկանալով, թե ինչու է նա այդպես տարված հարցուփորձով ու չի գնում անկողինը փռելու: Իսկ հյուրը շարունակում էր. «Ես ու քույրս, որն ինձանից մի քիչ մեծ էր, բոլորովին որբ մնացինք։ Մորս մահվան հաջորդ օրը կորցրեցի նրան ու մինչև, օրս ոչինչ չգիտեմ իր մասին։ Հավանաբար նա էլ մեռավ ինչպես շատ որբացած երեխաներ, գաղթական կյանքի անտանելի պայմաններում։ Լավն էր քույրս. նա խղճում էր ինձ որպես մայր»։ Ու Տիխոմիրովը լաց եղավ: Դիակի պես գունատ տանտիրուհին արտասվելով բացականչեց. «Դո՞ւ ես, իմ սիրելի եղբայր Պաշա։ Շուտ ասա։ Սիրտս ասում էր, որ դու ես»։ «Շուրա, այդ դու ես, հրեշտակ իմ, սիրելի քույր», երեխայի նման հեկեկալով բացականչեց Պաշան»։ «Այո՛, ես եմ՝ քո քույրը, սիրելիս։ Որքան էի տանջվում քեզ համար»։ Քույր ու եղբայր իրար գիրկ ընկան, համբուրվեցին, լաց եղան, նորից լաց եղան, նորից համբուրվեցին .... Տիխոմիրովը նետվեց դեպի երեխաները, որոնք իրենց մորը նայելով նույնպես լաց էին լինում։ Պաշան մեկ նրանց, մեկ քրոջ ամուսնուն էր համբուրում։ Իրար կորցրած քրոջ ու եղբոր անսպասելի հանդիպումից ապշած, Սոլովյովը նույնպես մասնակցեց ընդհանուր ուրախությանը։
Օ՜, ինչպիսի՜ երջանկություն էր այդ։ Շուրան այնքան էր հուզված, որ չգիտեր ինչ աներ։ Նա դարձյալ ու դարձյալ մոտենում էր Պաշային, գրկում էր ու ասում. «Այդ դո՞ւ ես եղրայր իմ, քե՞զ եմ տեսնում: Օ՜, ինչպիսի՜ երջանկություն: Երբ դուք մեր տանը մոտեցաք, կարծես ինչ-որ թանկագին բան գտա: Սիրտս ուրախությամբ լցվեց։ Չէի հասկանում, թե ինչն է պատճաոը: Իսկույն ուզեցի ապաստարան տալ ձեզ և հյուրասիրել։ Առանց այն էլ, գլխիս եկած դժբախտությունից հետո միշտ ուրախությամբ եմ ընդունում կարիքավորներին: Իսկ այս դեպքում մի տեսակ ավելի մեծ ցանկություն ունեցա: Հիմա եմ հասկանում պատճառը: Ախր, քսան տարի իրար չենք տեսեի: Օ՜, ինչպիսի՜ երջանկություն սա ....»: Ու նրանք դարձյալ ծնկի եկան ու փառաբանեցին Տիրոջը: Նույնիսկ Շուրայի հինգ տարեկան աղջիկն ասաց. «Բարի Հիսուս, շնորհակալ եմ քեզանից, որ քեռի Պաշային մեզ մոտ բերեցիր»: Բոլորը լաց եղան: Իսկ Ալեքսեյ Վասիլևիչը շնորհակալություն հայտնեց Աստծուն իր կնոջն արած թանկարժեք նվերի համար:
Գիշերվա ժամը երեքն էր ու դեռ քնած չէին: Նույնիսկ երեխաներն էին արթուն: Նորից թեյ խմեցին, զրուցեցին ու վերջապես Աստծուն հանձնելով իրենց, լուսաբացին գնացին քնելու։ Այդքան հուզումներից հետո բոլորը հանգիստ քնեցին: Պաշան երազում տեսավ, թե ինքը նորից անտառում է ու ավազակ ընկերներին Ավետարանն է կարդում .... Ընկերներից բաժանում, դատախազ, դատ, առաքակետեր, բանտեր, տաժանակրություն .... Երբ առավոտյան արթնացավ ու համոզվեց, որ այդ բոլորը երազ էր, դարձյալ փառաբանեց Տիրոջը: Առավոտյան թեյի սեղանի շուրջ նստած նորից զարմացան ու հիացան Աստծո ներողամտությամբ, որբերի նկատմամբ նրա ցույց տված հոգարատությամբ: Շուրան դարձյալ խնդրեց եղբորը պատմել այն տառապանքների մասին, որ նա կրել էր երկաթգծային վահանների մոտ բաժանվելուց հետո: Շուրան նույնպես շատ էր տառապել աղջիկների բարաքում, որտեղ մնացել էր մինչև խոր աշուն։ Ցրտերն ընկել էին, իսկ բարաքները դեռ չէին տաքացվում: Համաճարակ սկսվեց: Երեխաները տասնյակներով էին մահանում: Շրջակայքի գյուղերից բարի մարդիկ եկան ու երեխաներին իրենց տները տարան, որպեսզի ցրտից չսառեն: Շուրային վերցրեց մի հավատացյալ աղքատ այրի, որն ինքը արդեն չորս երեխա ուներ: Շուրան ձմեռեց մորաքույր Դունիայի ճիմի ծածկոցով խրճիթում: Հաց կար: Մորաքույր Դունիան միշտ կարդում էր Ավետարանը ու երեխաների հետ աղոթում էր: Այդ գյուղում դպրոց էլ կար: Շուրան լավ էր սովորում ու սիրում էր կարդալ՝ հատկապես Ավետարանը: Տասնչորս տարեկան հասակում գիտակցաբար դարձավ դեպի Տերն ու հայտարարեց, որ ցանկանում է մկրտվել: Մկրտվեց և ընդունվեց համայնքի մեջ։ Անցավ չորս տարի ևս: Շուրան մեծացավ, ամրացավ ու լավ աշխատողի ու երգչախմբի առաջին երգչուհու համբավը ձեռք բերեց: Բոլորը սիրում էին նրան: Ոչ մեկի մտքով չէր անցնում մտածել, որ Շուրան մորաքույր Դունիայի աղջիկը չէ։ Նրանք շատ էին սիրում իրար: Այդ գյուղի երգչախումբը հաճախ էր Տիրոջ ծառայելու մեկնում մյուս գյուղերը, նույնիսկ քաղաքները։ Մի օր երգչախմբի աղջիկներն ու տղաները որոշեցին այցելել այն քաղաքը, որտեղ հիմա Շուրան ապրում է: Եվ ահա, Տերը իրեն մատուցված ծառայության համար լիուլի օրհնեց նրանց։ Երգչախմբի մեջ գտնվող քարոզչի ոգեշունչ քարոզներից ու երգչախմբի հիանալի երգեցողության ազդեցության տակ, մի քանի տասնյակ մարդիկ դարձի եկան՝ այդ թվում առևտրի տանը աշխատող մի երիտասարդ հաշվապահ: Մեկ տարի հետո նա դարձավ ամուսինը Շուրայի, որն հիմա ունի երկու երեխա ու սիրո ու փոխադարձ հասկացողության մեջ է ապրում Ալեքսեյ Վասիլիչի հետ: Երբ Շուրան ավարտեց իր պատմությունը, Պաշան հիշեցրեց նրան, թե ծնողների մահից հետո ինքը ինչպես ուզեց գնացքի տակ նետվել, ու ինչպես Շուրան արտասվելով համոզում էր իրեն չդիմել այդ հուսահատ քայլին ասելով. «Մի՛ ընկճվիր, քաղցրս, Տերը մեզ չի լքի»:
Շուրան համաձայնվեց Պաշայի որոշման հետ՝ հայրենիք գնալ, որպեսզի այնտեղ ապրող ազգականներն ու համագյուղացիներին դարձի բերի: Բայց Շուրայի սիրտը թելադրում էր ընկերակցել Պաշային և օգնել նրան հոգիները դարձի բերելու գործում: Ալեքսեյ Վասիլիչը սիրով համաձայնություն տվեց ու խոստացավ լավ հոգ տանել որդու նկատմամբ: Իսկ աղջկան Շուրան որոշեց իր հետ տանել: Ալեքսեյ Վասիլիչը ճանապարհածախսն իր վրա վերցրեց:
Երեք օր հետո նրանք արդեն գնում էին Ռուսաստանի եվրոպական մասը: Ահա, վերջապես «Սամարսկայա» նահանգը, «Սարատովսկայան», «Պենզենսկայան», «Վորոնեժսկայան», «Կուրսկայան», «Կիևսկայան»: Կիևում Սոլովյովը հրաժեշտ տվեց Պաշային ու Շուրային ու գնաց իր գյուղը՝ հուսով, որ մորը տեսնելուց հետո կմիանա իրենց: Պաշան ու Շուրան շարունակեցին իրենց ճանապարհը դեպի «Մոգիլևյան» նահանգը։ Ահա և հարազատ Սոսնովկան .... : Գյուղ մտնելով սկսեցին հարցուփորձ անել Տիխոմիրովների մասին ու պարզվեց, որ Սոսնովկայում իրենց հոր երկու հարազատ եղբայրներն են ապրում, երկու մորաքույրներ, և մի քանի հեռավոր ազգականներ: Բոլորին զարմացրեց Պաշայի ու Շուրայի գյուղում հայտնվելը: Լուր էր տարածվել, որ դեռ տեղ չհասած երեխաները մահացել էին իրենց հոր և մոր մահից անմիջապես հետո: Ամեն մեկը Պաշային ու Շուրային իրենց տուն էր հրավիրում: Շուտով բոլորն իմացան, որ գտնված բարեկամները ավետարանականներ են: Երբ նրանց հրավիրեցին ուրախ առիթը նշելու, հրաժարվեցին ասելով, որ քրիստոնյաներին չի թույլատրվում: Բայց ինչո՞ւ, զարմանում էին Սոսնովկացիները: Չէ՞ որ իրենք էլ են քրիստոնյա, բայց ամեն առիթով օղի են խմում:
Սովորաբար այստեղից էր սկսվում նրանց զրույցը, որից անցնում էին Աստծո Խոսքի ընթերցանությանը:
Շատ ուժեղ ազդեց նրանց վրա Պաշայի այն պատմությունը, թե ինչպես փրկվեց: Ամեն երեկո, Աստծո Խոսքը լսելու համար Սոսնովկացիները հավաքվում էին Տիխոմիրովների մոտ, ու զրույցի ընթացքում ճշմարտությունը հետզհետե ճեղքում անցնում էր հնացած նախապաշարումների և ծիսակատարությունների կեղևը: Շատերը Քրիստոսի մեջ գտան իրենց անձնական Փրկչին ու որոշեցին Տիրոջը հանձնվել .... :
Բայց ահա մի նոր փորձություն .... : Գյուղի քահանան անհանգստացավ ու շրջակայքի ողջ ոստիկանությանը ոտքի հանեց ասելով, որ ահա եկել է մի տաժանակրորդ ու խախտել է ժողովրդի մեջ ուղղափառ, եկեղեցու բոլոր հիմքերը: Գիշերը Տիխոմիրովների բնակարանը եկավ ոստիկանը ու Պավելին տարավ գլխավոր պրիստավի մոտ: Առավոտյան պրիստավի գրասենյակը եկան քննիչն ու քահանան: Քննությունից հետո, որպես գայթակղիչ, Պավելի վրա արձանագրություն կազմեցին ու պահակախմբի հսկողությամբ գավառական բանտ ուղարկեցին՝ մինչև դատը:
Եղբոր համար շատ տխրեց Շուրան: Հարկադրված Սիբիր վերադարձավ՝ նույնիսկ առանց նրան տեսնելու, քանի որ օրենքով չէր թույլատրվում կալանավորին տեսնել նախքան դատավարությունը: Իսկ Պաշան մի քանի օր հետո Շուրային հետևյալ նամակը գրեց. «Իմ թանկագին քույր Շուրա, խնդրում եմ քեզ իմ մասին չմտածել .... Ես շատ ուրախ եմ, որ արդեն ոչ թե որպես ավազակ ու գող, այլ որպես քրիստոնյա եմ մասնակից դառնում իմ Փրկչի տառապանքներին .... : Աննկարագրելիորեն ուրախ եմ, քանի որ բանտում էլ շատ կորած հոգիներ կան, որոնք փրկություն են տենչում: Ես կարող եմ նրանց դարձի բերել: Մի՛ վշտանար ինձ համար, այլ աղոթիր: Համբուրում եմ քեզ, Լյոնյային և ձեր երեխաներին:
Մինչև դատը երեք տարի անցավ, ու Պավելը երեք բանտում եղավ: Ամեն տեղ Աստծուն քարոզեց, ու ամեն տեղ մեղավորները փրկության ուղին բռնեցին: Բանտերի քահանաները իշխանություններին խնդրում էին ազատել իրենց այդ հերետիկոսից, որի հետ ոչ մի կերպ լեզու գտնել չէին կարողանում: Դատարանը Տիխոմիրովին Էլիսեյան նահանգ աքսորեց երկու տարով, ուղղափառ հավատացյալներին գայթակղելու համար: Պարզվել էր, որ միայն Սոսնովկայում, քահանայի մոտ խոստովանանքի գնալուց ու սրբապատկերներին աղոթելուց դադարել են մոտ հարյուր հոգի:
Շուտով Պավելին դատարանից բանտային առաքակետերի միջով նորից իրեն ծանոթ երկիրը՝ Սիբիր ուղարկեցին: Նրան հաջողվեց Շուրային ու Լյոնյային տեղյակ պահել, թե ո՞ր գնացքով է անցնելու իրենց մոտով: Շուրան ու Լյոնյան դուրս եկան իրեն դիմավորելու: Հաջողվեց տեսնվել կալանավորների վագոնի երկաթյա ցանցի միջով միայն: Շուրան արտասվում էր. խղճում էր եղբորը: Բայց Պավելը նայեց նրան ուրախ ժպտալով ու հասկացրեց, որ ինքը երջանիկ է, քանի որ Քրիստոսի համար է տանջվում:
Անցան և այդ երկու տարիները: Աքսորում Տիխոմիրովի կյանքը արտացոլում էր Քրիստոսի մաքուր և սուրբ կյանքը։ Այդ պատճառով էլ նրա վկայաությունը հաջողություն ուներ: Պաշան նամակագրական կապ էր պահպանում քրոջ ու Սոլովյովի հետ: Սոլովյովը մնացել էր հարազատ գյուղում, որտեղ ավետարանական քրիստոնյաների մի փոքր համայնք իրեն եղբայրաբար դիմավորեց: Գրում էր, որ իր մայրը դեռ կենդանի էր ու շատ երջանիկ, որ Աստված պատասխանեց իր աղոթքներին ու փրկեց որդուն: Մայրը իր կյանքի վերջին տարիները ուրախ ու հանգիստ է ապրում իր լրջմիտ ու ազնիվ, քրիստոնյա որդու խնամքի տակ:
Աքսորի ժամկետը վերջացնելուց հետո Պաշան գնաց Շուրայի մոտ՝ որոշելով իր ամբողջ կյանքը նվիրել մեղավոր հոգիների փրկությանը: Նա չուզեց ընտանեկան կապերով կապվել, որպեսզի ոչ մի բան չխանգարի իրեն՝ մարդկանց հաղորդելու Աստծո բարի լուրը՝ այն Ավետարանը, որը իրեն և շատ ուրիշ կորսվածներին վերածնեց: Նա աշխատեց այն ավանի համայնքում, որտեղ ապրում էր Շուրան: Նա աշխատեց նաև շատ այլ վայրերում: Բայց հիմնական բնակարանը քրոջ մոտ էր, որի համար շատ ուրախ էր նաև Լյոնյան: Շուրան, որպես Քրիստոսի համար տարվող աշխատանքների օգնական, հաճախ էր ընկերակցում եղբորը նրա շրջագայությունների ժամանակ։ Իրենց գյուղում քրիստոնյաների համայնքը հոգեկան ծաղկում էր ապրում:
Ու առաջին էջի վրա այն Ավետարանի, որը մի ժամանակ վերցրել էր իր սպանած եղբոր վրայից, Պավել Տիխոմիրովը արեց հետևյալ մակագրությունը. «Ի սեր Քրիստոսի, ների՛ր ինձ եղբայր իմ. ես սպանեցի քեզ, որովհետև ես էլ էի մեռած իմ մեղքերի մեջ: Տերն ինձ ներեց ու վերակենդանացրեց: Ու քո մարմնի անժամանակ մահը հավիտենական կյանք տվեց ոչ միայն ինձ, այլև ինձ նման շատ ավազակներին ու մեղավորներին:
Քո Ավետարանը, որպես կենդանի վտակ փափկացրեց կարծրացած հոգիս, հագեցրեց ինձ՝ ծարավիս, ու շարունակում է հոսել հագեցնելով ու կենդանացնելով այլ մարդկանց ևս: Օրհնյալ լինի քո և իմ Աստվածը: ԱՄԵՆ .... »:

© Հայերեն թարգմանությունը 1991-ին
ՈԻԸՐՏպրես Ինտըրնեշընըլի կողմից:
Հրատարակություն՝ Աստվածաշնչի
Թարգմանության Ինստիտուտի,
Ստոկհոլմ, Շվեդիա:

Категория: Գրքեր | Добавил: Admin
Просмотров: 2301 | Загрузок: 590 | Рейтинг: 5.0/10
Всего комментариев: 0
avatar