Главная » 2016 » Փետրվար » 11 » Փոքրիկ Էվելինայի Պատմությունը
10:08
Փոքրիկ Էվելինայի Պատմությունը
Փոքրիկ Էվելինայի Պատմությունը
Հունվարի յոթն էր, մի գեղեցիկ ձմեռային օր: Մեծ քաղաքը տոնական տեսք ուներ:
Էվելինան շատ տխուր էր: Նա մտածում էր. «Հավանաբար, դա նրանից է, որ հայր չունեմ, իսկ մայրս տանը շատ քիչ է լինում»: Եվ նրա աչքերում փայլեցին արցունքի կաթիլները: Հանկարծ նրան թվաց, թե ինչ-որ մեկի ձեռքը հպվեց իրեն: Նա իսկույն շրջվեց ու տեսավ մի չքնաղ աղջնակի, որը շատ նուրբ, հաճելի ձայնով դիմեց իրեն.
-Ինչո՞ւ ես այդքան տխուր, չէ՞ որ այսօր ուրախ օր է, Հիսուսի Ծնունդն է:
-Ես հայր չունեմ, -տխուր պատասխանեց Էվելինան:
-Ա՜խ դու, իմ որբուկ, որքա՜ն եմ ցավում քեզ համար: Բայց դու գիտե՞ս, Հիսուսը ծնվել է, որպեսզի բոլորին ուրախացնի: Նա բոլորիս Հայրն է և խոստացել է, որ ոչ մի անգամ մեզ չի լքի: Եթե ուզում ես, արի՛ միասին գնանք, և դու կհամոզվես:
Այդ աղջկա փայլուն, գեղեցիկ դեմքը դուր եկավ Էվելինային, և նա գնաց նրա հետևից: Նրանք մտան մի շինություն ու նստեցին առաջին շարքում: Երգչախումբը երգում էր, իսկ հետո քարոզիչներն սկսեցին քարոզել: Վերջում բեմ բարձրացավ եկեղեցու հովիվը և քարոզեց Ղուկասի ավետարանի 2-րդ գլուխը: Նա ասաց.
-Մի՛ վախեցեք, ես ձեզ մեծ ուրախություն եմ հայտնելու: Դավթի քաղաքում Քրիստոս Աստված է ծնվել:Բարեկա՛մս, ով ուզում ես եղիր, իմացի՛ր՝ Քրիստոսը քեզ համար է ծնվել:
Ինչո՞ւ ես դու այդքան տխուր, ինչո՞ւ ես լալիս, չէ՞ որ Քրիստոսը եկել է ոչ թե դատելու քեզ, այլ փրկելու:
Քեզ կասկածների մեջ է գցում քո քար և սառը սիրտը: Ո՛չ, մի՛ վախեցիր: Նա լույս է, Նա ճշմարտության արևն է: Գնա՛ Նրա մոտ, պատմի՛ր քո վիշտը, վստահի՛ր Նրան, և երջանիկ կլինես:
Լսեցե՛ք, թե ինչ է ասում Նա. «Աղվեսները որջեր ունեն, թռչունները՝ բներ, իսկ Մարդու Որդին գլուխը դնելու տեղ չունի»: Ընդունեք Նրան ձեր տանը, և երջանիկ կլինեք:
Էվելինան նայում էր հովվին, և նրա աչքերից արցունքներ էին հոսում: Նա չէր հասկանում, թե ինչ է կատարվում իր հետ: Նա առաջին անգամ էր քարոզ լսում: Նա իր կյանքում առաջին անգամ սկսեց բոլորի հետ աղոթել, և նրա սրտում կարծես ինչ-որ բան տակնուվրա եղավ:
Նրան նույնիսկ այդ անծանոթ քարոզիչը շատ հարազատ թվաց, և նա առանց վարանելու մոտեցավ նրան ու խնդրեց.
-Քեռի՛ ջան, մայրս Նոր տարվա կապակցությամբ ինձ համար նոր մահճակալ ու ծածկոց է գնել: Ասա՛ Հիսուսին, թող գա մեզ մոտ, չէ՞ որ արդեն ցուրտ է, և դրսում չի կարելի քնել: Ես մայրիկիս հետ կքնեմ, իսկ Հիսուսը թող քնի իմ մահճակալին:
Հովիվը ժպտաց, ձեռքը դրեց Էվելինայի գլխին ու ժպտալով ասաց.
-Փոքրի՛կս, ես համոզված եմ, որ այս գիշեր Հիսուսը կայցելի ձեր տուն: Ի՞նչ է քո անունը:
Աղջիկն ասաց իր անունն ու ազգանունը: Հովիվը տխուր հոգոց հանեց, որովհետև աղջկա մայրը հայտնի կին էր, ղեկավարում էր քաղաքի աթեիստական շարժումը:
Նրանք երկար զրուցեցին և աղոթեցին: Դրսում արդեն մութ էր, երբ Էվելինան տուն գնաց:
Փոքր-ինչ ուշ տուն վերադարձավ մայրը: Էվելինան վազեց նրան ընդառաջ.
-Մայրի՛կ, այսօր ես քեզ հետ կքնեմ, իմ նոր մահճակալը ես նվիրել եմ Հիսուսին:
Մայրը բարկությունից կարմրեց ու գոռաց.
-Ա՜խ դու, անկա՛րգ երեխա, քեզ ո՞վ է թույլ տվել գնալ այնտեղ:
Բարկության պահին մայրն ուժեղ հարվածեց աղջկա դեմքին: Արյունը դուրս ժայթքեց երեխայի քթից, և կապույտ շրջազգեստն արյան կաթիլներով պատվեց:
Մայրը շատ էր սիրում իր աղջկան: Նա շուտափույթ հանեց աղջկա զգեստը, դեմքը մաքրեց արյունից ու պառկեցրեց նոր մահճակալի մեջ.
-Քնի՛ր, այլևս այդպիսի հիմարություն չանես, ես քեզ արգելում եմ այդպիսի վայրեր գնալ:
Մայրը նույնպես քնեց: Էվելինան չէր կարողանում քնել, նա երկար ժամանակ անհանգիստ պտտվում էր անկողնում: Շուտով նա վեր կացավ, վերցրեց իր արյունոտ զգեստը, փաթաթեց ու պահեց: Հետո իր անկողնու մոտ՝ հատակին, իր համար տեղ պատրաստեց, պառկեց ու մուշտակով ծածկվելով, հանգիստ քնեց:
Առավոտյան Էվելինան իրեն վատ զգաց: Դրանից առաջ էլ էր նա վատ զգում, բայց այդ օրը նրա թաքնված հիվանդությունը սրվեց: Մի քանի օր հետո հիվանդությունն ավելի խորացավ:
Էվելինան կանչեց մորը և ասաց.
-Այս գիշեր ես տեսա Հիսուսին: Նա ինձ կանչում էր Իր մոտ: Որքա՜ն լավ էր այնտեղ: Մայրի՛կ, ես մահանում եմ, ես գնում եմ Հիսուսի մոտ, բայց դու չլացե՛ս: Հիսուսը քեզ էլ է սիրում:
Մայրը հեկեկալով փարվեց աղջկան և համոզում էր, որ նա շուտով կառողջանա, ամեն ինչ լավ կլինի, և ինքը երբեք չի ապտակի նրան:
-Չէ՛, մայրիկ, ես շուտով գնալու եմ այստեղից, բայց դու մի՛ տխրիր, ես քեզ այնտեղ կսպասեմ: Ես այժմ խնդրում եմ քեզ, որ կանչես այն հովվին, այն գեղեցիկ աղջկան ու երգչախմբին: Թող ինձ համար երգեն այն գեղեցիկ հոգևոր երգերը:
Որոշ ժամանակ անց նա մորն ասաց.
-Մայրի՛կ, վերցրու՛ այն փաթեթը, կդնես իմ դագաղի մեջ: Դա իմ արյունոտ շրջազգեստն է: Ես այն ցույց կտամ Հիսուսին և կասեմ, որ թեև փոքրիկ եմ, բայց Իր համար արյուն եմ թափել:
Դրանք նրա վերջին խոսքերն էին: Էվելինան ննջեց: Մայրը խելագարի նման ողբում էր աղջկա մահը:Թաղմանը ներկա էր ամբողջ եկեղեցին, երգչախումբը երգում էր: Հովիվը մխիթարող խոսքեր էր ասում աղջկա մորը:
Այնտեղ, գերեզմանոցում, մահացածների մեջ ծնվեց նոր մարդ՝ Էվելինայի մայրը: Ոչինչ նրան հետ չպահեց՝ ո՛չ ամոթը, ո՛չ հին ընկերները, ո՛չ էլ իր փայլուն ապագան: Դագաղի մոտ նա Հիսուսին խոստացավ, որ իր կյանքի մնացած մասը կնվիրի Նրան:
Просмотров: 716 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/15
Всего комментариев: 0
avatar