Главная » 2016 » Հոկտեմբեր » 2 » Նշանավոր մարդիկ Աստվածաշնչի մասին
16:52
Նշանավոր մարդիկ Աստվածաշնչի մասին
Ի՞նչ են ասել նշանավոր մարդիկ Աստվածաշնչի մասին

Սուրբ Հեղինե կղզում իր բանտարկության ընթացքում Նապոլեոն Բոնապարտը (1768-1821) շատ հաճախ էր Աստվածաշունչ կարդում: Նապոլեոնի մասին իր հուշերում կոմս դե-Լաս-Կեզասը գրում է, որ կայսրը սիրում էր Նոր Կտակարանից կարդալ Լեռան քարոզը սկզբից մինչև վերջ: Այս ընթերցանությունը նրան համակում էր մեծագույն զարմանքով այդ քարոզի բարոյական սկզբունքների մաքրության, վսեմության և գրավչության հանդեպ:
Այդ ռազմական հանճարը, որի մասին ոչ ոք չի կարող ասել, թե զգացմունքային մարդ է եղել, մի անգամ Աստծո խոսքի մասին հետևյալ մտքերն է արտահայտել. «Ավետարանն ունի խորհրդավոր ուժ, զարմանահրաշ զորություն ու ջերմություն, որը ներգործում է մտքի վրա և դյութում սիրտը: Նրա մասին խորհրդածելիս համոզվում ես, որ խոսքը երկնքի մասին է: Ավետարանը գիրք չէ, այլ մարդկային էակ, գործունեություն է ու զորություն: Երբ սեղանի վրա է այս արտոնյալ գիրքը, ես չեմ հոգնում այն կարդալուց և ընթեցում եմ միշտ նույն հաճույքով: Անհնար է որևէ այլ տեղում գտնել նման գեղեցիկ մտքեր, նման բարոյական կանոններ, որոնք երկնային մեծ զորքի նման ետ են մղում բոլոր հարձակումները: Մեր միտքը ոչ միայն կլանվում է այդ գրքի ընթերցանությամբ, այլև նրա միջոցով դառնում տիրական, իսկ հոգին այս գրքով ձերբազատվում է մոլորվելու վտանգից»:

Պրուսական Ֆրիդրիխ Մեծ (1768-1821) թագավորի մերձավորներից մեկը, ժամանակի ֆրանսիացի անվանի փիլիսոփաների շրջանակում քննադատելով Լեռան քարոզը, հակաճառել է թագավորին: «Եթե Քրիստոսն ընդամենը մեկ խոսք ասած լիներ`«Այն ամենն, ինչ կկամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դուք արեք նրանց» (Մատթ. 7:12), դրանով իսկ նա ավելին է ասել, քան դուք` ձեր ողջ փիլիսոփայությամբ հանդերձ»: - առարկել է Ֆրիդրիխ Մեծը:

ԱՄՆ նախագահ Իոհան Ադամսը (1735-1826) խորին հարգանք էր տածում Սուրբ Գրքի հանդեպ, որը վերընթերցում էր մշտապես: Որդուն ուղղված նամակում նա գրում է. «Վաղուց է, ինչ սովորություն ունեմ տարին մեկ անգամ կարդալ Աստվածաշունչը: Ամեն առավոտ անկողնուց ելնելուն պես սովորության համաձայն ընթերցում եմ 4-5 գլոււխ: Դա ինձանից պահանջում է գրեթե մեկ ժամ, և ինձ թվում է, թե օրն այդպես սկսելուց առավել նպատակահարմար ոչինչ չկա»:
Ալեքսանդր I Բլագոսլովեննի կայսրը (1777-1825) պատկառում էր Աստվածաշնչից, որի բարերար ազդեցությունը հոգու վրա զգացել էր սեփական փորձով, և 1812 թվականից մինչև մահ պարտադիր ամեն օր առավոտյան և երեկոյան ընթերցում էր Սուրբ Գիրքը: Կայսեր` Սուրբ Գրքի հանդեպ նման վերաբերմունքը հետևյալ հիմքն ուներ: Մոսկվայի կործանումը 1812 թվականին մինչև հոգու խորքը ցնցում է նրան: Ոչ մի տեղ մխիթարություն չգտնելով` նա իր երիտասարդության ընկերոջը` իշխան Գոլիցինին խոստովանում է, թե ոչինչ ի զորու չէ փարատել իր մռայլ մտքերը: Գոլիցինը, ով պալատականներից ամենաթեթևամիտն ու աչքի ընկնողն էր, մինչ այդ լրջացել էր և սկսել նորադարձի եռանդով ընթերցել Աստվածաշունչը, նրան առաջարկում է ընթերցել Աստվածաշունչը և այնտեղ սփոփանք գտնել: Որոշ ժամանակ անց կայսրը սկսում է կարդալ Սուրբ Գիրքը և զգում, որ մտել է իր համար նոր հասկացությունների աշխարհ: Նա մատիտով ընդգծում է բոլոր հատվածները, որոնք կարող էր համեմատել իր իսկ վիճակի հետ: Դրանք վերընթերցելիս նրան թվում է, թե ինչ-որ բարեկամական ձայն զորացնում է նրան և փարատում մոլորությունները, սիրտը համակում մինչ այդ անծանոթ հավատի ջերմությամբ: «Ես վայելում էի Սուրբ Գիրքը` զգալով, որ նրա խոսքերը սրտիս մեջ ներարկում են նոր, մինչ այդ անծանոթ մի աշխարհ և հագեցնում հոգուս ծարավը: Աստված Իր ողորմածությամբ շնորհեց ինձ Սուրբ Հոգով հասկանալ այն, ինչ կարդում էի, և այդ լուսավորմանն եմ ես պարտական այն բոլոր հոգևոր բարիքների համար, որոնք ստացա Աստծո խոսքն ընթերցելիս»:
Նապոլեոնի հետ վերջին պատերազմի (1815թ.) նախապատրաստության ընթացքում կայսրն իր կասկածների փարատումը փնտրում էր Սուրբ Գրքում: Հունիսի 7-ին նա կարդում է 37-րդ սաղմոսը և երեկոյան ասում, թե այդ սաղմոսը ցրել է պատերազմի վերաբերյալ իր հոգում մնացած տագնապները, ինքը համոզված է, որ գործել է Աստծո կամքի համաձայն:
************
ԱՄՆ նախագահ Զաքարի Թեյլորը (1784-1850) ասել է. «Աստվածաշունչը լավագույնն է բոլոր գրքերից, և ես կկամենայի, որ այն յուրաքանչյուրիս ձեռքին լիներ: Սուրբ Գիրքն անհրաժեշտ է մեր պետական հաստատությունների ապահովության և անխախտելիության համար: Ազատ կառավարումը չի կարող գոյատևել առանց կրոնի և բարոյականության, իսկ առանց Աստվածաշնչի չկա ճշմարիտ կրոն, առանց կրոնի չկա բարոյականություն: Աստվածաշունչը պետք է տալ հատկապես երիտասարդության ձեռքը: Նա աշխարհի լավագույն դասագիրքն է: Կցանկանայի, որ մեր երկրի բոլոր քաղաքացիները ենթարկվեն այդ սրբազան գրքի ազդեցությանը»:

ԱՄՆ հռչակավոր նախագահ Աբրահամ Լինկոլնը (1809-1865) Աստվածաշնչի մասին ասել է. «Դա Աստծո կողմից մարդուն շնորհված լավագույն պարգևն է: Այս գրքի միջոցով է աշխարհի Փրկիչը բաշխել բոլոր բարիքները: Առանց նրա մենք չէինք կարողանա տարբերել ճշմարտությունը ստից»:
Ասում են, թե Անգլիա այցելած մի հնդիկ իշխան ցանկացել է իմանալ այդ հզոր պետության մեծության գաղտնիքը: Վիկտորիա թագուհին (1819-1901) նրան ցույց չի տալիս ոչ իր հիանալի նավատորմը, ոչ գանձարանը, ոչ քաջարի բանակը, ոչ էլ ծովային նավահանգիստները: Ձեռքը դնելով Աստվածաշնչի վրա, նա ասում է. «Այս գիրքն է իմ ժողովրդին բարօրություն պարգևել և նրան երջանիկ դարձրել»:
Բրազիլիայի կայսր Դոն Պեդրոն (1825-1891) մի անգամ այսպիսի դատողություն է արել Աստվածաշնչի մասին. «Սիրում եմ Սուրբ Գիրքը: Ամեն օր ընթերցում եմ այն և որքան շատ եմ կարդում, այնքան ավելի եմ սիրում: Մարդիկ կան, որ չեն սիրում Աստվածաշունչը, ես այդ մարդկանց չեմ հասկանում»:
ԱՄՆ նախագահ Ռուզվելտը հետևյալ կարծիքն է հայտնել Աստվածաշնչի մեծարժեքության վերաբերյալ. «Մեր երկրի բարեկեցությունը, ինչպես նաև հոգևոր զարգացումը խարսխված է Սուրբ Գրքի վրա: Աստվածաշնչի վարդապետություններն այնպես են միահյուսվում մեր քաղաքացիական և հասարակական կյանքին, որ անհնար է պատկերացվել մարդկային կյանքն առանց Սուրբ Գրքի: Նրա օտարմամբ մենք կկորցնենք ամեն մի հենարան: Ուստի յուրաքանչյուր ողջամիտ մարդ պետք է պարզ պատկերացնի, որ Աստվածաշնչի տարածման դադարեցումն անչափելի վնաս կհասցնի մեր լավագույն ձգտումներին: Մենք` ամերիկացիներս, այնքան ենք պարտական Սուրբ Գրքին, որ վաղուց ժամանակն է մարել այդ պարտքը»:
Գերմանական թերթերում հրապարակվել է Գերմայիայի կայսր Վիլհելմ Երկրորդի կարծիքը Սուրբ Գրքի մասին. «Ես հաճախ և հաճույքով եմ ընթերցում Սուրբ Գիրքը, որը միշտ իմ գիշերային սեղանի վրա է, ես ընդգծել եմ նրա առավել արժեքավոր մտքերը: Ավետարանը և Աստվածաշնչի մյուս գրքերն ընթերցելիս ո՞վ է, որ չի տոգորվել անբռնազբոս, վերապրած, հավաստի և ապացուցված ճշմարտության տպավորությամբ: Իմ յուրաքանչյուր մտքի, արարքի առնչությամբ ինքս ինձ հարց եմ տալիս, թե ինչ կասեր այս առիթով Աստվածաշունչը: Նա ինձ համար այն աղբյուրն է, որից զորություն և լույս եմ քաղում: Կասկածի ու թախծի ժամերին ես դիմում եմ սփոփանքի այս գանձարանին»:

Աստվածաշնչի մասին արտահայտվել են նաև համաշխարհային գրականության ներկայացուցիչները:
Հունական գրականության գիտակ Էրազմ Ռոտերդամցին (1467-1536) Սուրբ Գրքի նշանակության մասին գրում է. «Աստվածաշունչը պիտանի է անխտիր բոլորին: Այն մատչելի է փոքրերի հասկացողությանը, սնում է նրանց մայրական կաթով, ջերմացնում ու սատարում նրանց ուժերը և ամեն ինչ անում մինչև Քրիստոսի հասակին հասնելը: Բայց եթե այն մատչելի է փոքրերին, մյուս կողմից էլ` մեծերի զարմանքի առարկան է. փոքրերի համար փոքր է, մեծերի համար` անչափ մեծ: Գիրքը չի մերժում ոչ մի տարիք, ոչ մի սեռ, ոչ մի հասարկական դիրք և ոչ մի խավ: Արեգակն այնքան ընդհանուր և բաց չէ բոլորի համար, որքան Քրիստոսի վարդապետությունը»:

Հանճարեղ ֆրանսիացի գրող Ժան-Ժակ Ռուսոն (1712-1778) իր լավագույն`«Էմիլ կամ դաստիարակության մասին» ստեղծագործության մեջ Ավետարանի և Քրիստոսի մասին գրում է. «Խոստովանում եմ, որ Աստվածաշնչի մեծությունն ապշեցնում է ինձ, իսկ Ավետարանի սրբությունն ազդում է սրտիս: Սուրբ Գրքի համեմատ որքան չնչին են փիլիսոփայական երկերն իրենց ողջ փայլով հանդերձ: Հնարավո՞ր է արդյոք, որ մեկ այլ ստեղծագործություն, այն էլ` սովորական մարդու ձեռքով գրված, այսքան կարճ ժամկետում փառավորվեր այսպես: Կարո՞ղ էր Նա, ում մասին պատմում են սրբազան գրքերը, հասարակ մարդ լինել: Ինչ հիասքանչ, ինչ մաքուր է Նրա էությունը: Ինչ առինքող բարությամբ է համակված նրա վարդապետությունը: Ինչ վսեմ են նրա օրենքները: Ինչ խորին է նրա խոսքերի իմաստությունը: Ինչ խորաթափանց ու դիպուկ են նրա պատասխանները: Սեփական կրքերի ինչպիսի տիրապետում: Որտե՞ղ կարելի է գտնել մի մարդու, ով ընդունակ է այսպես գործել, տառապել ու մահանալ առանց թուլասրտություն և սնափառություն դրսևորելու»:

XVIII դարի վերջում Փարիզում մի ընկերություն ստեղծվեց, որին անդամակցեցին ժամանակի ամենահայտնի անհավատները: Շաբաթը մեկ նրանք հավաքվում էին, ինչպես իրենք էին ասում, «Սուրբ Գրքի անհեթեթությունները բացահայտելու նպատակով», որպեսզի հետո ծաղրուծանակի ենթարկեին դրանք: Մի երեկո, երբ նրանք, սկսելով իրենց արգահատելի զբաղմունքը, բարձրաձայն մի քանի հատված կարդացին Ավետարանից, հանկարծ ոտքի ելավ ֆրանսիացի ամենաազդեցիկ գրողներից մեկը` Դենի Դիդրոն (1713-1784): Մինչ այդ պահը կատաղի աստվածանարգի համբավ ունեցողը հայտարարեց իրեն ոչ հատուկ լրջությամբ. «Պարոնայք, այս գրքի առնչությամբ ես ամենայն անկեղծությամբ պետք է խոստովանեմ, որ ոչ Ֆրանսիայում, ոչ էլ աշխարհի որևէ այլ անկյունում չեմ ճանաչում մի մարդու, ով ընդունակ է գրել և խոսել առավել հմտորեն ու տաղանդով, քան Ավետարանը գրած ձկնորսներն ու մաքսավորները: Ես համարձակվում եմ պնդել, որ մեզանից ոչ մեկն ի վիճակի չէ գրել Ավետարանին գոնե նման մի պատմություն, որը լիներ այնքան պարզ, բայց միաժամանակ` վսեմ, այնքան թարմ, սյնքան սրտառուչ, օժտված հոգու վրա այնպիսի ներգործությամբ և դարերի ընթացքում չխամրող ազդեցությամբ, ինչպիսին մեզ համար յուրաքանչյուր առանձին վերցրած, նույնիսկ աննշան, ավետարանական տեղեկությունն է Հիսուս Քրիստոսի տառապանքների ու մահվան մասին»: Երբ Դիդրոն ավարտեց խոսքը, ծիծաղի փոխարեն, որ քիչ առաջ հնչում էր դահլիճում, քար լռություն տիրեց: Բոլորը զգացին Դիդրոյի խոսքերի իրավացիությունը: Ներկաները ցրվեցին, և ժողովը վերջացավ: Այս դեպքից հետո ընկերությունն իր ողջ կազմով լուծարվեց:

Անգլիացի մեծահամբավ վիպասան Վալտեր Սկոտի (1771-1832) մասին պատմում են, թե մահվան մահճում նա խնդրում է իր փեսային հատվածներ ընթերցել գրքից: Երբ վերջինս հարցնում է` ո՞ր գրքից, մեծ գրողը, ով այնքան հրաշալի գրքերի հեղինակ էր, պատասխանում է. «Այժմ ինձ համար միայն մի գիրք գոյություն ունի. դա թանկագին Աստվածաշունչն է: Ինչ ասես, որ չի տալիս այն մարդուն, ով զգալով իր աղքատությունը, գրքի անսպառ գանձերն է որոնում: Այն մարդուն շնորհում է երբեք չհնացող ճշմարտություն, հավիտենական հարստություն, անհագ ուրախություն, երբեք չթոշնող պսակ, վշտի ու վախի փարատում և հավիտենական կյանքի երանելի հույս: Սա Աստծո պարգևն է Իր խոսքը սիրող և պատվող մարդկանց»:
XIX դարի մեծագույն բանաստեղծ լորդ Բայրոնը (1788-1824) լավ ծանոթ էր Սուրբ Գրքին և սիրում էր այն: Այս սրբազան գիրքը հաճախ է եղել նրա բանաստեղծական ներշնչանքի աղբյուրը: Բանաստեղծի առաջին ծանոթությունը Սուրբ Գրքին սկսվել է վաղ մանկությունից: Դայակը նրան քնեցնելիս երգում էր, տարբեր հեքիաթներ ու լեգենդներ պատմում, ինչպես նաև ստիպում իր հետ կրկնել սաղմոսները: Աստվածաշունչը նա կարդացել էր ծայրից ծայր, երբ դեռ 8 տարեկան չկար: Ժամանակակիցների վկայությամբ` միայն քչերն էին գերազանցում նրան Սուրբ Գրքին իրենց քաջատեղյակությամբ: Օր չէր լինում, որ բանաստեղծը չընթերցեր գրպանի փոքրիկ Աստվածաշնչի այն կամ այն գլուխը: Հանճարեղ բանաստեղծի մահից հետո նրա Աստվածաշնչում հայտնաբերվեցին իր ձեռքով գրված հետևյալ տողերը. «Այս սրբազնագույն գրքում է ամփոփված բոլոր գաղտնիքների գաղնիքը: Որքան երջանիկ են մահկանացուներից նրանք, ում Աստված շնորհել է Սուրբ Գիրքը լսելու, ընթերցելու, նրա խոսքերն աղոթքով արտասանելու և երկյուղածությամբ ընկալելու ողորմությունը: Երջանիկ են նրանք, ովքեր ի վիճակի են բացել Սուրբ Գրքի դռները և համարձակ ընթանալ նրա շավիղներով»:

XIX դարի գերմանացի նշանավոր բանաստեղծ Հայնրիխ Հայնեն (1797-1856) տեսնում էր Աստվածաշնչի ողջ գեղեցկությունը և այն անսահման տարածությունը, որ ընկած է այն ամենի, ինչ կարող է ստեղծել արվեստը, և այս գրքի միջև: «Սա ինչ գիրք է, - գրում է նա, - մեծ և ընդգրկուն` ծավալված տիեզերքի խորքից մինչև երկնքի կապույտը… Արդարև, դա Աստծո խոսքն է, մինդեռ մյուս բոլոր գրքերը մարդկային արվեստի արգասիք են: Այն իրավամբ անվանում են նաև Սուրբ Գիրք: Ով կորցրել է Աստծուն, վերստին կգտնի Նրան այս գրքում, իսկ ով երբեք չի ճանաչել Տիրոջը, նրա վրա գրքի միջից կփչի աստվածային խոսքի շունչը: Թանկարժեք քարերից հասկացող հրեաները շատ լավ գիտեին, թե ինչ են անում, երբ երկրորդ Տաճարի հրկիզման ժամանակ, հրին զոհաբերելով արժաթե և ոսկե անոթները, աշտանակներն ու կանթեղները, նույնիսկ քահանայապետի` խոշոր թանկարժեք քարերով զարդարված զգեստը, փրկեցին միայն Սուրբ Գիրքը: Այն Տաճարի միակ ճշմարիտ գանձն էր, և փառք Աստծո, որ չոչնչացավ` հրո ճարակ դառնալով»:

Գերմանացի մեծ բանաստեղծ և մտածող Գյոթեին (1749-1832) պետք է դասել Սուրբ Գրքի մեծագույն պատվողներից մեկը: Դեռևս մանուկ հասակում նրա մեջ ծնվում է Սուրբ Գրքին հիմնովին ծանոթանալու բուռն ցանկությունը: Հետագայում նա ուսումնասիրում է Աստվածաշունչը բնագրով: Նա գրում է. «Անչափ սիրել և գնահատել եմ Աստվածաշունչը, որովհետև իմ բարոյական դատիարակության գրեթե ողջ երախտիքը միայն նրան է պատկանում: Իսկ գրքում շարադրված փաստերը, վարդապետությունները, առակներն ու խորհրդանիշներն անջնջելի տպավորություն էին թողնում և այս կամ այն կերպ ներգործում ինձ վրա… Աստվածաշունչը երկրագնդի բազում ժողովուրդների և սերունդների կողմից իրեն մատուցվող մեծ հարգանքի համար պարտական է իր իսկ ներքին արժանիքին: Այն ոչ թե պարզապես ժողովրդական գիրք է, այլ` ժողովուրդների գիրք, որովհետև մեկ ժողովրդի ճակատագիրը դարձնում է մյուս բոլորի խորհրդանիշը, այդ ժողովրդի պատմության շարադրանքը սկսում աշխարհի ծագումից և նյութական ու հոգևոր զարգացման մի շարք աստիճաններով, անհրաժեշտ ու պատահական իրադարձությունների միջոցով հասցնում մինչև հավիտենականության ամենահեռավոր ոլորտները: Որքան խորն ես հասկանում Սուրբ Գիրքը, այնքան հիասքանչ է այն դառնում»:

Ֆրանսիացի շնորհալի վաղամեռիկ բանաստեղծ Ալֆրեդ դե Մյուսեն (1810-1857) հաճախ էր արտասվելով, Սուրբ Գիրքը ձեռքին շրջում իր սենյակում` բացականչելով. «Ոչ, մարդը չի կարող այսպիսի գիրք գրել. դա Աստծո ստեղծագործությունն է»:

Աշխահարահռչակ Վիկտոր Հյուգոն (1802-1885) գտնում էր, որ սուրբ Գրքի ընթերցանությունը բարերար ազդեցություն ունի ոչ միայն մեծերի, այլև մանուկների վրա և նրանց մեծ հոգևոր բերկրանք է պարգևում:
Անգլիացի անվանի արձակագիր Չարլզ Դիկենսն (1812-1880) Ավստրալիա մեկնող իր որդուն ուղղված նամակում գրում է. «Իմացիր, որդիս, Աստվածաշունչը երբևէ հրատարակված և հրատարակվելիք գրքերից ամենակատարյալն է: Նա քեզ լավագույն խրատները կտա, որոնցով կարող է առաջնորդվել այն մարդը, ով ցանկանում է անկեղծ և հավատարիմ լինել իր պարտականությունները կատարելիս: Եթե դու հետևես քրիստոնեական կրոնի ճշմարտությանն անկեղծորեն ու հնազանդորեն, միշտ խույս կտաս չար շավիղներից: Եվս մի բան այս առնչությամբ: Մի հրաժարվիր զօր ու գիշեր աղոթելու սովորությունից: Ես ինքս երբեք չեմ հրաժարվել դրանից և գիտեմ, թե ինչ մխիթարություն էի գտնում դրանում»:
Աստվածաշունչը բարձր են գնահատել նաև ռուս մեծ գրողները և մտածողները: Ահա նրանցից մի քանիսի կարծիքը Սուրբ Գրքի մասին:

Ռուս նշանավոր բանաստեղծ Վ. Ա. Ժուկովսկին (1783-1852) մանկուց եղել է կրոնասեր, և կենդանի հավատն աստվածային Հայտնության և նախախնամության հանդեպ երբեք չի լքել նրան: Նա աչքի էր ընկնում Տիրոջ խոսքի հանդեպ իր զորավոր սիրով: Նոր կտակարանի ընթերցանությունը նա համարում էր«կյանքի գլխավոր գործ»: Մարդու հոգևոր կյանքում Ավետարանի նշանակության մասին նրա մտքերը շարադրված են «Կապիտան Բոպսը» վիպակում, որտեղ կրտսեր նավաստին բարոյական կործանումից փրկում է կոպիտ ու դաժան կապիտանին` նրա համար Ավետարան կարդալով և աղոթքով դիմելով Քրիստոսին: Ավետարանի հանդեպ Ժուկովսկու սիրո մարմնացումը դարձավ Նոր Կտակարանի` սլավոներենից ռուսերեն թարգմանությունը` նախատեսված իր փոքրահասակ երեխաների համար:

Ինչպիսի խորին երկյուղով և հազվագյուտ հետաքրքրությամբ էր Աստվածաշնչին վերաբերվոււմ ռուս հանճարեղ բանաստեղծ Ա. Ս. Պուշկինը (1799-1836): Սուրբ Գիրքը նա սիրում էր ամբողջ հոգով, կլանվում նրանով և մտորում նրա բովանդակության շուրջ: Աստվածաշունչը նա սկզբից մինչև վերջ ընթերցել էր աքսորում` Միխայլովկայում գտնվելիս, բայց մինչ այդ էլ բազմիցս ընթերցել էր Ավետարանը: Նա պատմում է, որ իր «Մարգարեն» բանաստեղծության ներշնչանքը Եզեկիել մարգարեի մի հատվածի ընթերցանությունն էր: Մի անգամ այցելելով Սվյատոգորյան վանք` հոգեհանգիստ պատվիրելու, բանաստեղծը ստիպված է լինում վանականին սպասել խցում: «Սեղանի վրա Աստվածաշունչ կար, նայեցի էջին` Եզեկիելի գիրքն էր, - պատմում է բանաստեղծը: - Կարդացի մի հատված, որն ինձ ապշեցրեց, մի քանի օր հետապնդեց, և մի գիշեր ես գրեցի իմ բանաստեղծությունը: Սուրբ Գրքին շատ հատուկ է այն, որ որքան խորամուխ լինես նրա մեջ, այնքան ավելի կլուսավորվի և կընդլայնվի ամեն ինչ»:
«Կարծում եմ, - մտորում է նա, - որ մենք երբեք ժողովրդին Աստվածաշնչից ավելի լավ բան չենք տա… Կրոնն է ստեղծել արվեստն ու գրականությունը և յուրաքանչյուր մեծ արժեք վաղնջական ժամանակներից ի վեր: Առանց կրոնի չէին լինի ոչ փիլիսոփայությունը, ոչ պոեզիան, ոչ գրականությունը»: Պուշկինը Սուրբ Գիրքը համարում էր համաշխարհային գիրք, հատկապես շատ էր խորհում Ավետարանի շուրջ: «Ղուկասի Ավետարանը լավագույն պոեմն է. ես երբեք չեմ կարողանա գեթ փոքր-ինչ դրան նման բան գրել», - ասում էր նա: Գլինկան պատմում է, որ մի անգամ տեսել է Պուշկինին Ավետարանը ձեռքին, ընդ որում հանճարեղ բանաստեղծն ասել է նրան. «Ահա աշխարհի միակ գիրքը, նրանում ամեն ինչ կա»:

Ռուս ականավոր քննադատ Վ. Գ. Բելինսկին (1810-1848) համակ ուշադրությամբ քննում էր Աստվածաշունչը, ուր նրան ապշեցնում էր Քրիստոսի մեծ և ինքնանվաստացման աստիճանի խոնարհ անձը, նրա անսահման սերը մարդկանց հանդեպ: Բելինսկին խոնարհվում էր Քրիստոսի առաջ և համարում Նրան մարդկային կատարելության իդեալ: Ուստի, լավագույն գիրքը, ուր ասված է այն ամենն, ինչ հարկավոր է իմանալ մարդուն, ըստ Բելինսկու` Ավետարանն է` սիրո հիմնական գիրքը:
«Մի գիրք կա, - ասում է նա, - որի մեջ ասված է այն ամենը, որից հետո անհետանում են բոլոր կասկածները. դա անմահ, սուրբ, հավիտենական ճշմարտության գիրքն է` Ավետարանը: Մարդկության ողջ առաջընթացը, գիտության, փիլիսոփայության բոլոր նվաճումները պայմանավորված են միայն այդ երկնային գրքի խորհրդավոր խորքերի մեջ առավել ներթափանցմամբ, նրա կենդանի, հավերժ անանց խոսքերի գիտակցումով: Ավետարանի հիմքը ճշմարտության հայտնությունն է սիրո և շնորհի միջոցով: Ավետարանը հավասարապես հստակ և հասկանալի է խոսում բոլորի սրտերի, հոգիների, մտքերի հետ, ովքեր անկեղծորեն տենչում են իրենց ծարավը հագեցնել նրա ճշմարտություններով: Գիրքը հավասարապես հասկանում է և արքան, և աղքատը, և իմաստունը, և տգետը»:
Ռուս քննադատի կարծիքով` Ավետարանը նորոգեց հին աշխարհը` նրան շնորհելով հարուստ բովանդակությամբ կյանք: «Ինչ-որ կա հիմա, ինչով հպարտանում է ժամանակակից մարդկությունը, այդ ամենն աճել է Նոր Կտակարանի անանց խոսքերի բեղմնավոր սերմից: Սոսկ նրա մեջ կարելի է և հարկավոր է փնտրել քրիստոնեական Եվրոպայի` աշխարհի այս փոքրագույն մասի հաղթանակի խորհրդավոր պատճառները տարածքով հսկայական, սակայն թույլ ու թշվառ, մնացյալ ոչ քրիստոնեական աշխարհի նկատմամբ»:

Ռուս նշանավոր գրող և հրապարակախոս Ա. Ի. Գերցենի (1812-1870) «Եղելություններ և խոհեր» վեպում ուշագրավ մի հատված կա. «Ես բազմիցս և սիրով ընթերցել եմ Ավետարանն առանց որևէ ձեռնարկի և ամեն ինչ չէ, որ հասկացել եմ, սակայն կարդացածիս հանդեպ ունեցել եմ անկեղծ ու խորին հարգանք: Վաղ երիտասարդության տարիներին հաճախ եմ տարվել վոլտերականությամբ, սիրել հեգնանքն ու ծաղրը, բայց չեմ մտաբերում, որ անտարբեր սրտով ձեռքս առնեի Ավետարանը: Բոլոր հասակներում էլ տարբեր առիթներով ընթերցել եմ Աստվածաշունչը և ամեն անգամ նրա բովանդակությունը հեզություն և խաղաղություն է պարգևել հոգուս»:
Ռուս հանճարեղ գրող Ֆ. Մ. Դոստոևսկին (1821-1881) Սուրբ Գիրքը համարում էր մարդկային կյանքի անբաժան ուղեկիցը: Աքսորականների կանայք այցելեցին նրան Սիբիրյան աքսորավայրում` Տոբոլսկի բանտում, և մի Ավետարան նվիրեցին, որից էլ Դոստոևսկին բարոյական ուժ առավ` դիմակայելու բոլոր փորձություններին: Մեծ գրողը մինչև մահ չբաժանվեց այդ Ավետարանից` պահպանելով այն իբրև սրբություն և միշտ ընթերցելով մեծ պատկառանքով: Ավետարանի ընթերցանությունը վերջնականապես ձևավորեց Դոստոևսկու աշխարհայացքը: «Կարամազով եղբայրները» վեպում նա գրում է. «Տեր իմ, այս ինչ հրաշք է Աստվածաշունչը, ինչ ուժ կա նրանում: Աշխարհի, մարդու և մարդկային բնավորության բնութագիրը ստույգ է, ոչինչ բաց չի թողնված և գրված է բոլոր ժամանակների համար: Որքան բացահայտված գաղտնիքներ կան նրա մեջ: Սիրում եմ այդ Գիրքը: Առանց Աստծո խոսքի կկործանվի ժողովուրդը, քանզի ժողովրդի հոգին ծարավ է Նրա խոսքի ընկալմանը»:
Իր կյանքի դժվարին պահերին Դոստոևսկին սովորություն ուներ պատահականորեն բացել իր աքսորական օրերի անբաժան ուղեկից Ավետարանը և կարդալ բացված էջի վերին տողերը: Այդպես վարվեց նա նաև իր մահվան օրը: Բացվեց Մատթեոսի Ավետարանի հետևյալ հատվածը. «Ինձ պետք է, որ Քեզնից մկրտվեմ, և Դու ես ինձ մո՞տ ես գալիս»: Հիսուս պատասխանեց և ասաց նրան. «Թույլ տուր հիմա, որովհետև այսպես վայել է, որ մենք կատարենք Աստծո ամեն արդարություն» (Մատթ. Գ 14-15): Երբ կինը կարդաց այդ տողերը, Դոստոևսկին ասաց. «Լսում ես`«թույլ տուր հիմա», ուրեմն` ես մեռնելու եմ»: Երեկոյան, օրհնելով երեխաներին ու կնոջը, Դոստոևսկին վախճանվեց: Մահից առաջ նա խնդրել էր, որ աքսորում իրեն այդքան հոգևոր մխիթարություն պարգևած Ավետարանը հանձնվի իր որդուն` որպես հայրական օրհնություն:

Ռուս մեծ գրող Լ. Ն. Տոլստոյը (1028-1910) այսպիսի է կարծիք է հայտնում մանուկների համար Աստվածաշնչի նշանակության մասին. «Աստվածաշնչի բովանդակությունը բացահայտվում է երեխային իբրև կենդանի ու հիասքանչ կտավ: Ամեն բան հասկանալի ու պարզ է մանավանդ երեխայի համար, միևնույն ժամանակ` խիստ ու լուրջ: Չեմ կարող պատկերացնել կրթությունն առանց այդ գրքի: Աշակերտին նոր աշխարհ բացահայտելու և անուսին գիտելիքի հանդեպ սեր ներշնչելու ամենահարմար գիրքն Աստվածաշունչն է: Բնության երևույթների շուրջ բոլոր հարցերը բացատրված են այս գրքով, մարդկանց, ընտանիքի, պետության, կրոնի բոլոր փոխհարաբերություններն առաջին անգամ գիտակցվում են ըստ այս գրքի: Մեր հասարակության մեջ անհնար է երեխայի և մարդու զարգացումն առանց Աստվածաշնչի: Աստվածաշունչը տարրական և մանկական ընթերցանության միակ գիրքն է: Աստվածաշունչը թե ձևով, թե բովանդակությամբ պետք է օրինակ լինի բոլոր մանկական ձեռնարկների և ընթերցանության գրքերի համար: Կարծում եմ` անհնար է փոխարինել այդ գիրքը մեկ ուրիշով: Նրա մեջ կա ամեն ինչ, այնտեղ յուրաքանչյուր բառ ճշմարիտ է»:
Ռուս նշանավոր երգիծաբան Մ. Ե. Սալտիկովը (1826-1889) մանուկ հասակում իր գրքերի մեջ գտնելով մի Ավետարան, տարվում է ընթերցանությամբ: «Երբ առաջին անգամ ընթերցեցի Ավետարանը, այն ցնցող տպավորություն գործեց ինձ վրա և հարուցեց տագնապալի զգացում: Ամենից առաջ ինձ ապշեցրեցին ոչ այնքան նոր մտքերը, որքան նոր խոսքերը, որոնք երբեք ոչ ոքից չէի լսել: Միայն առավել մանրակրկիտ ընթերցանությամբ ես հասկացա այդ խոսքերի իրական իմաստը, որը թաքնված էր դրանց ետևում»: Սալտիկովի խոսքերով` Ավետարանն իր կյանքն «լիովին հեղաշրջեց»: «Սուրբ Գիրքը սրտումս սերմանեց մարդկային խղճի սաղմեր և հոգուս խորքից վեր հանեց նոր տարրեր, որոնց շնորհիվ տիրող աշխարհիկ բարքերն այլևս հեշտությամբ չէին ստրկացնում ինձ: Այդ նոր տարրերի շներհիվ ես ձեռք բերեցի քիչ թե շատ ամուր մի հենարան` գնահատելու ինչպես սեփական արարքներս, այնպես էլ շրջապատում կատարվող երևույթները: Ձերբազատվեցի անբովանդակ ապրելակերպիցս և սկսեցի գիտակից կյանք վարել: Մինչ այդ ոչինչ չգիտեի ոչ քաղցածների, ոչ էլ ծարավների մասին, ընդամենը տեսնում էի տիրող անխորտակելի կարգերի ազդեցության ներքո մարդկանց: Ահա այդ թշվառներն ու զրկվածները կանգնեցին դեմհանդիման և բարձրաձայն աղաղակեցին այն անարդարությունների դեմ, որոնք իրենց ոչինչ չէին տվել` բացի շղթաներից: Այն«իմ»-ը, որն անսպասելիորեն արթնացավ իմ մեջ, հիշեցրեց ինձ, որ ուրիշները ևս ունեն դրան հավասար«իմ»-ը»:

Ռուս ժամանակակից հրապարակախոս և քննադատ Վ. Վ. Ռոզանովը (1856-1919) Աստվածաշնչի ընթերցանությունից իր ստացած տպավորությունները նկարագրում է այսպես. «Առաջին անգամ Աստվածաշունչը կարդալու բերկրանքն ունեցա համալասարանի երկրորդ կուրսից երրորդ փոխադրվելիս: Վերջին քննությանս օրն էր: Քնել չկարողանալով` գրադարակից վերցեցի Աստվածաշունչը և պատահաբար բացեցի Եսայի մարգարեի գիրքն ու սկսեցի կարդալ սկզբում դանդաղ, բայց հետո արագ ու սահուն: Հանկարծ հենց այդ պահին զգացի, թե այն որքան հզոր, պարզ, օգտակար է մյուս բոլոր գրքերից… Առաջին անգամ հասկացա, թե ինչու է գիրքը կոչվում «Աստվածաշունչ»: Այն թափանցում էր միչև հոգուս խորքը: Այդ ժամանակվանից ի վեր սիրում ու ընթերցում եմ Սուրբ Գիրքը: Աստվածաշնչի ընթերցանությունը վեհացնում է, ազնվացնում մարդուն: Մյուս բոլոր գրքերի համեմատ այն լեռնային աղբյուրի ջրի պես զուլալ է, հոգու համար` թարմություն և հարություն»:
Ռոզանովի«Քրիստոնեության տեղը պատմության մեջ» գրքույկում կարդում ենք. «Ավետարանում ամփոփված է ներողամտության և հաշտության ոգին, սերը մարդկության հանդեպ: Փրկչի յուրաքանչյուր խոսքում և գործում խորապես նվիրական մի բան կա յուրաքանչյուր սրտի համար, որը թույլ չի տալիս ինքնամփոփվել, այլ ընդհակառակը` ստիպում է բաց անել հոգին»:
Ռուս գրող և հասարակական գործիչ Ն. Ն. Նեպլյուևի (1851-1908) կարծիքով` Աստվածաշնչին քաջատեղյակությունը պարտադիր և անհրաժեշտ է քրիստոնեական պետության յուրաքանչյուր քաղաքացու համար` թե հավատացյալի, և թե անհավատի: Նա գրում է. «Հավատացյալը չի կարող չհասկանալ, որ Աստծո կամքին հնազանդվելն իր համար հավիտենական կյանքի և հավիտենական օրհնության խնդիր է, որ անհնար է կատարել Աստծո կամքն առանց իմանալու, որ կենաց խոսքերն ամփոփված են Աստվածաշնչում: Հավատացյալի համար ամոթաբեր տգիտություն է քաջատեղյակ չլինելը Կենաց գրքին: Իսկ ավելի ամոթաբեր է, եթե մարդը կրթված է, զարգացած, շատ ժամանակ նվիրած գիտությանը և սակայն չի հասկացել, որ Սուրբ Գիրքը մյուս բոլոր գրքերից առավել կարևոր ու հետաքրքիր է, իսկ Աստծո արդարության հավիտենական ճշմարտության ճանաչողությունը` մյուս բոլոր գիտելիքներից բարձր»:
Հասարակության լայն խավերում կանխակալ կարծիք կա, ըստ որի գրեթե բոլոր բնագետներն անհավատ մարդիկ են և Սբ. Գրքի հանդեպ արհամարհական վերաբերմունք ունեն: Իրականում բնավ այդպես չէ: Ճշմարտությունն այն է, որ գիտական տվյալների վրա հիմնված բնագիտությունն ու կրոնական հավատը կարող են խաղաղ գոյակցել և միմյանց հետ համաձայնության մեջ լինել: Սբ. Գրքի հանդեպ երկյուղալից վերաբերմունք են ունեցել բազմաթիվ ականավոր բնագետներ:

Ականավոր քիմիկոս Բոյլը (1626-1691) այնպես էր սիրում Աստվաշածունչը, որ այն բնագրով ընթերցելու համար սովորեց եբրայերեն և հունարեն: Բացի այդ, նա միջոցներ հատկացրեց Սբ. Գիրքը մալայերեն, թուրքերեն և այլ լեզուների թարգմանելու համար: Նա հեղինակն է Սբ. Գրքի մասին հետևյալ ասույթի. «Աստվածաշնչի համեմատ բոլոր մարդկային գրքերը, նույնիսկ կոթողայինները, լոկ մոլորակներ են, որոնք իրենց բովանդակ լույս ու փայլը ստանում են արեգակից»:
Մագնիսական և էլեկտրական երևույթների մեջ իր հետազոտություններով հռչակված ֆիզիկոս և մաթեմատիկոս Անդրե Ամպերի (1775-1836) մասին Արագոն գրում է. «Աստվածաշնչի և Եկեղեցու հայրերի մշտական ընթերցումը նրա համար հուսալի միջոց էր, որով պատանի մաթեմատիկոսը հեղափոխության տարիներին զորացնում էր հավատը, երբ այն սկսում էր տատանվել»:
«Հաջորդականությունը, որով ի հայտ են գալիս օրգանապես ստեղծված արարածները, խիստ համահունչ է արարչագործության վեց օրերին, ինչպես այդ մասին պատմում է Ծննդոց գիրքը», - գրում է մեծ գիտնականը:
Սբ. Գիրքն ամբողջ հոգով սիրում էր հռչակավոր բնախույզ Ֆարադեյը (1791-1867): Նա զբաղվում էր Աստվածաշնչի մեկնությամբ: Մի անգամ «Արցունքի քիմիական անալիզը» թեմայով ելույթ ունենալիս նա ասել է, թե ինչպես արցունքներն են բխում սրտից և ուղղվում դեպի սիրտ, այնպես էլ Աստվածաշունչը բխում էԱստծուց, և ով Աստծուց է` լսում է Նրա խոսքերը:

Ականավոր կազմախոս և բնախոս Ռուդոլֆ Վագները (1805-1864) իր«Պայքար հանուն հոգու» աշխատության մեջ ասում է. «Անտարակույս, Աստվածաշնչի ամենասքանչելի յուրահատկությունն այն է, որ անշեղորեն զորացնում է համոզվածությունն իր աստվածային ծագման նկատմամբ այն մարդու համար, ով ճշմարիտ նախանձախնդրությամբ և կատարյալ անձնվիրությամբ խորանում է նրա մեջ և նրանով ստուգում իր ներքին ու արտաքին ապրումները»:
Նշանավոր աստղագետ Ի. Մեդլերը (1813-1895) նոր բնակարան տեղափոխվելիս ամենից առաջ իր ձեռքով տարել է Աստվածաշունչը` ասելով. «Այս գիրքը մյուս գրքերից առաջ պետք է մտնի իմ տուն»:
Խոշորագույն բնագետ-դարվինիստներից մեկը` Թոմաս Հեքսլին (1825-1895), ուշագրավ տողեր ունի Սբ. Գրքի մասին: «Ուրիշ ո՞ր գրքի ուսումնասիրության միջոցով կկարողանայինք այսքան մարդասիրաբար ներգործել երեխաների վրա և ստիպել նրանց զգալ, որ յուրաքանչյուրն արժանի է հավիտենական օրհնության կամ հավիտենական անեծքի` ըստ բարին գործելու և չարն ատելու իր գործադրած ջանքերի… Ես խորապես համոզված եմ, որ մարդկությունն այսօր անկարող է ապրել առանց Սբ. Գրքի և թերևս երբեք էլ չի կարողանա»:

Սբ. Գրքի հեղինակության առջև խոնարհվում է նաև մեր ժամանակակից նշանավոր բնագետ, Անգլիայի Գիտությունների թագավորական քոլեջի երկրաբանության պրոֆեսոր Էդուարդ Գուլը, ով հավատում է, որ Սբ. Գիրքն աստվածային հայտնություն է: Հետաքրիքիր են նրա հետևյալ խոսքերը. «… Սբ. Գիրքը և գիտությունն ընթանում են զուգահեռ ուղիներով: Մարդկային բանականությանը մատչելի հարցերը պատկանում են իր իսկ ոլորտին, մինչդեռ Սբ. Գիրքը մեկնաբանում է մարդու բնության բարոյական և հոգևոր կողմերը, որոնք բանականությունն ի զորու չէ լուծել առանց կողմնակի օգնության»:
Գրինվիչի Թագավորական դիտարանի Արեգակնային բաժնի վարիչ, բազմաթիվ աստղագիտական աշխատությունների հեղինակ Է. Վ. Մաունդերը Վիկտորիայի ինստիտուտում արտասանած «Աստվածաշունչը և աստղագիտությունը» ճառում ասաց. «Սբ. Գրքի առաջին տողերում շարադրված ճշմարտությունը`«Ի սկզբանե Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը», բովանդակ գիտության, ինչպես և բովանդակ կրոնի հիմքն է»:

Իրենց գիտական աշխատություններով բնախույզներին հարում են բժիշկները, որոնց թվում հիշատակենք անվանի մանկաբարձ և վիրաբույժ Ջեյմս Յունգ Սիմփսոնին (1811-1870): Գիտության մեջ նա հայտնի է քլորոֆորմի անզգայացնող ազդեցության հայտնաբերմամբ և վիրաբուժական պրակտիկա ներմուծմամբ: Դստեր կողմից գրված Սիմփսոնի կենսագրության մեջ ասվում է, որ բժիշկը քաջատեղյակ էր Սբ. Գրքին սկզբից մինչև վերջ և այն ուղեկցում էր նրան ամբողջ կյանքում: Մի անգամ նա եղբորդու հետ զրուցելիս ասել է. «Գիտնականներից ու փիլիսոփաներից Ավետարանի դեմ կասկածի և առարկության ձայներ լսել եմ, սակայն ինքս երբեք ոչ մի րոպե իսկ տարակույսներ չեմ ունեցել»:

XX դարի մեծ բժիշկ, վիրաբույժ և կազմախոս Ն. Ի. Պիրոգովը (1810-1881) կասկածով ու անհավատությամբ ալեկոծված` ներքին տագնապ էր ապրում և հանգիստ ու խաղաղություն որոնում: 38 տարեկանում ձեռքն առնելով Ավետարանը, նրանում խաղաղություն և մխիթարություն է գտնում: Աստվածաշնչով զմայլված` նա վստահորեն ասում է. «… Հավատալով, որ Քրիտոսի վարդապետության հիմնական իդեալն իր անհասությամբ կապրի հավերժ և Աստծո հետ ներքին հաղորդակցության միջոցով հավիտենապես կներգործի խաղաղություն փնտրող հոգիների վրա, ոչ մի րոպե չենք կարող տարակուսել, որ այս ուսմունքին վիճակված է լինել անմար փարոս մեր առաջընթացի ոլորապտույտ ճանապարհին»:
Անդրադառնանք նաև մեծ մաթեմատիկոսներին:

Հռչակավոր մաթեմատիկոս և փիլիսոփա, ֆրանսիական ոսկեդարի փայլուն գրող Բլեզ Պասկալն (1623-1662) անգիր գիտեր ողջ Աստվածաշունչը, սակայն մեծ երկյուղածությամբ էր ընթերցում այն: Պասկալը միևնույն անձի մեջ խոր գիտնականության և նույնքան խոր հավատի զուգորդման ցայտուն օրինակ է: Նա գրում է. «Ավետարանը մխիթարում է մարդուն, ինչ վիճակում և պայմաններում էլ նա լինի: Առանց Քրիստոսի ուսմունքի մենք ոչինչ չգիտենք և ոչինչ չենք տեսնում ինչպես Աստծո, այնպես էլ մեր մեջ: Առանց Քրիստոսի ամենի ինչ մեզ համար խավար է ու խառնաշփոթություն: Առանց նրա վարդապետության մարդը մատնված է արատների ու աղետների, մոլորության, խավարի, հուսահատության ու մահվան: Հետևելով Քրիստոսի ուսմունքին` մարդիկ կարող են ազատվել այդ ամենից: Առանց Քրիստոսի վարդապետության մարդիկ կհոշոտեին միմյանց, աշխարհը դժոխք կդառնար և կայլասերվեր»:

Փիլիսոփա-մաթեմատիկոսներից մեծագույնը` Իսահակ Նյուտոնը (1642-1727)` ձգողության ուժի հայտնագործողը, Աստվածաշնչի նախանձախնդիր և խոնարհ ընթերցող էր: Այս հռչակավոր գիտնականը հենց միայն Աստծո անունը լսելիս երկյուղածորեն հանում էր գլխարկը: Նա խոր հավատ էր տածում Սբ. Գրքի աստվածաշնչականության, նրանում շարադրված աստվածային Հայտնության գերբնական ծագման, սուրբգրային հրաշքների և մարգարեությունների հավաստիության հանդեպ: Այդ են վկայում Աստվածաշնչի գրքերից երկուսի` Դանիել մարգարեի և Հովհաննես Աստվածաբան առաքյալի Հայտնության գրքերի նյուտոնյան մեկնությունները. «Մենք ունենք Մովսես, մարգարեներ և առաքյալներ, նույնիսկ Իր` Հիսուսի խոսքը: Եթե չենք կամենում համաձայնվել նրանց հետ, ապա արժանի ենք նույնքան քիչ ներման, որքան հրեաները»:

Աստվածաշնչի մասին արտահայտվել են նաև համաշխարհային պատմության ներկայացուցիչները:
Պատմագիտական դպրոցի հիմնադիր, գերմանացի ականավոր պատմաբան Լ. Ռանկեի (1795-1886) կենսագիրը հաղորդում է, որ նա մահվան շեմին իր բոլոր մտքերը երկրային ունայնությունից ուղղեց դեպի հավիտենականը և խնդրում էր իր համար բարձրաձայն ընթերցել Սուրբ Գիրքը և հատկապես Սաղմոսարանը:

Շվեյցարացի նշանավոր պատմաբան Յոհան Մյուլլերը (1752-1809) իր պատմագիտական հետազոտությունների ժամանակ 1782 թվականին գրում է ընկերոջը` Կարլ Բոնետին. «… Երկու աամիս առաջ որոշեցի կարդալ նոր Կտակարանը` նախքան ձեռնամուխ կլինեի այն դարի ուսումնասիրությանը, որի ընթացքում այն գրվել է: Ինչպե՞ս նկարագրեմ, թե ինչ գտա այնտեղ… Ես հանկարծ հայտնագործեցի բոլոր հույսերի իրականացումը, փիլիսոփայության բարձրագույն կատարելությունը, նյութական և բարոյական աշխարհի բոլոր հեղաշրջումների, կյանքի և մահվան բացատրությունը… Ոչ մի գրքում ոչինչ չէի կարդացել Փրկչի աստվածային կրոնի մասին, սակայն ուսումնասիրելով հնագույն ժամանակները` մինչ օրս միշտ զգացել եմ ինչ-որ բանի պակաս, որն էլ փարատվեց միայն Տիրոջը ճանաչելուց հետո: Նրա հետ ինձ համար անբացատրելի ոչինչ չկա»:

Ասորաբաբելական պատմության պրոֆեսոր Ն. Ա. Աստաֆևը (1825-1906) Սուրբ Գրքի նշանակության մասին գրում է. «Առանձին անհատի, ինչպես և բովանդակ ազգի համար կենսական խնդիր է, թե ինչպես է գնահատվում Սբ. Գիրքը` բարձր թե՞ ցածր, երկնայի՞ն ծագում է նրան վերագրվում, թե± երկրային: Եթե այն դիտվում է իբրև մարդկային մտքի արգասիք, ապա դա անդրադառնում է ամեն ինչի վրա. ամեն ինչ փոքրանում է, ապագան` սահմանափակվում, վսեմ անվանդությունները` կորսվում, բարոյական զգացմունքը` բթանում. միայն մամոնային ծառայելն է ընդլայնվում ու դրվատվում: Այլ է պատկերն այն ժողովրդի, որը բարձր է գնահատում Սբ. Գիրքը իբրև Աստծո խոսք, ուր այն յուրաքանչյուր ընտանիքի սեղանի գիրքն է` թե ազնվականի պալատում, թե աղքատի խրճիթում… Այն հիմքն է մեր ապավինության: Որքան շատ ենք խորամուխ լինում Սբ. Գրքի մեջ, այնքան ավելի ենք սիրում և գնահատում այն: Խոնարհ ընթերցողն այստեղ ճշմարտապես ճանաչում է Աստծուն և իր Փրկչին: Իսկ այդպիսի ճանաչողության մեջ մեր փրկությունն է»:

Նշանավոր բեռլինցի պատմաբան, պրոֆեսոր, Պրուսիայի Գիտությունների Ակադեմիայի անդամ Ա. Գարնակն այսպես է արտահայտվում Սբ. Գրքի մասին. «Իբրև խրատի, մխիթարության, իմաստության և համերաշխության գիրք` Աստվածաշունչն անչափ մեծ ազդեցություն է ունեցել կյանքի վրա: Աստվածաշունչն անսպառ է: Այն հին, միջին և նոր դարերի գիրքն է: Հին և մանավանդ նոր Կտակարանները բանալի են յուրաքանչյուր կրոնապատմական խնդրի ըմբռնման համար»:

Գալով փիլիսոփաներին` նշենք նոր ժամանակների ամենահռչակավոր փիլիսոփա Իմանուիլ Կանտին (1724-1804), ով պատվում էր Աստվածաշունչը և այն համարում կրոնի օժանդակության և պաշտպանության լավագույն միջոց, որն իրոք բարելավում է մարդկանց հոգիները: Մի առիթով նա իր ծանոթներից մեկին` Յունգ Շտիլինգին գրում է. «Ճիշտ եք անում, որ սփոփանք եք փնտրում Ավետարանում, քանզի այն անսպառ աղբյուրն է բոլոր ճշմարտությունների:

Աղբյուրը՝ qahana.com
Просмотров: 999 | Добавил: cuk | Рейтинг: 4.4/7
Всего комментариев: 1
avatar
1
ZUR CHE VOR ASTVACASHUNCH@ HAMARVUM E BOLOR JAMANAKNERI GIRQ@ VOR@ HENC KYANQE
avatar