Главная » 2016 » Հոկտեմբեր » 2 » Անհոգ չլինենք
16:30
Անհոգ չլինենք
Անհոգ չլինենք Տիրոջ ժառանգության նկատմամբ:

Սիրելի քույրեր ու եղբայրներ, օրհնյալ է մեր Տերն Իր անհուն սիրո և ողորմության համար:
Ուզում եմ միասին ընթերցենք Եսայի մարգարեության 49:8-9 համարները. «Տերն այսպես է ասում. Ընդունելի ժամանակին քեզ լսեցի, և փրկութեան օրը քեզ օգնեցի և քեզ պահպանեցի, և քեզ ուխտ շինեցի ժողովրդին, որ երկիրը հաստատես, և ժառանգեցնես ավերակացած ժառանգութիյունները: Որ ասես կապուածներին. Դուրս եկեք, և նորանց որ խավարումն են՝ թէ Փայլեցէք. նորանք ճանապարհներին պիտի արածեն, և ամեն բլուրների վերայ նորանց համար արօտ կայ» Եսայի 49:8-9:
«Ընդունելի ժամանակին քեզ լսեցի». այս խոսքերը վերաբերում են մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսին: Այսօր մենք երանելի մարդիկ ենք, քանի որ հավատում ենք Տիրոջ Շնորհքին, որը դեռ գործում է: Հավատում ենք, որ Տիրոջ արյունը դեռ խոսում է, դեռ զորություն ունի՝ մաքրելու, սրբելու, նորոգելու: Որովհետև ժամանակ է գալու սիրելիներ, որ կվերջանա շնորհքի ժամանակաշրջանը, կփակվի փրկության դուռը, Մարդու Որդին իր հրեշտակներին կուղարկի, և նրանք արդարների միջից չարերին կզատեն ու կնետեն կրակի հնոցի մեջ, որտեղ կլինի լաց ու ատամների կրճտոց:
Շարունակության մեջ ասվում է, որ Նա եկավ, որպեսզի ժառանգեցնի ավերակացած ժառանգությունները:
Սիրելիներ, մեր նախահայր Ադամը, Եդեմի պարտեզը որպես ժառանգություն ստացավ Տիրոջից: Եվ ամենամեծ ժառանգությունը, ամենամեծ օրհնությունն այն էր, որ օրվա հով ժամանակ Ադամը և Աստված իրար հետ հաղորդակցվում էին: Բայց տեսնում ենք, որ Ադամի՝ մեր նախահոր մեղանչելով այդ կապն ու հաղորդակցությունը կտրվեց: Բայց փառք Տիրոջը, որ Հիսուս Քրիստոսն աշխարհ եկավ ու այդ ժառանգությունը նորից մեզ պարգևեց Իր խաչելությամբ, Իր հարությամբ: Նա քանդեց մարդու և Աստծու միջև եղած թշնամության պատը, որպեսզի «ամեն Նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» Հովհ. 3:16:
Այսօր այդ ժառանգությունը մենք ունենք, սիրելի քույրեր ու եղբայրներ: Այսօր մեզանից յուրաքանչյուրը կարող է վայելել այդ ժառանգությունը անկախ նրանից, թե ինչ վիճակի, ինչ մեղքի, տառապանքի ու դժվարության մեջ է: Անկախ ցեղից ու սերունդից, պաշտոնից ու դիրքից՝ յուրաքանչյուր ոք ունի այդ բացառիկ հնարավորությունը, միայն թե դրա համար պիտի հավատա Նրան, պիտի հավատա, որ Նա խաչի վրա մահացավ ի՛ր համար, պիտի հավատա Նրա Խոսքին, և այդ Խոսքը պիտի գա ու բժշկություն բերի: «Իր խօսքը կը ղրկէ ու կը բժշկէ զանոնք, ու կազատէ զանոնք իրենց կործանումէն» Սաղմոս 107:20: Այսօր Տիրոջ Խոսքն ունի այդ զորությունը: Տերն ուզում է, որ մենք ժառանգակից լինենք այդ ժառանգությանը: Եվ այն ամենը, ինչ կորցրել է մեր նախահայր Ադամը Եդեմի պարտեզում, Հիսուս Քրիստոսը մեզ է տալիս, որպեսզի այսօր մենք ընդունենք այն և ազատվենք հավիտենական կորստից: Սիրելի՛ անմահ հոգի, հավատաս, թե չհավատաս՝ դու պետք է մի օր այս կյանքին հրաժեշտ տաս, ուզես թե չուզես՝ մի օր կյանքիդ վերջակետ պիտի դրվի: Բայց երանի՛ նրան, ով վերցնում է իր որդեգրությունը, ով հաշտվում է Աստծու հետ: Որովհետև Նրան, ով մեղքը չէր ճանաչել, Աստված մեզ համար մեղավոր արեց, որպեսզի մենք նրանով Աստծու արդարները լինենք:
Եկեք խորհենք, որպեսզի անհոգ չգտնվենք մեզ հասանելիք ժառանգության նկատմամբ:

Արտակ Խաչատրյան երեց, ք.Վանաձոր
«Բարի լուր» ամսաթերթ
Просмотров: 699 | Добавил: Admin | Рейтинг: 4.3/6
Всего комментариев: 1
avatar
1
LIOVIN HAMADZAYN EM
avatar