Главная » Файлы » Բանաստեղծություններ

Մանկական բանաստեղծություններ #3
[ Скачать с сервера (21.0Kb) ] 09.05.2016, 13:46
Մանկական հոգևոր բանաստեղծություններ #3

1. Երբ նայում եմ երկնքին, աստղերը երգ են երգում,
Չեմ հասկանում աստղերին, անվերջ երկինք եմ նայում:
Հերթով փայլում են, շողում, լույս են տալիս ու անցնում,
Ու թվում է՝ երկնքում մեծ տոնի են պատրաստվում:

Անծանոթ է այս երգն ինձ, բառերն էլ չեմ հասկանում,
Բայց դե, սրտիս խորքերում ես էլ նույն երգն եմ երգում:
Ու փայլում է աստղը նոր, շողում ու լույս է տալիս,
Բնությունը աշխարհին մեծ ավետիս է տալիս:

Ես նայում եմ աստղերին, աստղերը երգ են երգում,
Հասկանում եմ աստղերին` Փրկչի ծնունդն են տոնում,
Հերթով փայլում են, շողում, լույս են տալիս ու անցնում,
Հիսուս Քրիստոսն է ծնվել. բարի լուրն են ավետում:

*****

2. Ինձ լավ լսեք, մայրիկներ, տեսեք, թե ինչ եմ ասում,
Հոգսերով եք դուք տարվել, մեզ բանի տեղ չեք դնում,
Անվերջ մաքրում եք, սրբում, կարկանդակներ պատրաստում,
Հենց խոհանոց ենք մտնում, բարկանում եք, դուրս անում:
Գնա, քնիր, շուտ արա, ոտքի տակ ես դու ընկնում,
Մի խանգարիր մեծերին, մեծ տոնի են պատրաստվում:

Ծննդյան տոնին, մայրեր, միայն դուք չեք պատրաստվում
Տոնական այս մեծ օրվան անհամբեր ենք սպասում:
Մեզ փոքրի տեղ եք դրել, բայց պարապ չենք մնացել,
Եվ մեր սրտի երգերը Հիսուսին ենք նվիրել:

*****

3. Սիրում եմ քեզ, իմ Հիսուս,
Դու իմ սրտի պայծառ լույս,
Շողա դու միշտ իմ սրտում,
Որ լույսդ գա իմ կյանքում:

*****

4. Թեև ես դեռ փոքրիկ եմ,
Արդեն քո մասին գիտեմ,
Որ ինձ կյանք ես շնորհել
Ու փրկություն պարգևել:
Հիմա լեցված քո սիրով,
Իմ խնդրանքն եմ քեզ բերում,
Մեծանում քո անունով
Չարով լցված աշխարհում:

*****

5. Երկնքում շողում է աստղը պայծառ,
Երգը հոսում է գետի պես վարար,
Ամբողջ աշխարհում տոն է ցնծության,
Աշխարհ է եկել Փրկիչը` Մեսիան:

Աստղը փայլում է, նայեք երկնքին,
Ու փառաբանեք Փրկիչ Հիսուսին,
Եկեք միասին Բեթլեհեմ գնանք,
Հովիվների մոտ` սարը բարձրանանք:

Ծննդյան տոնն է, Բեթլեհեմ գնանք
Մեր ուրախության երգերը երգենք,
Նայենք, ինչպես է քաղաքը ցնծում,
Փրկիչ Հիսուսի ծնունդն է տոնում:

*****

6. Տոն է աշխարհում, քնել չեմ ուզում
Ու պատուհանից երկինք եմ նայում,
Ուզում եմ գտնել այն աստղը պայծառ,
Որը մոգերին ուղեցույց դարձավ:

Ուզում եմ նրա հետևից գնալ
Ու Բեթլեհեմի տոնին միանալ,
Ուզում եմ լինել հովիվ սարերում,
Ուզում եմ Փրկչին տեսնել մսուրում:

Ուզում եմ պատմել ամբողջ աշխարհին,
Որ բարի լուր եմ բերել բոլորին,
Որ Տեր Հիսուսը մարմին է հագել,
Որ իր Հոր կամքով աշխարհ է եկել:

*****

7. Ահա ծագեց նոր արշալույս
Մեռած կյանքիս մութ օրերում,
Խամրած սրտիս դուռը թակեց
Ու ներս մտավ բարի Հիսուս:

*****

8. Ցերեկը` արև, գիշերը` լուսին,
Բայց ես փնտրում եմ իմ Տեր Հիսուսին,
Նա է փարոսը կյանքի այս ծովում,
Նրա խոսքերն են ինձ լուսավորում:

*****

9. Ջուր եմ լցնում փառքիս ծառին,
Ու խնամում ամբողջ տարին,
Ու չեմ հիշում, թե ով եմ ես,
Տիեզերքում փոշի եմ ես:

*****

10. Կյանքը քամի է, որ եկավ անցավ,
Արմատ չունեիր, քեզ իր հետ տարավ,
Արմատը Տերն է, որ պահում է քեզ:
Թե թողնես նրան, քամուց կքշվես:

Հեղինակ՝ Աննա Պողոսյան
Категория: Բանաստեղծություններ | Добавил: annamanukner
Просмотров: 321 | Загрузок: 76 | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
avatar