Главная » Файлы » Բանաստեղծություններ

Քայլեք Հիսուսին
[ Скачать с сервера (16.6Kb) ] 13.05.2013, 19:37
Քայլեք Հիսուսին
Անշուք մի տան մեջ, լռին անտառում,
Մի ընտանիք էր իր կյանքով ապրում,
Եվ անտառային այդ խուլ խրճիթում
Օրն էր գլորվում մեգ ու մշուշում:

Երկու փոքրիկներ՝ թախծոտ աչքերով,
Ձեռք-ձեռք էին տվել, նստել գլխիկոր,
Երկու մանչուկներ, պապակված շուրթով
Իրար էին նայում անհուն թախիծով:

Սև էր օրը այն խեղճ մանուկների,
Օրերով մնում էին նրանք անոթի
Ու լուռ չարչարվում, արտասուք թափում,
Տանից գնալու պահ էին փնտրում:

Խորթ հայրն էր նրանց անվերջ չարչարում,
Ցավ էր պատճառում, անվերջ անիծում,
Հաց էր խոստանում ու աշխատեցնում
Խեղճ որբուկներին, անվերջ չարչարում:

Գիշերվա միգում ու սև շղարշում
Դուռը ճռնչաց այն խուլ խրճիթի,
Ձեռք-ձեռքի տված, փայլը աչքերում
Որբուկներն անցան ճամփով անտառի:

Քայլեցին մթին, փշոտ ճամփեքով,
Ու շատ մրսեցին բարակ շորերով,
Ինչպես ցրտահար տերև դողալով
Իրար մոտ նստին սառած ոտքերով:

Հանկարծ ճամփի մեջ այդ փուշ ու քարոտ
Մի մարդ հայտնվեց փոքրիկների մոտ,
Իր շուրթը հպեց փոշոտ այտերին,
Ձեռքր իր ճերմակ դրեց գլխներին:

Անիծված աշխարհն է խրճիթը այդ,
Եվ դուք եք մարդիք, խղճուկ որբերն այդ,
Այդ դուք եք մարդիք, այդ թշվառները,
Խարխուլ խրճիթում արտասվողները:

Չար անօրենն է կեղծ դիմակ հագել,
Խորթ հոր տանջալից դերն է նա մտել:
Շողոքորթ խոսքով ձեզ հմայելով
Դարձյալ քաղցած է թողնում խնդալով:

Մղում է նա ձեզ փառքի մոլուցքի
Եվ խոստանում է մեծ հարստություն,
Չարչարում է ձեզ ջանքով կատաղի
Եվ սերմանում է մեծ մոլորություն:

Նայեք ձեր շուրջը, ո՛վ դուք անմիտներ,
Կգտնե՞ք արդյոք փունջ-փունջ ժպիտներ,
Նայե՛ք, կտեսնեք ցավ ու տառապանք,
Մորմոքվող լաց, սարսափ ու տանջանք:

Մի՞թե չեք հոգնել այդ խորթ հոր ձեռից,
Ու չե՞ք հագեցել անեծք, լուտանքից,
Խոստումները նրա, հասկացեք, սո՛ւտ են,
Անուրջներն այն վեհ, դատարկ ու փուչ են:

Համարձա՛կ եղեք, և միշտ իմացեք,
Որ կա մեր կյանքում մի սիրո արև,
Ես դիմում եմ ձեզ, իսկ դուք հասկացե՛ք,
Որ Նա սիրում է ձեզ միշտ, հարատև:

Քայլեք այն ճամփով, թեկուզ նեղ, փշոտ,
Ու մի վարանեք, այլ եղեք սրտոտ,
Ու եթե հանկարծ դողաք ու մրսեք՝
Այս իմ ասածս դուք լավ իմացեք.

Գնացեք Նրան ու դուք չեք լացի,
Ձեր արտասուքը Ինքը կսրբի,
Փոքրիկ մանկան պես գոգին կդնի,
Այդ տանջանքներից քեզ Նա կազատի:

Փառաց Տերն է ձեր Հայրը իսկական,
Եվ ո՛չ անօրենը, կեղծ հոր դիմակով,
Նա է որ կտա հանգիստ մշտական,
Եվ ոչ թե տանջանք, ցավ ու տառապանք:

Արդ մի՞թե լավ չէ՝ քայլենք նեղ ճամփով,
Բայց հետո կյանքը անցկացնենք խինդով
Ու ցնծանք, հրճվենք մեր Տեր Հիսուսով:


Նորա Հարությունյան
Категория: Բանաստեղծություններ | Добавил: Admin
Просмотров: 1347 | Загрузок: 403 | Рейтинг: 5.0/5
Всего комментариев: 0
avatar