Գլխավոր էջ » Ֆայլեր » Բանաստեղծություններ


Մոր Աղոթքը
[ Բեռնել սերվերից (19.0 Kb) ] 05.07.2016, 20:27
Մոր Աղոթքը
Խնդրո՛ւմ եմ, ներեք մեծահոգաբար,
Եթե ձեզ թվա պահն այս անհարմար
Իմ սրտաճմլիկ պատմության համար ...
Բայց ես հիշեցի հենց նոր՝ այս պահին,
Մեր գյուղի տունը, իմ ծնողներին:
Ծնողներս միշտ ինձ ասում էին.
«Որդյա՛կ սիրասուն, դարձի՛ր Աստծուն»:
Ինձ համար հաճախ աղոթում էին,
Բայց ես աշխարհի կյանքն էի սիրում`
Գինի, ընկերներ, հաճույքներ բազում ...
Սրտիս մեջ տագնապ, փոթորիկ, ցասում,
Հոգով ու մտքով իսպառ կուրացած՝
Կարմիր գինուն էի նայում հիացած:
Աղոթքն ինձ համար դժոխք էր դաժան,
Ապրում էի ես Աստծուց բաժան:
Անցնում էր օրս տիղմի մեջ մեղքի,
Թվում էր՝ սա է ուղին իմ կյանքի:
Ես ... չեմ մոռանա օրն այն ահավոր`
Մեռնում էր հիվանդ հայրն իմ ալևոր,
Մորս աչքերից արցունք էր հոսում,
Իսկ ես հարբած եմ, այսպես եմ խոսում.
- Աստվածդ ո՞ւր է, ինչո՞ւ չի փրկում,
Ինչո՞ւ է թողել քեզ մահվան գրկում:
Եվ դու էլ, հայրի՛կ, անաստվածի պես
Մեռելների հետ հողում կփտես:
Հայրս ժպտալով պատասխանեց հեզ.
- Որդյա՛կ իմ, Աստված չի թողնելու քեզ,
Ես կենդանի եմ, դու, ավա՜ղ, մեռած,
Բայց քեզ կտեսնեմ հարություն առած:
Հորս թաղեցի ... Հետո միալար
Արցունք էր թափում մայրս ինձ համար:
Հառաչանքները, աղոթքը նրա
Խոր վերք են թողել հուշերիս վրա:
Անօրեն էին մտքերը իմ պիղծ,
Անտանելի էր թվում մայրս ինձ:
Մի խավար գիշեր անաստվածի պես
Լքեցի վշտից տանջված մորս ես,
Այնժամ գոչեցի.
- Ազա՜տ եմ հիմա,
Էլ ես չեմ զգում ճնշում ինձ վրա:
Բայց հենց տրվեցի այդ ազատ կյանքին,
Ընկղմվեցի տիղմի մեջ մեղքի:
Կյանքն ինձ պտտեց մի տաշեղի պես,
Խավարի ունայն ջրապտույտում:
Շատ էր հաճելի սկզբում կարծես,
Բայց հետո ցավն էր նորից ինձ պատում,
Եվ անտանելի շուտով ինձ թվաց
Այս կյանքի ամեն պտույտ, շրջադարձ:
Լարել եմ կամքս ու ցավից տնքում
Այս ջրապտույտ կյանքի հոսանքում:
Ոսկեզարդ հագած հաճույքը մեղքի
Շլացնող փայլով կուրացրել էր ինձ,
Եվ անտեսելով լույսը սուրբ կյանքի՝
Լող էի տալիս մեղքի մեջ այդ պիղծ:
Եվ ո՞վ կփրկի արդյոք ինձ մահից,
Կլլող անդունդի անհուն խավարից:
Հավատա՛ դու ինձ, ոչ մի մարդ, ոչ ոք ...
Ասացե՛ք հիմա ո՞ւմ դիմեմ արդյոք:
Խարխափում եմ ես, բայց չկա լուծում,
Եվ ահա մի օր հորդ անձրևի տակ
Համագյուղացուս տեսա փողոցում.
Սիրտս սկսեց տրոփել արագ,
Մի քնքուշ կերպար հառեց հուշերից՝
Աչքերը թախծոտ և անընդհատ թաց ...
Եվ իմ անմաքուր, անսուրբ շուրթերից,
Թռավ անհոգի ու անմիտ մի հարց.
- Մայրիկս ո՞նց է, դեռ հիշո՞ւմ է ինձ,
Թե մոռացել է ու հանձնել չարին:
Ուզում եմ գնալ, այցելել նորից,
Ավա՜ղ, գործերս շատ են այս տարի:
- Ասում ես՝ գործե՞ր, լավ է լռեիր.
Գործերիդ մասին հեշտ է կռահել:
Հիմա կպատմեմ քեզ, բայց հոգո՛վ լսիր,
Թե ինչպես է քեզ մայրդ մոռացել:
Երբ դու փախար,
Մայրդ իր վշտից իսպառ ճերմակեց.
Քեզնով էր ապրում,
Ամեն օր, տանջված շոգից ու ցրտից,
Ճամփաբաժանում քեզ էր սպասում:
Մայրական ձեռքերն առ Աստված պարզած՝
Աստծո սուրբ Գառի անհուն հավատքով
Այսպես ժամերով մնում էր կանգնած՝
Որպես հավատքի, հույսի, սիրո սյուն:
Երբ հիվանդացավ, նա մեզ խնդրեց,
Որ մահիճը դնենք պատուհանի մոտ:
Արցունքն աչքերին հառաչում էր խոր
Եվ նայում ճամփիդ արցունքով կարոտ:
Եվ այս խոսքերի սոսկումի ահից
Շշունջով նրան դիմեցի նորից.
- Խնդրո՜ւմ եմ, ասա՛, իմ բարի ընկեր,
Մայրիկս ո՞նց է, արդյոք ո՞ղջ է դեռ:
- Թե ողջ է հիմա, հաստատ չգիտեմ.
Երբ ես հեռացա, նա դեռ շնչում էր,
Եվ քո անունն էր տալիս անընդհատ:
Իսկ դու ասում ես աշխատա՜նք, գործե՜ր ...
Եվ ես վազեցի՝ կարծես խթանված
Իմ ներսից այրող անմար կրակից:
«Չլինի ես ուշանամ հանկարծ,
Մորս ոտքերին փարվեմ զղջումով ... »:
Կայարա՜ն, գնա՜ցք և մի միտք տանջող
Հարվածում է իմ ուղեղին կարծես:
Փորձեցի սսկել, ավա՜ղ, անհաջող,
«Կրկին շտապի՛ր. դու ուշանում ես»:
Գնացքն ի վերջո կանգ առավ ահա,
Անզուսպ տագնապով շտապ ելա ես
Եվ մթին ճամփով խավար գիշերվա
Առաջ գնացի ուրվականի պես:
Ինձ ծանոթ ճամփա՝ դեպի գյուղ տանող,
Բայց սրտիս մեջ կար անծանոթ մի դող ...
Եվ դեպի մեր գյուղ տանող այս ճամփան
Անցնում էր մոտով գերեզմանատան,
Եվ ես հայրիկիս հիշեցի հանկարծ,
Հետո քայլերս կարծես ինքնուրույն,
Չոր տերևները խշխշացնելով,
Ինձ տարան դեպի գերեզմանատուն:
Նեղ արահետով՝ անծանոթ, լքված,
Ահա քայլում եմ, անվերջ խարխափում:
Վերջապես գտա կեչին խոնարհված,
Առաջին անգամ ծնկեցի կյանքում,
Դեմքս սեղմեցի երկաթյա խաչին,
- Ների՜ր ինձ, հայրի՛կ, արարքներս պիղծ,
Ես մի դիակ եմ գարշահոտ, չնչին,
Բայց դու միշտ ողջ ես և ժպտում ես ինձ:
Հոգատարությամբ ու ջերմ սիրով ես
Կխնայեմ իմ մայրիկին տանջված,
Եվ դու էլ, հայրի՛կ, մեզ հետ կլինես:
Իսկ եթե ... , եթե մայրիկիս լինեն հուղարկած ...
Ու սիրտս նորից բաբախեց արագ:
Ցավով լարեցի հայացքս կրկին
Եվ հանկարծ ... լուսնի աղոտ լույսի տակ
Թարմ հողաբլուր տեսա իմ կողքին:
Լուսինն ու աստղերն են վկա միայն,
Թե ո՜նց ողբալով ընկա շիրիմին,
Ամուր գրկեցի հողաթումբը այն,
Լացով սեղմեցի իմ շրթունքներին:
- Լսո՞ւմ ես, մայրի՛կ, խնդրում եմ, ների՛ր,
Շրթունքներդ բա՛ց, պետք չի, մի՛ լռիր,
Տե՛ս՝ աղոթում եմ ես՝ արդեն ծնկած,
Լսո՞ւմ ես, մայրի՛կ, խնդրում եմ, վե՛ր կաց:
Շիրիմը լուռ էր, լոկ մահ էր շնչում,
Մահվան տագնապով իմ հոգին ճնշում:
«Եվ ո՞վ կտա կյանք», - հանկարծ հիշեցի,
Ձեռքերս ողբով երկինք պարզեցի,
Եվ այդ գիշերը գիշերն էր վերջին
Առանց Աստծո ապրած իմ կյանքի:
Այնժամ բացվեցին կույր աչքերը իմ,
Եվ տեսա լույսը Աստծո երկնքի:
Արդեն ապրում եմ Տեր Հիսուսի հետ,
Եվ չեմ ամաչում կրկնել հավետ՝
Կյանքի իմաստը Նրա մեջ է լոկ.
Առանց Հիսուսի կյանք չունի ոչ ոք:
Հաճախ տեսնում եմ այսպիսի պատկեր.
Մայրեր՝ վշտից ու հոգսից կռացած,
Իսկ նրանց կողքին՝ գոռոզ որդիներ՝
Անառակ, անհոգ, կյանքից հոռացած:
Ուզում եմ գոչել.
- Լսեցե՛ք, մայրե՛ր, ձեր որդկանց համար
Մի՛ խնայեք ջանք.
Հավատքով արված աղոթքները ձեր,
Անգամ ետմահու կգործեն հրաշք:
Աստծուն մոռացած որդինե՛ր, դուստրե՛ր,
Նայեցեք ձեր մոր թախծոտ աչքերին,
Կանգնեցեք նրանց կողքին աներեր,
Որ չկրկնեք սխալները իմ ...
Կատեգորիա: Բանաստեղծություններ | Ավելացրեց: Admin | Տեգեր: добавить стих, Христианские стихи
Դիտումներ: 160 | Բեռնումներ: 16 | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar