Главная » 2016 » Հուլիս » 6 » Հնազանդություն ծնողներին
14:53
Հնազանդություն ծնողներին
Հնազանդություն ծնողներին
Բարեկամնե՛ր, եկեք դիմենք Սուրբ Գրքին, Եփեսացիս թղթի 6-րդ գլխին

Եփես. 6:2-3
Առակաց 30:17
Առակաց 5:12-13
Ժողովող 7:16-17

Սա այսօրվա երիտասարդության խնդիրն է բոլոր եկեղեցիներում: Աստծո այս խոսքը ոչ միայն երիտասարդության, ոչ միայն մանուկների համար է, այլև՝ նույնիսկ ծերերի: Որովհետև այն, ինչ մենք ցանել ենք երիտասարդ ժամանակ, հնձում ենք մինչ այսօր: Գարնանը ցանում են, և քանի դեռ մենք երիտասարդ ենք՝ մանուկ, պատանի, մենք ցանում ենք: Եվ մենք չենք հասկանում, որ որպես հետևանք ամբողջ կյանքում ստիպված ենք լինելու հնձել պտուղները այն բանի, ինչ ցանել ենք երիտասարդ ժամանակ. հիմա ես հնձում եմ այդ պտուղները, նույնիսկ ֆիզիկապես: Ես բոքսով էի զբաղվում, բնականաբար, իմ բոլոր ձեռքերը կոտրված են: Պատահում է, որ հոդերս կամ ծնկներս բորբոքվում են (իմ ծունկը վնասված է, տրավմա եմ ունեցել): Հիմա ես այդ ոտքս այլ կերպ եմ դնում, չեմ կարողանում ծնկների վրա աղոթել: Իհարկե, ես աղոթում եմ ծնկների վրա, բայց այնպես, որ ծնկի ելունդի վրա չկանգնեմ: Ես այսօր հնձում եմ: Բայց Աստված ողորմած է, նա բուժում է: Ես ութ տարեկանում ծանր հիվանդացել էի, հինգ տարի լյարդս հիվանդ էր, մոտ 20 կգ քաշ կորցրեցի, ավելացավ նաև կոկորդս: Ես ընդհանրապես չէի կարող խոսել, մտովի աղոթում էի երեք տարի: Հիմա էլ ցավեր կան, բայց Տերը շատ ողորմություն է ցուցաբերում:
Ես չեմ խոսի հիվանդությունների մասին, բայց կդիմեմ Աստծո Խոսքին, որը կցանկանայի կիսել ձեզ հետ: Մի՛ մտածիր, որ եթե դու ծեր ես, ուրեմն դա քեզ չի վերաբերում: Այսպես է ասված. «Զավակնե՛ր, հնազանդեցեք ձեր ծնողներին, որովհետև դա է պահանջում արդարությունը: Հարգիր քո հորն ու մորը, դա առաջին պատվիրանն է խոստումով, և քեզ համար լավ կլինի, և երկրի վրա օրերդ երկար կլինեն» (Եփես. 6:1-3): Ես ուղղակի ուզում եմ ձեզ հարցնել՝ ձեզ ընդհանրապես բարիք պետք է թե ոչ, այսինքն՝ Աստծուց տրված բարիք: Թե՞ ձեզ ավելի շատ չարիք է պետք: Բարիքն՝ ավելի շատ: Ես կարծում եմ, որ մեզնից յուրաքանչյուրին և ինձ բարիք է հարկավոր: Բայց ի՞նչ է ասում Աստված, իմ կյանքի մեջ ե՞րբ կգա այդ բարիքը: Երբ որ հարգես հորդ ու մորդ: Ես դրա համար էլ մի եղբոր կանչեցի ինձ հետ գալու, որովհետև ես գիտեմ երիտասարդության դժվարությունները, ծնողների հետ կապված խնդիրները: Այդ խնդիրը եղել է նաև Հին ուխտում: Մաղաքիայի մոտ մենք կարդում ենք, որ կգա Եղիան և կվերադարձնի հայրերի սրտերը զավակներին և զավակների սրտերը՝ հայրերին: Ծնողների և զավակների խնդիրը եղել է միշտ: Եվ ահա այստեղ մենք կարդում ենք, որ եթե մենք ցանկանում ենք օրհնություն ունենալ, ապա պետք է հարգենք մեր հորն ու մորը, սա է առաջին պատվիրանը խոստմունքով: Ի՞նչ է նշանակում հարգել: Դա նշանակում է լսել և հնազանդվել: Ցանկացած հարգանք կազմված է երկու բաղադրիչից՝ լսել և հնազանդվել: Դրա համար էլ Աստված ուզում է, որ մենք հարգենք մեր հորն ու մորը: Ես ուզում եմ ձեզ ասել, որ որքան մենք սովոր ենք լսել մեր հորն ու մորը, այնքան էլ կլսենք Աստծուն: Եթե մենք չենք սովորել լսել մեր հորն ու մորը, ապա կնկատենք, թե մեզ համար որքան դժվար է Աստծուն հնազանդվելը: Մշտապես սրտում ինչ-որ հակառակություն կա: Ինչո՞ւ: Որովհետև առաջինը կատարված չէ: Աստված մեզ հայր ու մայր է տվել և ասել, որ եթե մենք ուզում ենք լսել Իրեն, ապա նախ պետք է սովորենք լսել նրանց: Նրանց չլսելով՝ դու չես լսում Աստծուն: Եթե դու դա չես սովորել, դու դժբախտ մարդ ես, քեզ համար դժվար կլինի կյանքի ճանապարհին: Բարեկամներ, դա հատկապես վերաբերում է երիտասարդությանը: Եթե այսօր դու չես սովորել լսել հորդ, մորդ, հարգել ու պատվել նրանց, գիտե՞ս, թե ինչ կլինի հետո: Երբ դու կմեծանաս և կամուսնանաս, ապա քույրիկի համար, օրինակ, դժվար կլինի ամուսնուն հնազանդվելը: Քո սրտում կառաջանա մշտական հակառակություն և անհնազանդություն: Եթե դու, թանկագին եղբայր, ամուսնացել ես, իսկ հորդ ու մորդ չես հնազանդվել, եթե դու հորդ ու մորդ նկատմամբ հարգանք, պատկառանք չես ցուցաբերել, քեզ համար դժվար կլինի հարգել ու պատվել կնոջդ, որովհետև ասված է. «Պատվիր նրան, որպես օրհնյալ կյանքի ուղեկցի»: Կյանքը հիմնվում է միմյանց հարգելու և պատվելու վրա: Շատ կարևոր է, որ կինն ու ամուսինը ոչ միայն սիրեն, այլև հարգեն միմյանց: Եվ այսօր կան շատ ընտանիքներ, որոնք կռվում և վիճում են: Ես տեսնում եմ դա, քանի որ շրջագայում եմ եկեղեցիներում, և ինձ համար երբեմն սարսափելի է լինում նայել դրան: Բարեկամներ, ամեն ինչ սկսվել է ավելի վաղուց, երբ մենք չէինք կատարում պատվիրանը, երբ մենք անտեսում էինք այդ պատվիրանը: Մենք ասում ենք, որ արդեն մեծ ենք, ի՞նչ եք դուք, հայր և մայր, մեզ ցուցումներ տալիս: Ես ինքս արդեն մեծ եմ՝ 18 կամ 20 տարեկան: Բարեկամներ, քանի տարեկան էլ որ լինենք, մենք միշտ մեր ծնողների զավակներն ենք, նույնիսկ 50, 60 տարեկանում: Եվ հայրն էլ հայր է մնում, իսկ մայրն էլ՝ մայր, և նրանց նկատմամբ հարգանք պետք է տածել միշտ:
ժամանակակից աշխարհը սովորեցնում է չհնազանդվել մեծերին, ծնողներին, հարազատներին, մտերիմներին: Այսօր ծերերին չեն հարգում, ծնողներին չեն պատվում: Որքա՜ն չարիք է մտնում այն ընտանիքը, ուր ամուսինը չի կարողանում հարգել և պատվել կնոջը, և ուր կինը չի կարողանում հնազանդվել ամուսնուն: Լա՞վը կլինի այդ ընտանիքը, թե՞ վատը:
Հնարավոր է՝ դու արդեն տատիկ ես, 80 տարեկան, և քո ծնողներն արդեն վաղուց չկան, բայց մեղքը մնացել է: Եվ այդ մեղքը պետք է լվացվի միայն Հիսուս Քրիստոսի արյամբ: Դուք գիտեք, թե ինչու շատ հաճախ օրհնություն չկա, թեև ծնողների մարմինները վաղուց արդեն այս երկրի վրա չեն: Որովհետև այդ մեղքի միջոցով սատանան մուտք ունի ձեր տուն, ձեր ընտանիք՝ քանդելով այն բարին, որը դուք մեծ ջանքերով ձեռք եք բերել: Եվ մենք մտածում ենք, թե ինչու է դա տեղի ունենում:Պատճառները շատ են, բայց դրանցից մեկն այն է, որ չեք հարգել ձեր հորն ու մորը: ես կուզեի, որ մենք իսկապես գնահատեինք ու գիտակցեինք, թե որքան կարևոր է այդ առաջին պատվիրանը՝ խոստմունքով. քեզ համար բարիք կլինի, և երկրի վրա երկար կյանք կունենաս: Ինքը՝ Հիսուս Քրիստոսը, երբ ապրում էր երկրի վրա, սովորում էր հնազանդություն: Եթե ես դեռ դա չեմ սովորել, ապա պետք է սովորեմ, կանչեմ Աստծուն. «Տե՛ր, օգնիր ինձ հնազանդ լինել, օգնիր լսել, օգնիր հարգել, պատվել հորս ու մորս»: Ես այսօր պետք է կանչեմ Տիրոջը, և Նրանից օգնություն խնդրեմ, և ջանք անեմ կարողացածիս չափ: Քրիստոսն ինքը սովորում էր, մենք կարդում ենք Ղուկասի ավետարանում, թե ինչպես էր նա պատվում իր հորն ու մորը: Մենք կարող ենք ասել, որ Նա Աստված է և Նրա համար հեշտ է, բայց Աստծու Խոսքն այդպես չի ասում: Գրված է, որ Նա ամեն ինչով նման էր մեզ՝ մարդկանց: Մենք մտածում ենք. «Ի՜նչ է դա նրա համար, չէ՞ որ Նա Աստված է»: ճիշտ է, Աստծու համար անհնարին ոչինչ չկա, բայց գրված է, որ Նա ծառայի կերպարանք ընդունեց՝ դառնալով մեզ նման:
Բարեկամներ, երբ Հիսուսը եկավ երկիր, Նա Իր ողջ աստվածային հատկությունները թողեց երկնքում: Երկրի վրա Նա մարդու նման էր՝ նույնպիսի հնարավորություններով, նույնպիսի ուժերով: Եվ եթե դուք ասեք, թե Նա ուներ հայտնություններ, հրաշքներ՝ այո: Բայց ի՞նչն էր կանգնած դրա հետևում: Աղոթքի գիշերներ, հաղորդակցություն Աստծու հետ: Հրաշքները հենց այնպես չէին տեղի ունենում, նշանները հենց այնպես չէին, հենց այնպես չէին բժշկություններն ու դևերի դուրս գալը: Դրանց նախորդում էին շատ աղոթքներ. առավոտյան աղոթք, գիշերային աղոթք: Տասներկու աշակերտներին ընտրելու համար Նա ամբողջ գիշերն աղոթքի մեջ անցկացրեց: Ասացե՛ք, ինչո՞ւ պետք է Աստված աղոթեր, եթե երկրի վրա լիներ որպես Աստված: Նա Աստված էր, բայց՝ մարդու մեջ, այնպիսի հնարավորություններով, ինչպիսիք ունի մարդը: Դուք կասեք՝ չի կարող պատահել: Բայց ասացեք, խնդրեմ, հնարավո՞ր է արդյոք, որ Ատված ճաշակի այս աշխարհի հարստությունները: Ինչպե՞ս էր հնչում Հիսուսին եղած առաջարկը. «Ես կտամ քեզ աշխարհի բոլոր հարստություններն ու թագավորությունները»: Կարելի՞ է արդյոք Աստծուն գայթակղեցնել դրանով: Նա կասի. «Լսի՛ր, իմն է ողջ տիեզերքը, այդ ի՞նչ ես դու ինձ առաջարկում»: Բայց երբ Նա մարդու նման էր, սատանան գայթակղեցնում էր Նրան որպես մարդու, և Նա այդ հասկանում էր: Երբ սատանան առաջարկեց քարերը հացի վերածել, նա գայթակղեցնում էր մարդուն, ոչ թե Աստծուն, որովհետև Աստված կասեր. «Իմ ինչի՞ն է պետք դա: Ես Աստված եմ, ինձ կերակուր պետք չէ»: Բայց նա Հիսուսին փորձում էր որպես մարդու: Հիսուսը երկրի վրա մեզ նման էր: Ինչո՞ւ: Նա բոլոր դժվարություններն անցավ, որպեսզի հասկանա մեզ, մեր դժվարություններն ու խնդիրները:
Քրիստոսը, Ով մարդու մարմնի մեջ էր, հնազանդություն էր սովորում: Գրված է. «Թեև Որդի էր, բայց տառապանքներով հնազանդություն սովորեց» (Եբր.5:8): Ուստի մենք բոլորս նույնպես պետք է սովորենք հնազանդվել մեր առջև կանգնածին՝ լինի դա հայր, մայր, ամուսին, ղեկավար, հովիվ: Աստված քո առջև իշխանություն է դրել, և դու պետք է հնազանդություն ցուցաբերես: Եվ թող Աստված օգնի մեզ այս հարցում: Նոր Կտակարանում ասված է, որ Հիսուսը եղավ «հավիտենականի փրկության մեղավորը» (Եբր. 5:9): Այնտեղ գրված է. «բոլոր հնազանդների համար»: Բարեկամներ, եթե այսօր մենք հնազանդություն չենք ցուցաբերում, ապա ինչպե՞ս կարող ենք փրկված լինել: Կփրկվեն միայն հնազանդները: Թող Տերն օրհնի մեզ: Աստված զգուշացնում է. «մի հայհոյիր հորդ ու մորդ»: Ասված է նաև, որ իր հորը կամ մորը հայհոյողը պետք է մեռնի: Դուք չե՞ք մտածել այն մասին, որ այսօր կան շատ երիտասարդներ, ովքեր հոգեպես մեռած են և իրենց մեջ աստվածային կյանք չեն զգում: Նրանք ջանք են անում, բայց նրանց մեջ չկա այն կյանքը, որը Տերն է տալիս: Նրանք իրենց սրտերում ինչ-որ մեռյալ վիճակ են զգում: Բայց չէ՞ որ գրված են այսպիսի խոսքեր. «Իր հորն ու մորը հայհոյողը պետք է մեռնի....... » (Մատթ. 15:4): Ես ուզում եմ խոսել վիրավորող և սարսափելի խոսքի մասին: Ինչպե՞ս կարող է անել դա երեխան: Նա հոր երեսին այդպիսի բառեր չի ասի, նա մտքում կասի կամ կքրթմնջա: Իսկ հորն ու մորը հայհոյողը պետք է մեռնի: Այսօր մենք ֆիզիկապես չենք մեռնում, թեև ֆիզիկական մահվան դեպքեր էլ են լինում: Եղբայրներ և քույրեր, այս պատվիրանը ապրվել է իմ ընտանիքում: Ես քսաներկու տարեկան եղբայր ունեի՝ վեց տարով ինձնից փոքր: Ես բոլորին եմ ասում, որովհետև դա մեծ վկայություն է իմ կյանքում: Եվ ահա, նա քսաներկու տարեկան հասակում ավտովթարից մահացավ: Ես նրան Աստծու մասին ասում էի, իսկ նա այդպես էլ մեռավ՝ առանց զղջալու և ապաշխարելու: Հայրս քառասուն տարեկանում քաղցկեղ մահացել էր, և ահա, ևս մեկ վիշտ՝ մահանում է եղբայրս: Ես մտածում էի. «Ինչո՞ւ»: Եվ հայտնություն եղավ, և Աստված ասաց. «Որովհետև չեն պատվել հորն ու մորը»: Երկնային դատաստանը եղավ: Այո, իրականում մայրս ու տատս որքա՜ն էին արտասվել նրանց պատճառով, որքա՜ն արցունք էին հեղել:
Աստված խստությամբ է նայում այն բանին, թե ինչպես եմ ես վերաբերվում հորս ու մորս: Աստված երկնքից նայում է յուրաքանչյուրիս:
Երբեմն լինում է այնպես, որ ծնողները ծերանում են, և նրանց ասում են. «Դե, էլ ի՞նչ ես ուզում, հայրի՛կ, կուշտ ես, հագուստ ունես, է՞լ ինչ ես ուզում»: Իսկ գիտե՞ք, թե ինչ է անհրաժեշտ այդ ծերունիներին: Նրանց հարկավոր է սեր և հաղորդակցում, նրանք սպասում են, թե երբ որդին կմոտենա և կզրուցի, կանկեղծանա կամ ուղղակի կհաղորդակցվի իրենց հետ. բայց երեխաները պարզապես ժամանակ չունեն: Բարեկամներ, հենց սա էլ հորն ու մորը չպատվելն է: Հենց այսօր ժամանակ գտիր հորդ ու մորդ համար, մոտեցի՛ր նրանց ու ասա. «Հայրի՛կ, մայրի՛կ, ես ձեզ սիրում եմ»: Բարեկամներ, հետո օրհնություն չի լինի, լաց կլինեք, բայց արդեն ուշ կլինի, դուք կասեք. «Հայրիկ, ես սիրում եմ քեզ», բայց նա արդեն չի լսի, «Մայրիկ, ես սիրում եմ քեզ», բայց նա արդեն քեզ չի լսի: Բայց քանի դեռ կա այդ հրաշալի հնարավորությունը, մոտեցիր կենդանի հորդ կամ մորդ, շտապիր արտահայտել նրանց նկատմամբ ունեցած սերդ: Այսօր երիտասարդությունը խոսում է ամեն ինչ: Երիտասարդներն ասում են ծնողներին. «Դու պետք է ինձ հագցնես, կերակրես, դու պետք է... »: Իսկ դու ե՞րբ կկարողանաս ծնողներիդ վարձատրել նրանց հեղած արցունքների համար: Դու գիտե՞ս, թե մայրդ ինչպես է պահել քեզ, խնամել, հոգացել, երբ հիվանդ ես եղել: Գիտե՞ս, թե ծնողներդ ինչ ապրումներ են ունեցել, ինչպես են արտասվել, գիշերները չքնել քո պատճառով, երբ քեզ հետ ինչ-որ բան է պատահել: Դու հիմա արդեն մեծ ես, բարեկամս, բայց ես ուզում եմ ասել, որ այսօր մայրդ ու հայրդ անհանգստանում են քեզ համար: Եվ ինչո՞վ կարող ես դու վարձահատույց լինել նրանց: Ոչ թե նրանք են քեզ պարտք, դու ես նրանց պարտք: Մենք հավիտենական պարտապաններ ենք և երբեք չենք կարողանա այդ պարտքը մարել:
Քանի դեռ ունեք այդպիսի հնարավորություն, ուղղեք այն, ինչը այնքան էլ ճիշտ չէ ծնողների հետ ունեցած հարաբերության մեջ: Մոտեցեք և ասեք. «Հայրիկ, մայրիկ, ներեցե՛ք: Ես ձեզ չէի հարգում, չարախոսում էի և երբեմն էլ վիրավորում էի»: Հնարավոր է, որ ինչ-որ մեկը ձեռք է բարձրացրել ծնողների վրա, երբ անհավատ է եղել: Իմ կյանքում մեկ անգամ պատահել է այդպիսի բան: Ես անկեղծորեն ուզում եմ ասել ձեզ, որ հետո ինձ համար շատ ծանր էր: Ես ու հայրս շատ էինք սիրում միմյանց: Երբ ես բանակում էի, նա ծանր հիվանդացավ, և նա վերցրել էր իմ լուսանկարը, նայում էր ու արտասվում: Երբ ես բանակից գալիս էի, հիվանդ հորս հետ լինելու փոխարեն վազում էի ընկերներիս ու ընկերուհիներիս մոտ: Ես այն ժամանակ չէի հասկանում դա, իսկ հիմա ափսոսում եմ, որ նրա հետ չէի նստում ու չէի մխիթարում նրան կյանքի վերջին օրերին: Երբ ես հեռանում էի, իմ ապերախտությունը քարուքանդ էր անում նրա սիրտը, թեև նա ցույց չէր տալիս դա: Բայց ես հիմա ամաչում եմ դրա համար: Եվ լինում էր ժամանակ, որ ես հորս հարվածում էի: Բանն այն է, որ երբ մենք ընկերներով հավաքվում էինք, յուրաքանչյուրը պարծենում էր, թե երբ և ինչպես է հարվածել հորը: Ես լսում էի: Եվ ահա մի անգամ ինձ հունից հանեց եղբայրս: Ես նրան վերցրի ու նետեցի մահճակալին, իսկ հայրս նրա պաշտպանեց և ասաց. «Այդ ի՞նչ ես անում»: Իսկ իմ մեջ արդեն գազանությունն արթնացել էր, և ես հարվածեցի հորս: Նա ընկավ բազմոցին: Հետո ես չէի կարողանում նրա աչքերին նայել, նրա երեսից սենյակից սենյակ էի փախչում: Ես չէի կարողանում հասկանալ, թե ինչպես կարողացա այդպես վարվել, ես շատ էի ամաչում: Այդպես ես փախա մի ամբողջ ամիս՝ խլացնելով խղճիս ձայնը: Թեև ես այդ ժամանակ անհավատ էի, բայց խիղճս ասում էր, հուշում էր, որ պետք է ներողություն խնդրեմ: Աստված չանի, որ որևէ մեկի հետ այդպիսի բան պատահի, իսկ եթե եղել է, ապա զղջացեք:
Աստված ասում է. «Պատվի՛ր քո հորն ու մորը»:
Աստված մեզ երկու ճանապարհ է առաջարկում. օրհնություն կամ անեծք: Նա ասում է. «Ընտրիր կյանքը կամ մահը»: Ես արել եմ իմ ընտրությունը՝ օրհնություն և կյանք, ես չեմ ուզում մահանալ և և չեմ ուզում անիծված լինել: Իսկ անեծքը գալիս է այն մարդկանց կյանքում, ովքեր չեն պատվում հորն ու մորը, և նրանք ոչինչ չեն կարող անել: Իսկ եթե այսօր ծնողներիդ և քո միջև պատ կա, ապա Տիրոջը կանչիր, ասա. «Երկնային Հայր, օգնիր ինձ, հեռացրու այդ պատը: Չէ՞ որ Դու ասել ես, որ նա, ում կազատես, իրապես ազատ կլինի. ազատ արա ինձ»:
Ես նաև ուզում եմ ասել, որ պետք է ոչ թե ուղղակի աղոթել հոր և մոր համար, այլև պետք է օրհնել նրանց, և այդ ժամանակ օրհնություն կվայելես և երկար օրեր կունենաս այս երկրի վրա: Հոգևոր աճ և ծառայության մեջ հաջողություն ունենալու համար ես պետք է պատվեմ ու սիրեմ իմ ծնողներին, հարգեմ ու գնահատեմ:
Բ.Ալեքսանդր, ք.Լիսվա, Պերմսկի շրջան Свет и жизнь, N2, 2009
Просмотров: 1824 | Добавил: Admin | Рейтинг: 4.0/8
Всего комментариев: 2
avatar
2
VOCH MIAYN XOSQ@ LSOG U KARTACOG LINENQ AYL NAYEV KATAROG ,U DRANOV APROG  14
avatar
1
SHAAAAAAAAAAAAAAAAAAT LAVNER
avatar