Главная » 2013 » Մայիս » 3 » Կյանքի շրջադարձ - Վրեժ Սահակյան
20:11
Կյանքի շրջադարձ - Վրեժ Սահակյան
Կյանքի շրջադարձ
1998թ կյանքս փոխվեց, ես ընտրեցի ապրել հոգևոր կյանքով և դարձա հավատացյալ: Մեկ ամիս հետո՝ փետրվար ամսում, ես մկրտվեցի Սուրբ հոգով: Այդ ժամանակ ես 12 տարեկան էի, հաճախում էի պաշտանմունքների, մանկական, հետո՝ պատանեկան: Ապրում էի հոգևոր ընտանիքում, սակայն սատանան իր գործն էր սկսել իմ կյանքում, ես սիրահարվեցի մի անհավատ աղջկա, այնուհետև սկսեցի ծխել: Ճիշտ է, սկզբում ես գիտեի, որ այս բոլորը հաճելի չէ Աստծուն, սակայն այն տարիներ հետո դարձավ սովորական, և ես ուղղակի գերի էի դարձել: Այս ամենին էլ արդեն հաջորդեց չար ընկերակցությունը ու ոգելից խմիչքը: Ես արտաքինից հոգևոր էի, սակայն ներսից իմ պաշտանմունքը ուրիշ էր: Այնպես պատահեց, որ երբ պատրաստվում էի հանձնել 8-րդ դասարանի քննությունները, հանկարծակի ես կորցրեցի աչքերիս տեսողությունը: Միանգամից աչքերիս առաջ սպիտակեց, և ես ոչինչ չէի տեսնում: Մեզ ասացին, որ Երևանում նոր ակնաբուժական կենտրոն է բացվել, բայց չգիտեինք, թե որ մասում էր դա;Առավոտյան աղոթք արեցինք ու հայրիկիս հետ գնացինք փնտրելու: Ավտոբուսը կանգնեցրինք Շահումյանի կամրջի վրա և իջնելով դեպի ներքևի կանգառ՝ մտածում էինք մի երթուղային տաքսի կանգնեցնենք և հարցնենք վարորդին այդ նոր կենտրոնի մասին: Երբ կանգնած էինք կանգառում, մի երթուղային տաքսի կանգ առավ: Դեռ մենք նրանից բան չէինք հասցրել հարցնել, նա ինքը մեզ նայեց ու ասաց.
-Նստեք, ես գնում եմ այնտեղ, որտեղ դուք եք գնում:
Մենք մնացինք ապշած ու նստեցինք, նա մեզ տարավ հենց այդ ակնաբուժական կենտրոնի դիմաց և ասաց, որ կարող ենք իջնել: Դա առաջին նշանն էր, որով Աստված ցանկանում էր հայտնել, որ մեզ հետ է: Մենք երբ ներս մտանք, մոտեցանք պատի վրայի կախված ցուցատախտակին, որտեղ գրված էր, թե որ հարկում ինչն է գտնվում: Հանկարծ մեզ մոտեցավ մի կին և ասաց.
-Կներեք, դուք երևի ինձ եք ցանկանում տեսնել, հետևեք ինձ:
Դե քանի որ հայրս ամեն ինչ հանձնել էր Աստծուն, նա չէր հակառակվում ու ոչ մի հարց չէր տալիս: Այդ կինը մեզ տարավ իր սենյակ, որտեղ էլ պարզվեց, որ նա այդ հիվանդանոցի վարիչն է: Նա նայեց իմ աչքերը ու ասաց, որ ճիշտ ժամանակին ենք ներկայացել, այլապես ես բոլորովին կկորցնեի իմ տեսողությունը, սակայն չհասկացավ, թե դա ինչից և ինչու էր սկսել: Չկորցնելով ոչ մի վայրկյան՝ նա անցավ իր գործողություններին, անմիջապես փոքրիկ ասեղով ինչ-որ դեղեր քաշեց ու սրսկեց հենց իմ աչքերի տակից, դեղեր նշանակեց ու եկանք տուն: Մի քանի անգամ այդպես սրսկվեցի և իմ տեսողությունս եկավ տեղը: Ամբողջ հիվանդանոցը ապշած էր մնացել ու չէր կարողանում հասկանալ, թե ինչպես սկսվեց և ինչպես անցավ այն: Բոլորը միասին ասում էին, որ դա Աստծո գործն է և Աստված ինձ բժշկեց: Երբ եկավ վարձահատույցի ժամանակը, բժիշկը հրաժարվեց գումար վերցնել: Այդպես Աստված ողորմություն արեց ինձ:
Եկավ ժամանակը, որ պիտի գնայի բանակ ծառայության, աղոթք արեցինք ու հանձնվելով Աստծո ձեռքերին՝ գնացի ծառայության: Երկու տարին անցավ Աստծո ողորմությամբ, շատ հրաշքներ կատարեց Աստված և շատ բաներ այդ ընթացքում ինձ սովորեցրեց: Սակայն ես շարունակում էի ապրել իմ հին կյանքով: Շարունակում էի հանդիպել ընկերուհուս հետ, շփվել ամբարիշտների հետ ու անել այն, ինչ իրենք են անում: Շատ էին խրատում թե՛ հայրս և թե՛ իմ հոգևոր եղբայրներս, ասում էին, որ ես պիտի թողնեմ իմ անհավատ ընկերուհուս, որին ես արդեն սիրում էի ութ տարի, ու դեռ չէին էլ իմանում, որ ես նաև ծխում եմ ու անվայել վարմունք ունեմ: Խրատում էին, խրատում, սակայն ոչինչ չէր ազդում: Հաճախում էի հոգևոր ճանբարներ, տաս օրում լցվում էի հոգով, լացով աղոթք էի անում, ու ինձ թվում էր, թե ես ազատվեցի իմ մեղքից: Գալիս էի տուն, որոշում էի ապրել սուրբ կյանքով, սակայն դա տևում էր մի քանի օր, և ես նորից անցնում էի իմ հին կյանքին: Հայրս որոշեց ինձ ամուսնացնել, մտածում էր, որ դա է միակ միջոցը՝ ինձ կարգին մարդ դարձնելու, որովհետև ես արդեն չէի ուզում հնազանդվել ոչ մեկի, ինձ թվում էր՝ բոլորը իմ վատն են ուզում: Սատանան ամբողջությամբ փակել էր իմ միտքը ու գերի էր ինձ վերցրել: Մի օր ես արթնացա, աղոթք արեցի ու վերջնականապես որոշեցի զրուցել ընկերուհուս հետ: Ես նրան փորձում էի հասկացնել, որ մեր միասին լինելու միակ միջոցը նրա ապաշխարությունն է, բայց նա չհամաձայնվեց և հենց այդ օրն էլ մենք բաժանվեցինք: Շատ դժվար էր ինձ համար, սակայն էլ ուրիշ տարբերակ չկար: Դրանից հետո ավելի բարդացավ իմ հոգևոր վիճակը: Վերջապես ինձ ամուսնացնելու որոշումը հաստատվեց, բայց ոչ հոգևոր ամուսնությամբ: Ես ամուսնացա մեկի հետ, որին չէի էլ նորմալ ճանաչում: Անցավ մի տարի, սակայն ես, որ որոշել էի ամուսնանալուց հետո կփոխվեմ՝ չեմ ծխի, վարմունքս կփոխեմ, մնացել էի նույն վիճակում: Նորից ապրում էի շատ անվայել կյանքով. չունեի հոգու խաղաղություն, չունեի համբերություն և բարկանում էի ամեն մի անմիտ բանի վրա: Արտաքինից ես շատ հոգևոր մարդու տպավորություն էի թողնում, բայց ներսից անհավատից էլ վատն էի: Ես շատ էի հոգնել իմ վիճակից, անգամ ես սկսում էի զզվել ինքս ինձնից, չգիտեի որ կողմում մնամ. հավատացյալ անունն էի կրում, սակայն ապրում էի ամբարիշտ կյանքով: Ես մտածում էի, որ այլևս չեմ էլ փոխվի, այսպես էլ կմնամ ու ամեն անգամ աղոթքի կանգնելուց միտք էր գալիս, որ ես արժանի չեմ Աստծո առաջ գալու, ու որ շատ մեղավոր եմ: Եկավ ժամանակ, երբ պիտի գնայինք հոգևոր ճամբար: Ամեն անգամ գնալուց ասում էի գնամ, փոխված հետ կգամ, բայց այս անգամ նման միտք չեկավ ինձ: Սակայն հենց ճանապարհից ես զգում էի, որ ինձ հետ ինչ-որ բան է կատարվում: Երբ հասանք տեղ, անցավ երեք օր: Սովորության համաձայն դասընթացների էի մասնակցում ու ինձ թվում էր, որ նույն թեման են կրկնում ամեն տարի. «Մարդ-մարդ և Մարդ-Աստված հարաբերության մասին, Մեղք և Մեղքերի մասին»: Չորրորդ օրն էր: Արդեն բոլորը կողքիս վայելում էին Աստծո ներկայությունը, բայց ես կանգնած եմ իմ տեղում ու այն մտքին եմ, որ ես մեղավոր եմ ու արժանի չեմ աղոթք անելու Աստծուն: Հինգերորդ օրն էր, դասի ժամանակ Մեղք-Մեղքեր թեման էր, որն արդեն հինգերորդ տարին էր, ինչ ես լսում էի ճամբարում: Սակայն այս անգամ միտքս բացվեց, ես չհասկացա թե ինչ տեղի ունեցավ ինձ հետ, միայն մի բան հասկացա, որ «մեղքը» այն է, երբ քո կյանքը Հիսուսը չէ և դու ոչ թե հավատում ու երկրպագում ես Հիսուսին, այլ մարդուն՝ ինքդ քեզ, ու «մեղքեր» են այն բաները, որոնք դու կատարում ես ու կատարում է յուրաքանչյուր մարդ, այսինքն՝ գողություն, շնություն, սուտ խոսել, չարություն և այլն: Միտքս բացվեց հասկացա, որ ես արդեն տասնմեկ տարի է ընտրել եմ Հիսուսին որպես իմ կյանք, և չնայած որ ես այդ վիճակին էի՝ միևնույնն է, ես իմ որոշումս չէի խախտել: Ու հասկացա, որ այդ բոլոր իմ արարքներն էլ մեղքեր են եղել, ու դրանց համար էլ Հիսուսը արյուն է թափել, և կանգնեցինք աղոթքի: Ես բառեր չէի գտնում ասելու, ուղղակի ամաչում էի գլուխս բարձրացնել վերև, ես վատ էի զգում իմ արարքների համար, որ չէի գնահատում Իր թափած արյունը ու իմ մեղքերը ավելի բարձր էի տեսնում քան իր արյունը: Միայն ասում էի իմ աղոթքում. «փոխիր իմ կյանքս, հաստատիր իմ հավատքս ու օգնիր, որ իմ մնացած տարիները ,որ պետք է ապրեմ այս երկրի վրա, ապրեմ քեզ հաճելի կյանքով»: Աղոթքից հետո ես նոր մարդ դարձա: Այդ օրերի ընթացքում ես հասցրել էի իմ սրտում դատել մի եղբորը, որն ամեն անգամ աղոթքի ժամանակ իմ առջև էր հայտնվում: Պատկերացրեք մեծ դահլիճում նստած, ես դահլիճի վերջում եմ նստած, իսկ այդ եղբայրը՝ սկզբում, այնպես է ստացվում, որ ամբողջ պաշտանմունքի ժամանակ մոտ 200 հոգու արանքով այդ եղբայրը ինձ երևում էր, այսքան ժամանակ այսպիսի դեպքեր շատ էր լինում երբ ես չարախոսում էի իմ սրտում իմ եղբայրներին, բայց ոչ մի հանդիմանություն հոգու կողմից, այս աղոթքից հետո անգամ դա ինձ համար մեծ բան էր, իմ Աստծուց հեռացնելու միջոց: Ես անմիջապես պաշտամունքից հետո մոտեցա այդ եղբորը ու ասեցի, որ նրան դատել ու չարախոսել եմ իմ սրտում և ներողություն խնդրեցի: Հետո ես մեր Երեց՝ Վաչիկ եղբոր մոտ խոստովանեցի իմ բոլոր մեղքերս, որոնց արդեն հինգ տարի է գերին էի ես դարձել: Նույն վայրկյանից սկսվեցին փորձությունները, որոնք, ըստ Ավետարանի, պիտի գան, որպեսզի ավելի կատարյալ անեն «Հակոբու 1:12»: Սուրբ հոգուց սովորել էի, ամեն օրվա Առակածի տվյալ գլուխը կարդում էի, սկսեցի ավելի ուշադիր կարդալ ու Սուրբ հոգին հասկացրեց, որ ես կարող եմ փորձություններին դիմակայել եթե ամեն օրվա սկիզբը սկսեմ կարդալով տվյալ օրվա գլուխը Առակածի: Ես այդ առավոտ արդեն սովորականի պես կարդացել էի Առակածի հինգերորդ գլուխը, դե այդ օրը Հուլիսի հինգն էր, երբ ես բժշվեցի: Հենց բժշկությունից հետո անմիջապես սկսեցին իմ փորձությունները: Ես երբ դեռ այն խղճալի վիճակում էի ես վախենում էի՝ նամանավանդ հանքավանում նայել քույրիկներին, ու այն էլ ուրիշ աչքով, հանկարծ իմ փոխվելուց հետո միտք է գալիս. «Նայիր է՝ն քույրիկին, ինչ օրհնյալ քույրիկա, պարկեշտ, բա դու ինչ մարդ ես չէիր կարողանում շուտ դարձի գայիր, հիմա կմկրտվեիր, այս քուրիկը եկեղեցու անդամ էր իրա հետ կամուսնանայիր, բա հլը են մյուսին նայի»: Ես նստած նայում եմ ու լսում եմ, հիմա ինչ ասես որ մտքովս չի անցնում, մեկ էլ մի պահ սթափվեցի, նույն պահին Սուրբ հոգին հիշեցրեց գնա ու լավ կարդա այսօրվա խրատը: Գնացի իմ սենյակ բացեցի Ավետարանը Առակածի հինգերորդ գլուխը ու նորից լավ ուշադիր կարդացի և հասա այն համարին որտեղ գրված է. «Եվ քո երիտասարդությանդ կնոջ հետ ուրախ եղիր: Նա քեզ սիրելի եղնիկի պես, և շնորհալի այծեմին պես թող լինի: Ամեն ատեն անոր ստինքները թող քեզ կշտացնեն: Ու միշտ անոր սիրովը զմայլե» Առակած 51:18-20: Փառք տվեցի Աստծուն, որ օգնեց ինձ դիմակայել ու հաղթել այս փորձությանը, ու անմիջապես հեռացան ինձանից նման տիպի բոլոր մտքերը:
Հաջորդ օրն էր, ես ինձ շատ հանգիստ էի զգում, կարծես նոր մարդ լինեի: Առավոտյան կարդացել էի Առակածի 6-րդ գլուխը ու սպասում էի եկող փորձությանը: Առաջին դասը սկսվեց, մենք մեր տարածքի եղբայրներով միասին էինք նստում, այնպես պատահեց, մեր տարածքի եղբայրներից մեկը իր դիմացում նստած ուրիշ տարածքի եղբոր հետ մի փոքր վիճվեց: Աղոթքների ժամանակ, երբ բոլորը լացով ներում էին խնդրում, ես մտածում էի դե ես արդեն մաքրված եմ, ինչ ներում խնդրեմ ու շատ վստահ իմ հավատքի վրա միայն փառք էի տալիս: Դասը վերջացավ ու վերջին աղոթքից հետո ես անմիջապես շրջվեցի մեր տարածքի այն եղբոր կողմը, որը մի փոքր վեճի մեջ էր ընկել ու ասեցի. «էն եղբայրը անհամբեր սպասում է, որ դասից հետո դուրս գաք զրուցեք», նույն պահին մի ուրիշ եղբայր ինձ ասաց. «Ի՞նչ էս եղբայրների մեջ վեճ գցում», սկսվեց պատերազմը, ես ինձ կորցրեցի ու առանց ինչ-որ բան ասելու գնացի իմ սենյակ, նստեցի ու ամեն ինչ մտքովս անցնում էր, թե ինձ ինչի տեղ են դրել, ես կարողա խառնակիչ եմ, ու մտքեր են գալիս, որ ես սկսեմ ատել իմ եղբորս, հետո սկսեցի մտածել մի գուցե ճիշտ էր ասում, բայց ինչի այդպես ասեց, ես չէ որ այդ մարդը չեմ: Սուրբ հոգին խոսեց իմ հետ ասելով. «Նորից ու ուշադիր կարդա այսօրվա խրատը», բայց ես ասում եմ որ կարդացել եմ ու նման հարցի շուրջ խրատի չեմ հանդիպել ու բացեցի Ավետարանս: Կարդացի սկզբից՝ առաջին խոսքից մինչև 10-րդ խոսքը նման խրատ չկա ու մտածում եմ դե չկա էլի, ձայն լսվեց. «Շարունակի», կարդացի մինչև 15-րդ խոսքը ու նորից մտածում եմ չկա նման խրատ, եթե լիներ ես կզգուշանայի ու պատրաստվում էի փակել Ավետարանս հանկարծ նորից «Շարունակի», ես շարունակեցի ու 16-րդ խոսքից սկսում էր թե Տերը ինչից է զզվում, և 19-րդ խոսքում կարդացի, որ Տերը զզվում է եղբայների մեջ կռիվներ գցող մարդուց. «Առակած 6:19», խոսքը կարդալուց հետո ես ծնկի եկա ու աղոթք արեցի, ու Սուրբ հոգին ինձ հասկացրեց նաև, որ երբեք ինձ կատարյալ չհամարեմ, որ ամեն ժամանակ էլ մենք Աստծո ողորմության կարիքն ունենք: Այդ օրվա ընթացքում Աստված ինձ նաև ցույց տվեց մեր ավագ եղբայներից մեկի թերությունները, և հասկացրեց որ անթերի մարդ չկա:
Ադպես և նման շատ միջոցներով Աստված ինձ խրատում ու իրեն պիտանի անոթ էր պատրաստում: Ես մինչև այսօր էլ փառք եմ տալիս իմ Աստծուն, որ փոխեց ինձ ու հիմա ես ապրում եմ ամեն օր իմ Աստծուն փառք տալով:
Հանձնվի՛ր Աստծուն, և Նա ամբողջությամբ կփոխի քեզ, ու դու էլ Նրան փառք կտաս:
«Որովհետև եթե քո բերանովդ Հիսուսին Տեր խոստովանես ու սրտիդ մեջ հավատաս թե Աստված նրան մեռելներից հարություն է տվել, պիտի փրկվես: Որովհետև սրտով կհավատա մեկը արդարանալու համար ու բերանով կխոստովանի փրկվելու համար»: Հռովմայեցիս 10:9-10
Վրեժ Սահակյան
Просмотров: 1963 | Добавил: Admin | Рейтинг: 4.4/11
Всего комментариев: 0
avatar