Главная » 2016 » Հուլիս » 20 » Մենակություն
11:04
Մենակություն
Մենակություն

Ծննդոց 2:18-ում կարդում ենք. «Տեր Աստուած ըսավ. «Աղեկ չէ որ Ադամ մինակ ըլլայ. Անոր օգնական մը ընեմ իրեն հարմար»»: Դրախտում լինելով հանդերձ՝ Ադամը հոգեպես լավ չէր զգում, նա մենակ էր: Մենակությունը շատ վատ զգացում է: Աստծու ստեղծած կենդանական աշխարհում Ադամն իրեն հարմար օգնական չգտավ, և Ադամի մենակության հարցը չլուծվեց: Մարդը այսօր էլ, չհասկանալով, հաճախ կենդանու մեջ է ընկեր փնտրում:
Տեսնելով Ադամի մենակությունը՝ Աստված ստեղծեց կնոջը, բայց Ադամի մենակության պրոբլեմը չլուծվեց: Գուցե մեղմացավ, բայց չլուծվեց: Մարդկային շփումը որոշակի մեղմացնում է մենակության զգացումը, բայց վերջնականապես չի լուծում այդ խնդիրը: Մարդկային հոգին հանգստություն ու խաղաղություն չի գտնի այնքան ժամանակ, քանի դեռ հաղորդ չի եղել աստվածային կյանքին:
Եթե Ադամն ուտեր Կենաց ծառից, դրանից հետո չէր նայի չարի ու բարու գիտության ծառին ու չէր ուտի այդ ծառից:
Մարդու հոգու աշխարհի մենակության, խաղաղության հարցը լուծվում է միայն այն ժամանակ, երբ մարդն ուտում է կյանքի ծառից և հաղորդակցվում է կենդանի Աստծու հետ:
Հիսուսի աշակերտները բժշկություն էին անում, դևեր հանելու զորություն ունեին, բայց երբ սամարացիները չընդունեցին նրանց, Հակոբոսն ու Հովհաննեսն ասացին. «Տե՛ր, կուզե՞ս, որ ըսենք երկինքեն կրակ իջնե և սատակեցնի գանոնք, ինչպես Եղիա ալ ըրավ»: Հիսուսը հանդիմանեց նրանց՝ ասելով. «Չեք գիտեր, թե ինչ հոգիի տեր եք դուք»: Չնայած նրանք քայլում էին Քրիստոսի հետ, բայց հաղորդ չէին աստվածային կյանքին: Նրանք դեռ չունեին Քրիստոսի հոգին ու ցանկացան աղոթել, որ երկնքից կրակ թափվի ու կործանի սամարացիներին: Բայց նույն աշակերտը՝ Հովհաննեսը, երբ արդեն առաքյալ էր, գրեց. «Այս բաները կը գրենք ձեզի, որպէս զի ձեր ուրախութիւնը կատարեալ ըլլայ» Ա.Հովհ. 1:4:
Եթե մեր հաղորդակցությունը չլինի Հոր ու Նրա Որդու հետ, մեր հոգու մենակության հարցը չի լուծվի:
Գերմանիայում որոշ ժամանակ առաջ մի դատ էր տեղի ունենում: Տասնվեց տարեկան աղջիկը սենյակում փակել էր իրենից մեկ տարով փոքր քրոջը և այրել էր սենյակը: Բարձր երաժշտություն էր միացրել, որպեսզի քրոջ ձայնը չլսի, խիղճը չտանջի իրեն, ու դուռը չբացի: Օգնության էին հասել փրկարարները, և ամեն բան բարեհաջող էր ավարտվել: Սակայն աղջկան դատեցին: Դատարանում այն հարցին, թե՝ ինչո՞ւ այրեցիր քրոջդ, նա պատասխանել էր. «Որովհետև ծնողներս նրան ավելի շատ էին սիրում, և ես հոգեպես ի վիճակի չէի դա տանելու, ես ինձ զգում էի դժոխքում»:
Մենակության զգացումը կապ չունի արտաքին գործոնների հետ՝ ում հետ ենք մենք, որտեղ ենք և ինչ վիճակում՝ թագավորական գահի՞ն ենք, թե՞ Գրիգոր Լուսավորչի պես՝ փոսի մեջ, մարդկանցից արհամարհվա՞ծ ենք, թե՞ մեծարված: Մեր հոգու աշխարհը չպետք է լսի այս արտաքին աշխարհի աղմուկը, քանի որ մեր հոգու կատարյալ ուրախությունը Հիսուս Քրիստոսի մեջ է:
Մարդիկ կարծում էին, թե կոմունիզմ կառուցելով մարդը կբավարարվի: Մարդը կարծում է, թե մարդկային հարաբերություններով կարող է բավարարել իր հոգեկան աշխարհի կարիքները և ասում է. «Եթե շրջապատում ոչ մի չար մարդ չլինի, բոլորը բարի լինեն, ամեն բան լավ կլինի, մարդը երջանիկ կլինի»: Բայց սա խաբկանք է: Այս հարցը կլուծվի միայն այն դեպքում, երբ մարդը հաղորդ լինի աստվածային կյանքին:
Չմոռանանք, որ Ադամը գտնվում էր դրախտում, բայց իրեն միայնակ էր զգում:
Մարդը կարծում է, թե մարդկային հարաբերություններով կարող է բավարարել իր հոգեկան աշխարհի դատարկությունը: Բայց մարդու հոգու դատարկության հարցը կլուծվի այն ժամանակ, երբ մարդը հաղորդ լինի աստվածային կյանքին:
Դու այսօր կուրախանաս, բայց վաղը նորից կտխրես, եթե աստվածային կյանքին հաղորդ չլինես: Ավետարանի խորհուրդը զորությունը չէ, այլ Աստծու սիրո արտահայտությունն է՝ Որդու միջոցով: Նա պետք է քո հոգու աստվածային կյանքը լինի, որպեսզի քո ուրախությունը կատարյալ լինի: Հիսուսն ասաց. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» Հովհ.14:6:
Մեր հոգու աշխարհը պետք է վեր կանգնի մարդկային հաղորդակցությունների մեջ եղած բոլոր խնդիրներից և նայի Գողգոթա, քանի որ մենք այնտեղից կյանք ստացանք: Մենք պետք է ապրենք ուրիշ կյանքով, որն այս աշխարհից չէ:
Երկնքի արքայությունը հարստություն կամ աղքատություն չէ, ամուսնություն կամ պաշտոն չէ, այն արդարություն ու խաղաղություն է մեր մեջ՝ Սուրբ Հոգով: Երկնային կյանքը կապ չունի մարդ-մարդ հարաբերությունների հետ: Մեր հոգեբանական դժվարությունը, մենակության գգացումը կլուծվի այն դեպքում, երբ մենք ուտենք Կենաց ծառից և հաղորդ լինենք աստվածային կյանքին:
Ամբողջ Աստվածաշունչը մեզ հրավիրում է հաղորդ լինելու աստվածային կյանքին: Մարդը պետք է հասկանա, որ մարդկային հարաբերությունների մեջ նույնիսկ եթե դրախտ էլ կառուցեն, ինչպես կոմունիստներն էին ուզում, աստվածային կյանքին հաղորդ չլինելու դեպքում մարդը կմնա հոգեպես մենակ: Մենք պետք է կապ ունենանք Որդու հետ ու հաղորդ լինենք Նրան:
Եթե քո հոգու պրոբլեմը քեզ դրդում է նույնիսկ ինքնասպանության, մի պահ վերացի՛ր քո պրոբլեմներից և նայիր Քրիստոսին: Այդ բոլոր խնդիրները գալիս են մարդկային հարաբերություններից: Մենք պետք է ընդունենք Քրիստոսի առաջարկած կյանքը, որպեսզի մեր հաղորդությունը լինի Հոր և Որդու հետ, որպեսզի մեր հաղորդակցությունը կատարյալ լինի, և մեր հոգեկան աշխարհը բավարարված լինի:

Ամեն:

Հրայր Ամիրբեկյան
«Բարի լուր» ամսաթերթ
Просмотров: 786 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/7
Всего комментариев: 1
avatar
1
TER@ ORNI ,PARQ HISUSIN HAVITYAN
avatar