Главная » 2013 » Մայիս » 3 » Բանտարկյալի վկայությունը
20:16
Բանտարկյալի վկայությունը
50-րդ խցի բանտարկյալի վկայությունը
Հայրս հանցավոր աշխարհում օրենքով գող էր, և ես, մանկուց շփվելով հանցավոր աշխարհի անվանի մարդկանց հետ, շատ վաղ բանտ ընկա: Օրենքի համաձայն՝ եթե տասնչորս տարեկան երեխան ծանր հանցագործություն էր կատարում, դատապարտում էին տասը տարի ազատազրկման: Բայց քանի որ իմ տասնչորս տարեկանը դեռ չէր լրացել, իսկ իմ կատարած հանցագործությունը սարսափելի էր, երկար ժամկետով դատապարտել կարողանալու համար հանձնաժողովը և փակ դատը 1975թ. ինձ զրկեցին դեռահասությունից: Ինձնից բարձր դասարանցին ինձնից և ընկերոջիցս 22 կոպեկ էր խլել, և ես գողացված կարճափող հրացանով գնդակահարեցի նրա համարյա բոլոր դասարանցիներին: Հորս՝ որպես ընտանիքի գլխի, իմ հանցագործության համար դատապարտեցին ութ տարվա ազատազրկման՝ հատուկ ռեժիմով: Նա ամբողջ կյանքն անցկացրեց բանտում: Արդյունքում ես նույնպես մեծացա բանտերում ու ճամբարներում, բանտը դարձել էր իմ տունը: Ազատազրկման ժամկետը վերջանալուց հետո ինձ ազատ արձակեցին, բայց ես նորից հանցագործություն կատարեցի: 1970թ.-ից մինչ օրս ես համարյա 30 տարի է, ինչ բանտում եմ: Բանտերում ու ճամբարներում իմ կենսակերպը, իմ կարծիքով՝ կանոնավոր էր, և ոչ թե ես էի պատկանում հանցավոր աշխարհին, այլ այն՝ ինձ: Կարելի է ասել՝ ինչի որ ձգտում էի, հասնում էի: Բայց նպատակներիս հասնելով հասկացա, որ իմ հոգում դատարկություն է:
1991թ. հունվարին ինձ ազատ արձակեցին, իսկ նույն տարվա փետրվարին նորից ձերբակալեցին: Դատարանի վճիռը պատժի խստագույն չափն էր: 1994թ. պատիժը փոխարինվեց ցմահ բանտարկությամբ: Ինձ կալանավորական հանգրվան տվեցին Վոլոգդա քաղաքում, 5-րդ «Օգնենի» կղզում: Ադմինիստրացիան բանտարկյալներին երկու-երկու տեղաբաշխեց խցերում, որովհետև այդպես միմյանց հետ ընդհարվելը և հաշիվ մաքրելը գրեթե անհնար կլիներ:
Ես ամենաշատն էի խախտում կարգուկանոնը, և ադմինիստրացիան ուղղակի չգիտեր ինչպես վարվել ինձ հետ: Այս ամենին գումարած՝ 2001թ. ես բանտից փախա: Ինձ բռնեցին, ու 2001թ. դեկտեմբերի 6-ին դատարանը իմ ցմահ դատավճռին ավելացրեց ևս 6 տարի հատուկ խիստ ռեժիմ: Ես չարացած էի բոլորի, նույնիսկ իմ հանդեպ: Ուզում էի բոլորին սպանել ու վառել: Եվ գնալով չարությունն ավելի էր տիրում իմ սրտին: Մի անգամ բանտախցի իմ հարևանն ասաց. «Գրի՛ր (Վեչնի Զով) թերթին, և քեզ հետ նույնպես նամակագրական կապ կհաստատեն, ինչպես ինձ հետ հաստատեցին»: Ես հետաքրքրության համար գրեցի թերթին: Մեկ ամիս անց ստացա մի նամակ, հետո՝ մյուսը: Նամակներից մեկը Սանկտ-Պետերբուրգից էր, ինձ գրել էր Լոգինովների ընտանիքը, նրանք չորս երեխա ունեին: Գրել էին թե՛ իրենց, և թե՛ Աստծու մասին, գրել էին մի վկայություն, թե ինչպես մահվան դատապարտված մի հոգի զղջաց Աստծու առջև, և Աստված ներեց նրան: Հետո Տերը նրան տվեց ընտանիք ու երեխաներ: Բայց Աստծու մասին խոսքերն ինձ նյարդայնացնում էին: Ես հիշեցի, որ երբ նստած էի Սամարա քաղաքի բանտում, իսկ խցում հարյուր հոգի էին, մեզ մոտ եկավ քահանան՝ հայր Վասիլին ու փորձեց ինձ հետ խոսել Աստծու մասին: Բայց ես նրան կոպտեցի և ասացի. «Հեռո՛ւ գնա ինձնից, քանի դեռ ինքս քո մեղքերին թողություն չեմ տվել»:
Լոգինովներից եկած նամակներից մեկում նրանց նկարներն էին՝ երեխաների հետ, կար մի փոքրիկ նամակ ևս: Այն ինձ էր ուղարկել փոքրիկ Պոլինոչկան. «Մեր թանկագի՛ն եղբայր Սերյոժա, մենք բոլորս քեզ շատ սիրում ենք, և ես Աստծուն աղոթում եմ քեզ համար: Ես քեզ սիրում եմ: Քո քույր՝ Պոլինա»:
Ես նայեցի ինձ՝ բանտարկյալ կրկնահանցագործիս. անհավանական է, որ այդ փոքրիկ աղջնակր գրում է ինձ: Նա հրեշտակ է: Նա չգիտի, թե ինչ է չարությունը, նա սիրում է ինձ և աղոթում է ինձ համար: Այդ հասկանալը իմ ուժերից վեր էր և անտանելի էր ինձ համար: 6-րդ բաժնի աշխատողներն ինձ այնքան էին ծեծել, որ կոտրել էին ոսկորներս, ես խռխռում էի՝ արյունից խեղդվելով, բայց նրանք ինձ չկարողացան կոտրել: Իսկ այս սիրո արտահայտությանը չէի դիմանում, կարծես ամբողջ դժոխքը և սանդարամետականները քաշում էին ինձ ու ջանում էին պատառոտել, միայն թե այդ մաքուր ու սուրբ սերը չհաղթեր ինձ: Ես բարձրաձայն հեկեկում էի, արցունքները հորդում էին աչքերիցս: Վեր թռա տեղիցս, բռնեցի պատուհանի վանդակաճաղերից և սկսեցի գոռալ ամբողջ ուժով. ուզում էի, որ ձայնս հասներ երկինք՝ Աստծուն. «Աստվա՛ծ իմ, ես գիտեմ, որ Դու կաս, խնդրո՛ւմ եմ Քեզ, ներիր ինձ՝ ոչնչությանս: Ների՛ր ինձ իմ անհաշիվ մեղքերի ու հանցագործությունների համար: Ես այլևս չեմ ուզում այսպես ապրել: Ես ատում եմ ինձ: Մաքրի՛ր ինձ, խնդրո՜ւմ եմ»: Իմ ձայնը լսելով՝ վազելով եկավ հսկիչը: Երբ նա լսեց, որ ես Աստծուն եմ կանչում, զանգեց գաղութի պետի օգնականին ու նրանք որոշեցին, որ ես խելքս թռցրել եմ: Այնքան գոռացի, որ ուժերս վերջացան, և ընկա գետնին: Հետո հարևան խցից ցույց տվեցին, որ իմ ձեռքերի մատերն արյունոտ են: Երևի ես այնքան ուժեղ էի բռնել վանդակաճաղերը, որ մաշկս պատռվել էր:
Եվ այսպես, իմ եղբայրնե՛ր ու քույրե՛ր, ես չիմանալով դիմեցի Աստծուն: Աստված լսեց իմ խնդրանքը: Չկար սովորեցնող կամ քարոզիչ, Աստված Ինքն էր իմ ուսուցիչը, իմ հովիվն ու ինձ սիրողը: Չկար մեկը, որ սովորեցներ, թե ինչպես պետք է աղոթել. Աստված Ինքը ինձ աղոթք տվեց: Աստծուն պետք էին իմ անկեղծ խոսքերը, և ես խոսում էի Նրա հետ: Ես չէի կարողանում ազատվել իմ անվայել բառապաշարից: Եվ Աստված մաքրեց իմ շուրթերը: Նա ինձ դաստիարակեց ու հոգևորապես աճեցրեց բանտային պայմաններում:
Երբ սկսվեց Վլադիմիր Կիսիլյովի «Բանտային եղբայրություն» ծառայությունը, Տերն ինձ թույլ տվեց մասնակցել այդ ծառայությանը:
Ինձ տեղափոխեցին համար 50 խուցը, որտեղ երեք բանտարկյալ կար: Մենք գնում էինք աշխատանքի՝ ձեռնոցներ էինք կարում: Նրանք սկզբում մտածում էին, որ ես ոչ ոքի չեմ հավատում, ընդամենը դերասանություն եմ անում: Բայց Աստված շուտով նրանց ցույց տվեց, որ ես իրականում կենդանի Աստծուն եմ հավատում և միայն Նրան եմ ծառայում: Եվ ահա, Աստված սկսեց կատարել Իր հրաշքները: Սկզբում բանտարկյալներից մեկը դարձի եկավ ու Տիրոջն ընդունեց իր սրտում: Որոշ ժամանակ անց դարձի եկավ նաև երկրորդը:
Ինձ հաշվառել էին որպես «փախուստի ենթակա», բայց հետո հանեցին այդ ցուցակից և 30 տարի բանտում գտնվելուց հետո առաջին անգամ տեսակցության իրավունք տվեցին: Ես ավելի քան 37 տարի մեռած էի, բայց այժմ կենդանացա Տիրոջով:

Սերգեյ Մամոնտով 27.07.04 թ., խուց համար 50
"Благая весть осужденным", N 1, 2004г.
Աղբյուր - www.barilur.org
Просмотров: 2622 | Добавил: Admin | Рейтинг: 4.4/10
Всего комментариев: 0
avatar