Главная » 2014 » Սեպտեմբեր » 23 » Մանրապատում #1
22:36
Մանրապատում #1
Օջախի լույսը
Ապրում էր ձկնորսն իր կնոջ և երեք որդիների հետ: Նրանք հաշտ ու համերաշխ էին: Մի առավոտ ձկնորսն իր որդիների հետ գնաց ձկնորսության: Որսը բարեհաջող էր: Կեսօրին հայրն իր որդիների հետ պատրաստվեց տուն վերադառնալ: Նրանք հավաքեցին իրենց ուռկանը և սկսեցին թիավարել ձկներով լիքը նավակը: Հեռվից երևում էր նրանց տունը: Հանկարծ մի այնպիսի փոթորիկ սկսվեց, որ տղամարդիկ դժվարությամբ սկսեցին թիավարել նավակը: Այն պտտվում էր տեղում՝ սպառնալով շուռ գալ: Մթության մեջ ոչինչ չէր երևում: Վերահաս մութը սարսափեցրեց հորն ու որդիներին: Նրանք հուսահատ հանձնվել էին ծովի ալիքներին, երբ հեռվում նկատեցին մի մեծ խարույկ: Տղաները սկսեցին շարժվել դեպի խարույկը: Ու խարույկն ընդունելով իբրև փարոս՝ հայրն իր որդիների հետ հասավ ափ: Ափին՝ ավազների մեջ, ծնկած լալիս էր նրանց մայրը, իսկ քիչ այն կողմ ծխում էր նրանց հայրական տունը : Ողբացող կինը ամուսնուն ու որդիներին պատմեց, թե ինչպես հանկարծակի իրենց տունը բռնկվեց և սկսեց այրվել հրե լեզուներով՝ չորս կողմը լուսավորելով հրե բոցով:
Ձկնորսը լսում էր՝ առանց հոնքը շարժելու: Կինը զայրացավ.
-Այ մարդ, մենք կորցրեցինք մեր ողջ ունեցվածքը, իսկ քո պետքն էլ չէ:
Ձկնորսը ժպտաց և պատասխանեց.
- Մեր տունը և ողջ ունեցվածքը ոչնչացող կրակի բոցերը դարձան այն լույսի փարոսը, որը հանկարծակի բռնկվեց անթափանց մառախուղի մեջ և մեզ ցույց տվեց մեր տունը բերող ճանապարհը: Ես չեմ մեղանչել երբեք և ոչ ոքի դեմ. իմ ընտանիքը չէր կործանվի:
Անհայտ հեղինակ

Հետքեր ավազի վրա (մի ճգնավորի կյանքից)
Մի մարդ երազ տեսավ: Նա քայլում էր ամայի ավազուտներով, իսկ կողքին՝ Աստված: Ավազի վրա նա նկատեց ոտնահետքերի երկու շղթա. մեկն իրենը, մյուսը՝ Աստծունը: Մարդը նայում էր երկնքին. այնտեղ կինոժապավենի պես պտտվում էին նրա կյանքի պատկերները՝ տխուր և ուրախ: Երբ անհետացավ վերջին պատկերը, մարդը ետ նայեց ավազի վրայի ոտնահետքերին: Հանկած սարսափով նա նկատեց, որ հաճախ իր անցած ճանապարհին ձգվում էր ոտնահետքերի միայն մեկ շղթա: Նա նկատեց նաև, որ դրանք համընկնում էին իր կյանքի ամենադժվար և ծանր օրերին:
Մարդը չափազանց տխրեց և հարցրեց Աստծուն.
-Տե՛ր Աստված, դու չէի՞ր ինձ ասում, որ եթե ես քո ճանապարհով գնամ, դու ինձ չես թողնի մենակ: Սակայն ես նկատեցի, որ իմ կյանքի ամենադժվարին պահերին ավազուտներին միայն ի՛մ ոտնահետքերն էին: Ինչո՞ւ դու ինձ մենակ թողեցիր հենց այն պահերին, երբ ես քո կարիքը զգում էի:
Աստված պատասխանեց.
-Իմ թանկագի՛ն զավակ, ես քեզ շա՜տ եմ սիրում և երբեք չեմ լքել քեզ: Երբ քո կյանքում եղել են դժբախտություն և փորձություններ, ավազների վրա իրոք ձգվում էր ոտնահետքերի մեկ շղթա:Սակայն քեզ համար դժվար օրերին ես ոչ միյան քեզ չեմ լքել, այլև քեզ տարել եմ իմ ձեռքերի վրա: Իսկ ոտնահետքերն իմն էին...

Անհայտ հեղինակ
Просмотров: 2137 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/11
Всего комментариев: 0
avatar