Главная » Файлы » Բանաստեղծություններ

Քրիստոս հարյավ / Qristos haryav / DOC-RAR
[ Скачать с сервера (15.1Kb) ] 13.05.2013, 15:09
Քրիստոս հարյավ
Աշխարհից եկա՝ հոգնած ու տխուր,
Հոգիս տառապած, սիրտս խռոված,
Մտա իմ սենյակ ...
Մտքերով մոլոր նստեցի հանգիստ,
Ու կարծես մի մեծ բեռ ընկավ հոգուս թևերի վրա,
Արցունքներն արագ հոսեցին այտիս վրայով ի վար,
Աչքերս կամաց փակվեցին հանկարծ,
Ու տեսա:
Տեսա այծերի հոտ էր գալիս
Ու հեռվից փոշի բարձրացնում,
Այծեր ու գառներ, ուլեր, գառնուկներ, ցատկելով այստեղ,
Ցատկելով այնտեղ, իրար հրելով, առաջ են գնում:
Ու նրանց մորթին ցեխից ոլորվել, կեղտից ծանրացել,
Կարծես նոր էին ճահճի մեջ մտել:
-Աստվա՛ծ իմ,
Հանկարծ այս ցեխաշաղախ այծերի միջից մի գառնուկ տեսա՝ սպիտակ, ճերմակ,
Ու միայն նրա բուրդն էր մնացել ձյունից էլ մաքուր:
Գնում էր հոգնած, հոգով տառապած,
Ու հոտն էլ նրա ետևից՝ արբած աղաղակելով,
Այծերը իրենց պոզերով խփում, խոցում, հարվածում,
Գառները իրենց կեղտոտ բերանով բառաչում, թքում:
Ու ես գոռացի իմ սրտի ցավից.
-Է՜յ, լսո՞ւմ եք ինձ, այդ սուրբ գառնուկին այդ ո՞ւր եք տանում:
Բայց, իզո՜ւր, ձայնս չհասավ նրանց,
Ու տեսա ահա մի այծ վայրենի՝ պոզերը սրած,
Ցատկելով հասավ-խփեց գառնուկին,
Բարձր մկկաց՝ կարծես ասելով.
-Սպանե՛ք սրան, սա մեր նման չէ, մորթեցե՛ք նրան:
Ու մի կեղտոտ սուր գետնից բարձրացավ,
Այծերի շուրջը պտտվեց, անցավ,
Հասավ գառնուկին, որը շա՜տ խոնարհ,
Լուռ ու անվրդով նայում էր նրանց՝
Կարծես ներելով այծերին արբած:
Հոտն ամբողջ գոռաց.
-Մորթեցե՛ք սրան, մորթեցե՛ք սրան:
Սուրը պտտվեց շուրջը գառնուկի,
Բարձրացավ, եկավ, խփեց ու ....
Ու սրտիս ցավից աչքերս բացի, վեր թռա տեղից
Ու տեսա կողքիս Սուրբ գիրքը դրված,
Բացեցի ես այն, այսպես էր գրված.
«Մարդու կերպարանք կամ վայելչություն չուներ իր վրա,
Ոչ էլ այնպիսի երևույթ ուներ, որ ախորժակով նայեինք նրան,
Ողջ մարդկանց կողմից անարգվեց, ձգվեց, ու չհարգեցինք,
Մեծ վշտերի տեր ու մեծ ցավերին տեղյակ արեցինք,
Բայց իրականում Նա մեր ցավերը իր վրա վերցրեց,
Ու մեր վշտերը հոգու հատակից իր ձեռքով հանեց,
Թողինք վիրավոր, արհամարհեցինք,
Ու Աստծուց լքված մենք համարեցինք:
Մեր մեղքի համար Նա վիրավորվեց,
Անօրենության, սխալի համար ծեծվեց, չարչարվեց,
Մեր խաղաղության պատիժը առավ իր սուրբ ձեռքերով,
Մենք բժշկվեցինք Նրա վերքերով:
Մոլորված էինք ոչխարների պես,
Եվ ամեն մեկս իր ճամփան դարձած գնում ենք այսպես:
Տերը մեղքերը վերցրեց ու Նրա ուսերին դրեց,
Եվ Նա տառապանք, չարչարանք կրեց հենց մեր փոխարեն,
Նա իր բերանը չբացեց երբե՛ք ու չտրտնջաց
Մորթվելու տարվող ոչխարի նման
Ու լռեց խուզվող մաքիի նման, բայց և չխոսեց,
Տերը հաճեցավ, որ Նա ճզմվի, որ Նա հանդիպի հոգու տագնապի
Մեղքերի համար Նա ողջակիզվի»:
Գիրքը փակեցի, ետ ընկա հոգնած ու մտածեցի.
«Որքա՜ն էր բարի, որքա՜ն էր սիրող և մեզ հանդուրժող,
Որ Նա մեզ համար այսքան բանն արեց
Ու իր սուրբ արյամբ մեր հոգին սրբեց,
Խաչվեց, մահացավ, իր անձը տվեց՝
Ամբողջ մարդկության հոգու փրկության,
Վերքոտ ձեռքերով ոտքի կանգնեցրեց
Եվ իր հարությամբ մեզ արդարացրեց»:
Ու հոգուս պատեց խնդության մի ձեռք,
Օրհնության աղբյուր իջավ, ու կարծես հենց նոր ծնվեցի.
Թռչում եմ ես, տե՛ս ....
Խոսքերս քիչ են, տկար ու նվազ,
Որ փառաբանեմ քեզ, ի՛մ Տեր Աստված,
Եվ վերջում սրտով ուզում եմ ասել
Ձեզ հետ միասին օրհնության խոսքեր.
-Քրիստոս հարյավ ի մեռելոց....

Հեղինակ՝ Արտակ Շահնազարյան
Սրբագրող՝ Քրիստինե Այվազյան
Категория: Բանաստեղծություններ | Добавил: Admin
Просмотров: 1523 | Загрузок: 590 | Рейтинг: 5.0/7
Всего комментариев: 0
avatar